Գրբացներ, գուշակներ, մոգեր, թուղթ ու գիր.... «Զարուհի» հանդեսի վերջին համարներում փորձել էինք այդ ամենից գլուխ հանել, սակայն մոգ եւ պայծառատես մեր զրուցակցի հետ տեւական հարցազրույցից, խնդրին տարբեր կողմերից մոտենալու մեր փորձերից հետո էլ մնացին բազում չպարզաբանված հարցեր: Ավելի կոնկրետ՝ քննարկելով այս կամ այն կոնկրետ թեման՝ շատ դեպքերում ի վերջո հասնում էինք մի կետի, եւ մեր զրուցակիցն անգամ նշում էր, որ իր համար էլ է դրանից այն կողմ տարածվում անհասկանալին: Ուստիեւ փորձեցինք գրբացության, բախտագուշակության թեմային մոտենալ հակառակ կողմից...

Մեր զրուցակիցն է սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր Տեր ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԸ: Թե ինչ դիրքորոշում ունի եկեղեցին՝ առհասարակ եւ մասնավորապես՝ Հայ Առաքելական եկեղեցին հիշատակված երեւույթների հետ կապված՝ բազմիցս է ներկայացվել: Իսկ ահա տեր Շմավոնի հետ մեր զրույցում փորձեցինք հասկանալ, թե ի վերջո ինչո՞ւ է եկեղեցին այդքան միանշանակ դատապարտում բախտագուշակներին ու գրբացներին, կա՞ գոնե մեկ կետ, որտեղ կարող է ընդունելի համարել այդ երեւույթը:

-Տեր Շմավոն, մենք էլ փորձեցինք գլուխ հանել մոգերից, գրբացներից, գուշակներից: Ցանկանում էինք հասկանալ, թե իրոք ինչ-որ կերպ գոյություն ունե՞ն այդ երեւույթները ¥եթե, իհարկե, գուշակներ եւ մոգեր ներկայացող բազում շառլատաններին մի կողմ թողնենք¤, սակայն այդպես էլ վերջին չկարողացանք հասնել: Խնդրում ենք նախ Ձեր մեկնաբանությունը այդ ամենի մասին:

- Հին Կտակարանից տեղեկանում ենք, որ դեռ մինչ Քրիստոս հրեաներին արգելվում էր գուշակների ¥որոնց Աստվածաշնչում անվանում են տեսանողներ¤, մոգերի մոտ գնալը: Դրանք համարվում էին մահացու մեղքեր եւ այդ մարդիկ խստագույնս պատժվում էին, որովհետեւ դեռեւս այն ժամանակ էր հայտնի, որ այդ երեւույթները, տվյալ անձինք գործում են չար ուժերով եւ ոչ թե բարի: Այսինքն՝ երբեւիցե Աստված չէր կարող մարդուն այդ տեսակ կարողություններ տալ, որ նա ապագան գուշակեր. դա հակառակ է աստվածային մտածելակերպին եւ աստվածային տնօրինությանը...

- Այդ դեպքում ի՞նչ բան են մարգարեությունները, եթե ոչ՝ ապագան տեսնել: Իսկ մարգարեությունները ընդունվա՞ծ են Աստվածաշնչում:

- Մարգարեությունները վերաբերում են զուտ Քրիստոսի գալստյանը, նախապատրաստում էին մարդկությանը Փրկչի գալստյանը: Որ Նա գա, եւ մարդիկ հասկանան, թե ով է եկել: Դա ուրիշ բան է, դա մարգարեություն է՝ Աստծուց տրված: Մնացածը գուշակություններ են, որոնցով փորձում են ինչ-որ բանի լինել-չլինելը ասել: Անգամ գուշակել բառը հուշում է, որ դրա տակ կան մի քանի պատասխաններ, որոնցից մեկն է ճիշտ, կամ բոլորն էլ սխալ են:

- Սակայն այդ արվեստի կամ արհեստի կրողներն օգտագործում են նաեւ մեկ այլ տերմին՝ պայծառատեսություն:

- Այո: Եվ եկեղեցին ընդունում է պայծառատեսներին, մարդկանց, որոնք աստվածային շնորհք ունեն: Բայց դա հենց այդպես չի տրվում: Պայծառատեսներ ներկայացողները, պատկերավոր ասած, ծնվում են ու իրենց համարում պայծառատես, կամ գնում են որոշակի դասընթացների, կուրսերի ու միանգամից դառնում են պայծառատես: Այդպես չի կարող լինել: Պայծառատեսությունը աստվածային շնորհ է, որը տրվում է հատուկենտ մարդկանց, այն էլ՝ ի դիմաց նրանց բազմամյա ճգնումների, սրբակենցաղ կյանքի: Տրվում է, որպեսզի մի որոշակի առաքելություն կատարվի: Աստվածաշնչյան մի հայրախոսական պատմություն կա. սրբերից մեկը աղաչում էր Աստծուց, որ նա իրեն պայծառատեսության շնորհ պարգեւի: Մոտ տասը տարի խնդրում էր, եւ Աստված նրան տվեց այդ շնորհը: Հետագա տասնհինգ տարիներին սուրբը խնդրում էր Աստծուց, որ այդ շնորհը ետ վերցնի, որովհետեւ հասկացավ, որ այդ շնորհը պետք չէ իրեն՝ իր հոգու փրկության համար: Աստված ինքն է ընտրում այն մարդկանց, որոնց տալիս է պայծառատեսության շնորհ, որպեսզի իրենք էլ կարողանան այդ շնորհով օգտակար լինել հանրությանը: Շատ հատուկենտ դեպքերում: Բայց նայեք. ամեն քայլափոխի հանդիպում ենք պայծառատեսների, էքստրասենսների եւ նման այլ հայտարարությունների: Ոչ, այս ամենը կատարվում է չարի կողմից: Ընդ որում, այդ «պայծառատեսներից» շատերին անկեղծորեն կարող է թվալ, թե իրենք Աստծո գործը, կամքն են կատարում, որովհետեւ իրենց հանկարծակի ինչ-որ տեղեկություն է գալիս: Իրողությունը, այդ վիճակը կա: Օրինակ՝ ինչ-որ մեկը գնում է գուշակի, ասենք՝ Վարդուշի մոտ, եւ վերջինս, որ կյանքում այդ մարդուն չէր տեսել, միանգամից նրա անունն է տալիս, հարազատների անունները, անգամ նրա կյանքից այնպիսի բաներ է պատմում, որ միայն նա գիտի կամ նրա ամենամերձավորները: Եվ այդ այցելուն գուշակի նկատմամբ լցվում է վստահությամբ...

- Բայց եթե բաներ է ասում, որ միայն նա գիտի, ինչպե՞ս չհավատա...

- Ամբողջ գաղափարն էլ հենց դա է: Մի մոռացեք, որ Չարը մեր ծննդյան իսկ օրվանից մշտապես մեր կողքին է, մեր մասին ամեն ինչ գիտի. չպետք է թերագնահատեք Սատանային: Եվ իմանալով մեր ամեն մի անցուդարձը՝ կարողանում է գուշակ կնոջ միջոցով այդ տեղեկությունները մեզ փոխանցել: Իսկ այդ գուշակը միգուցեեւ չգիտի, թե որտեղից են այդ տեղեկությունները, եւ նրան թվում է, թե Աստված է իրեն ասել. շատ հաճախ այդ գուշակներն էլ են մոլորված լինում:

- Բայց միգուցե որոշ, հատուկենտ դեպքերում, այնուամենայնիվ, Աստվա՞ծ է այդ  տեղեկությունները փոխանցում: Ասել է թե՝ միգուցե բացառիկ դեպքերում այդ պայծառատեսությունն Աստծո՞ շնորհ է:

- Ոչ, ոչ, կրկին՝ ոչ: Դատելով այդ կանանց, այդ գուշակների կյանքից՝ ամենեւին Աստված նրանց միջոցով չի գործի: Մարդկանց, ովքեր եկեղեցի չեն հաճախում, հաղորդություն չեն ստանում, իրենց ապրած կյանքով սրբակենցաղ չեն, շահի, գումարի մոլուցքն է իրենց մեջ տիրում, ինչպե՞ս կարող է Աստված այդ տեսակ մարդուն նման շնորհ տալ: Եվս մեկ անգամ՝ ոչ:

Սակայն ի՞նչ է տեղի ունենում. ես մեխանիկան բացատրեմ: Այդ տեղեկությունները լսելով՝ այցելուն տվյալ գուշակի նկատմամբ վստահությամբ է լցվում, եւ նա սկսում է ինչ-որ բաներ քարոզել, թե՝ այս կլինի քեզ հետ, այն: Եվ արդեն հաջորդ օրն իսկ ինչ էլ հետդ պատահի, գուշակի խոսքերից ելնելով՝ դա համարում ես ինչ-որ նշան, փորձում ես ամեն ինչ հենց դրանով էլ բացատրել...

- Հոգեբանական գործո՞նը նկատի ունեք:

- Այո, հոգեբանական գործոնը: Գուշակը փաստորեն ծրագրավորում է այցելուի ամբողջ գործելաոճը՝ նախապես քո մոտ անցյալը պատմելով ու վստահություն ձեռք բերելով: Բայց եթե դու քո անցյալը գիտես, էլ ինչի՞ համար է դա նորից գուշակը ասում, չէ՞ որ մարդն ամենեւին իր անցյալը իմանալու համար չէ, որ գնացել է գուշակի մոտ: Կրկնում եմ, դա մեկ բանի համար է, որ մարդը վստահությամբ լցվի գուշակի հանդեպ, եւ դրանով իսկ նա ազդեցություն է ձեռք բերում տվյալ անձի նկատմամբ:

Ժամանակին՝ հնում, երբ մարդը գնում էր գուշակի մոտ, վեց տարի նրան արգելում էին եկեղեցի այցելել եւ հաղորդություն ստանալ: Վեց տարի նա ապաշխարությամբ պետք է իր մեղքը քավեր: Իսկ այսօր մարդիկ պարապությունից են գնում գուշակների մոտ: Չեն հասկանում, որ դրանով Չարին են դիմում, որ դա Չարն է: Իսկ Չարը խորամանկ է. կարողանում է քողարկել եւ գեղեցիկ, բարի տեսքով իրենը մատուցել, որ մարդուն էլ չթվա, թե նա չարիք է գործում:

- Այդ վեց տարվա ապաշխարության պատիժն ինչո՞ւ հիմա էլ չի գործում: Միգուցե հենց դա կդառնար տարատեսակ խաբեբա գուշակներից հեռու մնալու միջոցը:

- Պատիժը չի վերացել: Սակայն հասկանալի է, որ դա չի կարող այն ազդեցությունը ունենալ, ինչ առաջներում: Նախ վերահսկել, թե ով գնաց գուշակի մոտ` գործնականում անհնար է: Բայց ամենակարեւորը. տվյալ անձին եթե ասես էլ, թե պետք է այս կերպ վարվես, այս պատիժն է քեզ համար սահմանված, նա պարզապես չի լսի: Աստվածավախությունն էլ, հոգեւորականի խոսքն էլ նրա համար արժեք չունի: Բայց ժամանակին կարո՞ղ էր համարձակվել ու չանել: Հասարակությունից կզրկվեր, կոպիտ ասած` հենց հասարակությունը նրան համայնքից դուրս կշպրտեր: Հասարակությունը պետք է վեց տարի շարունակ տեսներ, որ նա ապաշխարում է: Եվ խոսքը ամենեւին էլ միայն այդ կերպ մեղք գործելու մասին չէ: Համապատասխան պատիժներն կային, ասենք, սպանության, արհեստական ինքնավիժման` աբորտների պարագայում եւ մյուս բոլոր մեղքերի: Իսկ հիմա կինը կարող է հանգիստ գնալ բժշկի մոտ, երեխային սպանել, մի ժամից էլ գնալ ընկերուհու հետ ուրախ-զվարթ սուրճ խմել. ինչ է պատահել, որ: Մարդը չարացել է: Ինչո՞ւ` քանի որ տեղիք է տվել այսպիսի բաներին. կամովին Չարին հրավիրում է իր մեջ, միգուցե նույնիսկ չհասկանալով դա: Բայց մեկ է՝ եթե Չարին ես հրավիրում, էլ Աստծուն տեղ չես թողնում: Եթե կամովին գնում ես դեպի Չարը, Աստծուց ես հրաժարվում: Մենք պատարագից եւ մկրտությունից առաջ ունենք Չարից հրաժարվելու մի արարողություն. դեմքով շրջվում ենք դեպի արեւմուտք եւ հրաժարվում ենք Չարից, նրա կամակատարներից, նրա կամքը գործադրողներից: Բայց մարդ եթե չունի Չարից հրաժարվելու սովորություն, եւ նույնիսկ նրան հրավիրում է իր մեջ, նշանակում է՝ դրանով մերժում է աստվածայինը:

- Դրա համա՞ր ենք այսքան չարացել:

- Հենց դրա մասին է խոսքը: Մեր խնդիրը ոչ թե պետության, կառավարության, այլ անձի մեջ է: Նույն այդ իշխանավորը չէ՞, որ ժողովրդից է դուրս գալիս: Ժողովուրդը հեռացել է Աստծուց, իշխանավորն էլ` ժողովրդից: Դրա համար էլ չարացել են: Առաջներում էլ, իհարկե, կար մեղքը. ոչ ոք չի ասում, թե բոլորը սրբեր էին: Բայց հիմնականում պարզ էին, մաքուր, եւ այս չարությունը չկար: Չարությունը ծնվում է Չարի ներկայությունից: Իսկ Չարին ինքներս ենք հրավիրում՝ սուրճի բաժակը նայելով, գուշակներով, ամեն ինչ ողողած աստղագուշակություններով եւ այլն, եւ այլն: Այդ ամենով լցնում են ուղեղները ու այնտեղ մի փոքրիկ տեղ անգամ չեն թողնում Աստծո համար:

- Վերադառնանք Աստվածաշնչին: Քրիստոսին առաջինը երկրպագողները երեք մոգերն էին...

- Նրանք ոչ թե պարզապես մոգեր էին, այլ աստղաբան-գիտնականներ: Բայց լինելով մոգեր՝ նրանք եկան եւ երկրպագեցին Տիրոջը: Այսինքն՝ նրանք հասկացան, որ երբ երկնակամարում աստղը ծագեց, մի մեծ իրադարձություն տեղի ունեցավ, եւ կարդալով գրքերը՝ նրանք հասկացան, որ ծնվելու է Արքան, եւ դարձան Քրիստոսի առաջին դավանողները:

- Հենց դա էլ հարցիս իմաստն էր: Ի վերջո, թեկուզեւ աստղաբան-գիտնական, սակայն նրանք մոգեր էին: Եվ նրանք աստղը ուսումնասիրելով՝ ենթադրեցին, որ Քրիստոսն է ծնվել: Չէ՞ որ այսօր էլ կան իրենց մոգեր ներկայացնող անձինք, որոնք եւս գուշակություններ են անում աստղերն ուսումնասիրելով:

- Բայց նաեւ գրքերն ուսումնասիրեցին. ծանոթ էին մարգարեություններից, որոնք վերաբերում էին գալիք Թագավորին:

- Ամեն դեպքում մոգ ասելով միանշանակ դատապարտելի բան չպե՞տք է ընդունենք:

- Կոնկրետ աստվածաշնչյան մոգերն ուրիշ մարդիկ էին: Նրանք եկան, երկրպագեցին Քրիստոսին եւ գնացին. նրանց մասին այլեւս չի խոսվում: Բայց այդ փաստը, որ նրանք երկկրպագեցին եւ ընդունեցին Տիրոջը, դա ակնհայտ է: Այն սեւ ու սպիտակ մոգերը, որ կան այսօր, բացահայտ կերպով Չարի կողմից են: Սեւ ու սպիտակ չկա. մոգը մնում է մոգ, եւ այդ սեւ ու սպիտակը պարզապես մարդկանց աչքերին «թոզ փչելու» համար է:

- Գիտեք, մեզ հետ զրուցած մոգերից մեկն էլ, ըստ էության, նույն բաներից էր խոսում: Գուշակների ¥ի դեպ, գուշակ բառից նա նույնիսկ վիրավորվում էր ու համարում, որ ինքը պայծառատես է¤ 99 տոկոսը պարզապես շառլատաններ են, բայց կան հատուկենտ անձինք, ովքեր օժտված են Աստծո կողմից ու պարտավոր են իրենց շնորհն օգտագործել մարդկանց օգուտ տալու համար: Դուք էլ Ձեր խոսքում նկատեցիք, որ, այնուամենայնիվ, կարող են լինել Աստծո կողմից օժտված բացառիկ անձինք: Հարցս հետեւյալում է. գուշակների, մոգերի, պայծառատեսների այս համատարած ամբոխի մեջ միգուցե կա՞ն հատուկենտ օժտվածներ:

- Բացարձակապես չկան: Մի մոռացեք՝ ինչպիսին է այդ բոլոր գուշակների կենցաղը, ապրելակերպը: Նրանք ինքնազրկումով, հանուն Աստծո՝ ճգնությամբ չեն զբաղվում: Հաճախ ուզում են համոզել մարդկանց, թե հանկարծակի, իրենցից անկախ այդ շնորհը իրենց տրվեց: Բայց ինչի՞ համար տրվեց: Նորից եմ ասում. աստվածային շնորհով պայծառատեսություն տրվում է՝ ի դիմաց բազմամյա ճգնությունների, տքնանքների, եւ վանական վիճակում, ճգնավոր վիճակում, այլ ոչ թե նստես քաղաքային քո բնակարանում, ինչպես ուզում ես՝ ապրես ու միանգամից ստանաս աստվածային շնորհ: Ոչ, նման բան չկա: Եվ ամենեւին էլ նա իր «պայծառատեսությամբ» մարդկանց չի օգնում: Պարզապես այդպես ինքն իր մասին ամեն մի գովասանական խոսք ասում է, որպեսզի իր գործընկերներին քցելով՝ ինքն իրեն բարձրացնի, գովազդի:

Անհնար է: Ես ասում եմ, որ բոլոր գուշակները, որ կան Հայաստանում, բոլորն էլ Չարից են, Սատանայից: Ոչ մեկը չի կարող Աստծուց լինել: Ինչո՞ւ. որովհետեւ աստվածային խոսքը հետեւյալն է. «Ոչ ոք չգիտի գալիք օրերի մասին, միայն Հայրը»: Ոչ մի մարդու տրված չէ իմանալու, թե ինչ է կատարվելու: Մի բան եթե տեղի չի ունեցել, ինչպե՞ս կարող է մարդը դրա մասին խոսել:

- Բայց այդ մի բան չէ՞, որ վերեւում՝ Աստծո մոտ գրված է:

- Աստված գիտի՝ մարդն ինչ կանի: Բայց դա չի նշանակում, որ այդ գիտությունը պետք է տա մարդուն: Աստված գիտի, որ մարդը հնարավորություն ունի անելու այս, այս, այս բանը: Բայց մարդն է ընտրում, թե կոնկրետ ինչ է անելու: Ունես բազում ճանապարհներ, բայց մեկն ես ընտրում, քո կամքով:

- Սակայն Աստված գիտի, որ բազում ճանապարհներ ունենալով հանդերձ՝ հենց այդ մեկն ես ընտրելու: Դա նույնը չէ՞, որ վաղօրոք հայտնի է ամեն մարդու ճակատագիրը, թե ամեն վայրկյան նա կոնկրետ ինչ քայլի է դիմելու Ձեր հիշատակած բազում ճանապարհների մեջ: Այստեղ մտաբերում եմ Աստվածաշնչյան մեկ վառ օրինակ` Հուդային: Չէ՞ որ դեռ Քրիստոսից շատ առաջ էր գրված, որ հենց նա է մատնելու: Այսինքն՝ նա ստիպված չէ՞ր դա անել:

- Ոչ, նա հնարավորություն ուներ չմատնելու: Նրան չստիպեցին, որ մատնի. ուներ ազատ կամք, բայց նա ընտրեց հենց մատնելու ճանապարհը...

- Բայց չէ՞ որ հակառակ դեպքում Քրիստոսի գալստյան բոլոր մարգարեությունները կխախտվեին:

- Հուդան չէր մատնի, մեկ ուրիշը կմատներ. խնդիրը անձը չէ: Որովհետեւ ուրիշ կերպ չկար Քրիստոսին ձերբակալելու. մնացել էր միայն այդ տարբերակը, որ մատնությամբ նրան ձերբակալեին: Բայց դրանից հետո էլ մեղադրանք չկար:

Եթե վերադառնանք Հուդայի անձին, ապա ամբողջ խնդիրը ոչ թե նրա մատնության մեջ էր, որն իր հերթին դաժան գործ էր, դաժան իրականություն, այլ նրա, որ Հուդան ապաշխարություն չունեցավ: Պետրոսն էլ հրաժարվեց Քրիստոսից, այն էլ՝ երեք անգամ, բայց հետո հիշեց Քրիստոսի խոսքը` դառնապես լաց եղավ, զղջաց ու դարձի եկավ: Ինքը հասկացավ իր արարքի ահավորությունը...

- Սակայն Հուդայի դարձի գալ-չգալու մասին բան չի ասվում:

- Նա գնաց, կախվեց:

- Իսկ դա զղջում չէ՞ր:

- Զղջումը մահվամբ չի տրվում: Նա պարզապես իր արարքից ամաչեց, ոչ թե զղջաց: Նա հասկացավ, որ արդար արյուն էր մատնել, եւ կախվեց:

- Պատժի առավելագույն չափն ընտրելով ինքն իր համար՝ զղջալ չէ՞:

- Ո՛չ: Ինքն իրավունք չունի իրեն պատժելու. Աստված է պատժում: Ինքը պետք է զղջման արտասուքով վերադառնար: Հուդայի ահավորությունը ամբողջացնում է այդ արարքը:

- Դա՞ է պատճառը, որ եկեղեցին ինքնասպանությունը մեծ մեղք է համարում:

- Այո, իհարկե:

Այսինքն՝ մենք խոսեցինք անխուսափելիության մասին: Ճակատագիր գոյություն չունի, իսկ դա նշանակում է, որ գուշակն էլ չի կարող ասել, թե հենց այսպես պետք է լինի. ո՛չ:  Բայց երբ նա ասում է, ու այդպես էլ լինում է, ապա ոչ թե նա է գուշակել, այլ դու ես իր ասածի համաձայն շարժվել, իրողությունները բերել այն վիճակին, որ դա տեղի ունենա:

- Գուշակների, պայծառատեսների այս հսկայածավալ, հոծ շարքերում կան նաեւ պատմական կերպարներ: Մարդիկ, որոնց գուշակությունները կամ պայծառատեսությունները տասնամյակներ, նույնիսկ դարեր շարունակ գտնվում են մարդկության ուշադրության կենտրոնում: Միգուցե չեն հաստատվում, սակայն վերջնականապես էլ չեն էլ հերքվում: Չնայած այն բանին, որ այդ անձանց ժամանակակից մյուս բոլոր գուշակները վաղուց են մոռացության մատնել: Միգուցե այդ հատուկենտ դեպքերո՞ւմ կարելի է ասել, որ նրանք Աստծո կողմից այն բացառիկ օժտվածներն են, որոնց մասին Դուք էլ խոսեցիք:

- Խոսքը Նոստրադամուսի մասի՞ն է...

- Ոչ միայն. նաեւ Վանգայի...

- Վոլֆ Մեսինգ եւ այլն:

- Իհարկե: Եվ նույն Մեսինգին քանիցս ստուգել են ժամանակի այնպիսի հզորներ, ինչպիսիք էին Ստալինն ու Բերիան եւ իրենց ծայրահեղ կասկածամտությամբ հանդերձ էլ նրան շառլատանության մեջ չմեղադրեցին:

- Նոստրադամուսի ցենտուրիոնները մինչ այժմ էլ բացահայտ չեն, մշուշոտ են՝ հարմարեցվում են իրողությանը:

- Բայց եւ չեն հերքվում:

- Սակայն ոչ մեկն էլ չի ուզում հերքել՝ պարզ պատճառով. դա ձեռնտու է, դա սկանդալ է, ի վերջո` բիզնես է, գումար: Սակայն փաստն այն է, որ Նոստրադամուսի որեւէ ցենտուրիոնից ելնելով՝ առ այսօր որեւէ մեկը չի կարողացել որեւէ բան կանխել: Այսինքն` որ կարդաս, մեկնաբանես, թե կոնկրետ այս պահին այս բանն է լինելու եւ փորձես կանխել: Եվ, որպես կանոն, տեղի է ունենում մի միջադեպ, իրողություն, եւ դա ինչ-որ ձեւով նմանեցվում, կապվում է Նոստրադամուսի որեւէ ցենտուրիոնի հետ, թե տեսեք՝ գրել էր եւ եղավ:

- Իսկ եթե վաղօրոք կանխատեսվի ու կանխվի, չէ՞ որ այդ կանխատեսումը պարզապես չի իրականանա, եւ այն պարզապես սխալ կդառնա. անխուսափելիության գործոնն էլ կա ի վերջո:

- Անխուսափելիության խնդիրը չէ: Պարզապես նույն ցենտուրիոնը կարելի է նմանեցնել ամենատարբեր դեպքերի: Օրինակ՝ հիշում եմ նման մեկը. հյուսիսի արջը կհարձակվի հարավի վրա եւ այլն: Եվ չգիտես ինչից ելնելով` դա ոմանք կապում են ռուս-թուրքական պատերազմի հետ: Ի՞նչ է, ուրիշ հյուսիս կամ հյուսիսային արջ չկա՞: Ասենք` Ամերիկայում էլ հյուսիս ու հյուսիսային արջ չկա՞, եւ Ամերիկայի հյուսիսի ու հարավի պատերազմ չեղա՞վ: Ինչո՞ւ դրա հետ չկապեցին: Պարզապես մեկի մտքով անցավ հենց ռուս-թուրքական պատերազմի հետ կապել եւ այդպես էլ մեկնաբանեց...

Ես չեմ ընդունում, որ այդ մարդիկ Աստծուց են: Ո՛չ Նոստրադամուսը, ո՛չ Վանգան, ո՛չ Մեսինգը մեր եկեղեցու կողմից ընդունված չեն, եւ նրանց գուշակությունները չի կարելի համարել աստվածային սկիզբ ունեցող: Մեր եկեղեցին այդ բոլոր «մարգարեներին» էլ չի ընդունում, քանի որ այդտեղ չկա աստվածային ներգործության որեւէ նշույլ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Զրույցը կշարունակենք հաջորդ համարում