livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

mog1Կինն իր բնույթով անընդհատ փնտրտուքների մեջ է եւ մինչեւ չի գտնում իրեն հուզող հարցի պատասխանը` չի խաղաղվում, իսկ այդ հարցերը հիմնականում ուղղված են լինում ընտանիքի բարորությանն ու երեխաների ապագային: Այդ առումով մաթեմատիկոս, աստղաբան ԷԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ կանանց խորհուրդ է տալիս զարգացնել հոգեւորը, որից հետո նա կստանա իրեն հուզող յուրաքանչյուր հարցի պատասխանը: Տիկին Էլյանավարտելով ԵՊՀ-ի ֆիզմաթ բաժինը, դասավանդել է տարբեր դպրոցներում մոտ 50 տարի, որին զուգընթաց` ուսումնասիրել է աստղաբանությունը: ՌԴ-ի կողմից ստացել է բնական գիտությունների ակադեմիկոսի կոչում եւ դեռեւս մանկուց գերված է եղել աստղերով, տիեզերքի գաղտնիքների բացահայտումներով, որոնք իր իսկ խոսքով` մարդուն հնարավորություն են տալիս ղեկավարել իրենց գործերը:

- Տիկին Էլյա, Ձեզ հիմնականում ո՞ր տարիքի կանայք են դիմում եւ ի՞նչ հարցերով:

- Ինչ խոսք, համեմատաբար ինձ ավելի շատ դիմում են կանայք, քանի որ իրենք ավելի ազատ են այդ հարցերում, եւ կնոջ դերը այս հարցում շատ ավելի մեծ է, քան տղամարդունը, որովհետեւ տղամարդը իր առօրյայով ավելի կապված է երկրային կյանքին, իսկ կինը հոգով է կապված այդ ամենին: Այսինքն` մետաֆիզիկական գիտելիքները, օկուլտիզմը, Աստվածային իմաստությունը կանայք ավելի հեշտությամբ են կիրառում իրենց առօրյա կյանքում: Իսկ տղամարդկանցից ոմանք, ովքեր ցանկանում են մոտ կանգնել այդ ամենին, հասկանալ կյանքը, երկրագունդը, մոլորակները, կենդանակերպի նշանների իմաստը, ավելի ուրիշ մոտեցում ունեն այս գիտությանը: Կինն իր առօրյա կյանքի համար նույնիսկ ձգտում է իմանալ կամ բացահայտել որոշ բաներ:

- Իսկ դա զուտ հետաքրքրությո՞ւն է, թե՞ կոնկրետ նպատակ:

- Հետաքրքրությունը մղվում է երկրորդ պլան, քանի որ հիմա կանայք ավելի են հակված իմանալու, թե ում հետ են ամուսնանալու, եւ որ հանկարծ սխալ ընտրություն չկատարեն, կամ ինչպե՞ս է ազդում ճակատագրի վրա իրենց անուն-ազգանունը, կամ ինչպե՞ս կեսարյան հատումով ունենալ բարեհաջող ճակատագրով երեխա, ինչպե՞ս ունենալ տղա կամ աղջիկ: 40-ն անց կանանց հիմնականում հետաքրքրում է իրենց ապագա ճակատագիրը, ուզում են իմանալ իրենց թերությունների մասին եւ ինչպես կարող են դրանք վերացնել:

Իսկ ամենահուզող հարցն այն է, որ այսօր պետք է մեզանից յուրաքանչյուրս հասկանանք, թե ինչո՞ւ է ծնվել կինը երկրի վրա, որը բավականին լայն ու ծավալուն խնդիր է` հոգեւորի զարգացման համար: Ուզում եմ նշել, որ տղամարդկանց հոգեւորը պետք է զարգացնի կինը, եւ ներկա ժամանակներում պետք է կինը լինի ղեկավար, այլ ոչ թե տղամարդը, որովհետեւ տղամարդը այնքան էլ ինֆորմացված չէ հոգեւորից, որքան կինը:

- Իսկ չեք կարծում, որ 40-ից հետո երբ սկսեն մտածել իրենց թերությունների ու դրանց շտկման մասին, մի փոքր ուշ է, քանի որ արդեն մարդը ձեւավորված է այնպիսին, ինչպիսին կա:

- Այո, իհարկե ուշ է, բայց 40-60 տարեկան կանայք հենց այդ ժամանակ են սկսում մտածել իրենց թերությունների ու դրանց հետեւանքների մասին, որպեսզի վերացնեն, ինչը ողջունելի է: Հիմա այն ժամանակներն են, որ մարդիկ տեղյակ են, որ կա հնարավորություն իմանալու իրենց մասին ավելի խորը, որի համար կա գրականություն, որի միջոցով կազմվում է իրենց ճակատագրի քարտեզը: Իմանալով իրենց ճակատագրի մասին` սկսում են վերացնել այն թերությունները, որոնք խանգարում են իրենց էլ ավելի լավ ապրելու համար:

mog2- Իսկ թերություն ասելով` Դուք կոնկրետ ի՞նչ նկատի ունեք. մարդու բնավորությունը, խառնվածքը:

- Ես նկատի ունեմ մարդու հոգեւոր աշխարհը, օրինակ` երիտասարդ աղջիկը չի լսում մորը, կամ չի ընդունում ավագ սերնդի տեսակետները, դրա պատճառով իր կյանքում կնոջ դերը փոքրանում է, նեղանում, եւ նա նույնիսկ կարող է երեխա չունենալ: Նույնը կարելի է ասել տղաների մասին, որոնք չեն ընդունում հոր տեսակետները, դրա համար մեղքի զգացում է մնում իրենց մեջ, եւ օրգանիզմն ինքն իրեն քայքայվում է: Բայց այսօր կինը պետք է իր ձեռքը վերցնի հոգեւորի ուսուցումը, կարդա ու զարգանա, այնուհետեւ օգնի շրջապատին, որ նրանք էլ հասկանան: Ծրագրով նախատեսված է, որ հայ մարդը, հատկապես կինը, երկրագնդի որ մասում էլ լինի, պետք է դառնա հոգեւորի ուսուցիչը: Ասեմ նաեւ, որ հիմա ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ մարդիկ գնում են դեպի խանգարման: Բնավորությունների եւ հոգեւորի միջեւ բավական նշմարված են խախտումները, որոնք ավելի նկատվում են 20-40-60 տարեկան ժամանակաշրջանում: Այդ ժամկետների մեջ մարդը կարող է գնալ խանգարման, եթե անկայուն է նրանց գիտակցությունը, որոնք քանդվելու են մինչեւ 2055 թվականը: Իսկ քանի որ հիմա շատ է խոսվում աշխարհի ոչնչացման մասին, դա լինելու է ոչ թե նյութական առումով, այլ մարդն է նյութականացվելու: Ոչնչանում է մարդը, բնությունը, բուսական ու կենդանական աշխարհները, եւ այս ամենը` մինչ 2055թ.: Դրանից հետո կլինի փոփոխություն դեպի դրականը, եւ ով հնարավորություն կունենա զարգացնելու իր հոգեւորը` կփրկվի, իսկ եթե ոչ` չի փրկվի:

…………. Իսկ Հայաստանի համար կարող եմ ասել, որ մինչեւ 2016թ. ոչ մի վտանգ չի սպառնում, այնուհետեւ մի հինգ տարի աստիճանաբար կիջնի, որից հետո կխառնվեն մնացածների հետ աշխարհի մակարդակով: Մենք երբեմն ասում ենք, որ մեզ մոտ աղետներ չկան, բայց նշեմ, որ մոտ երեք տարի կշատանա մահացությունների թիվը տարբեր պատճառներով, իսկ մարդիկ խուճապի են մատնվում` ասելով, որ մարդկությունն է վերանում, բայց մարդկությունը չի ոչնչանա, սակայն կնյութականանա այսօրվա ծնվածների 80 տոկոսը: Իսկ նրանք ովքեր չեն խանգարվի ու կզարգացնեն իրենց մեջ հոգեւորը, կփրկվեն: Մահը գերադասելի կլինի խանգարումներով ապրելուց:

- Ի՞նչ հետաքրքիր բաներ են սպասվում մեր կանանց 2012 թվականին` ամուսնությունների կամ երեխաներ ունենալու առումով:

- 2012թ. հղիությունները, մեծ մասամբ մարտ ամսից հետո արդեն կծնվեն 2013 թվականին, իսկ այդ տարին բավականին մեծ արտոնություններ ունի, որովհետեւ թվանշանների գումարը վեց է ստացվում, որը նշանակում է, որ ամեն տարի այդ երեխան առաջին չորս ամիսներին, ծնված օրից սկսած, ամբողջ կյանքում կունենա նյութական պաշարի կուտակում, կլինի առատության մեջ, դժվարություններ չի տեսնի: Իսկ այս տարվա դեկտեմբերի ծնվածները կունենան ճիշտ հակառակ ճակատագիրը: Այսպես յուրաքանչյուր տարի ունի իր նշանակությունը, որից տեղյակ են հիմնականում կանայք: Նույնիսկ կան կանայք, ովքեր նախընտրում են կեսարյան հատումով ունենալ երեխային, որպեսզի հաշվարկով բարեհաջող օր ծնվի երեխան, դրանից բացի, որոշվում է նաեւ երեխայի անուն-ազգանունը: Իսկ եթե ծնվում է պատահաբար, նույնիսկ կեսարյանով, ապա կունենա այդ օրվա ճակատագիրը այդ երեխան:

- Չե՞ք կարծում, որ ամեն դեպքում մենք, մահկանացուներս, բնության դեմ անզոր ենք:

- Ոչ, մենք բնության դեմ անզոր չենք, քանի որ 2011թ., իմ հաշվարկներով, 400 տղա է ծնվել եւ 30 աղջիկ, որոնք ունեն լավ ճակատագրեր: Բնությանը գերի էր մարդկությունը 2000 տարի առաջ, իսկ այսօր գիտությունը շատ է զարգացել, որը տալիս է իր բարիքները:

- Չե՞ք կարծում, որ այս տեխնիկայի դարաշրջանը եւս ազդում է մարդու հոգեւորի զարգացման վրա:

- Ոչ, դա այդպես չէ: Ես, 10 տարի առաջ, երբ գտնվում է Միացյալ Նահանգներում եւ զբաղված էի ուսումնասիրություններով, վերադառնալով Հայաստան` ցավ ապրեցի, երբ մեր ժողովուրդը ամենատարրական բաներից անգամ տեղյակ չեն, թե ինչ գաղտնիքներ ունի մեր բնությունը, տիեզերքը, եւ թե ինչպես են դրանք ներգործում մարդու վրա: Օրինակ` ծնվում է երեխան, եւ շատ անգամ հայրիկները սկսում են պնդել, որ բալիկի անունը պետք է լինի իրենց ծնողների անունը, որոնք, ասենք, վատ ճակատագիր են ունեցել, իսկ երեխան մեծանալով` դժբախտ դեպքից մահանում է, այս դեպքում ի՞նչ է շահում այդ երեխայի հայրը: Ես կխնդրեի, որ ոչ մի հայր չխառնվի երեխայի անունը դնելու ժամանակ եւ նշանակություն տա կնոջ խոսքին նաեւ: Երբ բնությունը ստեղծում է երեխային, դա չի նշանակում, որ հայրը պետք է անպայման որոշի երեխայի անունը, կամ դնի իր սիրած կնոջ անունը:

- Տիկին Էլյա, իսկ եթե դրվում է այն մարդու անունը, ով ունեցել է լավ ճակատագիր, դա ե՞ւս չի կարելի:

- Իհարկե ոչ, քանի որ նրանք ծնվում են տարբեր օրեր:

- Իսկ եթե այդ անվան մեջ կա նույնիսկ մեկ տառի տարբերություն, փոխվո՞ւմ է որեւէ բան, թե՞ ոչ:

- Այո, իհարկե փոխվում է, քանի որ յուրաքանչյուր տառ ունի իր արժեքը, որոնք վերածելով թվերի` կատարում ենք հաշվարկ: Այս ամենի մասին մի տասը տարի առաջ մարդիկ տեղյակ չէին, իսկ հիմա կա գրականություն, որով կարող են ինքնուրույն հաշվարկներ կատարել: Առաջին հերթին պետք է տեղեկացված լինի կինը, քանի որ հոգեւոր առումով ընտանիքում միշտ ղեկավարում է կինը:

mog- Իսկ մի՞թե չկան կանայք, որոնց հոգեւորը զարգացած չէ:

- Այո, կան, բայց երբ իմանում են, որ կարող են ինչ-որ բան փոխել, կատարում են, այլ ոչ թե ասում են` դա սուտ բան է:

- Շատ կանայք հոգեւորի փնտրտուքների ժամանակ բռնում են սխալ ուղի եւ դառնում են աղանդավոր, ի՞նչ կասեք այս մասին:

- Ոչ, աղանդավոր դառնում են այն մարդիկ, որոնք ֆինանսի պատճառով ընկնում են ինչ-որ մեկի խարդախ ցանցը եւ անգամ չեն հասկանում թե ինչ են խոսում: Իրական քրիստոնեությունը 2000 տարի մաքուր է պահել մարդկությանը, հեռու պահելով սպանություններից, գողություններից եւ այլ վատ բաներից, իսկ հիմա նույնիսկ եկեղեցու ներսում քահանա են ծեծում:

- Ի՞նչ կանացի խորհուրդ կտաք մեր կանանց ընդհանրապես:

- Ես կցանկանայի, որ մեր կանայք առաջին հերթին լեզու գտնեն իրենց ամուսինների հետ եւ ամեն բան անեն այնպես, ինչպես պահանջվում է, որովհետեւ կինը իրավունք չունի տղամարդուն կարգադրելու, պահանջելու, այլ պետք է ընտանիքը խաղաղ մթնոլորտում պահի, քանզի հոգեւոր առաջին պահանջը դա է: Պետք է տեղյակ լինի ողջ ընտանիքի թերությունների մասին եւ վերացնի դրանք, այլ ոչ թե մտածի, որ` ամուսինս ունի թերություններ, դրա համար դուրս հանեմ եւ ուրիշ ամուսին գտնեմ, իսկ երեխաները որբանան: Ես ցանկանում եմ, որ 2012 թվականը լինի բարեհաջող, եւ եթե ընտանիքում լինում են անհաշտություններ, թերություններ կամ հիվանդություններ, ճիշտ կլինի, որ գտնեն դրա պատճառը, որից հետո կապրեն առողջ ու երջանիկ:

Զրուցեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում