livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

astxikԱյս գերհզոր տեխնիկայի դարում մարդու հաղորդակցությունը եւ շփումը Աստծո կողմից ստեղծված բնության բարիքների եւ բնականի հետ մի տեսակ դարձել է երկրորդական եւ, ինչու չէ, նաեւ` երրորդական, իսկ որոշ դեպքերում էլ, ցավոք, ավելորդ: Թվում է, թե մարդն այսօր ունի կամ կարող է ունենալ ամեն ինչ, ինչ կցանկանա, եւ մեր կյանքի հիմնական մասը մենք անց ենք կացնում ավելի շատ կենցաղային բարիքների, փող կուտակելու, լավ ուտելու, կամ լավ հագնվելու վրա, որը եւս անհրաժեշտություն է, բայց սա այն հիմնաքարը չէ, որը մեզ տալիս է առողջություն, հոգու հանգստություն, կամ պարզապես կյանքի ու ինքդ քո նկատմամբ ներդաշնակություն: Որքան մարդը հեռանում է բնությունից, այնքան հեռանում է ինքն իրենից: Խիրոմանտ ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով «Զարուհի» ամսագրում հանդես է եկել տարբեր հետաքրքիր թեմաներով, այս անգամ սիրով ներկայացրեց ու մեկնաբանեց կիսաթանկարժեք եւ թանկարժեք քարերի գերհզոր նշանակությունն ու ազդեցությունը մեր կյանքի, գործունեության եւ առողջության վրա, որը մեզանից շատերը կրում են պարզապես որպես զարդ:

- Ցանկացած մարդու կյանք խիստ կանոնակարգված է եւ բաժանված անհավասար շրջանների: Յուրաքանչյուր շրջանում մարդը գտնվում է որոշակի մոլորակի ազդեցության ներքո, որը կարող է նրան բերել թե լավը, թե վատը, թե բարին եւ թե չարը: Որպեսզի մարդը կարողանա «բարիացնել» հերթական «երկնային հովանավորին» իր նկատմամբ, հնդկական աստրոհոգեբանության հիմնադիրները մտածել են որոշակի դեղատոմս, որը կոչվում է ՈՒՊԱՅԱ: Այս բառը հնդկերենից թարգմանած նշանակում է «հակաթույն», ինչն օգնում է համեմատաբար պաշտպանված լինել մոլորակի բացասական ազդեցություններից, եւ որը ներդաշնակում է մոլորակ-մարդ կապը: Առաջներում մարդիկ կրում էին ոչ միայն թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, այլ կատարում էին զոհաբերություններ, իսկ հիմա զերծ են մնում նման բաներից: Ամենակարեւորն այն է, որ միներալները (հանքաքարը) լինեն երկու կարատից ոչ պակաս, քանի որ միայն այդ չափի քարը կարող է դիմադրել մոլորակի բացասական ազդեցությանը: Շատերը գիտեն, որ յուրաքանչյուր միներալ կամ քար (տվյալ դեպքում խոսքը գնում է նույնիսկ սովորական քարի մասին,  որը կարող էիք դուք գտնել ամենուր, կամ որը կլինի ձեզ հոգեհարազատ) իր մեջ կրում է ինքնուրույն ինֆորմացիոն էներգիայի լիցքեր, որոնք օգնում են վերականգնել ձեր հիշողությունը, անցած լավ ժամանակները, լավ մտքերը կենտրոնացնելու, կամ սեւեռելու ցանկացած լավ բանի վրա: Ուժը, լիցքերը կամ քարերը, որի մասին մենք խոսում ենք, հողի տակ դրանք դարերով ու հազարամյակներով կուտակվում են միներալի մեջ եւ մեր մոլորակի հետ անցնում էներգետիկ ուժի զարգացման բոլոր ընթաշրջանները: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը, այսինքն` յուրաքանչյուր այդպիսի քար անցնում է բոլոր էներգետիկ ուժերի զարգացման փուլերը, մոլորակի հետ հողի տակ:  Անշուշտ ոչ բոլորին է հաճելի կրել այդ «հակաթույն» կոչված քարերը, այսինքն` Ուպայան, քանի որ այդ միներալները մարդուն հիշեցնում են  նրա համար գոյություն ունեցող ակտուալ խնդիրների մասին, սակայն այդ «անհամաձայնությունը» մեկ ամիս անց մոռացվում է, եւ մարդ-միներալ կապը դառնում է սովորական: Այդ քարը հաղթահարում է մարդու ենթագիտակցական դիմադրությունը, ինչը սկզբնական շրջանում բացասաբար է ազդում նրա էմոցիաների վրա, բայց հետագայում դրանք հարթվում են:

- Դուք նկատի ունեք` այդ քարի` միայն հոգեբանական ազդեցությանը  հարմարվելը:

- Ոչ միայն հոգեբանական, այլ նաեւ ֆիզիկական, քանի որ մարդն անմիջապես զգում է այդ քարերի ազդեցությունն իր օրգանիզմի վրա:

- Կարո՞ղ եք ասել, թե որ մոլորակն ինչ ազդեցություն ունի մարդու

վրա, որին համապատասխան պետք է կրել այն քարը, որը կօգնի մարդուն զերծ մնալու տարբեր վատ ազդեցություններից:

- Նշեմ, որ յուրաքանչյուր մոլորակ ունի իր ուրույն «բնույթը» եւ ազդեցությունը: Օրինակ` Մարսը եւ Սատուրնը համարվում են վնասակար մոլորակներ, կան նաեւ «Սիկտիվ» մոլորակների շրջաններ, որոնք են լուսնային հանգույցները: Այդ մոլորակները հնդկական աստղագիտության մեջ կոչում են Ռախու եւ Կետու, երբ մարդուն պետք  է բոլոր իր քայլերում կողմնորոշվել մտքով եւ թույլ չտալ ջրի երես դուրս գա ենթագիտակցականն ու բնազդը, ինչը կարող է նրան շատ մեծ վնասներ բերել: Նույնիսկ այն մոլորակները, որոնք համարվում են բարենպաստ` Լուսինը, Վեներան եւ  Յուպիտերը, կարող են խիստ վտանգավոր բարդություններ առաջացնել: Այսինքն` ցանկացած մոլորակ կարող է բերել եւ վատը, եւ լավը, եթե նույնիսկ դրանց ազդեցությունը անբարեհաջող է: Որպեսզի հաղթահարենք այս դժվարությունները, կարելի է կրել Ուպայա, կամ հայերեն թարգմանված` «հակաթույնը»: Հնդկաստանում կան հանքային բյուրեղիկներ, որոնք կոչվում են կենսատու, որոնք բրգաձեւ դասավորվում են կիսաթանկարժեք քարի շուրջ, որն, ինչպես արդեն վերը նշեցի, պետք է լինի երկու կարատից ոչ պակաս: Դրանք պետք է թողնել երեք օր հատուկ պայմաններում, որի ընթացքում  կենսատու բյուրեղիկներից կլանած էներգիան մաքրում եւ ամրացնում է քարը, որից հետո միայն կարելի է այն կրել ցանկացած ձեւով` որպես մատանի, թեւնոց, վզնոց, ականջող եւ այլն: Հետաքրքրասերների համար ասեմ, որ մատանի կրելը խոսում է տվյալ անձի ենթագիտակցականի մասին, այսինքն` թե կոնկրետ որ մատին եք կրում մատանին:

ԲՈՒԹ մատ- այս մատին մատանի կրողները սովորաբար իրենց բարքում ոչ ստանդարտ (չկրկնվող) մարդիկ են:

ՑՈՒՑԱՄԱՏ- այս դեպքում ենթագիտակցորեն մարդը ներկայացնում է իր նյութական բարվոք վիճակի, փառքի եւ փողի ձգտումը:

ՄԻՋՆԱՄԱՏ- սա խոսում է վատ ճակատագրի, նյութական անապահովության մասին:

ՄԱՏՆԵՄԱՏ- սա փառասեր մարդկան սիրված մատն է, որոնք կյանքում հասել են ինչ որ փառքի, կամ դիրքի, եւ այստեղ արեւի ազդեցությունն է արդեն գործում:

ՃԿՈՒՅՏ- այս մատին մատանի կրողները ծայրահեղությունների գնացող եւ համապատասխան նույն լիցքերի տեր մարդիկ են, նրանք են` թագավորներ եւ գողեր, ոստիկաններ եւ հանցագործներ, առեւտրականներ եւ խաբեբաներ: Պետք չէ զարմանալ, քանի որ աստղագետները պնդում են, որ ոստիկաններն ու հանցագործները սովորաբար ունենում են նույն հորոսկոպը: Բացի այդ, շատ լավ հասկանում ենք, թե թագավորն ու գողն ինչի են ձգտում` հարստության, փառքի եւ այլն: Ճկույտին հովանավորում է Մերկուրի մոլորակը:

-Իսկ ե՞րբ կարելի է կրել «հակաթույն» կոչվող քարերը, եւ կա՞ ընդհանուր առմամբ դասակարգում, թե ո՞ր տարիքում ինչ քար պետք է կրեն մարդիկ իրենց վրա:

- ՅՈՒՊԻՏԵՐ մոլորակը հովանավորում է պատանեկությունը, այսինքն` 14-16 տարեկանը: Այս մոլորակը մարմնավորում է կրոն, փիլիսոփայություն եւ հոգեւորը: Բացասականն արտահայտվում է ինքնավստահության մեջ եւ պատանուն կարող է թվալ, որ ինքն ամեն ինչ գիտի, բոլորից լավն է, պետք չի սովորել ու պետք չէ իրեն սովորեցնել: Այս բացասական ազդեցությունները չեզոքանում են, եթե տվյալ պատանին կրում է դեղին Սաֆիր կամ Տոպազ: Այս քարերի ազդեցությունը տրամադրում է դեպի ուսումը, ձգտումը դեպի հաջողության, ամրացնում է գիտակցությունը: Ասենք նաեւ, որ այսպիսի «հակաթույնը» անհամեմատ իջեցնում է ալերգիաների ու մաշկային հիվանդությունների առաջացումը, քանի որ Յուպիտերը հենց ղեկավարում է նյութափոխանակությունը եւ Էնդոկրին համակարգը:

mog2ԱՐԵՎԻ հովանավորության տակ են գտնվում 21-23 տարեկան անձինք, իսկ «հակաթույն» կոչված քարը Ռուբինն է, որը իջեցնում է արեւի այն կործանիչ հատկությունները, ինչպիսիք են եսասիրությունը, խստությունը, աֆտորիտարությունը եւ էգոիզմը: Վերը նշված քարն օգնում է կարիերայի հարցերում, լավացնում է տեսողությունը եւ ուժեղացնում է սրտի աշխատանքը:

ԼՈՒՍՆԻ շրջանն է 23-24 տարեկանը: Այս մոլորակը հովանավորում է ընտանեկան կապերը, հատկապես մոր հետ փոխհարաբերությունները, այն ազդում է մարդու գիտակցականի վրա, սովորելու, հիշողության, տալիս է մարդուն լիարժեքության զգացում: Եվ որպեսզի պաշտպանվել լուսնի բացասական ազդեցություններից, հարկավոր է կրել Մարքարիտ կամ Լուսնաքար:

ՎԵՆԵՐԱՅԻ շրջանը  24-25 տարեկան հասակում է գալիս, որը բավականին բարեհաջող մոլորակ է եւ նշանակում է ամուսնություն, ընտանիք, սեր, ֆինանսներ, բժշկական հարցեր, մեքենա եւ այն ամենը, ինչը կապված է ընտանիքի բարօրության հետ: Եթե ցանկանում եք ամրացնել առողջությունը, ապա հարկավոր է ուղղակի կրել ադամանդ, որը, իհարկե, թանկ հաճույք է այս տարիքի համար:

ՄԱՐՍ մոլորակի շրջանը 27-28 տարեկան հասակն է, որի բերած վնասներն են ագրեսիան, կորուստները, դժվարություններն ու բարդությունները հարազատների հետ փոխհարաբերություններում, բաժանություն, որից խուսափելու համար հարկավոր է կրել կարմիր Կորալ:

ՄԵՐԿՈՒՐԻ մոլորակի հովանավորության շրջանը 31-32 տարեկան հասակն է, եւ եթե ցանկանում են զարգացնել իրենց` բնությունից տրված մտավոր ընդունակությունները, նաեւ տաղանդը, հարկավոր է կրել Զմրուխտ կամ Տուռմալին: Այս քարերը շատ լավ ամրացնում եւ զարգացնում են ինտուիցիան, մտքերը եւ մարդու գործնական ոլորտը:

ՍԱՏՈՒՐՆԸ հովանավորում է 35-36 տարեկան հասակը, եւ սա այն տարիքն է, երբ դու թե՛ մոլորակի եւ թե՛ ճակատագրի կողմից ենթարկվում ես փորձությունների, որպեսզի պարզ դառնա, թե որքանով ես դու կայացած: Այս ժամանակահատվածի համար, որպես «հակաթույն», ուղղակի անհրաժեշտ է կրել կապույտ Սաֆիր: Սա տալիս է արդարություն, իմաստություն, լիդերություն եւ ուժ, որպեսզի դիմանա ճակատագրի շատ ու շատ հարվածների եւ մնա կանգուն:

ՎԵՐԻՆ ԼՈՒՍՆԱՅԻՆ հանգույցը, կամ «Ռախու» կոչվածը ակտիվ հանդես է գալիս 41-42 տարեկանում, ինչը խիստ կերպով սպառնում է ստոր բնազդների արտահայտմամբ, երբ կարող ես ուրիշների համար հանդես գալիս «սեւ ուսուցչի» դերում: Այս տարիքը բերում է գայթակղության, քայքայման եւ մեծ էգոիզմի: Սրանից խուսափելու համար օգնում է դեղին Նռնաքարը կամ նարնջագույն Ցիրկոնը:  

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՍՆԱՅԻՆ հանգույցի տարիքը կամ «Կետուն» սկսվում է 47-48 տարեկանից սկսած մինչեւ կյանքի վերջ, երբ տեղի են ունենում ամենաչմտածված քայլեր, որոնք կարող են բերել նաեւ չմտածված կրքերի, եւ այս տարիքում արդեն կարող եք ինքներդ հայտնվել «սեւ ուսուցչի» ազդեցության տակ, դառնալ զոհ ուրիշի  խաբեության, վատ խաղերի, ինչը կարող է ավարտվել տհաճ հետեւանքներով, դժբախտություններով: Որպեսզի խուսափեք վերը նշված տհաճ իրադրություններից, կրեք երկու կարատից ոչ պակաս Խրիզոբերիլ թանկարժեք քարը:

- Աստղիկ, ինչո՞վ կբացատրեք այն, որ այս քարերը պետք է սկսել կրել վերը նշված տարիքից:

- Ինչպես գիտենք, 14-16 տարեկանում երեխայի մոտ սկսվում է անցումային տարիքը, որը համարվում է դժվար ժամանակաշրջան, իսկ մինչ այդ նրանք ձեւավորվում են ավելի շատ ընտանիքի, շրջապատի հովանու ներքո: Երբ սկսվում է դեռահասության դժվար շրջանը, դրա համար պետք է կրեն այդ քարը` որպես պաշտպան:

- Ճի՞շտ կլինի արդյոք, որ այն թանկարժեք քարերը, որոնք մենք ձեռք կբերենք մեր կյանքի ընթացքում, կարող ենք փոխանցել մեր երեխաներին, կամ մտերիմներին:

- Այո, իհարկե կարող ենք փոխանցել, դրա մեջ որեւէ խնդիր չկա: Եվ համապատասխան տարիքային շրջանում խորհուրդ տվեք, որ այն կրեն:

jewelery- Պարտադի՞ր է արդյոք այդ քարերը կրել ամեն օր եւ անընդհատ:

- Ոչ, պարտադիր չէ, բայց ցանկալի է ավելի հաճախ կրել դրանք եւ, ինչու չէ, նաեւ հաճելի:

- Ձեր կողմից նշված այս թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը կա՞ն Հայաստանում:

- Այո, կան, բայց պետք է ձեռք բերել իրականը, մաքուրը, որոնք ամենուր չեն վաճառվում եւ հարկավոր է շատ զգույշ լինել այդ քարերի ընտրության հարցում, քանի որ ես վերը նշեցի դրանց դերի ու նշանակության մասին: Բացի այդ մենք լիքը պատմություններ գիտենք ադամանդների հետեւից գնացողների մասին, եւ ինչո՞ւ է առհասարակ մարդկանց այդքան ձգում ադամանդը: Կա մի իրողություն, որ ասում են, թե գողը իրավունք չունի ադամանդ կրելու, քանի որ ադամանդն իր մեջ շատ դրական լիցքեր ունի: Այսինքն` այն մարդիկ, ովքեր ի սկզաբնե չունեն դրական մղումներ, նկատառումներ, նրանք չպետք է կրեն ադամանդ: Իսկապես այս քարերն ունեն իրենց գերհզոր ազդեցությունը մարդու վրա, եւ պատահական չէ, որ ժամանակին թե՛ Հիպոկրատը, եւ թե՛ Ամիրդովլաթ Ամասիացին շատ-շատ կիսաթանկարժեք քարերով եւ թանկարժեք մետաղներով բուժումներ են կատարել, եւ մինչ օրս էլ կան այդ դեղատոմսերը: Իսկ հնդիկները տալիս են թե մարդու որ չակրայի, որ նյարդային հանգույցի վրա ինչ քարով է պետք աշխատել բուժման նկատառումներով:

Զրուցեց` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում