livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

«Զարուհի» հանդեսի փետրվարյան համարում զրուցելով մոգ եւ պայծառատես տիկին Ռիտայի հետ, փորձել էինք գլուխ հանել այնպիսի հասկացություններից, ինչպիսիք են սպիտակ եւ սեւ մոգությունը, գուշակությունները, կանխատեսումները, թուղթ ու գիր կոչվածը եւ այլն: Սակայն մոգություն ասվածն ինչքան որ հին պատմություն ունի, նույնքան էլ ընդգրկուն, խորը հասկացություն է, եւ տվյալ հրապարակումից հետո ստացած մեր արձագանքները հուշեցին, որ կան դեռ բազում հարցեր, որոնց պատասխաններն ընթերցողը ցանկանում է ստանալ: Ուստիեւ որոշեցինք շարունակել զրույցը տիկին ՌԻՏԱՅԻ հետ, զուգահեռաբար փորձելով հասկանալ, թե մեր հասարակության հատկապես որ խավը, որ տարիքային, սեռային խմբի ներկայացուցիչներն են ավելի շատ փորձում դիմել մոգերին եւ գուշակներին, ավելի հաճախ  ի՞նչ հարցերով եւ այլն:

- Գիտե՞ք, գուշակ բառը ես չեմ ընդունում,- իր խոսքը սկսեց տիկին Ռիտան այն բանից հետո, երբ մեր հարցի մեջ մոգին զուգահեռ օգտագործեցինք գուշակ բառը:- Գուշակն ավելի շուտ նա է, որ, օրինակ` ծաղկի թերթերը հատ-հատ պոկելով, որոշում է` սիրո՞ւմ է, թե՞ չէ: Մեր նախորդ զրույցում արդեն ասել եմ. այն, ինչ անում է մոգը, առաջ է գալիս ուղեղից եւ ոչ թե ինչ-որ պատահական զուգադիպությունների վրա որոշում է, թե, ասենք, որն է մարդու ճակատագիրը: Ինչպես, ասենք, սուրճի բաժակով, խաղաթղթերով եւ այլն:

- Ուզում եք ասել, որ սուրճի բաժակն ու խաղաթղթերը սուտ բանե՞ր են:

- Ես նման բաները լուրջ չեմ ընդունում: Իհարկե, կարելի է տեսնել ապագան: Բայց, կրկնում եմ, դա ոչ թե պատահական զուգատիպություններն են պայծառատեսին ցույց տալիս, այլ ուղեղը: Համենայնդեպս ես հենց այդ կերպ եմ տեսնում ապագան: Ի դեպ, քանի որ ապագան տեսնելուց խոսեցինք, ասեմ, որ ես ձեզանից` լրագրողներիցդ, վիրավորված եմ:

- Դե, Տիկին Ռիտա, դուք միակը չեք, որ լրագրողներից վիրավորվում եք: Բայց դո՞ւք` ինչի համար:

- Վերջին ժամանակներս առիթներ եմ ունեցել իրադարձություններից ամիսներ առաջ ասելու, թե ինչ է կատարվելու, բայց չգիտես ինչու, տվյալ լրագրողները որոշեցին գաղտնի պահել:

- Դե, այդ մեղքը հաստատ մեզ չեք վերագրի. այս պահին էլ պատրաստ ենք ներկայացնելու այն, ինչ կկանխագուշակեք ապագայի հետ կապված:

- Օրինակ` այս թանկացումները. դեռ ամիսներ առաջ էի այս մասին խոսում: Անցած տարվանից քանիցս խոսել եմ քրիստոնյա-մահմեդական բախումների մասին: Կանխագուշակություններ եմ ունեցել ճգնաժամի, մեր հայրենիքի վիճակի, Ղարաբաղի մասին:

- Ասենք, Ղարաբաղի մասին ի՞նչ կանխատեսում ունեք:

- Թեկուզ եւ այն, որ այս խնդիրը 30 տարի տեւելու է:

- Իսկ թանկացումների հետ կապված առաջիկայո՞ւմ ինչ եք տեսնում. դա, թերեւս, այս պահին մեր հանրությանը հետաքրքրող հիմնական հարցերից մեկն է:

- Որոշ բաներ մեղմվելու է: Բայց դա, միգուցե, կլինի ժամանակավոր:

- Տիկին Ռիտա: Ապագան իմանալը միգուցե այնքան էլ լավ բան չէ: Բայց մարդիկ նաեւ այդ հարցով են Ձեզ դիմում: Ինչո՞ւ:

- Գիտե՞ք, մոգին դիմելու պահանջ մարդու մոտ նույնիսկ ենթագիտակցորեն կարող է առաջանալ: Ասենք, նման պատճառով. մարդը գտնվում է չար ուժերի կամ բացասական էներգիաների ազդեցության տակ, եւ, այսպես ասեմ, նրա պահապան հոգին պարտադրում է ելք փնտրել եւ, մասնավորապես, դիմել մեզ: Այսինքն, եթե մարդը մեզ դիմելու անհրաժեշտություն ունի, շատ մեծ է հավանականությունը, որ նա չարի ազդեցության տակ է: Իհարկե, մարդկանց մի մասն ավելի շատ է պաշտպանված այդ ուժերի ազդեցությունից, եւ նրանց մոտ նման խնդիր կարող է հազվադեպ առաջանալ: Բայց քիչ չեն նաեւ նրանք, ովքեր գտնվում են այդ սեւ դաշտի աուրայի տակ եւ դրանից դուրս գալու ելքեր են փնտրում: Բայց ժամանակ առ ժամանակ շատ ավելի մեծ թվով մարդիկ են հայտնվում այդ սեւ, բացասական էներգիայի, կամ, անվանենք` Սատանայի ազդեցության տակ: Այսօր ինչո՞ւ են այդքան շատացել տարբեր բախումները, կռիվները, քանի-քանի երկրներ են խառնվել իրար: Ինչո՞ւ այդպես միանգամից, ո՞ւմ մեղքով, մարդկա՞նց, թե՞ Սատանան է մարդկանց լարում մեկը մյուսի դեմ...

- Աստվածաշնչյան Հայտնության նման մի բա՞ն: Դա՞ եք ուզում ասել:

- Այո: Եվ տեսեք, նույնիսկ մեծ պատերազմները ներկայումս տեղի ունեցողի հետ չես համեմատի: Պատերազմների ժամանակ գոնե շարժառիթներն են ավելի տեսանելի, ասենք, մի երկիր ուզում է մյուսից հող գրավել: Բայց այսօր երկրների ներսում են մարդիկ կիսվել, իրար դեմ ելել: Գնում են ոչ թե ուրիշի հողը պահանջելու, այլ մեկ երկրի մեջ իրենք իրար են կոտորում: Եվ ինչո՞ւ են այդ բախումները պտտվում Երուսաղեմի շուրջ:

- Քանի որ մտանք աշխարհաքաղաքական հարթություն, ես էլ կասեմ, որ այստեղ մեղավորը ոչ թե Սատանան է, այլ ԱՄՆ-ը, որը որոշել է շարունակել «գունավոր» հեղափոխությունների շքերթը: Դա էլ է աշխարհի նվաճման ձեւ, պարզապես այլ մեթոդներով:

- Իսկ ի՞նչ է, այդ սեւ ուժերը պետք է գային եւ իրենց ձեռքով երկնքից գլխներիս կայծակներ թափեին, որ մենք էլ տեսնեինք ու հավատայի՞նք: Չէ՞ որ ամեն սեւ գործ էլ արվում է հենց մարդկանց ձեռքով: Աստվածաշունչն էլ չի՞ խոսում Սատանայի կամակատարների, նրա զորքի մասին:

- Վերադառնանք մեր հիմնական թեմային: Այնուամենայնիվ` սուրճի բաժակի, խաղաթղթերի մեջ ճշմարտության տարր կա՞:

- Գիտե՞ք, ես նույնիսկ գիրք եմ թողարկել, թե սուրճի բաժակում գծագրվող պատկերներն ինչպես կարելի է մեկնաբանել: Իհարկե, որոշակի նշանների համընկնումից կարելի է ինչ-որ բան ասել, եւ մարդկանց դա շատ է հետաքրքրում: Կամ` խաղաթղթերը: Ենքադրենք` այս մեկը չելավ, այն մյուսն ելավ, դա ի՞նչ է փոխում, ինչպե՞ս կարող է այն ազդել կամ ցույց տալ մարդու ապագան:

- Ամեն դեպքում այդ համընկնումների ո՞ր մասն է ռեալ, եւ ո՞րն է մարդկանց հետաքրքրասիրությունը բավարարելու համար:

- Ոչ մի բան էլ ռեալ չէ. ես դա չեմ ընդունում:  Այդ նույն բանը, որը ես մարդուն ասում եմ, նայելով սուրճի բաժակի մեջ, կարող եմ իմ ուղեղի միջոցով տեսնել ու ասել` ամենեւին էլ սուրճի բաժակին չնայելով: Ինչպե՞ս. կրկնում եմ, ես էլ չգիտեմ: Կամ ինչպե՞ս եմ զգում այդ դրական կամ բացասական էներգիան, չեմ պատկերացնում: Պարզապես զգում եմ, եւ դա ինձ թույլ է տալիս օգնել մարդկանց` զգուշացնել հնարավոր վտանգներից, չեզոքացնել բացասականի ազդեցությունը, դրա հետեւանքները: Հազարավոր մարդկանց օգնելու առիթ եմ ունեցել, եւ մարդիկ էլ ինձ գիտեք` ինչքան են սիրում:

- Բայց բոլորին չէ, որ կարող եք գոհացնել:

- Իհարկե: Եթե մարդիկ ոչ ռեալ պահանջներ, խնդրանքներ են ներկայացնում, ես ինչպե՞ս օգնեմ: Օրինակ` գալիս է երիտասարդ աղջիկը եւ «ՋԻՓ»-ով հարուստ երիտասարդ փեսացու պահանջում:

- Դա ռեալ չէ՞:

- Գիտեք,  «ՋԻՓ»-երով հարուստ երիտասարդ փեսացուներն ինձ մոտ դրված չեն, որ հանեմ ու նվիրեմ: Ես կարող եմ, օգնել, ասենք, նրա վրայից մենակության կնիքը հանելով, ու նա կարողանա իր զույգին գտնել, որը պարտադիր չէ, որ լինի հարուստ ու «ՋԻՓ»-երով. այդ «ՋԻՓ»-երով ամուսիններն անխելք պահանջներ են: Ի վերջո նման փեսացուներն այնքան քիչ են, իսկ «ՋԻՓ»-եր ուզող աղջիկներին թիվ չկա: Մոգության դերը նրանում է, որ եթե մարդն ինչ-որ բան բնականից չունի, փորձենք, ասենք, այդ հատկությունը նրան տալ մոգության միջոցով կամ նրա մեջ եղածն արթնացնենք:

- Ասում եք, որ «ՋԻՓ»-երով ամուսիններ ուզողներն այդքան շա՞տ են:

- Գիտեք, ես նույնիսկ զարմանում եմ մեր ջահել աղջիկների վրա: Նրանք շատ են փոխվել ու դեպի վատը: Նույնիսկ նորմալ հարսներ նրանք չեն դառնա. հազարից մեկը: Ես ծագումով մշեցի եմ եւ այդ տեսանկյունից նայելով եմ ասում` նրանց 80 տոկոսը, ժողովրդի լեզվով ասած, բոլոր չափ ու սահմաններն անցել է: Շատերը դեռ 18 տարեկան էլ չկան, եւ հասցրել են խախտել բոլոր մեր ավանդական օրենքները, կապված են բիզնեսմենների, պաշտոնավոր անձանց հետ, եւ ոչ թե սիրելով, այլ պարզապես փողի համար:

- Նամուս, պատիվ...

- Չէ, չկա: Եվ ոչ միայն երիտասարդ աղջիկների մոտ: Գիտեմ մի բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ, որը սիրում է ուրիշի: Եկել էր մոտս ու խնդրում, թե ուզում եմ ամուսնուցս բաժանվել, այնպես արա, որ նա ինձ բաց թողնի: Հարցնում եմ` ի վերջո նա քո երեխաների հայրն է: Նա էլ, թե չէ, որ չէ: Արդեն 16-18 տարեկան երեխաներ ունեն: Խոստացա, որ կանեմ, բայց երբ թողեց ամուսնու նկարն ու գնաց, հակառակն արեցի` հանեցի նրա նկատմամբ ատելությունը: Մեկ էլ գիշերը SMS ուղարկեց, թե տիկին Ռիտա, դեռ ոչ մի բան չանես, առավոտյան կզանգահարեմ: Զանգահարեց ու այս անգամ էլ ասում է, թե չէ, չեմ ուզում բաժանվել, հասկացա, որ պետք չէ, երեխաներ ունեմ:

- Նրան միգուցե եւ կարելի է հասկանալ: Բայց երիտասարդ աղջիկներին տված Ձեր բնութագիրը շատ ավելի մտահոգիչ է: 80 տոկոսը. մի քիչ չափազանցություն չէ՞:

- Ոչ: Այդ տարիքի կանայք շատ-շատ են ինձ դիմում: Հիմնականում ներկայանում են համեստ, պարկեշտ, բայց գիտե՞ք` ինչեր են պարզվում: Մոգության մեջ կա անմեղ եւ մեղավոր էակ հասկացությունը` պայմանավորված նրանով, թե այդ աղջիկը օրիորդ է, թե ոչ: Նրանց նկատմամբ մոտեցումը տարբեր է, եւ պետք է դիմացինիդ էությունը ճիշտ իմանաս, որ համապատասխան մոտեցումն էլ կիրառես: Ուրեմն եկել է մի ջահել աղջիկ իր մոր հետ: Բացատրում եմ, որ կա նման հասկացություն, եւ հարցնում եմ` օրիորդ է, թե չէ: Առաջին անգամ պատասխանում է շատ վստահ` այո: Բայց գիտեմ, որ այդպես չէ, եւ հարցնում եմ երկրորդ անգամ, զգուշացնելով, որ ճիշտն ասի: Այս անգամ ավելի անվստահ է այո ասում: Երրորդ անգամ արդեն զայրացած եմ հարցնում, եւ խոստովանում է, որ օրիորդ չէ: Եվ այդպես հազարավոր աղջիկներ, ու արդեն սարսափում եմ:

- Իսկ այն մյուս 20 տոկոսի մեջ գտնվող աղջիկներն է՞լ են Ձեզ դիմում:

- Իհարկե: Նրանց խնդիրն էլ այն է, ասենք` տանն են մնացել, կամ մի 30 տարեկան աղջիկ կար, ում` կյանքում որեւէ մի տղա նույնիսկ չէր մոտեցել: Փորձում են իմանալ` ինչն է պատճառը, ինչպես կարող է իրենց բախտն էլ բացվել: Ու, պատկերացրեք, կան դեպքեր, երբ չարն այնքան է հրապուրված այդ աղջկանով, որ չի թողնում` ոչ ոք նրանց մոտենա: Մոգության մեջ նույնիսկ կա նման մի արտահայտություն` սեքս Սատանայի հետ. ինչպես է Սատանան ամեն գիշեր գալիս այդ աղջկա մոտ:

- Այսինքն` երիտասարդ աղջիկների հիմնական պահանջներն ամուսնական բնույթի՞ են, այն էլ` «ՋԻՓ»-երով հարուստ փեսացուների հե՞տ:

- Այո: Շատ են ուզում` տղան հարուստ լինի, սկեսուր, տալ չունենան, տղան արտասահմանից լինի եւ այլն: Շատ կամակոր, պահանջկոտ են դարձել: Այնքան նման բաներ եմ ստիպված լսել, հաճախ նույնիսկ սարսափելի: Հաճախ փորձում եմ նրանց շտկել, թե սխալ է, մեղք է այդպիսի բաներ ոչ միայն ինձ խնդրել իրականացնել, այլ նույնիսկ մտածել այդ մասին: Դեպքեր են լինում, երբ փորձում եմ համոզելով, անգամ խաբելով նրանց ստիպել ետ կանգնել իրենց այդ մտքերից: Բայց նման մեկը գնում է, տեղը տասն են գալիս: Նույնիսկ մտածում եմ, թե այդ ամենը տեսնելը, լսելը ինձ տրված պատիժ չէ՞. շատ դառը կյանք է...

Մի հայտնի երգչուհի էր երկար ժամանակ գալիս մոտս: Ուզում էր մեկի հետ ամուսնանալ, որը նրան չէր սիրում: Վերջում ամուսնացավ շատ ավելի համապատասխան այլ անձի հետ ու հիմա երկու երեխա ունի: Մոգությունը կարող է մեկի մոտ մյուսի հանդեպ հրապուրանք, կիրք առաջացնել: Բայց չէ՞ որ դա միայն ժամանակավոր լուծում է: Շատ բան նույն կնոջից է կախված: Եթե մուգության արդյունքում նրանով հրապուրված երիտասարդը նույնիսկ ամուսնանա, այդ կինը հետագայում պետք է չէ՞ կարողանա ինքն արդեն հրապուրել, իր կողքին պահել ամուսնուն: Չէ՞ որ մոգության ազդեցությունն էլ հավերժ չէ, եւ եթե կինը չի կարողանում ինքնուրույն իր ամուսնուն հրապուրել, ապա երկա՞ր կշարունակվի նրանց ամուսնությունը: Հենց այդ ամենակարեւոր բանն է, որ մեր աղջիկները չեն հասկանում: Մեկ էլ գալիս է բացահայտ անբարոյական վարքի տեր մի աղջիկ ու իր հերթին է «ՋԻՓ»-երով հարուստ փեսացու ուզում: Մոգությունն այստեղ ի՞նչ անի. կոպիտ ասած, հարյուր տարի կանգնել է փողոցներում, նույնիսկ երեխաներն են ճանաչում: Նրան որպես կին էլ ո՞վ կուզի: Լավ, ասենք մի երիտասարդի վրա այն աստիճան աշխատենք, որ, այսպես ասած, խելքը թռցնի եւ ուզի նրան: Բա վա՞ղը, մյուս օ՞րը. մի օր մոգությունը կանցնի, ու այդ երիտասարդի աչքերը բացվելու են, չէ՞: Բայց չէ՞ որ մոգությամբ այդ երիտասարդին այդ վիճակում գցելն էլ իր հերթին է մեղք, ես ինչպե՞ս կարող եմ այդ քայլին գնալ: Փորձում եմ արդեն այդ աղջկան խորհուրդ տալ, բացատրել, հասկացնել, որ ինքն է իր վարքով այդ վիճակում հայտնվել:

Ամեն դեպքում, անկեղծ եմ ասում, մեր երիտասարդներին, պատանիներին շատ եմ խղճում: Աղջիկները, այն էլ մեր օրերում, շատ խորամանկ են, տղաները` միամիտ: Չգիտեմ, ով է ասել` աղջկա մազը երկար է, խելքը` կարճ: Սխալ է ասել, մեր օրերում աղջիկներն իսկական սատանաներ են, մատերի վրա տղաներին խաղացնում են:

- Տղաներն է՞լ են Ձեզ դիմում:

- Իհարկե, բայց ոչ այդքան հաճախ: Ասենք, աշխատանքի, հաջողության համար: Լինում են դեպքեր, որ անպատասխան սիրում է մի աղջկա եւ իմ օգնությանն է դիմում: Բայց այս դեպքում էլ նույնն է. եթե դիմացինը չի սիրում, ի՞նչ իմաստ ունի արհեստական մեթոդներով գրավել նրան, որը մոգության ազդեցությունից ազատվելուց հետո, մեկ է, նրան կին չի դառնա այդ բառի բուն իմաստով: Խորհուրդ չեմ տալիս, փորձում եմ բացատրել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում