livemarks sitemap
Երեքշաբթի, Օգոստոսի 20, 2019

Կնոջ պայուսակի պատմությունը սկսվել է տղամարդու գրպանից: 14-րդ դարում տղամարդիկ կրում էին պայուսակներ, որոնք սովորաբար ամրացված էին լինում գոտկատեղին եւ որոնք փոխարինվեցին գրպանով: Այդ ժամանակ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները անհրաժեշտություն համարեցին իրենց օր օրի մեծ չափերի հասնող զարդերի համար պայուսակ ունենալ, որը ավելի շատ նման էր մեր օրերի հարսի պայուսակներին:

 

Իսկ 1900-ականներին նորաձեւ դարձավ «կանացի պայուսակներ» տերմինը, որը մեծ իրադարձություն էր նորաձեւության ասպարեզում: Իսկ ահա մի քանի տասնամյակ անց արդեն հայտնի դիզայներական ընկերություններ`«Kate Spade»-ը, «Gucci»-ն, «Hermes»-ը, «Coach»-ը, «Dior»-ը, կանացի պայուսակների մոդելներով զարմացնում ու հիացնում էին շատ կանանց ու աղջիկների: Հետագայում, մինչեւ այսօր իրենց արտադրանքի պայուսակները ամենաշատն են կրկնօրինակվում ու ճաշակ թելադրում նորաձեւության գերիներին: Ինչպես գիտենք, նորաձեւությունը կրկնվում է մի քանի տասնամյակ անց, ու պայուսակներն էլ բացառություն չեն կազմում: Չնայած կրկնվելուն՝ ամեն ժամանակաշրջան թողնում է իր հետքը: Օրինակ, վերջին տարիներին պայուսակների գրպանների թիվը ավելացել է բջջային հեռախոսի համար նախատեսված գրպանիկով: Այժմ անդրադառնանք հայ կանանց ու աղջիկների պայուսակներին:

Պարզվում է՝ քիչ չեն այն կանայք ու աղջիկները, որոնք նախընտրում են տեղական արտադրանքի պայուսակներ, դրանք համեմատաբար մատչելի են ու կրկնօրինակումն են «բրենդային» պայուսակների:

Կհամաձայնե՞ք, որ շատ վաճառասրահներում հանդիպել եք տեղական արտադրության պայուսակների, որոնց մատչելիությունը զարմացրել է ձեզ: Հաշվի առնելով, որ պայուսակների հումքը մեր երկիր ներմուծվում է, այնուամենայնիվ տեղական արտադրանքի պայուսակներ կարող եք ձեռք բերել 3 հազարից մինչեւ 65 հազար դրամով:

Վաճառասրահների աշխատակիցների հավաստմամբ՝ կանայք կարող են պատվիրել իրենց նախընտրած պայուսակի մոդելը եւ գոհ լինել արժեքից ու որակից: Ոչ վաղ անցյալում պայուսակը փոխարինվում էր նորով միայն այն դեպքում, երբ այն, շատ ծառայելով գեղեցկուհի տիրոջը, կորցնում էր ներկայանալի տեսքը: Շքեղություն էր համարվում մի քանի պայուսակ ունենալը: Չմոռանանք, որ ոչ վաղ անցյալում գեղեցիկ ու յուրօրինակ պայուսակներ կարելի էր գնել միայն «տակից» ու անպայման լավ ծանոթի միջոցով: Վաճառասրահներից տեղեկացանք, որ այսօր հիմնականում առավել հաճախ պայուսակներ գնում են երիտասարդները: Մեծ պահանջարկ ունեն փոքրիկ պայուսակները, բայց մեծ չափի պայուսակները չեն զիջում իրենց դիրքերը: Սեւ գույնի պայուսակները կարելի է համադրել ցանկացած հագուստի հետ, եւ  ինչպես բոլոր ժամանակներում, այսօր էլ դրանք իրենց տեղը չեն զիջում: Բաց գույնի պայուսակները կանայք առավել հաճախ օգտագործում են ամռանը: Եթե ժամանակին պայուսակները կնոջ համար եղել են միմիայն անհրաժեշտություն, ապա այսօր այն, անհրաժեշտությունից բացի, նաեւ  անհրաժեշտ աքսեսուար է, որը ամբողջական է դարձնում հանդերձանքը: Երեւի թե այդ է պատճառը, որ թանկարժեք քարերը պահվում են ոչ թե պայուսակի ներսում, այլ զարդարում են պայուսակը ու շքեղացնում նրա արտաքինը, ինչո՞ւ ոչ նաեւ տիրոջը:

Այսօր չենք խոսի կնոջ պայուսակի մեջ եղած պարունակության մասին, այլ կներկայացնենք հայտնի կանանց ու աղջիկների կարծիքը պայուսակների մասին:

Երգչուհի ԷՄՄԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ պահարանում ամենաշատ տեղ են զբաղեցնում պայուսակներն ու շարֆերը: «Փոքր չափսի պայուսակներ քիչ ունեմ: Աշխատանքի բերումով առավոտյան տանից շուտ եմ դուրս գալիս ու վերադառնում եմ ուշ երեկոյան, բնականաբար, պայուսակի մեծ չափսը առավել հարմար է, քանի որ ողջ օրվա ընթացքում ինչն ինձ անհրաժեշտ է, տեղավորում եմ պայուսակում»: Ե՛ւ հոգով, ե՛ւ արտաքինով վառ գույներով երգչուհին խոստովանում է. «Գրեթե ամեն գույնի պայուսակներ ունեմ ` սեւ, սպիտակ, շագանակագույնի բոլոր երանգները, կապույտ, դեղին, մանուշակագույն, անգամ գույնզգույն: Կտորից պայուսակներ էլ ունեմ: Պայուսակ գնելիս սպիտակներին ուշադրություն չեմ դարձնում: Կարեւորը, որ պայուսակն ինձ դուր գա: Անգամ երկու պայուսակ ունեմ, որոնք ինքս եմ պատրաստել` կարելով, հյուսելով, աքսեսուարներ ամրացնելով: Սիրում եմ, երբ պայուսակը լինում է գոտուն կամ կոշիկներին համապատասխան, թեկուզ նույն գույնի: Բայց ինչպես շատ կանայք ու աղջիկներ, ինքս էլ բացառություն չկազմելով, ունեմ մի քանի սեւ պայուսակ, որոնք սազում են գրեթե ամեն ինչի հետ»: Ջազ երաժշտություն ներկայացնող ու սիրող երգչուհին նաեւ տեղեկացրեց. «Տեղական արտադրության պայուսակներ չունեմ, բայց չեմ բացառում, որ կունենամ: Ինչպես մեր տեղական արտադրության կոշիկները, որոնք արտերկրում համարվում են լավագույնը եւ թանկարժեք են, այդպես էլ մի օր կունենամ պայուսակներ, որոնք ոչ միայն մեր երկրում, այլ նաեւ դրսում չեն զիջի որակապես ու ինքնատիպությամբ արդեն ճանաչված ու սիրված ֆիրմաներին»:

Երգչուհի ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆՆ էլ շատ մեծ պայուսակներ է կրում. «Պայուսակ գնելիս ուշադրություն եմ դարձնում մեծությանն ու հարմարավետությանը: Կարեւորում եմ, որ պայուսակը ճիշտ համադրվի հագուստի, կոշիկների, կամ էլ գոտիի հետ: Սեւ գույնի պայուսակներ շատ ունեմ»: Անահիտը նույնպես չի օգտվում տեղական արտադրության պայուսակներից:

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի ԱՆԻ ԲԱՅԱԹՅԱՆ. «Սիրում եմ մեծ պայուսակներ, նաեւ նախընտրում փոքրիկ պայուսակներ. դա մեծ մասամբ կախված է հագուստից: Օրվա գրաֆիկն էլ է կարեւոր, թե ինչ պայուսակ կվերցնեմ: Եթե բալիկիս հետ եմ լինում, ապա մեծ պայուսակ եմ վերցնում, որ հարմար լինի: Պայուսակ գնելիս նայում եմ ե՛ւ հարմարավետությանը, ե՛ւ տեսքին: Կինն առանց պայուսակի չի կարող. եղել է, որ տանից դուրս եմ եկել առանց պայուսակի, եւ ինձ մոտ այնպիսի տպավորություն է եղել, որ կարծես մերկ լինեմ: Բացի անհրաժեշտությունից՝ կնոջ համար պայուսակը նաեւ աքսեսուար է, որ համադրվում է հանդերձանքիդ հետ: Հայ կանայք սիրում են, որ եթե, ասենք, պայուսակը կարմիր է, ապա կոշիկներն էլ են կարմիր, գոտին էլ, շարֆն էլ, որը ես չեմ ընդունում»: Դերասանուհին խոստովանում է, որ չի զլանում հաճախ փոխել պայուսակը, ու չնայած որ մեծ պայուսակներում կա ամեն անհրաժեշտ բան, բայց փոքր պայուսակում էլ կարողանում է ամեն ինչ տեղավորել. «Երբ փոքր պայուսակ եմ բռնում, միայն դրամապանակ չեմ դնում, ներսում տեղավորում եմ փոքրիկ, բայց անհրաժեշտ իրեր»: Ի տարբերություն մյուսների՝ դերասանուհին ունի տեղական արտադրության պայուսակներ. «Եղել է, որ պատվիրել եմ, ու կարել են շատ լավ, այդ պայուսակն ինձ դուր է գալիս, միշտ փնտրում ու գտնում եմ իմը: Չեմ սիրում ու չեմ ընդունում, որ «բրենդին» ուշադրություն են դարձնում»:

«Ես» ամսագրի խմբագիր ԱՆԻ ՔՈՉԱՐԻ զգեստապահարանում ջինսից տաբատներից հետո ամենամեծ տեղը զբաղեցնում են պայուսակները: «Պայուսակներ շատ սիրելով՝ կարող է էնպես պատահել, որ նույն պայուսակը մի ամիս բռնեմ: Բայց դա բնավորության գիծ է: Բացառություններ էլ են լինում, օրինակ՝ այն դեպքում, երբ ինչ-որ տեղ պետք է գնամ, բայց այդ պայուսակի չափը, գույնը չի համապատասխանում հագուստիս հետ, բնականաբար, հարմարեցնում եմ: Թիթիզ-միթիզ պայուսակներ չեմ սիրում, որի վրա շատ հոգնեցնող պարագաներ եւ արդ ու զարդ է լինում: Սիրում եմ պարզ ու հնարավորինս նվազագույնի հասնող եւ ավելորդություններ չունեցող պայուսակներ: Պայուսակներիս մեծ մասը մեծ չափերի են: Ընկերներս ինձ հաճախ են ասում. «Անի, այնքան մեծ են պայուսակներդ, որ անգամ մարդ կտեղավորվի այնտեղ»: Իսկ երկրորդ կատակը, որը միշտ իմ պայուսակների վերաբերյալ լինում է, այն է, որ եթե որեւէ մեկը պատահաբար վերցնում է պայուսակս, հասկանում է, որ պետք է սպորտով զբաղվի, որովհետեւ չափազանց ծանր է: Շատ զբաղվածության պատճառով արդեն երկրորդ պայուսակն էլ եմ վերցնում, մեկը` ձեռքի պայուսակն է, մյուսը` գործի:

Միշտ զարմանքով ու աղջկական նախանձով եմ նայել այն աղջիկներին, որոնք շատ փոքր չափսի պայուսակներ են բռնում: Միշտ հետաքրքրել է, թե այդ փոքրիկ պայուսակում ի՛նչ են կարողացել  տեղավորել: Պայուսակ գնելիս ուշադրություն եմ դարձնում, որ այն լինի մեծ, հարմար ու տարողունակ: Ներսի կտորին էլ եմ ուշադրություն դարձնում, քանի որ ներսից հաճախ շատ ավելի գեղեցիկ ու հետաքրքիր է լինում, քան դրսից: Պիտակամոլ չեմ ու երբեք ուշադրություն չեմ դարձնում պիտակներին: Կարեւորում եմ, որ ընդհանուր ոճն ու գունային գամման իրար համապատասխանեն: Կողմ չեմ, որ կոշիկը, գոտին, պայուսակը, կամ գլխարկը լինեն նույն գույնի:

Ինձ մոտ կարող է ամբողջը լինել մոխրագույն, իսկ պայուսակը` սեւ:

Այս շրջանում մոխրագույն, մանուշակագույն եւ փիրուզագույն պայուսակներ են ինձ դուր գալիս: Սեւ գույնի պայուսակ շատ քիչ ունեմ»: Իսկ տեղական արտադրության պայուսակներ ունենալու մասին Անին երկմտանքի մեջ ընկավ. «Որքան հիշում եմ, չունեմ, միգուցե նվեր ստացած  լինեմ, բայց հաստատ ես չեմ գնել»:

Հ.Գ. Հուսանք, որ շատ մոտ ապագայում կկարողանանք հպարտությամբ ներկայացնել ու խոսել մեր տեղական արտադրության պայուսակների մասին, որոնք ոչ միայն իրենց որակով ու տեսքով կզարմացնեն մեզ, այլ նաեւ միջազգային նորաձեւության մեջ իրենց հետքը կթողնեն: Ինչո՞ւ ոչ՝ նաեւ կհամապատասխանեն հայ կնոջ տեսակին:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում