noradzev«Sukier  Model International» միջազգային մոդելային գործակալության կոորդինատոր, scout  մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻ գլխավորությամբ, այս տարի եւս հայաստանյան  պատվիրակությունը Իսպանիայում մասնակցեց «Կոստա Բլանկա միջազգային նորաձեւության դիզայներական շաբաթ - Աշխարհի լավագույն կին եւ տղամարդ մոդել» միջազգային նորաձեւության մրցույթ-փառատոնին:  Ճարտարագետ-նախագծող, նկարիչ-մոդելավորող դիզայներ ԱԼԻՍԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով Հայաստանում ունեցել է 22 ցուցադրություն, որից 11-ը անհատական, փառատոնի ընթացքում ներկայացրեց իր «Հավերժություն» հավաքածուն.

-Ներկայացրել եմ 28 լողազգեստ եւ 23 երեկոյան զգեստ: Զգեստները բաղկացած են ամառային տարբեր գույներից: Հավաքածուն պատրաստել էի հատուկ այդ մրցույթի համար, բոլորովին նոր հավաքածու է եւ դեռ Հայաստանում չի ցուցադրվել: Հուսամ, սեպտեմբեր ամսվա ընթացքում հավաքածուիս ցուցադրությունը կլինի նաեւ Հայաստանում: Փառատոնի ժամանակ՝ որպես լավագույն դիզայներ, ունեցա երկրորդ բոնուս-ցուցադրություն: Եվ այդ  անգամ Լեյմ դիզայների հետ միքս-ցուցադրություն կազմակերպեցինք՝ ներկայացնելով լողազգեստներ ու երեկոյան փեշավոր զգեստներ: Շատ գոհ եմ մրցույթ-փառատոնի մասնակիցների մարդկային հատկանիշներից:Բացարձակ նախանձ չունեին մեկը մյուսի հանդեպ, հակառակը, աջակցում էին միմյանց: Օրինակ, Ֆիլիպինների դիզայներն ինձ առաջարկեց իմ լողազգեստների հետ ցուցադրեմ իր աքսեսուարները ու շատ հետաքրքիր ստացվեց:

- Ալիսա, մասնակցելով միջազգային բավական հայտնի մրցույթի՝ որեւէ գործնական առաջարկ ստացա՞ք:

 - Նախ մրցույթ-փառատոնի գլխավոր կազմակերպիչ Sukier-ի հետ  պայմանավորվածություն ձեռք բերեցի, որ մյուս տարի կրկին մասնակցեմ եւ նորից ցուցադրվեն իմ հագուստները: Ինչպես նաեւ իսպանական հայտնի web-կայքում պետք է տեղադրվեն իմ հագուստներն ու վաճառվեն:

 - Տեսնելով մի շարք երկրների դիզայներների ներկայացրած հավաքածուներն ու անհատապես շփվելով նրանց հետ՝ ինչ-որ փոփոխություններ կմտցնե՞ք Ձեր հավաքածուի մեջ:

 - Հաստատ ոչ, որովհետեւ իմ հավաքածուն իրենք շատ հավանեցին: Եթե փոփոխություն մտցնեն, գուցե իրենք կանեն իրենց հավաքածուներում: Փառատոնի ժամանակ, քանի որ բոլոր դիզայներների մեջ ամենափոքրը ես էի, սկզբում լուրջ չէին վերաբերվում, բայց ցուցադրությունից հետո զարմացած էին թե՛ մոդելները, եւ թե՛ դիզայներները:

- Ի դեպ, որքա՞ն ժամանակ է, որ Ալիսա Հարությունյանը նորաձեւության ասպարեզում «ճաշակ է թելադրում»:

 - Կարելի է ասել սկսած մանկապարտեզից զբաղվել եմ այս գործով: Սկզբում  տիկնիկներիս համար հագուստներ էի կարում: Իսկ տարիներ հետո երկու համալսարան ավարտեցի՝ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան եւ Միջազգային կրթության ակադեմիան: Իհարկե, ծնողներիս օգնությամբ, գործունեությունս սկսել եմ 2006 թվականից իմ առաջին ցուցադրությամբ, այնուհետեւ 2008 թվականին «Բազե» համահայկական

 խաղերի ժամանակ գրավել եմ առաջին տեղը, ինչպես նաեւ մասնակցել եմ տարբեր փառատոնների ու միջոցառումների: Այսօր ունեմ 100-ից ավել զգեստներ՝ նորը չհաշված:

Ավելացնեմ նաեւ, որ անձամբ հագուստներս ես եմ նախագծում, կարում ու պատրաստում: Իսկ ցուցադրություններիս ժամանակ մոդելների make up-ը միայն Լիլիթ Արշակյանին եմ վստահում:

 - Ըստ Ձեզ, նորաձեւության ոլորտում Հայաստանը զարգացում կապրի՞:

 - Սա հիմնականում բոլոր հայ դիզայներների ցավոտ կողմն է, թե Հայստանում կզարգանա կամ չի զարգանա, բայց, իմ կարծիքով, չարժե ընկնել դրա հետեւից: Այսօր բոլորն էլ ուզում են լավ հագնվեն, աչքի ընկնեն, մանավանդ մեր հայ հասարակությունը ցուցամոլ  «խասյաթ» ունի, այնպես որ հաստատ կզարգանա, թեպետ ինձ ավելի շատ  իմ աշխատանքն է հետաքրքրում:

- Արդեն որոշակի փորձ ունենալով՝ ի՞նչ խորհուրդ կտաք հայ դիզայներներին, որոնք կներկայացնեն Հայաստանը տարբեր մրցույթներում կամ փառատոնների ժամանակ:

 - Խորհուրդ կտամ, որ ներկայացված հավաքածուի մեջ լինի տարազային զգեստներ, որովհետեւ մեր հայկական տարազը բոլորից լավն է ու աշխատատար իր զարդանախշերով, ձեռքի աշխատանքով: Իհարկե, սովորական տարազների մասին չէ խոսքը, այլ այնպիսի զգեստի, որի վրա դիզայները մի ամիս կարող է մանրակրկիտ աշխատել:

Հրանտ Սարաֆյան


{ignitegallery 19}