mistr6Հետո էլ բողոքում ենք, թե հայերս նորաձեւությունից եւ մոդելինգից հեռու ենք, մինչդեռ արդեն երկրորդ տարին է, ինչ «Աշխարհի լավագույն կին եւ տղամարդ» իսպանական միջազգային մրցույթ-փառատոնի ժամանակ աչքի են ընկնում ոչ միայն հայուհիներն, այլեւ հայ մոդել տղամարդիկ: Այս տարի, ճիշտ է, մեր Միստր մոդել ԱՐԹՈՒՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ չհաղթեց՝ հայտնվելով սիրահարված  միսսերի վեճի կիզակետում, սակայն ապացուցեց միջազգային հանրությանը, որ հայ տղամարդիկ նույնպես լավագույնն են. 

-Մրցույթի ընթացքում ընդհանուր սպասումներս արդարացվեցին: Ուզում էինք աչքի ընկնել եւ դա ստացվեց:

- Հայ տղամարդու կարծրատիպերը, չափանիշները …  միջազգային նման մրցույթում հնարավո՞ր է, որ Ձեզ խանգարեցին:

- Նայած ով ինչ կարծրատիպ ունի, կոնկրետ ես այդ կարծրատիպերին ոչ մի կերպ չեմ նմանվում, որ ասեն հայ մոդել է, ուրեմն՝ վերջ, եսիմ ինչ է: Բոլորն էլ, եթե լուսանկարներս տեսնեն, չեն ասի, որ սա այն տիպի մոդելներից է: Ուղղակի պետք է մնաս ինքդ քեզնով, դրսեւորես քեզ այնպես, ինչպես ցանկացած վայրում:

- Լուրեր են պտտվում, որ մրցույթի ժյուրին  ընդգծված կողմնապահություն է արել:

mistr1- Ես կասեի, պարզապես ժյուրին պրոֆեսիոնալ չէր: Իմ պատկերացմամբ նման մրցույթի ժամանակ ժյուրիի կազմում պետք է լինեն ֆեշնի մեջ խորացած անձինք, որոնք, օրինակ, 10 տարի աշխատել են «Դոլչե Գաբբանայի» հետ կամ «եփվել» են մոդելինգի մեջ:

- Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, որ նման մրցույթ-փառատոններն Իսպանիայում ավելի մեծ արձագանք են գտնում, քան Հայաստանում:

- Դե մեզ մոտ այդքան էլ զարգացած չէ, բայց, որ այսքանն արվում է, դրա ժամանակն էլ կգա: Թեպետ Իսպանիայում էլ շատ զարգացած չէր, ինչպես, օրինակ, Իտալիայում կամ Ֆրանսիայում, իսպանացիներն  էլ շատ աճելու տեղ ունեն: Իսկ Հայաստանն իր տեմպով գնում է առաջ: Նահանջելու տեղ չկա:

- Մրցույթին մասնակցելուց հետո Արթուր Մուրադյանի հաջորդ քայլը ո՞րը կլինի:

- Տարբեր  ծրագրեր ունեմ, փորձում եմ զարգացնել երեք ուղղություններս միաժամանակ՝ թե՛ մոդելային, թե՛ դերասանական եւ թե՛ եռաչափ գրաֆիկայով զբաղվելը, որն իմ մասնագիտական աշխատանքն է: Ես ավարտել եմ  Չեխիայում եւ մասնագիտությամբ եռաչափ-մոդելավորող եմ:

- Իսկ կա՞  ցանկություն մոդելային գործունեությունը շարունակել արտերկրում:

mistr4- Կոնկրետ ինձ համար շատ հասանելի է Ռուսաստանը՝ Մոսկվան, երկար ապրել ենք այնտեղ եւ այնտեղի անձնագիր ունեմ: Մոսկվայից այժմ  տարբեր հրավերներ կան, դեռ չգիտեմ որ տարբերակը կընտրեմ, մոտակա շրջանում պարզ կլինի: Ե՛վ գործնական, ե՛ւ մրցույթների հետ կապված շատ անակնկալներ կան, բայց քանի դեռ հստակ չէ, չեմ ուզում բարձրաձայնել:

- Ո՞րն է Ձեր մշտապես լավ մարզավիճակում գտնվելու բաղադրատոմսը:

- Առաջին հերթին համբերություն եւ կարգապահություն, եթե համբերություն ունեցար, ցանկացած վայրում, ցանկացած ինդուստրիայում ինչ-որ բանի կարող ես հասնել: Իսկ իմ բաղադրատոմսը հետեւյալն է՝ շաբաթական երեք անգամ մարզումներ, պարապմունքներ, անպայման սնունդ ու առողջ քուն:

- Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք այն տղաներին, որոնք 20 տարեկանից հետո վերածվում են «կլոր փորով» ձյաձյաների ու դա կարծես համարվում է ավանդական հայ տղամարդու կերպար:

- Պետք է անպայման զբաղվեն սպորտով, անկախ տարիքից՝ լինի տասը, երեսուն, թե հիսուն տարեկան: Սպորտը ոչ միայն գեղեցկացնում է մարդուն, այլեւ առողջացնում, նաեւ սպորտի շնորհիվ առողջ մտածելակերպ է ձեւավորվում: Եվ, իհարկե, երբ մարդ զբաղվում է սպորտով, թե՛  իր հետ շփվելն է հաճելի, թե՛  իրեն պարզապես տեսնելն արդեն աչք է շոյում:

- Հայաստանում տղամարդկանց շրջանում, մեծամասամբ ՍՊԱ կենտրոններ այցելելն ընդունված չէ, Դուք ինքներդ օգտվո՞ւմ եք նման ծառայություններից:

- Իմ ՍՊԱ կենտրոնը մարզասրահն է, ես նման տեղերից թու-թու-թու չեմ օգտվում, պարզապես կարիք չունեմ: Ամենակարեւորը, պետք է զերծ մնալ սթրեսներից, որը դժվար է Երեւանում, մեկ էլ հետեւել սննդին ու ֆիզիկական աշխատանքներով զբաղվել: Շաբաթական երեք անգամ մեկ ժամով մարզասրահ հաճախելը լրիվ բավարար է, որ կյանքը փոխվի  80 աստիճանով: Իսկ նրանց համար, ովքեր լիարժեք սպորտով են զբաղվում, արհեստական ծառայություները, կոսմետոլոգին այցելելը եւ այլն, արդեն խաղուպար է դառնում:

- Արթո՛ւր, այժմ շատ աղջիկներ համակ ուշադրությամբ հետեւում են Ձեր մոդելային գործունեությանը, որպեսզի շատ չտանջվեն ասեք՝ ո՞վ  կարող է լինել Ձեր կյանքի  միակն ու անկրկնելին:

mistr- Դա հենց կյանքն էլ ցույց կտա, չեմ սիրում իմ ապագայի վերաբերյալ ծրագրեր կազմել, որովհետեւ շատ դեպքերում ծրագրերդ ընդհանրապես չեն կայանում այնպես, ինչպես մտածում ես: Փորձում եմ ապրել այսօրվա օրով՝ մեկ-մեկ մտածելով վաղվա մասին, բայց այդ հարցի շուրջ դեռ չեմ մտածում: Հենց նույն Իսպանիա գնալս էլ այդպես եղավ: Ընդհանրապես մտքիս չկար, հետո մի օր այդպես որոշեցինք, որ պետք է գնանք եւ արդյունքում  երկար շրջագայություն ունեցանք:

- Եվ վերջում, Դուք շփվել եք իսպանուհիների հետ եւ քաջատեղյակ եք հայուհիներից, փորձեք համեմատականներ անցկացնել:

- Հայուհիներն ավելի գեղեցիկ են, ավելի աչքի ընկնող, իսկ իսպանուհիները տգեղ են: Չեմ ցանկանում ազգին  վիրավորել, պարզապես, ինչպես կա, այդպես էլ ասում եմ: Ճիշտ է, խնամված են, բայց միեւնույնն է հայ կանայք ավելի կրքոտ են:

Այնպես որ, մերօրյա ասպետներ, գնահատեք ձեզ շրջապատող հայուհիների գեղեցկությունը կամ գոնե հոգու գեղեցկությունը, որովհետեւ, ինչպես պարզվում է, «ուրիշի հարսը» միայն հեռվից է գեղեցիկ:

Պատրաստեց՝  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Լուսանկարները՝  Juanantonio Nuրo de Miguel-ի եւ Վահե Ստեպի