livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

Հարսանեկան արարողություններում քննարկվող ու արդիական համարվող թեմաններից մեկը միշտ եղել ու շարունակում է մնալ հարսի զգեստը: Բոլորովին վերջերս տեղի ունեցած բրիտանական հարսանիքն էլ վկայեց, որ ոչ միայն համաշխարհային նորաձեւության տներն ու դիզայներներն էին անհամբերությամբ սպասում` տեսնելու արքայազն Վիլյամի ընտրյալի` Քեթրին Միդլթոնի զգեստը, այլեւ միլիոնավոր կանայք ու աղջիկներ ողջ աշխարհում: Բայց ինչո՞ւ միայն գեղեցիկ սեռը, նաեւ տղամարդիկ:

 

Ուղիղ եթերով երկու ժամ սպասել տեսնելու համար հարսի զգեստը, համաձայնեք, արդեն հետաքրքիր է: Ոմանց համար գեղեցիկ, դասական ոճով, իսկ մի մասին էլ անհետաքրքիր թվացող հարսանեկան զգեստը մոտ ժամանակում գուցե մի շարք երկրներում մեծ պահանջարկ կարող է ունենալ: Իսկ մեր երկրում… Հետաքրքիր է, եթե հայուհի լիներ դքսուհու փոխարեն, ի՞նչ զգեստ կնախընտրեր:

Ընդհանրապես հայտնի մարդկանց` լինեն դերասանուհիներ, երգչուհիներ, հաղորդավարուհիներ կամ էլ ինչ-որ հայտնի տղամարդու ընտրյալ հարսանեկան զգեստները միշտ էլ առանձնակի ուշադրության են արժանացել: Հայաստանում էլ հայ աստղերի հարսանեկան արարողությունների ամենաակտիվ քննարկման թեմաների շարքում առանձնակի ուշադրության են արժանանում հարսանեկան զգեստները: Այս դեպքում ընտրված ու հավանության արժանացած զգեստը բնորոշում է տիրուհու բնավորությունն ու առանձնահատկությունները: Բայց, ի տարբերություն համաշխարհային «աստղերի», մեր երկրում ավելի շատ կարեւորում ենք, թե որքանո՞վ է հարսանեկան զգեստի ընտրությունը ճիշտ եղել եւ մոտավորապես ի՞նչ է արժեցել: Շատ անգամ էլ զգեստը գեղեցիկ ենք համարում` դատելով նրա «կլորիկ» գնից. «Եթե զգեստը թանկարժեք է, ուրեմն չի կարող գեղեցիկ չլինել»:

Իսկ թե իրականում այսօր ի՞նչ հարսանեկան զգեստներ են նախընտրում հայ օրիորդները` փորձեցինք պարզել տարիներ շարունակ «հարսիկներին» ընտրության հարցում օգնության հասնող ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ: Տիկին Սվետլանան մեր զրույցի ընթացքում անկեղծացավ, որ արդեն քաջատեղյակ է նրանց կամակորություններից:

- Կան հարսիկներ, որոնք նախընտրում են ուռուցիկ ու փոռիկավոր հարսանեկան զգեստներ, ոմանք էլ ավելի համեստ ու զուսպ զգեստների սիրահար են կամ էլ նախընտրում են հագնել երեկոյան զգեստի նման զգեստ: Ինչ խոսք, հայ աղջիկները հարսի զգեստ ընտրելու հարցում շատ բծախնդիր ու կամակոր են դառնում: Հաճախ հարյուր զգեստից չեն կարողանում ընտրություն կատարել: Բնական է, բոլոր հարսիկներն այդ օրը ուզում են շատ գեղեցիկ ու ինքնատիպ լինել: Պատահել է, որ օտարերկրյա հարսիկների համար ենք հարսանեկան զգեստ առաջարկել: Նրանց հետ ավելի հեշտ է աշխատել, քանի որ նրանք մասնագետների խորհուրդներն ու առաջարկություններն ավելի հեշտ են ընդունում: Հետաքրքիրն այն է, որ հայ աղջիկները հիմնականում ուշադրություն են դարձնում ցուցադրված զգեստներին: Երբ առաջարկում ես մեկ այլ զգեստ, որը ցուցադրված չէ, միանգամից հրաժարվում են, անգամ վրան չեն էլ նայում: Իսկ օտարերկրացի կանայք ճիշտ հակառակն են անում. հարսի զգեստը պետք է տեսնեն, հագնեն ու հավանեն: Սովորական զգեստը կարող ես գնել, տուն բերել ու ասել, որ դուր չեկավ, չեմ հագնում: Իսկ հարսի զգեստի դեպքում այլ է, կյանքում մեկ անգամ ես հագնում:

- Ստացվում է, որ մեր երկրում հարսանեկան զգեստի նորաձեւությունը գտնվում է հարսնացուի ձեռքու՞մ:

- Հարսի զգեստների դեպքում նորաձեւությունը հաճախ է փոփոխվում: Բայց ամեն դեպքում վերջնական ընտրությունը հարսիկինն է: Հարսնացուն առաջին անգամ է հարսի զգեստի ընտրություն կատարում, շատ հաճախ դժվարանում է կարողանում կողմնորոշվել ընտրության հարցում: Այս դեպքում մեր խոսքն ու միջամտությունը կարեւոր են, քանի որ այս ոլորտում ենք եւ ավելի քաջատեղյակ նոր միտումներին: Առաջարկում ենք այն, ինչ նորաձեւ է` հաշվի առնելով նաեւ հարսիկի ցանկությունները, կազմվածքը, եւ գալիս ենք ընդհանուր հայտարարի: Օրինակ` պատահում է, որ գալիս ու կոնկրետ զգեստ են ուզում, որը տեսել են ինչ-որ հարսնացուի հագին: Մեզ մոտ ընդունված է ընկերուհու կամ բարեկամի հարսի կրած զգեստը չափորոշիչ ու մոդայիկ համարել` հաշվի չառնելով, որ այն գուցե իրենց կազմվածքին չհամապատասխանի: Հագնելուց հետո համոզվում են, որ դա իրենց իսկապես չի սազում:

- Իսկ գեր աղջիկները ընտրության հնարավորություն ունե՞ն:

- Ոչ միայն գեր, այլ նաեւ կարճահասակ ու շատ բարձրահասակ աղջիկները հարսի զգեստ ընտրելիս խնդրի առջեւ չեն կանգնում: Այսօր մեր երկրում ցանկացած մոդելի, ոճի, որակի, գույնի ու արժեքի հագուստ կարող ես գտնել:

- Նախորդ տարիների հետ համեմատած, այսօր ի՞նչ է փոխվել:

- Հինգ-վեց տարի առաջ վարդագույն եւ երկնագույն երանգներով զգեստների պահաջարկ կար: Որքան էլ զարմանալի է, բայց կային հարսիկներ, որոնք կարմիր երանգներով ու վարդերով զգեստ էին նախընտրում: Նման ընտրություն հիմնականում անում էին այն հարսիկները, որոնք երկրորդ անգամ էին ամուսնանում կամ բալիկի էին սպասում: Գունային լուծուներով հարսանեկան զգեստների պահաջարկ այսօր չկա: Նախապատվությունը տալիս են ճեփ-ճերմակ կամ էլ կաթնագույն զգեստին: Հաճախ հարսիկները նախընտրում են, որ զգեստն ունենա երկար պոչ կամ 7 մետրի հասնող երկար քող, որը ոչ պակաս հետաքրքիր ու գեղեցիկ է դարձնում հարսի կերպարը:

- Որքանո՞վ են հայ փեսացուները դեր կատարում հարսի զգեստի ընտրության հարցում:

- Սնահավատությունից ելնելով` փեսացուները շատ դեպքերում մինչեւ հարսանիքի օրը չեն տեսնում հարսի զգեստը: Բայց ավելի խանդոտ փեսաները ցանկանում են տեսնել, որպեսզի հարսանիքի օրը անակնկալի չգան զգեստի բացվածքից ու թափանցիկությունից: Ինչ խոսք, ընտրյալի «հեղինակավոր» խոսքը հարսիկները հաշվի առնում են:

- Սնահավատության հետ կապված. «չի կարելիներ» կա՞ն` կապված հարսի զգեստի հետ:

- Ասում են` հարսի քողը չի կարելի առաջին անգամ դնել, դա վատ նշան է: Կամ` ձեռնոցներից մեկը պետք է հագնել:

- Հաճախ հարսիկները ցանկանում են առաջինը հագնել տվյալ հարսի զգեստը:

- Այդ հարցը առավել բնորոշ է սկեսուր մայրիկներին, այդ ժամանակ նրանք են պահանջկոտ դառնում: Հարսիկները հիմանականում ցանկանում են, որ այն իրենց սրտով լինի, տեսքն էլ` թարմ: Վարձակալության դեպքում նոր հարսանեկան զգեստը գումարային առումով ավելի թանկ է: Եթե այն նոր է, ապա արժեքը սկսվում է 100.000 դրամից:

- Հիմնականում հարսանյաց զգեստները որտեղի՞ց են ներմուծվում Հայաստան:

- Մեծ մասամբ` Ուկրաինայից: Բայց կան զգեստներ, որոնք բերվում են Ֆրանսիայից, Իտալիայից, Անգլիայից: Մատչելի զգեստները հիմնականում բերում են Ուկրաինայից, դրանք որակի խնդիր ունեն, դրա համար էլ մատչելի են, եւ հարկ եղած դեպքում դերձակները շտկումներ են կատարում:

- Տարիքով հարսնացուներ հաճա՞խ են լինում:

- Հարսանեկան զգեստ հագնում են նաեւ ամուսնական արծաթե եւ ոսկե տարեդարձների ժամանակ: Այս դեպքում հիմնականում հարսի զգեստը հարսնացուի համար լինում է անակնկալ, քանի որ այն ընտրում են զավակները: Բայց եղել է դեպք, երբ հարսնացուն 47 տարեկան է եղել, այդուհանդերձ, հագել է հարսանեկան զգեստ:

- Իսկ «խենթուկ» հարսիկների համար նախատեսված զգեստներ կա՞ն:

- Ամենախենթ հարսանեկան զգեստը համարվում է այն զգեստը, երբ զգեստի առջեւի մասը կարճ է, իսկ հետեւի մասը` երկար, որը համադրում են երկարաճիտ կոշիկներով: Հարսիկների կողմից լինում են նաեւ խենթ ու տարօրինակ առաջարկներ:

- Ի՞նչ կարծիքի եք, Մեծ Բրիտանիայի դքսուհի Քեթրին Միլդթոնի հարսանեկան զգեստը պահանջարկ կունենա՞ հայ օրիորդների կողմից:

- Հարսանեկան նման արարողությունը` զուսպ ու դասական լուծումներով, հատուկ է արքաներին: Քեթրինի կողմից նման զգեստի ընտրությունն էլ սպասելի էր: Հայաստանում, եթե հնարավորությունը ներում է, ամեն ինչ ավելի շքեղ է կազմակերպվում: Իսկ հայուհիները ավելի շատ ուռուցիկ զգեստների սիրահար են: Նրանք փոռիկավոր ու ուռուցիկ զգեստներից դժվար են հրաժարվում:

Հ.Գ.- Ասում են` տգեղ հարս չի լինում: Ինչ խոսք, սրանում իր դերն է խաղում նաեւ հարսանեկան զգեստը: Բայց հավատացած եղեք, այդ գեղեցկությունը գալիս է ձեր ներքին երջանկությունից: Այնպես որ, եղեք երջանիկ ամեն օր:

Զրուցեց դեռ հարսանեկան զգեստ չկրած
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում