livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

Բոլոր ժամանակներում նորաձեւ գլխարկը կնոջը միշտ դարձրել է ավելի կանացի ու խորհրդավոր: Դեռ վաղուց հայտնի կանայք սիրել են գլխարկներ կրել: Հայտնի դիզայներները ջանք չեն խնայել ստեղծել այնպիսի գլխարկներ, որոնք կզարմացնեն եւ կարժանանան նրանց ուշադրությանն ու համակրանքին: Ժամանակներն անցնում են, բայց միշտ նորաձեւ գլխարկն իր դիրքերը չի զիջում:

 

Խոսքերիս վառ ապացույցը մի քանի ամիս առաջ բրիտանական հարսանիքն էր: Թագավորական հարսանեկան արարողության ժամանակ թե՛ համաշխարհային նորաձեւության տների եւ թե՛ ողջ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեցին ոչ թե հյուրերի հագուստները, այլ գլխարկները: Ինչպես շատ դիզայներներ, այնպես էլ հեռուստամեկնաբաններ բրիտանական հարսանիքը նորաձեւ ու տարօրինակ գլխարկների շքերթ անվանեցին: Շատ դեպքերում տարօրինակ գլխարկները որպես գլխարկ չէին ծառայում, այլ ավելի շատ` աքսեսուար, որը համադրվել էր հասարակ հագուստի հետ: Իհարկե, զգեստներն իրենց արժեքով եւ տեսքով ոչ պակաս շքեղ էին, էլ չենք խոսում, որ շատ հայտնի դիզայներներ էին նրանց հեղինակները, բայց «հաղթեց» գլխարկը: Հյուրերից շատերն էլ ճանաչվեցին ու հիշվեցին իրենց գլխարկների շնորհիվ: Զուսպ հարսանեկան արարողությունում «անզուսպ» էր միայն գլխարկների տեսքը, որոնք շատ արդիական եւ մոդեռն գլխարկներին նոր շնչով բերեցին դեպի նորաձեւություն: Թե որքանով այդ գլխարկները մեր հանրապետությունում ակտուալ կլինեն, դժվար է ասել, քանի որ նույնիսկ մեր երկրում հայտնի մարդիկ շատ քիչ դեպքերում են գլխարկով ներկայանում հանրությանը: Եվրոպական բոլոր երկրներում, անկախ հասարակական դիրքից, կանայք օգտագործել են գլխարկներ տարվա բոլոր եղանակներին: Հայտնի դիզայներները հատուկ ուշադրություն են դարձնում գլխարկների հավաքածուին, քանի որ շատ դեպքերում այն նաեւ ընդգծում է անհատի սոցիալական դիրքը:

Եթե մեր հարեւան Ռուսաստանի Դաշնությունում գլխարկներն առավել հաճախ կրում են ձմռանը, քանի որ իրենց բնակլիմայական պայմաններում անհնարին է առանց գլխարկի տանից դուրս գալը, իսկ եվրոպական երկրներում նշանակալից օրերին ու առավել տաք եղանակին են կրում` արեւից պաշտպանվելու համար, ապա մեր երկրում գլխարկ կրելու կուլտուրան կապված է անհատի էությանը:

Մեր հանրապետությունում մեծ մասամբ նորաձեւություն թելադրողը «էլիտար» խանութ-սրահներն են, որոնք սկսել են ուշադրություն դարձնել ցուցափեղկերում ցուցադրվող հագուստներին, այս դեպքում` մեծ նշանակություն են տալիս  արեւային ակնոցների, շարֆերի ընտրությանը, նույնիսկ` ծաղիկների անհրաժեշտությանը, բայց, չգիտես ինչու, մոռանում են մանեկենի գլխի մերկությունը ծածկել նորաձեւ գլխարկով:

Այլ հարց է, թե որքանով պահանջարկ ունեն գլխարկները գեղեցիկ սեռի կողմից, բայց գաղտնիք չէ, որ հայ կանայք ու աղջիկներն ավելի շատ վազում են եվրոպական նորաձեւության հետեւից, իսկ հայ դիզայներին վստահում են միայն այն դեպքում, երբ նրանց պատկերացումներն ու ճաշակը մեծ մասամբ համընկնում են իրենց ճաշակին: Հայ դիզայներն էլ եթե զիջումների չգնա, ապա  ոչինչ չի լինի: Իսկ մեր հայտնի դիզայներին մնում է հիանալ «դրսում» կիրառվող ու նորաձեւություն թելադրող իրադարձություններով: Վերջերս հայտնի դիզայներներից ԱՐՄԵՆ ԳԱԼՅԱՆԸ իր «ՖԵՇՆԲԼՈԳՈՒՄ» հիացմունքով ներկայացրել էր կայանալիք բրիտանական հարսանիքի մասին, որտեղ, մասնավորապես, նշում է. «Անցած տարի գրել էինք «Royal Ascoti»-ի մասին: Ինչպես գիտեք, դա Բրիտանիայի ամենակարեւոր բարձրաշխարհիկ միջոցառումներից մեկն է: Թագավորական ձիավազքերն ունեն մեծ «ֆեշն» նշանակություն: «Royal Ascoti»-ի «դրես-կոդը» շատ խիստ է: Զգեստները պետք է լինեն փակ ուսերով ու ծնկից ոչ բարձր, իսկ տղամարդիկ` բարձր օձիքով ու ֆրակով: Բայց, ամենակարեւորը, լայնեզր գլխարկներն են, որոնք ավելի մեծ մրցակցության առիթ են հանդիսանում, քան բուն ձիավազքը: «Royal Ascoti»-ի շրջանակներում անցնում են նաեւ բրիտանական դիզայներների ցուցադրություններ: 2011թ.-ն հոբելյանական տարի է, «Royal Ascoti»-ի 300-ամյակն է: Այդ առիթով «Vivienne Westwood»-ը ստեղծել է երեք զգեստ, որոնք խորհրդանշում են 19-րդ, 20-րդ եւ 21-րդ դարերը: Ֆեշնի ամենահետաքրքիր օրը` հունիսի 16-ին, հայտարարված է «Ladys Day»: Համոզված ենք` ցնցող շլյապաներով, որոնց նկարները կտեսնենք եւ կքննարկենք»: Գալյանը չսխալվեց. ցնցող շլյապաների ականատեսը եղանք, բայց դիզայները չմոռացավ նաեւ բլոգում եւս մեկ անգամ հիանալ Վիլյամի եւ Քեյթի հարսանիքի հյուրերի գլխարկներով: Իսկ արդեն հունիսի 17-ին դիզայները բլոգում գրեց. «Ինչպես եւ սպասվում էր` գլխարկները ցնցող էին»:

Բնականաբար, մեզ մնում է նման միջոցառումներին հետեւել միայն նկարների միջոցով` հույս ունենալով, որ մոտ ապագայում, ոգեշնչված նման գլխարկներից, հայ դիզայներները չեն մոռանա հայտնի հայուհիների ոճն ստեղծելիս օգտագործել գլխարկներ:

Երգչուհի ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ անկեղծացավ. «Շատ եմ սիրում գլխարկներ կրել, քանի որ նրանք, բացի գեղեցկությունից, նաեւ անհրաժեշտ են: Չեմ սիրում, երբ գլուխս սառում է»: Հմայիչ երգչուհին կարծում է, որ գլխարկները կարող են ծառայել կնոջ համար որպես անհրաժեշտություն, բացի աքսեսուար լինելուց. «Հայ կանայք վերջին ժամանակահատվածում սկսել են ավելի շատ գլխարկներ կրել, քանի որ նրանց կյանքում նորաձեւությունն արդեն շատ ավելի մեծ դեր է խաղում: Գլխարկների միջոցով հետաքրքիր իմիջային փոփոխություններ կարելի է անել»:

«Ամենից ամենա» հեռուստահաղորդման հաղորդավարուհի ԼԻԱՆԱ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԸ խոստովանում է. «Դեռ մանկուց չեմ սիրել «գալավնոյ ուբոռ» ասվածը: Երեւի թե պայմանավորված է նրանով, որ ես ունեմ կլաուսֆոբիա»: Բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում Լիանան եթերային կերպար ստանալու համար անխոս կրում է գլխարկ: Ինչ վերաբերում է հայ կանանց գլխարկ կրելուն, հաղորդավարուհին նկատել է. «Հիմնականում չեն կրում: Դրան ունեմ մի քանի բացատրություն, բայց դա երկար պատմություն է, ավելի լավ է` չմանրամասնենք»:

Երգչուհի, հիմա նաեւ հաղորդավարուհի ՄԱՐԻՆ խոստովանում է, որ ձմռանն է շատ գլխարկներ կրում. «Ամռանը չեմ սիրում: Գլուխս շուտ է մրսում եւ այդ պատճառով առանց գլխարկ տանից դուրս չեմ գալիս, որովհետեւ հաստատ կհիվանդանամ»: Մարիին եթերում հաճախ կարելի է տեսնել գլխի հետաքրքիր ժապավենային աքսեսուարներով, ու նա անկեղծանում է. «Դիզայներների հետ չեմ համագործակցում: Հիմնականում եթերին պատրաստվելիս ես եմ մայրիկիս օգնությամբ որոշում` ինչպիսի համադրություն անել»: Երգչուհին ցավում է այն բանի համար, որ. «Հայուհիների շատ քիչ տոկոսն է սիրում գլխարկներ կրել: Ընդհանրապես` գլխարկները, աքսեսուարները ավելի կանացի են դարձնում աղջիկներին եւ կանանց: Սանրվածքի հետ մի ժապավենը կարող է ավելի «պուպուշ» ու լավ դարձնել քեզ: Կցանկանայի` ավելի շատ լինեին գլխարկները եւ մեկը մյուսին չկրկնօրինակեին, ինչպես վերջերս եղավ ժապավենների հետ: Հայուհիները մեր երկրում ունեն բարդույթներ: Օրինակ` հենց նույն կարճ ջինսից կիսաշրջազգեստները կամ հագուստները, որոնք ես կարող եմ հագնել ամռանը` նորմալ չափի մեջ, իմ ընկերներից շատերն ասում են` կգնենք, բայց կհագնենք արտասահմանում կամ ծով գնալուց: Եվրոպական երկրներում հաստատ ոչ ոք ոչ մեկի չի նայում, չի նկատում թե ինչպես ես հագնված կամ ինչ ես դրել գլխիդ: Հռոմում պատահաբար ականատես եկա հարսանեկան արարողության: Հետաքրքրությունից դրդված` մտա ու ուղղակի հիացած էի, որովհետեւ անգամ 80 տարեկան տատիկները գլխարկներով ու ժապավենային աբադոկներով էին, կարծես մի շատ հին ֆիլմ դիտեի: Կցանկանայի, որ մեր հարսանիքներում էլ լոքոներից, փայլերից բացի, ժապավեններից նման գեղեցիկ, պարզ բաներ լինեին»:

Հ.Գ. Ի՞նչն է հետաքրքիր գլխարկների դեպքում. զգեստապահարանում կարող եք պահել ցանկացած գլխարկ, որը Ձեզ համահունչ է, եւ դուք գոնե մեկ անգամ կրել եք, եւ վստահ եղեք` նորաձեւությունից այն դուրս չի գա, թեկուզ անցնեն տարիներ` այն հանգիստ կարող եք կրել:

ՊԱՏՐԱՍՏԵՑ
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում