moda5Դիզայներ ԳԱՅԱՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ 2001-ին ավարտելով Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի պետական ուսումնարանը` մասնագիտացել է որպես նկարիչ-մոդելավորող: Ինչպես Գայանեն է հիշում. 

- Այդ ժամանակ մեր ուսումնարանում դեռ չկար հագուստի մոդելավորման բաժին: Ըստ մեր դասախոսների` ես առաջին ուսանողն էի, որ համարձակվել էի` առանց մասնագիտանալու հագուստի մոդելավորման մեջ, որպես դիպլոմային աշխատանք ներկայացնել իմ առաջին հագուստի հավաքածուն:

Երկար ժամանակ քննարկելուց հետո, ինձ տույլ տվեցին ավարտին հասցնել աշխատանքս: Ինձ հետեւեցին նաեւ համակուրսեցիներիցս մի քանիսը: Եվ, պիտի ասեմ, որ մենք հիացրեցինք ժյուրիի անդամներին:

- Ո՞րքան ժամանակ է, որ զբաղվում եք հագուստի մոդելավորմամբ:

moda- Ավարտելուց հետո մեծ դադար եղավ ստեղծագործական կյանքումս, որովհետեւ ամուսնացա, անձնական կյանքս խլեց իմ ողջ էներգիան ու ժամանակը: Նկարում էի, բայց քիչ: Տարիներ անց, հավաքելով իմ ողջ ուժերը` ստեղծեցի մի քանի զգեստ, որոնք մեծ ջանքեր էին պահանջում: 2008-ին «Ատեքս» նորաձեւության տան խորհրդով մասնակցեցի Մոսկվայում «Տարվա Կուտուրյե» մրցույթին: Սակայն ոչ մի մրցանակի չարժանացա: Չէի էլ ակնկալում, քանի որ դա իմ առաջին քայլն էր, եւ ոչ մի փորձ դեռ չունեյի: Այնուհետեւ, 2009-ին Հայաստնում անցկացվում էր «Ռուսսկի Սիլուետ» նորաձեւության մրցույթը, որն ինձ համար մեծ փորձ ձեռք բերելու հնարավորություն էր: Առաջին անգամ իմ ուժերը փորձեցի այլ ոճի մեջ:

- Որքան տեղյակ եմ, ձեր աշխատանքներում հիմնական շեշտադրումը դրված է ձեռքի աշխատանքի վրա, արդյո՞ք դա առավել թանկ հաճույք չի համարվում մեր շուկայի համար:

- Այո՛, ունեմ հագուստներ, որոնք անգամ կարի մեքենայով չի կարվել, այլ ամբողջովին ձեռագործ են: Ինչ խոսք, թանկ հաճույք է նման զգեստ պատվիրելը, քանի որ հսկայական ժամանակ, միջոցներ եւ առողջություն է պահանջում:

- Հիմնականում  ի՞նչ կտորով եք սիրում աշխատել եւ ի՞նչ գույներ եք նախընտրում օգտագործել հագուստների մեջ:

moda1- Սա իմ ամենասիրելի հարցն է: Սիրում եմ` մետաքս, ժանյակ, թավիշ, շղարշ: Այն ամենը, ինչով հնարավոր է թագուհուն վայել զգեստ ստեղծել: Գույներից չեմ խուսափում եւ չունեմ չսիրած գույն: Սիրում եմ վառ գույներով աշխատել, քանի որ դա ավելի է մարզում երեւակայությունս: Գույնը նման է անսանձ ու վայրի ձիու, որին նախ պետք է բռնել, համոզել, ապա վարժեցնել: Ամենաշատը սիրում եմ սպիտակը, որովհետեւ այն նման է լույսի, իսկ լույսն իր մեջ ներառում է բոլոր գույները: Սպիտակը նոր էջ է, նոր կյանք եւ սկիզբ:

- Հայկական շուկայում ո՞ւմ եք համարում Ձեզ մրցակից:

- Ես չեմ մրցակցում, քանի որ հայկական շուկայի բոլոր դիզայներներին ընդունում եմ որպես թիմ: Հետո էլ իմ ձեռագիրը առանձնանում է բոլորից, դրա համար էլ չեմ համեմատվում:

- Հայկական նորաձեւության ասպարեզում նշվում է ընդամենը մեկ-երկու դիզայներների անուններ: Պատճառը շուկայի բացակայությո՞ւնն է, թե՞ խանգարող այլ հանգամանքներ կան:

- Պատճառը միանշանակ շուկայիmoda2 բացակայությունն է: Իհարկե, նաեւ այն, որ տվյալ դիզայներները մեծ ջանքերի շնորհիվ ստեղծել են իրենց ապրանքանիշը: Գաղտնիք չէ, որ ոչ մի ապրանքանիշ այսօր չի կարող գոյատեւել առանց գովազդի: Արդյունքում` ճանաչվում է միայն գովազդվող կողմը:

- Ըստ Ձեզ, այսօր կա՞ն մարդիկ, որ փակում են տաղանդավոր դիզայներների ճանապարհը` թույլ չտալով ավելի շատ ճանաչում, ինչու ոչ, նաեւ առավել շատ գումար աշխատել:

- Փառք Աստծո, ինձ առայժմ հանդիպել են միայն մարդիկ, ովքեր աջակցել եւ դռներ են բացել իմ առջեւ: Իսկ ինչ վերաբերում է ավելի շատ ճանաչում ձեռք բերելուն, այստեղ արդեն խոսում է իմ բնավորությունը. չեմ սիրում աչքի ընկնել եւ անձս աշխատանքից շատ ներկայացնել: Ինձ համար արդեն իսկ հաջողություն է այն, որ շատերը գնահատում են իմ ձեռագիրը նորաձեւության մեջ: Ինչ վերաբերում է ավելի շատ գումար աշխատելուն, ասեմ, որ այդ մասին դեռ չեմ մտածել:

- Նորաձեւության միջազգային շուկայում այսօր դիզայներները հակված են ավելի ռիսկային եւ յուրօրինակ լուծումներով ներկայանալ: Իսկ մեզ մոտ մի քանի տարի շարունակ տեսնում ենք նույն ձեռագիրը: Ինչո՞ւմն է կայանում խնդիրը:

- Մեզ մոտ, թե միջազգային շուկայում, յուրաքանչյուր դիզայներ պետք է ունենա իր ուրույն ձեռագիրը. դա նորմալ է: Պարզապես եկեք չհամեմատենք մեր եւ նրանց հնարավորությունները: Ինչ-որ տեղ խնդիրը նրանում է, որ մեր պետությունը իր ոչ մի օրենքով չի ստեղծում պարարտ միջավայր` սկսնակ բիզնեսը զարգացնելու համար:

moda3- Հայտնի մարդկանցից ո՞ւմ հետ եք աշխատել: 

- Չեմ սիրում այս հարցը: Երգչուհիների, դերասանների եւ այլ հայտնի մարդկանց հետ հաճախ մեծ սիրով համագործակցել եմ: Սակայն ուզում եմ առանձնացնել «Ատեքս»  նորաձեւության տունը իր ամբողջ հայտնի ու անհայտ աշխատակազմով, ովքեր առաջինը հավատացին իմ ուժերին: Նաեւ մեծ փորձ էր ինձ համար «Միսս Հայաստան 2012» մրցույթի մասնակիցների երեկոյան զգեստները պատրաստելը: Իհարկե, այդ ժամանակ ինձ հնարավորություն չտրվեց լիովին աշխատելու` որպես դիզայներ, քանի որ իմ փոխարեն այլ մասնագիտությունների տեր անհատներ էին կայացնում գույնի եւ ֆորմաների վերջնական որոշումները:

- Այդ դեպքում, ո՞ւմ հետ է հեշտ եւ ո՞ւմ հետ դժվար աշխատելը:

- Առհասարակ, հայերի հետ դժվար է աշխատելը, որովհետեւ շատերի կարծիքով իրենք ամեն ինչից գլուխ են հանում` օդում, ջրում, ցամաքում... Դժվար է աշխատել ռեժիսորների հետ, որովհետեւ նրանցից շատերը անգամ չեն փորձում լսել մասնագիտական խորհուրդներ, ինչպես նաեւ շտապողականություն դրսեւորելով` կարեւորություն չեն տալիս ճիշտ դիզայնին: Արդյունքում տեսնում ենք` միօրինակ տեսահոլովակներ, ֆիլմեր եւ հեռուստաշոուներ: Դժվար է նաեւ աշխատել փոքր ինչ ճանաչված անձանց հետ, ինչը չեմ ասի ճանաչում վայելող անձանց մասին, նրանց հետ հեշտ եւ հաճելի է համագործակցել: Նրանք չեն խառնվում իմ մասնագիտական խոհանոցին, ինչպես նաեւ ճիշտ գնահատում եւ մատուցում են ե՛ւ իմ զգեստները, ե՛ւ աքսեսուարները:

- Մոտավորապես ի՞նչ արժեք կունենա Գայանե Մարտիրոսյանի մոտ պատվիրված զգեստը:

 - Ո՛չ թանկ, ո՛չ էլ շատ մատչելի, քանի որ իմ զգեստներն ինձանից ամիսների աշխատանք  են խլում, ուստի կարող եմ ասել,որ հայկական շուկայում նման աշխատանքի դիմաց չնչին գումար ես վաստակում: Դա կախված է նաեւ պատվերից, միանշանակ պատասխան տալ չեմ կարող, քանի որ համագործակցում եմ տարբեր հասարակությունների, տարբեր տարիքի ու մասնագետների հետ:

- Հայկական նորաձեւութանը հետեւող հանրությունն ի՞նչ նորություններ, գուցե, ցուցադրություն սպասի ձեզանից:

moda4- Պատրաստում եմ իմ նոր հավաքածուն, սակայն, չեմ կարող ստույգ խոստումներ տալ, կամ պարծենալ իմ ապագա ծրագրերով: Ինքս էլ չգիտեմ, թե երբ այն ավարտին կհասցնեմ: Ինչպես նշեցի` իմ հագուստներից յուրաքանչյուրը մեծ ժամանակ է պահանջում, իսկ ես առայժմ մենակ եմ ստեղծում դրանք:

- Եվ վերջում,  «Զարուհու» ընթերցողներին կհուշե՞ք, թե 2013-ին որ գույներն են նորաձեւ:

- Չեմ ուզում կրկնել այն տենդենցները, որոնց մասին ճիշտ, թե սխալ, կարելի է տեղեկանալ ցանկացած ամսագիր կամ ինտերնետային կայք բացելիս: Խորհուրդ կտամ չկրկնվել եւ չընտրել այն հագուստը կամ գույնը, որը շատ են տեսնում մյուսների հագին: Եղե՛ք մի փոքր համարձակ եւ ինքներդ ձեզ փնտրեք հայելու մեջ: Ըստ իս, նորաձեւ լինել նշանակում է ներկայանալ նոր կերպարով` նախ ինքդ քո, ապա` հանրության առաջ: Որպես երեկոյան զգեստների դիզայներ, բոլոր կանանց եւ աղջիկներին խորհուրդ կտամ կյանքում գոնե մեկ անգամ պատվիրեն իրենց երազանքի զգեստը, որի մասին, գուցե, մանկուց երազել են: Կկրեն այն, թե ոչ, կարեւոր չէ: Չէ՞ որ դա արդեն մի իրականացած երազանք կլինի:

Զրույցը՝ ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԻ