livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

moda2Մասնագիտությամբ բժիշկ-հոգեբան ԼԻԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ դեռ ուսանողական տարիներից մասնակցել է ցուցադրությունների եւ մրցույթների` որպես դիզայներ մոդելավորող: 1990-2000թթ. գործելով նորաձեւության ասպարեզում՝ Լիաննան միայն հինգ տարի առաջ որոշեց, որ պետք է իր հագուստները ներկայացնի` որպես ''eLSi'' բրենդ: ''Զարուհու'' հետ ունեցած զրույցում Լիաննան անկեղծացավ.«Չեմ սիրում, երբ ինձ  են ճանաչում: Սիրում եմ, երբ իմ աշխատանքներով են ինձ ճանաչում: Իսկ ''eLSi''-ն ինձ օգնում է ստվերում  մնալ: Հինգ տարի առաջ որոշեցինք ինչ-որ բրենդային ու հիշվող անուն որոշել: 

  - Բավական երկար ժամանակ է աշխատում եք այս ասպարեզում, քանի՞ ցուցադրություն եք ունեցել այս տարիների ընթացքում:

- Ընդհանրապես շատ ցուցադրություններ եմ ունեցել, շատ նախագծերի եմ մասնակցել: Բայց ամենամեծերը երկուսն են եղել: Առաջին մեծ ցուցադրությունը եղավ, երբ ներկայացանք` որպես բրենդ: Երկրորդն էլ՝ անցյալ տարի, երբ նշում էինք բրենդի հինգամյակը:

- Դիզայներներ կան, որ ասում են՝ Հայաստանում նորաձեւության ցուցադրումները դիզայներին ոչինչ չեն տալիս, սակայն անցած տարի նկատելի էր, որ հայ դիզայներներն այդ առումով ակտիվ էին:moda1

- Համակարծիք չեմ այդ մտքին, քանի որ դիզայները ցուցադրության ժամանակ ներդնում  է  իր մտքերն ու ներկայացնում է այն, ինչը չի կարող այլ կերպ ցուցադրել կամ արտահայտել: Հաճախորդին դու չես կարող էսքիզով բացատրել, թե դու ինչ ես ուզում ստանալ: Ցուցադրության միջոցով դու տալիս ես ընտրության հնարավորություն, որպեսզի մարդիկ կարողանան ընտրություն կատարել եւ ընտրել այն, ինչ որ դու մտածում  ու ներկայացնում ես կտորներով ու չէիր կարող էսքիզով բացատրել:

- Ի՞նչ եք կարծում` բրենդի օգնությամբ այսօր ավելի հեշտ է նորաձեւության շուկայում հաստատվել:

- Ավելի շատ աշխատանքի ու որակի միջոցով է հնարավոր շուկայում հաստատվել: 

- Գաղտնիք չէ, որ մեր հասարակությունը ''բրենդամոլ'' է: Եթե ոչ վաղ անցյալում մեր հայրենակիցները  խուսափում էին նշել հայկական բրենդի անունը, ապա այսօր այդ կարծրատիպը, կարծես թե կոտրվել է:

- Միայն Հայաստանում չի, որ գոյություն ունի  պիտակամոլ ասվածը: Իսկ այն, որ այսօր  մեր հայ դիզայներներին ավելի շատ են վստահում ու  դիմում, արդեն փաստ է: Իհարկե, մենք էլ ունենք մեր բրենդը սիրողներ, չեմ կարող ասել, որ ''բրենդամոլներ'' են, ուղղակի մարդիկ են, որոնք սիրով կրում են մեր հագուստները:

- Ամփոփելով նախորդ տարին, ի՞նչ աշխատանքներ կատարեցիք, եւ ի՞նչ սպասելիքներ եւ անելիքներ կան այս տարի:

- Հիմա դեռ չեմ պատկերացնում, թե ինչ եմ անելու: Մտքերը պտտվում են, նախագծերը գծվում են, եւ անպայման կլինեն նորություններ: Քանի որ, որպես գործող դիզայներ, ամեն տարի պարտավոր ես  ունենալ քո նորությունները եւ գործերը: Նախորդ  ողջ տարին ծանրաբեռնված աշխատեցինք թե՛ նախագծերի վրա, թե՛ տեսահոլովակների, թե՛ միջոցառումների: Վերջին եզրափակումը եղավ ցուցադրությունը, որը ավելի շատ նվիրված էր ''eLSi''-ի  հինգ տարվա գործունեությանը: Ցուցադրությանը ներկայացրել էինք երեկոյան զգեստներ՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանացի, նաեւ հարսանյաց զգեստներ: Ընդհանուր առմամբ՝ 110 զգեստ: Արդեն մտածում ենք աշխատել նաեւ դրսի շուկայի համար: Բնականաբար, Հայաստանում էլ ինչ-որ նորություններ կլինեն:

 moda3- Ի՞նչ կտորով եք սիրում աշխատել:

- Ինձ համար այն ամենը, ինչը կապված է նորաձեւության աշխարհի հետ, հոգեհարազատ է: Անգամ փոքրիկ թելը ինձ կարող է ուրախացնել: Կտորներ շատ եմ  սիրում ու կարող եմ շատ գումար ծախսել կտորի վրա: Այսինքն, հումքերի հետ կապված՝ ամեն ինչ ինձ համար հետաքրքիր է:

- Իսկ գույների հետ կապվա՞ծ:

- Գույների հետ նախընտրություններս փոփոխական են: Ամեն տարի մի գույն կարող է սիրեմ, հետո պարզվի, որ շատ նորաձեւ գույն է:

- Այդ դեպքում այս տարի, ո՞ր գույնն եք նախընտրում:

- Այս տարի շատ խառը գույներ եմ սիրել: Շատ վառ ու խառը: Վառ գույների համադրություն: 

- Այն ինչ դուք ստեղծագործում եք, արդյո՞ք ձեր հաճախորդներին դուր է գալիս:Թե ամեն դեպքում հաշվի եք առնում նրանց քմահաճությունն ու ճաշակը:

- Եթե նոր հաճախորդ է լինում, անմիջապես այդ հաճախորդի հետ չեմ աշխատում: Փորձում եմ ճանաչել, այնուհետեւ նրան համապատասխան հագուստ կարել: Միայն ինձ համար չպետք է հաճելի լինի, նաեւ իրեն էլ պետք է դուր գա: Այն ինչ որ ես պատրաստում եմ ցուցադրության ժամանակ, դա փոփոխության ենթակա չէ: Իսկ հաճախորդի հետ շփումը մի քիչ այլ է: Իմ հաճախորդների մեծամասնությունը վստահում են ինձ ու չեն խառնվում իմ աշխատանքին:

- Այն դիզայներներից եք` ով հագուստ  է ստեղծում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար: Ո՞ւմ հետ է առավել հեշտ աշխատել:

- Ինձ համար մեկ է: Կապ չունի ինձ համար տղամարդ է, թե կին: Որովհետեւ իմ աշխատանքին մոտենում եմ՝ որպես մասնագետ:  Ինձ համար դա աշխատանք է, որ պետք է ավարտին հասցնեմ ժամանակին: Ու, երբ մարդն այն հագնի ու հայելու մեջ նայի,  ուրախանա, որ իրեն համապատասխան հագուստ է հագել:

moda4- Գաղտնիք չէ, որ մեզ մոտ բավական թանկ հաճույք է օգտվել հայ դիզայների հագուստներից, քանի որ կտորը ներմուծվում է դրսից: Այդ դեպքում ստացվում է, որ նորաձեւությունը նման պայմաններում չի կարող եկամտաբեր եւ զարգացող դառնալ մեզ մոտ, ինչպես, ասենք, հարեւան Վրաստանում է:

- Շուկան չի կարող անհատական պատվերով զարգանալ: Մեր շուկան շատ փոքր է, որ կարողանանք հայ դիզայներներով ինչ-որ բան փոխենլ: Պետք է պետությունն աջակցի, ընդառաջի, ստեղծի պայմաններ, որ հայ դիզայներները ստեղծագործեն: Եթե Եվրոպայում անհատական պատվերների հետ համեմատենք, մենք իրենց մոտ ուղղակի խաղալիք ենք՝գնային առումով:

- Իսկ մոտավորապես ի՞նչ արժեք ունի ձեզ մոտ պատվիրված զգեստը:

- Այն արժե այնքան, ինչքան  իր աշխատանքն է: Այնպես չէ, որ ես բրենդ եմ, ուրեմն, անպայման իմ բրենդի գումարը այդքանն է: Կապված է, թե ինչ անհատի հետ ես աշխատում,  նիհարիկ է, ուրեմն պետք չէ ոչինչ թաքցնել, ու արագ է կարվում: Բայց պատահում է, որ տակից հավաքում ենք կորսետ, մարմնի որոշ մասերը ընդգծում կամ  փակում, նոր ստեղծում ենք զգեստը:

- Հայկական նորաձեւության ասպարեզում ո՞ւմ եք ձեզ մրցակից  տեսնում:

- Այդքան շատ էլ չենք, որ ասեմ մրցակիցներ ենք:

moda5- Անընդհատ մի քանի դիզայներների անուններ են նշվում: Արդյոք չունե՞նք համապատասխան մասնագետներ, թե...

- Երբ շուկան փոքր է, մի քանի դիզայները նորմալ է, բայց տասը արդեն առավել է անհատականի համար: Արդեն լճացում տեղի կունենա: Դեռ նրան չենք հասել, որ ասեմ՝ մրցակցություն կա: Եվ քանի լճացում դեռ չկա, ամեն մեկն իր համար աշխատում է,  իր ուժերի ներածի չափով: Ոչ ոք ոչ մեկին չի խանգարում:

- Մասնագետների պակաս ունե՞նք այս ոլորտում:

- Շատ քիչ են որակով մասնագետները: Շատ կուզենայի, որ լավ մասնագետներ շատ լինեին: Այսինքն՝ լավերը, որոնք կան, երեւի, արդեն լքել են  Հայաստանը, բայց նոր կադրեր չենք կարողանում պատրաստել: Երիտասարդությունը  մեծ ցանկություն չունի աշխատելու այս ոլորտում: Նրանց միայն հետաքրքրում է ճանաչված լինելը, այսինքն՝ միանգամից ավարտն են տեսնում, դժվար ճանապարհը ոչ ոք չի ուզում անցնել:

- Հաճախ եք հագուստներ կարում հայտնի մարդկանց համար, ո՞ւմ հետ է հեշտ աշխատել, ո՞ւմ հետ՝ դժվար:

- Այդպիսի ամբիցիաներ չունեմ: Եթե ինձ դիմել են, ուրեմն  փորձում եմ մաքսիմալ օգտակար լինել: Ո՞ւմ հետ է դժվար, թե՝ հեշտ, չեմ կարող ասել: Ինձ համար մասնագիտությունը եւ հայտնի լինելու փաստը էական չէ, բոլորին հավասար եմ վերաբերվում:

- Նշեցիք, որ անհատական պատվերի վրա եք աշխատում, բայց ձեր սրահում նկատեցի նաեւ հարսանյաց զգեստներ:

- Վերջին տարիներին միտում կա, որ շատերն ուզում են, որ իր համար հարսանեկան զգեստը անհատական կարվի: Այդ պատճառով ձեռք  եմ բերել բոլոր այն բրենդային կտորները, որոնք նախատեսված են հարսանյաց զգեստների համար, որպեսզի այն հարսիկները, ովքեր ուզում են հարսի անհատական զգեստ կրել, ունենան այդ հնարավորությունը:

Զրուցեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում