livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 25, 2019

altՃանաչված մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԸ «Զարուհի» հետ զրույցում նախ ներկայացրեց 2013-ի իր վերջին ֆոտոշարքն ու խոսեց 2014-ի ծրագրերի մասին` ինչպես մոդելինգի, այնպես էլ նոր աշխատանքի ու ուսման հետ կապված:

-Դավիթ, 2013 թվականը Ձեզ համար ակտիվ սկսվեց ու Սուրբ Ծննդյան օրը նկարահանեցիք Ձեր նոր ֆոտոշարքը, ավարտին` կրկին նոր ֆոտոշարքով եզրափակեցիք տարին: Սա տարվա ամփոփո՞ւմ էր, թե՞ ձեռնոց եք նետում մյուս մոդելներին, որոնցից մեծ մասը, կարծես, հազվադեպ են հիշեցնում իրենց մասին:

- Երբեք նպատակ չեմ հետապնդել ձեռնոց նետել մյուս մոդելներին՝ առանց այն էլ, ցավոք, նրանց թիվը բավականին փոքր է: Հակառակը, կցանկանամ, որ ձեւավորվի ոգեշնչման ստեղծագործ մթնոլորտ եւ մեկս մյուսին լրացնելով` զարգացնենք մոդելինգը Հայաստանում` ոչ թե որպես հակառակորդներ, այլ որպես գործընկերներ: Իսկ ինչ վերաբերում է ֆոտոշարքին, ապա կասեմ, որ այն ընդամենը ստեղծագործական ներշնչանքի արդյունք է:

- Ի՞նչ կասեք այս ֆոտոշարքի մտահղացման գաղափարի ու լուսանկարներում առկա երեւանյան գիշերների մասին:

- Գաղափարը ինձ մոտ ծնվեց երազում, որն էլ հենց դարձավ ներշնչանքի աղբյուր: Միտքն այն էր, որ կանգ առնի ակնթարթը, որտեղ յուրաքանչյուր լույսի ճրագ մարմնավորում է մի օջախ, մի ընտանիք, իսկ միասին վերցրած իմ սիրելի երեւանցիների շունչն ու ոգին: Հեռադիտակով փնտրում եմ սփյուռքում բնակվող իմ մտերիմներին` ակնկալելով, որ գոնե Ամանորը եւ Սուրբ Ծնունդը դիմավորենք միասին: Լուսանկարիչը Վահե Մինասյանն է, որի հետ համագործակցում եմ մինչ օրս: Պետք է նշեմ, որ նրա մասնագիտական տեսադաշտը բավականին յուրատիպ է:

alt- Թերեւս հայաստանյան այն քիչ մոդելներից եք, ով պարտադիր տարին գոնե մի քանի անգամ հանրությանն է ներկայանում նոր ֆոտոշարքով: Արդյո՞ք այս տարի էլ կլինեք նույնքան ակտիվ:

- Չէի ասի, որ անցած տարի այդքան ակտիվ եմ եղել, սակայն այս տարի կփորձեմ կիսատ թողած մի շարք գործեր ավարտին հասցնել:

- Հայաստանյան քիչ թե շատ հայտնի մոդելներ, մի օր շուտ-մի օր ուշ հրաժարվում են ե՛ւ ֆոտոշարքերից, ե՛ւ նորաձեւության ցուցադրություններից ու աշխատանք փնտրում արտերկրում: Դուք է՞լ, ի վերջո, նրանց շարքերը կհամալրեք:

- Ըստ իս, Հայաստանում մոդելային աշխատանքային շուկա դեռեւս գոյություն չունի: Բնականաբար, մոդելները աշխատանք են փնտրում արտերկրում եւ դա կապել Հայաստանը լքելուն, կարծում եմ բնութագրական չէ : Ինչպես արվեստի յուրաքանչյուր ներկայացուցիչ, նրանք նույնպես ինքնահաստատման ու ճանաչման խնդիր ունեն, որն էլ փորձում են իրականացնել նման ճանապարհով եւ ես նրանց չեմ մեղադրում: Ես ինքս Եվրոպայում մասնակցել եմ մրցույթ փառատունների թե՛ նախապատրաստմանը, ե՛ւ թե անցկացմանը, ինչպես նաեւ ինքս եմ մասնակցել այդ մրցույթներին: Սակայն, ես այդ չեմ համարել որպես հիմնական աշխատանք: Կարծում եմ, որ հայաստանյան խնդիրը յոթ սարի հետեւում չէ եւ ինչպես ռուսական թեւավոր միտքն է ասում. «И на нашей улице будет праздник»:

alt- Նախորդ տարին Ձեզ համար կարեւոր էր հատկապես նրանով, որ մագիստրոսական կրթություն ստացաք` ավարտելով մասսայական հանդիսությունների ռեժիսուրա բաժինը: Իսկ այժմ կրթության հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք, թե՞ արդեն կզբաղվեք կարիերայով:

- Քանի որ իմ մագիստրոսական թեզը անմիջականորեն առնչվում էր ազգային տարազներին, ուստի` ուսումս լրացրել է այն բացը եւ ստիպել մոդելային խնդրին մոտենալ առավել պրոֆեսիոնալ մակարդակով: Միաժամանակ պետք է նշեմ, որ մոդելային մրցույթներում իր ուրույն տեղն է զբաղեցնում ազգային տարազը, եւ ես նպատակ եմ դրել ավելի խորացնել իմ մասնագիտական գիտելիքները այդ ոլորտում: Ձեռք բերած գիտելիքներս ու հմտություններս առավել խորացնելու, գիտական հետազոտություններ կատարելու եւ համապատասխան գիտական կոչում ստանալու ակնկալիքով` 2013-ից դիսերտանտ եմ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում` «Կերպարվեստ, դեկորատիվ եւ կիրառական արվեստ, դիզայն» մասնագիտությամբ, որն էլ համարում եմ իմ կարիերայի հերթական քայլերից մեկը:

- Մոդել Դավիթ Ղարիբյանն իր տեղը կզիջի՞ մասսայական հանդիսությունների կազմակերպիչ Դավիթ Ղարիբյանին:

- Աշխատում եմ այնպես անել, որ մեկը մյուսին չխանգարի, այլ հակառակը առաջինը նպաստի երկրորդին:

- Հարցազրույցներից մեկում նշել եք, թե Ձեր նպատակներից մեկն այն է, որ կոնկրետ Երեւանը դառնա մոդելային կենտրոններից մեկն աշխարհում, ինչն էլ կփորձեք իրականացնել Ձեր գործունեության ընթացքում: Այսօր է՞լ այդկարծիքին եք մնացել:

- Ինչպես ցանկացած մարդ, ինձ մոտ նույնպես հույսն ու հավատը մահանում են վերջում: Հաշվի առնելով ձիու տարին որպես իղձերի իրականացման խորհրդանիշ` կաշխատեմ իմ ուժերի ներածին չափով նպաստել մոդելինգի զարգացմանը Հայաստանում եւ ճանաչմանը արտերկրում:

- Այս տարի ինչո՞վ կզարմացնի հանրությանը մոդել Դավիթ Ղարիբյանը եւ առաջիկա Ձեր ծրագրերը արդյո՞ք կապված են հայաստանյան նորաձեւության ու մոդելինգի հետ, թե՞ Դ.Ղարիբյանին չի բացառվում, որ կրկին տեսնենք սերիալներում:

- Եթե ասեմ, թե ինչով կզարմացնեմ, դա արդեն իսկ անհետաքրքիր կլինի: Ինչ վերաբերում է սերիալներին, պետք է նշեմ, որ երբեք վերջիններս առաջնային նպատակ չեն եղել ինձ համար: Ռեժիսուրայի բնագավառում իմ հետագա աշխատանքը առավել ամբողջական պատկերացնելու եւ դերասանի հոգեկերտվածքը ճիշտ ընկալելու նպատակով` այժմ աշխատում եմ Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես դերասան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում