livemarks sitemap
Երկուշաբթի, Հոկտեմբերի 21, 2019

hars2Հարսնացուի գեղեցիկ, ճերմակ, անմեղությունը խորհրդանշող հարսանեկան զգեստն իր նշանակությամբ շատ բազմիմաստ է: Թե մեր նախնիները ինչպիսի՞ հարսանեկան հագուստ են կրել, ի՞նչ օրինաչափություններ են եղել եւ ինչպիսի՞ն է ներկայումս հարսնացուի զգեստը, մենք կիմանանք ազգագրագետ, պ.գ.թ. ՍՎԵՏԼԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ զրույցի ընթացքում:

- Ի՞նչ է արտահայտում հարսանեկան հանդերձանքը:

- Այն իր մեջ արտահայտում է կյանքի ամենացնծուն հանդեսի խորհուրդներն ու խնդիրները: Այդ հանդերձանքը կրողը համեմատվում է ծաղկող ծառի հետ, իսկ հագուստը հանդես է գալիս որպես զարդարանք` գույնի, գեղազարդման, ծիսակարգի նշանային միտվածության, սրբազան նշանակություն ստացած տարրերի` գոգնոցի, գոտու, քողի, ուսկապի պարտադիր առկայությամբ:

- Ինչպիսի՞ օրինաչափություններ է ունեցել հարսանեկան հանդերձանքը:

hars6- 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբներին հարսանեկան հանդերձանքն ուներ մի քանի օրինաչափություններ: Կապույտ, կանաչ, կարմիր, մանուշակագույն եւ այլ վարվռուն գույների մետաքսյա, թավշյա կտորներից կարված զգեստի վրա հարսնացուի գոտկամասում կապել են անպատճառ կարմիր գույնի բրդյա, թավշյա մահուդյա գոգնոց` արգասավորություն, բեղմնավորություն ապահովող զարդապատկերներով: Բարձր Հայքում գոգնոցն ամրացվել է կա՛մ արծաթյա, կա՛մ հյուսածո ընծայական բարեմաղթանք ունեցող մետաքսյա գոտիով: Ճոխ ու նրբաճաշակ է ասեղնագործվել նաեւ հարսնացուի ներքնազգեստը` բուսական եւ թռչնակերպ նախշերով: Այն կարել են հարսնացուն, մայրը կամ ընտանիքի բարեկամ որեւէ շնորհաշատ կին: Հարսանեկան հանդերձանքում դրսեւորված մի օրինաչափություն եւս. հարսը, մտնելով ամուսնական տարիքային խմբի մեջ, ի տարբերություն աղջիկների, կրում է գլխի բարդ հարդարանք, որը գրեթե առանց լուրջ տարբերությունների պահպանվում է ամբողջ կյանքում տարիքային հետագա խմբեր անցնելիս, գլխի հարդարանքում տեղի են ունենում որոշ փոփոխություններ:  

- Ո՞րն է հարսնացուի հարսանեկան հագուստի ամենակարեւոր տարրը:  

- Հարսանեկան հանդերձանքի կարեւորագույն տարրը քողն է, որը ծածկել է հարսի դեմքը ամբողջովին: Ենթադրվում է, որ դա պարկեշտության համար է գցվել: Նորահարսի գլխի հարդարանքը առանձնանում էր նրանով, որ ի տարբերություն աղջիկների, զգացվում է մազերը ծածկելու սովորույթ, որը, հավանաբար, կապված է մազերին վերագրվող մոգական ուժի գաղափարի հետ:

- Հարսնացուն ի՞նչ զարդեր է կրել:

- Հարսնացուին նվիրում էին քունքակախիկներ` ոսկե դրամներով եզերված, ոսկով եւ մարգարիտներով հարդարված ճակատազարդ, ապարանջաններ, մատանիներ:

- Ինչպիսի՞ն է եղել հարսանեկան զգեստը:

hars4- Հարսանեկան զգեստը ամբողջացվել է ճերմակաթույր, ժանեկանման նախշերով, երկարաճիտ բրդյա գուլպաներով եւ ոսկեքուղ բանվածքով, դեղին եւ կարմիր գույների գեղեցիկ համադրությամբ ոտնաման` մաս-բաբուջով: Հարսանեկան զգեստը կարել են տղայի բարեկամները` տանն աշխատող կին դերձակների մոտ:

- Ասում են, որ հարսանեկան զգեստը մի ամբողջովին կենաց ծառի նշանային համակարգ է: Արդյո՞ք դա այդպես է:

- Այո՛, այն միտքը, որ հարսնացուի հարսանեկան զգեստը մի ամբողջական կենաց ծառի նշանային համակարգ է, հաստատվում է այն բանով, որ դրա առանձին մասերում կան կյանքի, բեղմնավորության, արգասավորության տարբեր իմաստակիր նշանագրեր: Գոգնոցի վրա եղել են նշանագրեր, կենաց ծառեր, ծաղկանախշեր, կրծկալի վրա` բուսանախշեր, վերնազգեստը եզերված է ծաղկազարդերի անվերջ շարանով, գլխի հարդարանքը, ագանելիքը եւս գեղազարդված են բուսանախշերի ոճավորված պատկերներով:

- Ինչպիսի՞ փոփոխություններ են հարսնացուի զգեստի մեջ եղել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին:

- 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին հարուստները իրենց հարսնացուների համար հատուկ եվրոպական զգեստներ կարող դերձակների մոտ պատվիրել են թանկարժեք բենգալին, կրեպդեշին, կրեպսատին, մարկիզետ եւ այլ մետաքսյա ու բամբակյա ճերմակ կտորներից երկարատուտ` այսպես կոչված «շլեյֆով» ամբողջական վերնազգեստներ կամ երկմաս զգեստներ, որոնք հարդարվել են ասեղնագործ եւ ժանեկագործ հավելվածներով: Հարսին հագցրել են մինչեւ արմունկները հասնող սպիտակաթույր նուրբ ձեռնոցներ, սպիտակ գույնի կոշիկներ կամ կիսաերկար ճտքերով, կոճկազարդ ոտնամաններ: Գլուխը ծածկել են գործարանային ժանեկազարդ մետաքսյա շղարշով «ֆատայով», որը հանել են հարսանիքից անմիջապես հետո:

- Ինչպիսի՞ն է հարսանեկան զգեստն այսօր:

- Այսօր հարսանեկան հագուստը բավականին բազմաբնույթ է, փոփոխվում է` նոր առաջարկներին համապատասխան: Այն գլխավորապես եւ գերազանցապես ճերմակ գույնի է, բայց երբեմն պատահում են նաեւ մարմնագույն եւ բաց վարդագույն երանգների հարսանեկան զգեստներ: Այսօր շատ նորաձեւ են համարվում անթեւ, կորսետով, լանջամասը եւ թիկնամասը բաց զգեստները:

Իմ կարծիքով, քանի որ հարսանեկան հանդիսությունը մարդու կյանքում պետք է որ մեկ անգամ լինի, նախընտրելի է, որ հարսանեկան հագուստը լինի օրվա հանդիսության թագուհուն վայել:

ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում