moda1Եկավ սեպտեմբերն ու սկսվեց դպրոցական նորաձեւությունը, ինչը թեպետ կարող է խորթ հնչել շատերի ականջին, բայց բավական հարազատ` դպրոցական տարիքի երեխա ունեցող ծնողների համար: Չէ՞ որ ամբողջ օգոստոսյան ժամանակը մայրիկն ու հայրիկը, երբեմն նաեւ քեռին ու հորաքույրը նվիրել են առեւտրի կենտրոններին, որպեսզի իրենց փոքրիկը հնարավորինս գեղեցիկ ներկայանա դպրոց: Ի վերջո, գաղտնիք չէ, որ սեպտեմբերի 1-ն իր բնույթով Գիտելիքի օրվանից վերածվում է նորաձեւության ցուցադրության: Իսկ ինչպե՞ս ներկայանալ դպրոց ու ինչպիսի՞ հագուստով «շլացնել» համադասարանցիներին, «Զարուհին» հետաքրքրվեց երգիչ Գրիգոր Կյոկչյանից ու երգչուհի Անահիտ Շահբազյանից, ինչպես նաեւ պարզեց հոգեբան Իրինա Ծատուրյանի տեսակետը:

«ՀՈՒՍՈՎ ԵՄ,ՈՐ ԱՅՍՕՐ ԱՅԴՊԻՍԻ «ԴԵԳԵՆԵՐԱՏ» ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՉԿԱ»

Երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆԸ դպրոցականներին խորհուրդ է տալիս լինել այնպիսին, ինչպիսին կան. «Պետք չէ ինչ-որ շինծու բաներ անել, ինչը նկատելի է, հատկապես 7-8-րդ ու բարձրmoda3 դասարանի աշակերտների մոտ: Մանավանդ աղջիկներն անընդհատ փորձում են ավելի գեղեցիկ կամ ավելի մեծ երեւալ, քան իրականում կան: Բայց հաստատ իրենց մոտ չի ստացվի ու մեզ մոտ էլ չի ստացվել: Պետք է, ուղղակի, բնական լինել, անկեղծ: Կարելի է փորձել գեղեցկանալ ու նորաձեւ լինել, բայց դրա համար անհրաժեշտ վայր կա: Չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում դպրոցում նորաձեւություն: Դպրոցն այն վայրն է, որտեղ գիտելիքներ պետք է ձեռք բերես, իսկ նորաձեւության համար ժամանակը կգա: Ինստիտուտից հետո նոր կարելի է դրան էլ ուշադրություն դարձնել: Խորհուրդ կտամ ծնողներին, հասկացնել իրենց երեխաներին, որ հիմարություններով չլցնեն իրենց գլուխները»: Իսկ թե մշտապես իր նորաձեւ հագուկապով առանձնացող երգիչն ինչպիսի՞ն է եղել դպրոցում, վերջինս նշեց. «Դպրոցում ես չափազանց լավ սովորող, կարգապահ աշակերտ եմ եղել: Հագուկապի հետ կապված հիշում եմ, որ այն ժամանակ ուզում էի նորաձեւ պայուսակ ունենալ, որն ամենալավը կլիներ դպրոցում: Այդ շրջանում նոր էին հայտնվել ուսին գցելու դպրոցական պայուսակներ, ու դրանից ինձ համար արտասահմանից նվեր էին ուղարկել: Եվ ես շատ ուրախ ու հպարտ գցում էի ուսիս ու դպրոց գնում: Ընդհանրապես, նորմալ է, որ այդ տարիքի երեխաներն ուզում են նորաձեւ լինել, ինքնս էլ եմ այդպիսին եղել, բայց ծնողները պետք է համոզեն իրենց երեխաներին, որ կարեւորն այն չէ, թե ինչ պայուսակով կամ զգեստով ես դպրոց գնում: Ի դեպ, մեր ժամանակ մի դպրոցական տենդենց կար, որ ամոթ էր դպրոցում բարձր դասարաններում տղաները պայուսակ ունենային: Տետրերն ու գրքերը ինչ-որ մի շուկայական տոպրակների մեջ էին դնում ու բերում դպրոց: Ես այն ժամանակ էլ ուշադիր չեմ եղել դրան ու հուսով եմ, որ այսօր այդպիսի «դեգեներատ» վերաբերմունք չկա, մինչդեռ ինքս բարդութավորվում էի, որ պայուսակ եմ կրում: Սա աննորմալ, խեղաթյուրված արժեհամակարգ է, որը կարող է ուղղվել միայն մեծահասակների շնորհիվ: Այսինքն` ամեն ինչ գալիս է ընտանիքից: Հայրը պետք է ասի` աղջիկ ջան կամ տղա ջան, այս ինչպե՞ս ես գնում դպրոց, ոչ թե ասի` այդպես գնա, որովհետեւ «մոդեռն» է: Եթե շուկայական տոպրակների մեջ դնում են գրքեր ու տետրեր եւ գնում դպրոց, ուղղակի ծիծաղելի է: Ինքներս` ավելի հասուն մարդիկ, պետք է դրան դեմ գնանք եւ կարծում եմ, որ հենց դպրոցից պետք է սկսվի այդ դաստիարակությունը, ճիշտ արժեհամակարգ ձեւավորելը, որովհետեւ այսօրվա դպրոցական երեխաները նման արժեհամակարգով մեծանում են, վաղը սկսում մեզ կառավարել ու զավեշտալի է դառնում մեր երկրի իրավիճակը»:

«ԿՈՒԶԵՆԱՅԻ,ՈՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ ՀԱԳՈՒԿԱՊԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԶՈՒՍՊ ԼԻՆԵՐ»

moda2Իսկ երգչուհի ԱՆԱՀԻՏ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ մերօրյա դպրոցական աղջիկների հագուկապի փոխարեն առավել լուրջ հարց է հուզում. «Իհարկե, մեր սերնդում էլ է եղել, որ ձգտել ենք ավելի մեծ երեւալ, բայց մեր ժամանակ զսպվածություն կար: Հիմա այդ զսպվածությունը չեմ նկատում, ինչի համար շատ ցավում եմ: Կուզենայի, որ նոր սերունդը թե՛ հագուկապի, եւ թե՛ պահվածքի հարցում առավել զուսպ լիներ` չշպարվեն, չձգտեն մեծ երեւալ, ինչը շատ պակասում է մեր երեխաների մեջ ու դեպի վատ տեղ է տանում»: Անդրադառնալով իր դպրոցական տարիներին, երգչուհին հավելեց. «Չեմ փորձել տարբերվել մյուսներից, որովհետեւ շատ բարի դասղեկ եմ ունեցել, ով մեր մեջ առավել բարձր արժեքներ էր սերմանում, ամեն մեկիս յուրահատկությունն էր փորձում ընդգծել, քան թե աշակերտները տարբերվեին հագուկապով եւ այլն: Ի դեպ, շատ օրինակելի դասարանում ու դպրոցում եմ սովորել, մեզ մոտ մրցակցում էինք ոչ թե հագուկապով, այլ գիտելիքներով եւ գերազանցիկներ ու հարվածայիններ էին: Իսկապես, լավ էինք սովորում ու ամառային արձակուրդներին գրականություն կարդում, ինչի համար շատ շնորհակալ եմ դասղեկիս: Այսօր իմ գիտելիքները իմ ապրելակերպում շատ են պետք գալիս` նոր քայլեր կատարելու համար»:

«ՇԱՏ ԹԱՆԿ ՀԱԳՈՒՍՏՈՎ ԴՊՐՈՑ ՄՏՆԵԼԸ ԱՄԵՆԱԿԱՏԱՍՏՐՈՖԻԿ ՍԽԱԼՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

Գաղտնիք չէ, որ ծնողները սեպտեմբերի 1-ին երեխաներից առավել շատ սթրեսային իրավիճակում են հայտնվում ու երեխայի առջեւ ծառացած հոգեբանական խնդիրները փորձում լուծել թանկ հագուստներ գնելու միջոցով: Հոգեբանական խնդիրները նորաձեւության միջոցով լուծելու տարբերակի մասին, հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ նշեց. «Այդ հոգեբանական խնդիրը, ասենք, օգոստոսի 10-ին չի լուծվում, այն պետք է լուծվի շատ ավելի շուտ: Օրինակ, ունեցել ենք դեպք, երբ երեխան առաջին դա

moda

սարան էր ու չէր ուզում գնալ դպրոց եւ վերջ: Դա տեւեց մոտ կես տարի, որովհետեւ երեխան փակ էր մեծանում, մանկապարտեզ չէին տարել: Նա ապրում էր տանը տատիկի հետ ու իր համար դպրոց հաճախելը սոցիալականացման խոշորագույն էտապ էր: Ինչքան շուտ երեխան սոցիալականացվի, այնքան քիչ խնդիրներ կունենա դպրոց գնալիս: Եվ, ամենակարեւորը, ծնողը երեխայի մեջ պետք է սերմանի, որ դու գնում ես դպրոց գիտելիք ստանալու: Ինչ վերաբերում է երեխաներին շքեղ հագուստ գնելուն, իհարկե, ճիշտ մոտեցում չէ: Երբ մենք ոգեղեն արժեքը փոխարինում ենք նյութական արժեքով, սխալ է, որովհետեւ դպրոց գնալու նպատակը գիտելիք ստանալն է: Չէ՞ որ, ինչպես հայտնի է ե՛ւ մեր ազգի, ե՛ւ այլ ազգերի գրեթե բոլոր մեծերը ցնցոտիներով են գնացել դպրոց: Ես գիտեմ մարդիկ, որոնք օրը մեջ էին դպրոց գնում, որովհետեւ տանը մի զույգ կոշիկ կար ու եղբոր հետ փոխեփոխ հագնում էին, բայց նրանք գնում էին գիտելիք ստանալու: Եվ, վերջապես, Լոմոնոսովը ոտքով հասավ Մոսկվա, որպեսզի գիտելիք ստանա»: Ապա տիկին Ծատուրյանը շտապեց զգուշացնել. «Թող չստացվի, որ ես իբրեւ մեծահասակ եմ ու փնթփնթում եմ, բայց սա, իսկապես, կարեւոր է: Երեխայի հագուստը թող միջին լինի, որովհետեւ շատ թանկ հագուստով մտնել դպրոց ու դրանով խրախուսել նրան, ամենակատաստրոֆիկ սխալներից մեկն է, որովհետեւ ծնողն էլի փորձում է երեխայի փոխարեն ապրել երեխայի կյանքը: Բայց, երեխան պետք է հասկանա, որ իր կյանքն ինքը պետք է ապրի, մինչդեռ ծնողն այնքան է խոսում այդ կրթությունից, հագուստից... երեխային թվում է, որ իր մայրիկին կամ հայրիկին ավելի շատ է պետք այդ կրթությունը, քան իրեն»: Իսկ համազգեստ կրել-չկրելու խնդիրը հոգեբանը երկակի հարց է համարում. «Մի անգամ աշակերտներից մեկն ինձ ասաց, որ եթե մենք համազգեստ կրենք, չի երեւա մեր նյութական շերտավորումները: Բայց աշակերտը կարող է նույն համազգեստով լինել ու գրպանից այնպիսի հեռախոս հանել, որ պարզ երեւա իր նյութական հնարավորությունները: Մյուս կողմից բոլոր միջազգային հռչակավոր համալսարաններն ունեն իրենց համազգեստը: Այստեղ հարցը վերաբերում է ձեւին ու բովանդակությանը: Երբ համազգեստը պարտադրում են, ունեւոր ծնողի համար խնդիր չէ, բայց չունեւորի համար տալ 15-25 հազար դրամ` դժվար է: Իսկ, ընդհանրապես, համազգեստ կրելու մեջ բացասական ոչինչ չկա, անհատականությունը դրանով չէ որոշվում: Իրենց անհատականությունը զգեստով են փորձում ցույց տալ, որ բրենդները մեզ վրա գումար են աշխատում: Բայց չեն մտածում` ինչո՞ւ ես այդքան փուչիկ եմ, որ բռնեմ 1500 դոլարանոց պայուսակ, որպեսզի հասկանան, որ ես արժեմ այդքան, ուրեմն` այնքան բովանդակություն չկա, որ ձեւ պիտի տա՞մ, որ հասկանան` ով եմ»:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ