livemarks sitemap
Կիրակի, Օգոստոսի 18, 2019
aramՆորաձեւությունը մշտապես գտնվում է կանանց ուշադրության կենտրոնում: Ի՞նչ ու ինչպե՞ս կրել, ինչպե՞ս լինել ավելի գեղեցիկ, տարբերվող ու ինքնատիպ, հարցեր, որոնք մշտապես հետաքրքիր են ու քննարկվող: Ինչպիսի՞ն է նորաձեւությունը 2014-ին, «ԶԱՐՈՒՀԻՆ» փորձեց պարզել դիզայներ-մոդելավորող ԱՐԱՄ ՆԻԿՈԼՅԱՆԻՑ, ով ներկայացրեց այս տարվա նորաձեւության միտումներն ու նորությունները:

- Որո՞նք են 2014 թվականի նորաձեւության հիմնական միտումները:

- Այս տարի շատ ակտուալ են մորթին, կաշին, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես նորաձեւ են: Եվ, իհարկե այն ամենը, ինչ սազում է տվյալ անձնավորությանը, ինչ նա կարող է ճիշտ կրել: Կային ժամանակներ, օրինակ` 70-ականներին թելադրվում էր կոնկրետ որեւիցե ոճ, իսկ հիմա ամեն ինչ խառն է եւ կոնկրետությունը մի փոքր բացակայում է, ինչը մի կողմից լավ է, մյուս կողմից` վատ: Լավ է նրանով, որ աշխատելու հնարավորությունները ավելի շատ են, բայց վատ է, որ չունենք դիմագիծ:

- Ի՞նչն է փոփոխվել եւ ի՞նչն է կրկվնում նախորդ տարվա համեմատ:

- Ինչպես արդեն ասացի, մի քանի տարի է, ինչ կրկնվում են ձմեռվա հիմնական աքսեսուարներից մորթին եւ կաշին, իսկ թեմաները շատ տարբեր են` սկսած էթնիկ նախշերից, վերջացրած տարատեսակ գծերով եւ զոլերով, որոնք մեծ հնարավորություն են տալիս դիզայներներին ոգեշնչվել ու ստեղծագործել:

- 2014-ը փայտե կապույտ ձիու տարի է, կապույտ գույնը նորաձե՞ւ է այս տարի:

- Գունային պալիտրան շատ բազմազան է, եւ կան թրենդային գույներ, որոնք ավելի շատ են հանդիպում, կապույտի երանգները այդ գույների շարքին են դասվում:

- Այսօր մեր հայտնիների մեջ կա՞ն այնպիսիները, ումից երիտասարդները կարող են օրինակ վերցնել:

- Եթե անգամ կան էլ, մեր արտիստները շատ բաներ դրսի արտիստներից են վերցնում, եւ, համենայնդեպս, մասնագետի աչքում նրանք չեն կարող լինել ինքնատիպ, քանի որ մենք փորձում ենք նաեւ նկատել, թե որտեղից է այդ ամենը կրկնված: Բայց եթե կային տարիներ, երբ օրինակ` ինչ-որ առիթների ժամանակ գալիս էին արտասահմանյան աստղերի նկարներով եւ խնդրում նմանատիպ զգեստ, ապա հիմա, այդ լուսանկարներում շատ հաճախ հանդիպում ես հայ արտիստների: Այդքանով դա ուրախալի է, սակայն ինձ համար, ցավոք սրտի, չկա մեկը, ով կարող է ոճ թելադրել:

- Այսօր, բոլորս կարծես թե քայլում ենք նորաձեւությանը համընթաց, այնուամենայնիվ, ի՞նչն է պակասում, կամ գուցե կա մի բան, որ ավելո՞րդ է:

- Համարյա ոչինչ չի պակասում, փոխարենը կան շատ ավելորդ բաներ: Քանի որ անցել են այն դարաշրջանները, որոնք խորհրդանշում էին հստակ բաներ, այսօր մարդիկ, նաեւ դիզայներները ժամանակ առ ժամանակ փորձում են ինչ-որ անհասկանալի բաներ անել, օրինակ ամռանը շատ ակտուալ էին տղամարդկանց խոր դեկոլտեները ու մեջքի բացվածքները: Տղամարդու ազդեցությունը կնոջ պահարանի վրա եւ հակառակը, հիմա շատ է, բայց չմոռանանք, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ եւ այդ սահմանը շատ նուրբ է:

- Մի փոքր խոսենք տղամարդկանց նորաձեւության մասին եւս:

aram2- Կար ժամանակ, երբ տղամարդիկ մուշտակներ չէին կրում, հիմա շատ ակտուալ են այդ մուշտակները եւ վերարկուների վրայի մորթիները: Նորաձեւ են նաեւ smart casual ոճի մեջ լուծված այն բոլոր հետաքրքիր համադրությունները, որոնք առաջին հայացքից անհամադրելի կարող են թվալ: Կային ժամանակներ, երբ «չի կարելիները» շատ էին, մեր ժամանակները բերել են ավելի համարձակ լուծումներ:

- Մեր քաղաքում ավելի շատ նորաձեւ են աղջիկնե՞րը, թե տղաները:

- Կարծում եմ, որ արդեն հավասար են, կային ժամանակներ, որ տղաները զիջում էին, բայց վերջերս նույնիսկ շոկային վիճակի մեջ եմ ընկնում, քանի որ այսպես ասած «քյառթու» տղաներ կան, ովքեր իրենց կարող են թույլ տալ հագնել վառ, նորաձեւ հագուստ, նրանք եւս փորձում են հետեւել նորաձեւությանը: Այն, որ նրանք փորձում են հաղթահարել այն պատը, որ մինչ այս կար, շատ համարձակ ու ողջունելի փաստ է:

- Հիմա երբ գրեթե ամեն ինչում կա նորաձեւություն, գուցե փորձե՞նք նորաձեւ դարձնել նաեւ գիրքը:

- Կարծում եմ` երիտասարդները հիմա կարդում են, չմոռանանք նաեւ, որ 2 տարի առաջ Երեւանը համարվեց գրքի մայրաքաղաք, չի կարող մի երկիր, որը չունի այդ մշակույթը, կրել այդ կոչումը: Ուրախալի է նաեւ, որ բացվում են գրախանութներ, կամ էլ` կարդում են օնլայն տարբերակով:

- 2014թ. ի՞նչ նորություններով հանդես կգաք:

- Մեր երկրում մի փոքր դժվար է նախօրոք խոսել այդպիսի բաների մասին, բայց, համենայնդեպս, կխնդրեմ կապույտ ձիուն օգնել, որպեսզի այս տարի ներկայացնեմ մի հետաքրքիր նորություն, կան նախագծեր, որոնք կփորձեմ կյանքի կոչել:

- Այս տարի ինչպե՞ս ճիշտ ու գրագետ կարելի է համադրել գույները:

- Տարվա եղանակների հետ փոփոխվում են նաեւ մարդկանց մաշկի, մազերի գույները, ու ըստ այդ ամենի ավելի ճիշտ կարող են լինել համադրությունները, իհարկե նաեւ կարեւոր է, թե ուր են գնում, համենայնդեպս պետք չէ վախենալ էքսպերիմենտներից, քանի որ ապրում ենք այնպիսին դարում, երբ կարելի է առաջին հայացքից անհամադրելի բաները գեղեցիկ համադրել:

- Ինչպե՞ս կարելի է ստանալ ավելի վառ կերպար:

- Կարծում եմ, հիմա շատ հեշտ է լինել նորաձեւ, քանի որ կա ինֆորմացիայի մեծ պաշար, որն առաջ տրված էր միայն մասնագետներին, իսկ հիմա դրանից կարող է օգտվել յուրաքանչյուրը, մնում է ճիշտ ու գրագետ օգտագործել այդ ամենը:

aram1- Երեք իր, որ այս տարի պետք է անպայման ունենալ:

- Պահարանում, մշտապես խորհուրդ եմ տալիս ունենալ Շանելի հանճարեղ ստեղծագործություններից մեկը` փոքրիկ սեւ զգեստ, որ կյանքի բոլոր առիթներին համապատասխանում է: Երկրորդը` սեփական ներաշխարհին համապատասխան որեւէ աքսեսուար եւ վառ գույներ:

- Ի՞նչն է այս տարի հավակնում լինել գերնորաձեւ եւ գուցե հատել շաբլոնի սահմանը:

- Մեր երկրում շատ դժվար է դա կանխատեսել, քանի որ կարող է մի բան լինել նորաձեւ, բայց չընդունվել, եւ հակառակը: Շատ անկանխատեսելի շուկա ունենք, որի վրա  մեծ ազդեցություն ունեն չինական ու թուրքական շուկան: Ունեցել ենք օրինակ սպիտակ տաբատների դարաշրջան: Այս տարի ամռանը շատ էին կրում վառ տաբատներ, կան կոնրետ բաներ, որոնք չգիտես` կլինե՞ն մասսայական, թե ոչ: Այդ մասսայականությունը, սակայն, հաճախ խեղդում է:

- Ասում են` փորձելով տարբերվել ամբոխից, ընկնում ես այն ամբոխի մեջ, որը փորձում է տարբերվել ամբոխից: Ձեր մոտեցումը այս հարցին, ո՞րն է դեղահաբը:

- Հիմա  շատ ակտուալ է վինտաժային նորաձեւությունը, երբ հին իրերը մատուցվում են նորովի: Եթե փորձեն գտնել իրենց տատիկների կամ մայրիկների հին իրերը եւ նոր շունչ տալ դրանց, շատ հեշտ նորաձեւ կլինի:

- Ձեր 3 հիմնական խորհուրդները հայ կանանց ու աղջիկներին:

- Առաջին ու ամենակարեւոր խորհուրդս. մեր ժամանակներում, երբ շատ է ամեն ինչ խառնվել իրար, չկորցնեն իրենց կանացիությունը, չնայած, որ  հիմա շատ ակտուալ է տղամարդկանց պահարանի ազդեցությունը կանացի պահարանի վրա:

Երկրորդ խորհուրդը. գրագետ հագնվեն. շատ հաճախ ինչ-որ տեղեր հանդիպում եմ այնպիսի հագուստով կանանց, որ այդ հագուստով  կարելի կլիներ ներկա լինել ավելի լուրջ երեկոների: Հիմա ինֆորմացիայի դաշտը բավականին մեծ է եւ շատ հեշտ կարելի է գտնել, թե որտեղ ինչ կարելի է հագնել:

Երրորդ խորհուրդը. լինեն ինքնատիպ, չնմանվեն ոչ մեկին, ունենան իրենց սեփական «ԵՍ»-ը եւ ընդգծված ոճը:

ԿԱՐԻՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում