livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

u7«Յուրաքանչյուր նախագծում կարեւորագույն գործոնը հաջողության հանդեպ հավատն է: Առանց հավատի, հաջողությունն անհնարին է», - եւ սա մենք չենք ասում, այլ մաթեմատիկական եւ լեզվաբանական տաղանդներով օժտված ամերիկացի վունդերքինդ  Ուիլյամ Ջեյմսը: Հենց այս սկզբունքին հետեւելով էլ` U can մոդելային նախագծում պայքարեցին, օր օրի մոդելինգի ոլորտում հմտացան եւ որպես մոդելներ կայացան ՌՈՒԶԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ ու ԱՐԳԻՇՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ովքեր 14 մասնակիցներից պրոֆեսիոնալ մրցատյանի որոշմամբ դարձան առաջին U can-յան հաղթողները:

«ԵՍ ԱՐԺԱՆԱՑԱ ՇԱՏ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջի ուսանողուհի ՌՈՒԶԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ով մասնագիտությամբ դեղագործ է, այսօր էլ սիրում է իր մասնագիտությունն ու փորձում իրեն գտնել դեղագործության մեջ, բայց ինչպես ինքն է պնդում. «U can-ը փոխեց իմ կյանքը, մտածելակերպն ու աշխարհայացքը»:

- Ռուզաննա, մանկուց երազե՞լ էիք մոդելինգով զբաղվել կամ երբեւէ Ձեր մտքով կանցնե՞ր, որ մի օր կհայտնվեք Ձեր մասնագիտությունից բավական հեռու մի ոլորտում:

- Շատ փոքր տարիքից երազել եմ, ինձ պատկերացրել այս ասպարեզում, բայց հնարավորություն չի եղել ուժերս փորձել ու U can-ը տվեց ինձ այդ հնարավորությունը:

u3- Պատկերացնո՞ւմ էիք, որ հենց Դուք պետք է U can մոդելային նախագծի հաղթող ճանաչվեք:

- Ոչ, չէի  պատկերացնում, որովհետեւ բոլոր մասնակիցներին արժանի էի համարում, բայց ստացվեց այնպես, որ ես հաղթեցի:

- Իսկ հաղթանակը որքանո՞վ էր կարեւոր Ձեզ համար:

- Հաղթանակն այնքանով է կարեւոր, որ բացեց իմ առաջ շատ դռներ եւ այս ասպարեզում առաջ գնալու հնարավորություն տվեց:

- Հեռուստադիտողը ողջ նախագծի ընթացքում տեսավ շատ համարձակ Ռուզաննային թե՛ իր խոսքի, թե՛ իր քայլերի մեջ: Իսկ որո՞նք են Ձեր թուլությունները:

- Ընդհանրապես թույլ կողմ չունեմ, ու մարդիկ չեն կարող հարվածել ինձ ինչ-որ մի կողմից:

u4- Իսկապես չունե՞ք, թե՞ կարողանում եք այն լավագույնս թաքցնել:

- Իսկապես չունեմ:

- Նախագծի շրջանակներում բացի այն, որ ամեն ինչ շատ գեղեցիկ էր, կային մի շարք դժվարություններ, որոնք պետք էր հաղթահարել: Ո՞րն էր ամենամեծ բարդությունը Ձեզ համար:

- Նախագծի շրջանակներում, ըստ փորձությունների, ինձ համար ամենամեծ դժվարությունը զարդերի գովազդի ֆոտոսեսիան էր: Դրանից հետո ես արժանացա շատ քննադատությունների…

- Նախագծին մասնակցելն արդեն իսկ բավական համարձակ քայլ էր, կա՞ր ընտանիքում մեկը, ով դեմ էր դրան:

- Ընտանիքիս անդամները դեմ չեն եղել: Նրանք ինձ շատ են քաջալերում եւ ի սկզբանե կողմ են եղել իմ որոշմանը:

- Նախագծի ավարտից հետո ընկերներդ շատացա՞ն, թե՞ պակասեցին:

- Ձեռք եմ բերել շատ ընկերներ, չգիտեմ` նրանք անկեղծ ընկերներ են, թե կեղծավոր, բայց ես նրանց համարում եմ իմ ընկերները:

u6- Եթե հնարավոր լիներ նախագիծը սկսել նորից, նույն Ռուզաննա Մկրտչյանի՞ն կտեսներ հեռուստադիտողը:

- Այո, ոչինչ չէի փոխի:

- Ողջ աշխարհում մոդելները նաեւ հայտնվում են ֆիլմերում, Դուք նման առաջարկ կընդունեի՞ք:

- Ոչ, եթե մոդելինգ, ուրեմն` միայն մոդելինգ, պետք չէ այն խառնել ոչ մի այլ գործի հետ:

- Ամփոփելով մեր զրույցը` ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեր հասակակից աղջիկներին, ովքեր բազում ձգտումներ ու երազանքներ ունեն:

- Հետեւել նորաձեւությանը, հագնվել ավելի գրագետ ու գեղեցիկ:


«ՊԱՐԶԱՊԵՍ, ԲԱԽՏՍ ԲԵՐԵՑ»


u2ԱՐԳԻՇՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ համար, ով 13 տարեկանից ֆուտբոլով էր զբաղվում եւ առողջական խնդիրների պատճառով հեռացել էր սպորտից, U can մոդելային նախագծում իր ուժերը փորձելը դարձավ շրջադարձային:

- Արգիշտ, սպասո՞ւմ էիր, որ U can մոդելային նախագիծը կունենա այսպիսի զարգացում, ու դու կհաղթես:

- Ոչ, չէի սպասում, որովհետեւ ինձնից ավելի ուժեղ մարդիկ կային նախագծում: Բայց ինչպես ասում են` եթե ուժերդ փորձում ես մրցույթում, ուրեմն` պետք է հաղթողի բնավորություն ձեռք բերես: Ինչ հարկավոր էր, արեցի, որպեսզի հաղթեմ ու ինձ հաջողվեց:

- Հաղթանակն այդքան կարեւո՞ր էր քեզ համար:

- Եթե մասնակցում ես մրցույթի, ուրեմն` պետք է հաղթես: Եթե չես հաղթում, ուրեմն` իզուր ես եկել:

- Եվ ո՞րն է հաղթելու քո բանաձեւը:

- Միշտ առաջ:

- Քո կարծիքով` ինչո՞ւ դու հաղթեցիր:

- Պարզապես, բախտս բերեց: Ստացվեց այնպես, որ հաղթեցի ու կփորձեմ հաղթանակներով շարունակել իմ ուղին:u5

- Ի՞նչ փոխեց U can-ը քո կյանքում:

- Ծանոթացա շատ լավ մարդկանց հետ ու սովորեցի ինչպես կարելի է հագնվել նորաոճ ձեւով:

- Նախագծի ընթացքում ո՞րն էր այն ամենահամարձակ քայլը, որին անգամ դու չէիր սպասում, որ պատրաստ ես դրան:

- Օձի հետ նկարվելը: Ընդհանրապես շատ-շատ էի վախենում օձից, բայց երբ տեսա օձին, այնպիսի տպավորություն էր, որ ես միշտ իր հետ նկարվել եմ, ու այն ինձ համար սովորական խաղալիք է:

- Եթե նախագծում քո մասնակցությունը հնարավոր լիներ կրկնել, արդյոք ինչ-որ բան կփոխեիր:

- Հաստատ նույն քայլերը չէի անի, կփորձեի ավելի լավ անել:

- Նախագծի ընթացքում ոչ միշտ էիր համարձակ ու շատ ակտիվ, դա քո մարտաո՞ճն էր, թե՞...

- Ուղղակի փորձում էի լսել բոլորին, թե ով ինչ կարծիք է հայտնում, ու երբ ես էի ուզում կարծիք հայտնել, իմ հերթը չէր գալիս:

- Երկար տարիներ լինելով սպորտում, վստահ եմ, որ ունեք մոդելինգից շատ հեռու բազում ընկերներ: Ինչպե՞ս ընդունեցին նրանք քո մասնակցությունը նախագծին:

- Սկզբից չընդունվեց, հետո շրջապատս հասկացավ, որ ես ինչ անում եմ, ապագայիս համար եմ անում` փորձելով ինձ համար լավ ու ճիշտ քայլեր անել, եւ ընդունեցին նորմալ:

- Իսկ եթերից այն կողմ ի՞նչ խնդիրների առաջ կանգնեցիր:

- Տանը շատ խնդիրներ եղան: Ես չպետք է մասնակցեի ընդհանրապես, չպետք է զբաղվեի մոդելինգով, բայց իմ համառության պատճառով եկա եւ մասնակցեցի: Նախագծում եղան իրար չհասկանալու դեպքեր, որոնք լուծվեցին, եւ հիմա ամեն ինչ շատ լավ է:

u8- Եթե չեմ սխալվում, վեց ամսով պայմանագիր ունեք U can-ի հետ, ի՞նչ եք ծրագրում անել դրանից հետո:

- Ժամանակը ցույց կտա:

- Հարավո՞ր է վաղը մոդելինգը համատեղես դերասանական կարիերայի հետ:

- Այո, կարող է ու կփորձեմ համատեղել, եթե լավ առաջարկներ կլինեն:

- Ասենք` սերիալում, միանշանակ կնկարահանվեի՞ր:

- Միանշանակ` ոչ, զրուցելով մեր տնօրենի` Մանե Մխիթարյանի հետ, անպայման ճիշտ որոշում կկայացնենք:

- Այսինքն` չի բացառվում, որ U can-ի հետ պայմանագիրը երկարաձգե՞ք:

- Այո, որովհետեւ շատ հետաքրքիր է անցնում: Մարդն ապրելու համար պետք է իր կյանքը հետաքրքիր դարձնի:

- Այս ընթացքում ձեռք բերեցիք մի շարք երկրպագուհիներ, որոնց հաստատ այսօր հետաքրքիր կլինի իմանալ, թե ո՞վ կարող է լինել քո կողքին:

- Նա, ով կլինի գեղեցիկ ու կապուտաչյա, ինչն ամենակարեւորն է ինձ համար: Եվ իհարկե` լինի հետաքրքիր, ինտելեկտուալ, չձանձրացնող ու սպորտի հետ ինչ-որ կապ ունեցող անձնավորություն:

- Որպես վերջաբան` ի՞նչ կհորդորես երիտասարդ տղաներին:

- Թող միշտ լինեն ինքնավստահ, նպատակասլաց ու եթե  մասնակցում են մրցույթների, ապա լինեն բոլորից լավը կամ չլինեն ընդհանրապես: Բոլորին կհորդորեմ, որ իրենք ինչով, որ զբաղվում են իրենց ոլորտում լինեն լավագույնը:


Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում