livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

 

missՇուրջ երեք տարվա ընդմիջումից հետո"ՙՄիսս Հայաստան" ազգային գործակալությունը որոշեց կազմակերպել ՙՄիսս Հայաստան 2011՚ գեղեցկության ու նրբագեղության մրցույթը: Բայց, կարծես, ինչպես ասում են` փորձը դարձել է փորձանք: Դրա մասին են վկայում սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու մեկնաբանությունները: Պարզվում է` մրցույթի առաջին երկու փուլերի մասնակիցները, ինչպես նշում են ներկաներից շատերը, հիմնականում թմբլ-մմբլներն էին, պոնչո-գոնչոները, միսս ՙմսերն՚ ու այլ տարատեսակ ՙչալաղաջները՚: Ստացվում է, որ 90x60x90 չափանիշի փոխարեն, այսօր ով էլ ցանկանա, կարող է հայտնվել գեղեցկության ու նրբագեղության մրցույթի բեմահարթակում եւ ի ցույց դնել իր ճարպերն ու, մեղմ ասած, չխնամված մարմինը (լողազգեստների դիտումից հետո պարզ դարձավ նաեւ, թե ինչու են շատ հայ աղջիկներ Սեւանում շորերով լողում): Ստեղծված իրավիճակի պատճառները պարզելու համար դիմեցինք ՙՄիսս Հայաստան՚ ազգային գործակալության գործադիր տնօրեն ՄԱՄԻԿՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ.

-200-ից ավելի դիմում ենք ունեցել, որը կարելի է համարել ոչ շատ փայլուն չափանիշ: Սա միջին թիվ է, բայց չի կարելի ասել, թե հետաքրքրությունը կորել է: Ուղղակի որակական խնդիր ունենք, որը նաեւ պետք է ապահովել: Երեք տարի մրցույթը չէր կայացել, եւ ինչ-ինչ կազմակերպչական խնդիրներ կային, բայց ոչ անլուծելի: Այժմ աղջիկների հավաքագրման հետ կապված խնդիրներ ունենք: Այնպես է ստացվել, որ աղջիկների համապատասխան քանակը, որոնք պետք է մրցույթին մասնակցեն եզրափակիչ փուլն անցնելու համար, չի հավաքվել: Մենք հիմա նորից համալրում ենք աղջիկների:

- Մրցույթի ձգձգվող եզրափակիչ փուլի մասին ոչ մի հստակ տեղեկություն չկա, հնարավո՞ր է, որ այդպես էլ չունենանք ՙՄիսս Հայաստան 2011՚:

- Կոնկրետ ժամանակի հետ կապված երբեւիցե չենք հայտարարել` երբ է լինելու: Ինչ-որ ոչ լուրջ խոչընդոտ հանդիսացող խնդիրներ կային, բայց մրցույթը կկայանա: Տասնհինգ օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, եւ կհայտարարենք, թե երբ է լինելու:

- Մրցույթի առաջին երկու փուլերից շատերն են դժգոհում: Կարո՞ղ է գեղեցիկի չափանիշները փոխվել են, թե՞…

- Գովազդի ժամանակ հայտարարվում է, ասվում է, թե ինչ պարամետրերով կարող են մասնակցել: Բայց շատ հնարավոր է, որ մի քիչ խախտված պարամետրերով գան մեզ մոտ: Մենք բոլորի, ովքեր ՀՀ քաղաքացիներ են, դիմումներն ընդունում ենք: Իսկ փուլերը դրա համար են, որպեսզի ճիշտ մաքրվի, եւ գեղեցկուհին համապատասխանի մեր ու միջազգային չափանիշներին:

- Կա՞ մտավախություն, որ չկարողանաք եղածի ընտրության մեջ ապահովել միջազգային չափանիշները:

- Դա էլ է որոշ չափով խնդիր առաջացրել, որի համար նորից համալրում ենք այդ քանակը: Ժյուրին եւ մարդիկ, ովքեր աշխատում եւ համագործակցում են մեզ հետ, պրոֆեսիոնալ են: Վստահ եղեք, որ նորմալ տվյալներով աղջիկներ կանցնեն եզրափակիչ փուլ: Նաեւ համապատասխան աշխատանք է տարվելու աղջիկների հետ մրցույթի եզրափակիչում, որպեսզի կարողանան մասնակցել: Եզրափակիչում դրսից էլ ենք հյուրեր ունենալու, եւ ընտրությունն էլ շատ թափանցիկ է լինելու:

- Եզրափակչում կրկին ՙտեղակա՞ն՚ ժյուրի կլինի:miss3

- Մեծամասամբ` այո, բայց մենք դրսից էլ պետք է ունենանք տարբեր գործակալության ներկայացուցիչներ, որոնք մասնակցելու են:

- Իսկ եզրափակչից հետո այս տարի կհասցնե՞ք հայտ ներկայացնել գեղեցկության միջազգային որեւէ մրցույթի:

- Արդեն միջազգային մրցույթներն ավարտվել են: Մեր հաղթողը մյուս տարի կմասնակցի տարբեր մրցույթների:

- Փաստորեն, ՙՄիսս Հայաստան-2012՚ չե՞նք ունենա:

- Շատ հնարավոր է, որ ունենանք ՙՄիսս Հայաստան-2012՚, որը կարող է մասնակցել այդ տարվա ընթացքում կայանալիք բոլոր մյուս մրցույթներին, որոնք կլինեն: Մեր գործակալությունը հիմա շատ հեղինակավոր մրցույթների հետ պայմանավորվածություններ ունի:

- Եթե մրցույթը հաջողություն ունենա, կսահմանափակվենք ՙՄիսս Հայաստան՚-ո՞վ, թե՞ կունենանք նաեւ ՙՄիստր Հայաստան՚ մրցույթը:

- Առաջիկա մեկ-երկու տարում դժվար ունենանք: Ինձ թվում է` մեզ մոտ լիովին մենթալիտետը չի հասունացել, որ համապատասխան քանակի դիմողներ ունենանք, որպեսզի կարողանան մասնակցել: Չնայած շարժ կա, որովհետեւ գալիս են, զանգահարում, հետաքրքրվում: Միգուցե երկու-երեք տարվա ընթացքում լինի:

- Ի տարբերություն նախորդ տարիների, այսօր մրցույթին մասնակից աղջիկների մեջ ի՞նչն է փոխվել:

- Լուրջ փոփոխություն, կարելի է ասել, չկա: Ուղղակի հիմա ավելի ազատ են: Փոխվել է մոտեցումը, որովհետեւ շատ է լինում, որ մեզ մոտ գալիս են ծնողների հետ: Գալիս են ծնողներ, հետաքրքրվում, տեղեկանում, թե ինչ է լինելու, ինչ ապագա է սպասվում իրենց աղջկան: Աղջիկների կողմից էլ մոտեցումն ավելի լուրջ է. հենց այնպես չեն գալիս, այլ իրոք հետաքրքրվում են: Ի տարբերություն ուրիշ տարիների, մենթալիտետը կարծես փոխվում է, ու ազատ մտածելակերպը մի քիչ փոխանցվում է նաեւ Հայաստան:

miss1Ի դեպ, առաջին եւ երկրորդ փուլերում ժյուրիի կազմում էին Արման Դաշյանը, ՙԱտեքս՚ նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը, խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանը, ՙԲերդ՚ համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանը, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը եւ ՙՄիսս Հայաստան՚ ազգային գործակալության գործադիր տնօրեն Մամիկոն Դանիելյանը:

Թե ինչպես հաջողվեց ՙթմբլ-մմբլների՚ մեջ գտնել քիչ թե շատ գեղեցիկներին, պարզեցինք ռեժիսոր ՍՈՒՐԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՑ. ՙՇատ դժվար էր ընտրություն կատարել: Մոտ 200 հոգուց պետք է ընտրեինք 20-24 աղջկա, բայց շատ դժվարությունների հանդիպեցինք: Նախ` աղջիկները շատ դեպքերում համոզված էին, որ իրենց հասակը 1,70-ից անց էր, բայց հաճախ նույնիսկ բարձրակրունկ կոշիկներով նրանք 1,65 չէին: Կարծում եմ` կարեւորագույն խնդիր էր, որ մեր հայ աղջիկները, լինելով այդքան երիտասարդ, խնամված չէին՚: Ըստ ռեժիսորի, հայ աղջիկներին պակասում է ներքին գեղեցկությունը. ՙՄի պահ ընտրության ժամանակ, երբ բեմում մոտ 60-65 աղջիկ էր, իմ հարցին, թե ով է Ստեֆան Ցվայգը, պատասխանեց միայն մեկ աղջիկ: Ի դեպ, այդ աղջիկը չանցավ հաջորդ փուլ. հասակը ցածր էր: Հետո, անշուշտ, պակասում է շփման մշակույթն ու հասարակության մեջ պահվածքը: Կարծում եմ` կինը հետաքրքիր է, երբ իրեն դրսեւորել գիտի: Աղջիկների ճաշակի բացակայությունը հատկապես ընտրած կոշիկների եւ լողազգեստի հարցում ինձ ուղղակի ապշեցրեց, կամ էլ Երեւանի խանութներում դեռ այդ որակն է միայն՚:

Ս. Շահվերդյանը համաձայնեց մեզ հետ այն հարցում, որ ժյուրին ընտրում էր ոչ թե լավագույններին, այլ եղածի մեջ` համեմատաբար գեղեցիկին. ՙՑավոք, ընտրում էինք համեմատաբար հետաքրքիր աղջիկների: Փողոցում ընտրությունը շատ ավելի հեշտ կլիներ: Ես հաճախ զբոսնում եմ քաղաքում եւ հանդիպում գեղեցիկ արտաքինով աղջիկների: Մեր մենթալիտետում աղջկա համար դժվար է լինել բեմում, արվեստում, ընտանիքի կողմից շատ լուրջ ճնշումների են ենթարկվում հայ աղջիկները իրենց բոլոր ընտրությունների համար` թե° մասնագիտական, թե° ապագա ամուսնու հարցում՚:

Իսկ մասնակիցների քանակի հետ կապված` նշեց. ՙՀամամիտ չեմ, որ կազմակերպիչները քանակ են ապահովել ու թմբլ-մմբլ աղջիկները չեն ընտրվել: Կազմակերպիչները գրանցել են այն աղջիկներին, որոնք ինչ-որ կերպ մոտ են գեղեցկության չափանիշներին: Դժվար է կազմակերպել այդպիսի մրցույթ մեր երկրում, հավատացե°ք. ի վերջո, մենք ասիական երկիր ենք՚:

Հուսանք, որ, ի վերջո, կկայանա ՙՄիսս Հայաստան 2011՚ գեղեցկության եւ նրբագեղության մրցույթը, եւ բանը չի հասնի նրան, որ ոչ միայն ՙմի փոքր՚ խախտված պարամետրերով աղջիկներ կհայտնվեն գեղեցկության մրցույթի բեմահարթակում, այլեւ կանտեսվի նաեւ տարիքային շեմը, ու ՙՄիսս Հայաստան՚ մրցույթին կսկսեն մասնակցել նաեւ ՙղոչաղ՚ կանայք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում