livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 17, 2019

noraՙԶգեստը կնոջ նախաբանն է, երբեմն` նույնիսկ ամբողջ գիրքը՚,- ասել է աշխարհահռչակ դիզայներ Միուչա Պրադան: Այո, դժվար է չհամաձայնել, որ զգեստապահարանն էլ այդ գրքի տարբեր հատորներն են` լի գունագեղ բովանդակությամբ: Իսկ թե ի՞նչ է հագուստը իսկական տղամարդկանց համար, ՙԶարուհին՚ պարզեց մոդելավորող ՆԱԻՐԱ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՑ, ով թեպետ համարում է, որ նոր է նորաձեւության ասպարեզ մտնում, բայց արդեն ունի ճանաչված բրենդ, իսկ իր հավաքածուները հայտնի են նորաձեւության տարբեր փառատոներից, հատկապես պահանջված են նրա յուրահատուկ փայտե թիթեռնիկները:

- Նախ սկսենք ամենասկզբից. ինչո՞ւ Նաիրա Երանոսյանը որոշեց հենց նորաձեւության ոլորտում քայլեր անել:

- Այս հարցի պատասխանը ես չեմ կարող տալ, քանի որ ինքս չեմ հիշում, թե որտեղից ծնվեց այդ միտքը, եւ առհասարակ` ի՞նչը դրդեց ավելի մոտենալ արվեստին: Կար մի շրջան, որ ես ամեն օր որոշում էի, թե ինչով եմ զբաղվելու` մի օր իրավաբան էի, մի օր` դերասան... եւ այսպես շարունակ, մինչեւ որոշեցի, որ պիտի դառնամ մոդելավորող: Ապա ընդունվեցի Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորում բաժինը, ու սկսվեց իմ կյանքի նոր, գունեղ եւ շատ հետաքրքիր շրջանը:

- Եթե չեմ սխալվում, Ձեր դիպլոմային աշխատանքի ժամանակ ներկայացրել եք փայտե թիթեռնիկ-փողկապների հավաքածու: Ինչո՞ւ հենց փայտ:

nora1

- Դիպլոմային աշխատանքս ամբողջական դարձնելու համար որոշեցի օգտագործել փայտից աքսեսուարներ, թիթեռնիկ-փողկապներ, որը հիմք հանդիսացավ հետագայում նոր հավաքածուներ ստեղծելու համար: Այնքան ոգեշնչեց ինձ այդ միտքը, որ ստեղծեցի նոր, ավելի հետաքրքիր հավաքածուներ եւ ցուցադրվեցի մի շարք ցուցահանդեսներում: Հուրախություն ինձ` բավականին մեծ արձագանք ունեցավ այն:

- Հետաքրքիր է` ինչո՞վ է պայմանավորված, որ որոշեցիք հենց տղամարդկանց հագուստի մոդելավորմամբ զբաղվել:

- Մոտ 4 տարի ուսումնասիրելով կանացի հագուստը, ստեղծելով հավաքածուներ կանանց համար` հետաքրքրություն առաջացավ աշխատելու նաեւ տղամարդկանց համար: Որոշեցի դիպլոմային աշխատանքս անել տղամարդկանց հագուստի հավաքածու եւ հասկացա, որ ավելի հետաքրքիր է, երբ նորաձեւության մեջ տղամարդու արտաքին տեսքով զբաղվում է կինը, իսկ կնոջը` հակառակը: Աշխատանքային ընթացքը բավականին հետաքրքիր էր, միեւնույն ժամանակ բարդ, հավաքածուի վրա աշխատեցի մոտ 5 ամիս: Ամեն մի մանրուք հաշվի էր առնվում, բայց այնքան հետաքրքիր էր, որ որոշեցի զբաղվել հենց տղամարդկանց հագուստով:

- Ի վերջո` 21-րդ դարում առավել խստապահանջ ու քմահաճ են տղամարդի՞կ, թե՞ կանայք:

- 21-րդ դարում, որքանով ես նկատել եմ, ավելի խստապահանջ եւ քմահաճ են կանայք: Այդ փաստն ինձ այնքան էլ չի ուրախացնում, գոյություն ունի հավասարություն ասվածը, որին բոլորը ձգտում են, ինչին ես ե°ւ կողմ եմ, ե°ւ` ոչ:

- Ինչո՞ւ:

nora2

- Կողմ եմ այնքանով, որ եթե դա կիրառվում է ճիշտ, ամեն մեկը գիտի իր տեղը եւ դերը: Կին եւ տղամարդ հավասարությունն ինձ համար այնքան էլ ընդունելի չէ, քանի որ մարդիկ չեն կարողանում կիրառել այդ գաղափարը. հաճախ ամեն ինչ խառնվում է իրար, ու չես հասկանում` ով է կինը եւ ով` տղամարդը: Կարծում եմ` խստապահանջ պետք է լինի տղամարդը, իսկ քմահաճ` կինը:

- Ի դեպ, Ձեր գործունեությանը հետեւելով` նկատեցի, որ անգամ Ձեր փայտե թիթեռնիկ-փողկապներով նույն ինքը հայտնի կորեացի կինոռեժիսոր Կիմ Կի Դուկն է եղել տպավորված: Մի փոքր կպատմե՞ք այդ մասին:

- Շատ հաճելի անակնկալ ստացա իմ ընկերների կողմից. ՙPapillon en bois՚ հավաքածուից մի նմուշ նվիրել էին Կիմ ԿիԴուկին, որն այնքան էր հավանել նվերը, որ միանգամից կրել էր եւ շրջում էր Երեւանի փողոցներով ու ասում` այնքան եմ հավանել, որ միշտ կկրեմ սրտիս մոտ: Երիտասարդ ստեղծագործողի համար սա անգնահատելի պահ է:

- Բնական է, յուրաքանչյուր մոդելավորողի համար, ով իր հավաքածուներն է ներկայացնում հանրությանը, կարեւոր է պրոֆեսիոնալ մոդելների հետ աշխատելը: Ըստ Ձեզ` Հայաստանում ի՞նչ մակարդակում է գտնվում մոդելինգը ու դեպի ո՞ւր է գնում` անկո՞ւմ, թե՞ սկիզբ:

- Ինչ վերաբերում է մոդելներին, երկար ճանապարհ անցա, մինչեւ որոշեցի կերպարները: Ընտրվեց հավաքածուին համահունչ 6 կերպար: Մոդելավորողի համար շատ կարեւոր է մոդելի ընտրությունը: Դու ստեղծում ես հագուստ, բայց այստեղ կա հագուստը ճիշտ ներկայացնելու խնդիր: Եվ մոդելի ոչ պրոֆեսիոնալ լինելը կարող է տապալել քո աշխատանքը: Իսկ հարցին` մոդելինգը գնում է դեպի անկո՞ւմ, թե՞ սկիզբ, ասեմ, որ մենք դեռ այն մակարդակին չենք հասել, որ անկում ապրենք, եւ չեմ վախենա ասել, որ մենք գնում ենք սկիզբ:

nora3

- Հաջորդն ինչպիսի՞ հավաքածուով կզարմացնի հանրությանը Նաիրա Երանոսյանը:

- Եթե հարցը վերաբերում է հագուստին, ապա նոր հավաքածու դեռ չի սպասվում: Պատրաստվում եմ ուսումս շարունակել Ֆրանսիայում, մի քանի ամսից պիտի մեկնեմ, իսկ նոր հավաքածուս կանեմ վերադառնալուց հետո: Ինչ վերաբերում է թիթեռնիկ-փողկապներին, նոր հավաքածուներ լինում են պարբերաբար եւ ցուցադրվում տարբեր փառատոների ժամանակ:

- Արդեն աշուն է, ըստ Ձեզ` ի՞նչը եւ ո՞ր գույներն են նորաձեւ այս տարվա աշնանը թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար:

- Միշտ նշում եմ, որ թե՛ կյանքում, թե՛ արվեստում ինձ համար առաջնայինը գույնն է, եւ ինչքան շատ ես քեզ շրջապատում գույներով, այնքան կյանքդ գունավոր է դառնում: Եթե ոչ արտաքինից, ապա գոնե ներքուստ պետք է լինել գունավոր: Փորձեք մի փոքր խաղալ գույների հետ եւ կտեսնեք` ինչ հետաքրքիր կդառնաք ինքներդ ձեզ համար: Աշնանը փորձեք դառնալ աշնան մի մասնիկը եւ պատկերացրեք, որ ձեր գույներով ամբողջական եք դարձնում աշունը:

- Ցավոք, մեր օրերում, չգիտես ինչու, շատ մոդելավորողներ, տղամարդկանց հագուստները ստեղծում են կանացի ՙմոտիվներով՚` խեղելով իսկական տղամարդու կերպարը: Ո՞րն է սահմանագիծը, որպեսզի տղամարդը լինի նորաձեւ եւ միեւնույն ժամանակ չկորցնի իր առնական կերպարը:

nora4- Տղամարդու հագուստի մեջ խնդիրն այն է, որ պետք է կարողանաս ազատ ստեղծագործելու հետ մեկտեղ չխեղել կրողի առնականությունը: Դա շատ բարդ խնդիր է` համադրելով գույները, արդուզարդը, հագուստի մեջ տարբեր կտրվածքները, պիտի ստեղծես տղամարդու նորաձեւ կերպար:

- Արդյոք երբեւէ կարո՞ղ է հայաստանյան նորաձեւությունը լինել մրցունակ ու բացի հոբբի լինելուց` նաեւ մեծ գումարներ բերի:

- Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Ամեն ինչ շատ արագ է զարգանում, եւ հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ մենք կխոսենք հայաստանյան նորաձեւության մասին:

- Ի՞նչ ցուցադրության եւ ինչպիսի՞ հավաքածուի մասին եք այժմ երազում:

- Ունեմ նպատակներ, որոնց պիտի հասնեմ: Ուզում եմ հույսս դնելով միայն ինձ վրա` գնալ առաջ եւ հասնել այն ամենին, ինչի համար այսքան պայքարում եմ:

Զրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` ՎԱՀԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում