livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

26Ռուս մեծ դրամատուրգ Անտոն Չեխովն ասել է. «Մարդու մեջ պետք է ամեն ինչ գեղեցիկ լինի` թե՛ դեմքը, թե՛ հագուստը, թե՛ հոգին, թե՛ մտքերը»: Այս անգամ մեր չեխովյան հերոսը նկարիչ, դիմահարդար, մոդել ՍԱՐՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆՆ է, ում հետ «Զարուհին» զրուցեց հայաստանյան մոդելային արվեստի եւ իր անձնական կյանքի մասին` բացահայտելով իսկակական հայ տղամարդու ժամանակակից կերպարը:

- Նկարիչ, դիմահարդար, մոդել, դերասան… կա՞ էլի մի մասնագիտություն կամ տաղանդ, որի մասին դեռ երկրպագուհիներդ ու հանրությունը տեղյակ չեն:
- Արդյունքում` բոլորն իրար հետ կապված են: Ավարտելով Գեղարվեստի ակադեմիայի կիրառական զարդարվեստ եւ գունավոր մետաղների մշակում բաժինը, որը եւ իմ մասնագիտությունն է (մետաղների մոդելավորող, դա կարող է լինել զարդ եւ մետաղից պատրաստված ամեն ինչ, ինչը կարելի է կիրառել նույնիսկ առօրյայում), որոշեցի իմ նկարչական տաղանդը համատեղել գեղեցիկի հետ: Դրա համար էլ ընտրեցի դիմահարդարումը, որտեղ գույները, մատիտներն ու վրձինները կրկին կլինեին ինձ հետ… Եվ սկսեցի զբաղվել Face Art-ով եւ Body Art-ով: Ունեմ մոդելային  կրթություն, ինչպես նաեւ փոքր-ինչ դերասանական, բայց փորձս բավական է, ինչի շնորհիվ էլ առջեւում շատ կարեւոր ֆիլմ է սպասվում, թե ինչ, դեռեւս ասել չեմ կարող:

- Երբեւէ երկար մազերից չհրաժարվեցիր, բայց դա չխանգարեց քեզ պահպանել հայ տղամարդուն վայել առնականությունը, ո՞րն է գաղտնիքը:
- Չեմ հրաժարվել, քանի որ ինքս սիրում եմ ունենալ երկար մազեր, որը նաեւ իմ դեմքին եւ կերպարին սազում է: Բայց նաեւ կան պատճառներ, որոնց համար էլ այսքան երկարացրել եմ, դրանցից մեկն այն ֆիլմն է, որին սպասում եմ: Ընդհանրապես, երկար մազերով կարելի է ավելի շատ կերպարներ կերտել, եւ հենց սա էլ իմ գաղտնիքն է:

- Լինելով բավական համարձակ մոդել` հետաքրքիր է, թե որքա՞ն ազատամիտ ես կյանքում եւ ընտանիքում:

- Մտքերս ազատ են, բայց, իհարկե, ամեն ինչ սահման ունի, ամեն տեղ էլ պետք է ազատ լինել, արտահայտել այն, ինչ ճիշտ ես համարում:

- Իսկ ո՞րն է ե՛ւ ժամանակակից լինելու, ե՛ւ միեւնույն ժամանակ հայ տղամարդուն հատուկ վարքագիծը պահպանելու քո բաղադրատոմսը:
- Բաղադրատոմսը պարզ է բոլորիս, ժամանակակից լինելու համար` ուղղակի քայլեք ժամանակի հետ, հետեւեք նորաձեւությանը, բայց ընտրեք եւ կիրառեք այն, ինչը վայել կլինի հայ տղամարդուն:

- Իսկ ո՞վ կարող է լինել Սարո Մաթեւոսյանի սրտի տիրուհին:
- Գեղեցիկ հարց էր… Թե ով կարող է լինել, փաստացի չեմ կարող ասել: Կարեւորն այն է, որ ինձ ընդունի ու հասկանա այնպես, ինչպես ես կամ` իմ թերություններով հանդերձ, քանի որ անթերի մարդ չկա: Սրտիս թագուհին կարող է լինել նա, ում հետ հաճելի կլինի ամեն վայրկյան, ում հետ հետաքրքրություններս մեկ կլինեն, ում հետ անվերջ կկարողանամ ցանկացած թեմայով զրուցել ու սրտիս ուզածը կիսվել, ով ինձ համար կլինի ե՛ւ սրտի տիրուհի, ե՛ւ լավ ընկեր:

- Եվ, իհարկե, հայկական ավանդական հարց` չե՞ս պատրաստվում ամուսնանալ, թե դա կարող է խանգարել մոդելային կարիերային:
- Չեմ պատրաստվում ամուսնանալ, բայց ոչ այն պատճառով, որ կխանգարի իմ կարիերային, այլ այն, որ դեռ չեմ գտել իմ երկրորդ կեսին, ով էլ առիթ կտար մտածելու ամուսնության մասին: Այնպես որ, առաջիկա երկու տարում դժվար թե…

- Ամփոփելով մեր զրույցը` ի՞նչ կասես հայաստանյան մոդելային կյանքի մասին: Արդյո՞ք այն այսօր կարելի է համարել կայացած ոլորտ…
- Չեմ ուզում հիասթափեցնել ասպարեզ մտած նոր մոդելներին, բայց լինեմ անկեղծ: Իրականում չեմ համարում, որ կայացել է, ու դեռ ժամանակ է պետք կայանալու համար: Թե ինչքան, չեմ կարող ասել: Բայց, իհարկե, ես առաջինների թվում եմ, ով մեծ ցանկություն ունի Հայաստանում մոդելինգը կայացած տեսնելու, որտեղ ցուցադրություններն ավելի հաճախ կկազմակերպվեն, ավելի շատ ֆոտոշարքեր կլինեն, որտեղ մեր հայ դիզայներները կկարողանան լիարժեք ներկայացնել իրենց հավաքածուները եւ դրանից լիովին բավարարված կզգան իրենց, ինչպես, օրինակ, կցանկանային ներկայանալ Իտալիայում կամ Ֆրանսիայում:

Նաեւ ավելացնեմ, որ աղջիկների բախտը այս հարցում ավելի լայն է ժպտացել, քան տղաներինս: Իրենք մի փոքր ավելի շատ ունեն աշխատանք, քան մենք: Այնպես որ, սիրելի՛ աղջիկ մոդելներ եւ ոչ միայն մոդելներ, ձեր գեղեցկությունը շատ կարեւոր է ինչպես մեր երկրում, այնպես էլ սահմաններից դուրս:

Ցույց տվեք, թե ինչքան չքնաղ կարող է լինել հայ աղջիկը, եւ թող սա եւս մի առիթ լինի մեզ համար` ողջ աշխարհում պարծենալու:

Հրանտ Սարաֆյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում