livemarks sitemap
Կիրակի, Հոկտեմբերի 20, 2019

Կոկո Շանելը 1926թ. նորաձեւություն բերեց փոքրիկ սեւ զգեստը: Հասարակ սեւ զգեստը, որն իրենից, կարելի է ասել, ոչինչ չէր ներկայացնում, նորաձեւ դարձավ բոլոր ժամանակների համար: Հայտնի դիզայները հարազատ մարդու կորուստն ու ցավը հաղորդել էր զգեստին:

Այդ էր պատճառը, որ փոքրիկ զգեստը սեւ գույնի էր: Շանելը նույնիսկ չէր էլ պատկերացնում, որ ամբողջ աշխարհը կհետեւի իր օրինակին ու կհագնի «սուգ»-զգեստը: Իհարկե, հետագայում շատ դիզայներներ, այդ թվում նաեւ Շանելը, փորձեցին մինիմալի հասնող հասարակ «սեւուկին» դարձնել հնարավորինս շքեղ, բայց ամեն ինչ ապարդյուն էր, քանի որ փոքրիկ սեւ հրաշքն արդեն ստեղծվել ու սիրվել էր այնպիսին, ինչպիսին կար: Նորաձեւ համարվող ու միշտ սիրված սեւ փոքրիկ զգեստը ցանկացած կնոջ զգեստապահարանում իր տեղն ուներ: Ե՛վ տխուր, ե՛ւ ուրախ առիթներին այն շատ կանանց համար անփոխարինելի է եղել ու շարունակում է մնալ: Կհամաձայնեք, որ այդ փոքրիկ սեւ զգեստը կնոջը կարող է դարձնել ե՛ւ սեքսուալ, ե՛ւ, միեւնույն ժամանակ, աննկատելի: Այս դեպքում տեղին է ասված, որ հագուստ կրողն է զգեստն իմաստավորում: Քանի որ հայ կանայք սեւ գույնի սիրահար են, անտեսել չէին կարող փոքրիկ «սեւուկին»: Հետաքրքիրն այն է, որ այն սիրում են հագնել ե՛ւ գեր, ե՛ւ բարեկազմ կանայք: Մի դեպքում սեւ գույնը օգնում է ավելի բարեկազմ երեւալ, իսկ մյուս դեպքում` առավել ընդգծել այն, ինչ ուզում եք միանգամից երեւա: Շատ կանանց փրկիչ «սեւուկը» օգնում է առիթի դեպքում լինել ներկայանալի ու նորաձեւ, համենայն դեպս շատերն են այդպես կարծում: Եվ եթե դուք չեք հետեւում նորաձեւությանը, ապա, կամա, թե ակամա, մինիմումի հասնող ներկայանալի տեսք ունենալու համար երեկոյան զգեստ ընտրելիս կանգ եք առնում հենց այդ զգեստի առջեւ: Մեր հարցազրույցներից մեկում հայտնի դիզայներ ԼԻԼԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ անկեղծացել էր. «Այսօր, ճիշտ է, հայ կնոջ զգեստապահարան մտավ սեւ զգեստ ասվածը, եւ տաբատից ինչ-որ չափով հրաժարվեցին շատ աղջիկներ, բայց երեկոները վերածվել են ուղղակի միատիպ հագուստների: Բոլորը հագնում են փոքրիկ սեւ զգեստ, որը կարծես դարձել է համազգեստ»: Ինչպես դիզայներն էր նկատել, «համազգեստ» դարձած զգեստը միգուցե հետաքրքիր չէ նորաձեւություն թելադրող մասնագետներին, բայց շարունակում է սիրված լինել հայ կանանց կողմից:

Հայաստանում հայտնի կանանց շատ հաճախ կարելի է տեսնել փոքրիկ սեւ զգեստով: Ցանկացած մրցանակաբաշխության, միջոցառման ժամանակ անհնար է չգտնել «սեւուկով» մեկին: Իսկ եթե հայտնի կանայք ու աղջիկները շատերի համար, կարելի է ասել, օրինակ են հանդիսանում, ապա պարզ է, թե ինչու է նրբանկատ դիզայներ Լիլիթ Մարգարյանը «համազգեստ» համարում կանաց սիրելի «սեւուկին»:

Իսկ ահա դիզայներ ՄԻԿԱ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ այն կարծիքին է, որ սեւ փոքրիկ զգեստ ունենալը թանկ հաճույք է. «Այն պետք է լինի իդեալական կարված ու շատ բարձրորակ կտորներից: Ինչը չես տեսնի մեր երիտասարդներին կրելիս: Փոքրիկ սեւ զգեստ ունենալու համար պետք է շատ փնտրես, որպեսզի կարողանաս ճիշտ զգեստ ընտրել: Մի փոքր դեմ եմ, որովհետեւ մեր ազգը սեւ զգեստ է հագնում, հետն էլ նույն գույնի կոշիկներ ու քլաթչ պայուսակ վերցնում եւ համարում, որ նորաձեւ է: Իսկ երբ նկատում ես, որ կոշիկներն ու քլանչը վառ գույնի հետ է համադրել, հասկանում ես, որ այդ անձնավորությունը ունի կա՛մ բարձր ճաշակ, կա՛մ աշխատում է ոճաբանի հետ»:

Դիզայները խորհուրդ է տալիս հայ կանանց ու աղջիկներին. Սեւ փոքրիկ զգեստ ունենալու հետ պետք է նաեւ ճիշտ աքսեսուար օգտագործել: «Այս տարի նորաձեւ է խոշոր աքսեսուարը, թանկարժեք, բնական քարերը փոքրիկ սեւ զգեստի հետ պետք է լինեն վառ ու արտահայտիչ: Միշտ դեմ եմ եղել, երբ կոշիկներն ու քլաթչը մի գույնի մեջ են լինում: Օրինակ` չեմ ընդունում, որ արծաթագույն կոշիկները արծաթագույն պայուսակի հետ են համադրում»: Արդյո՞ք  սեւ փոքրիկ զգեստը դարձնում է կնոջը սեքսուալ, դիզայները հետեւյալն ասաց. «Կախված է կնոջ կազմվածքից, հետո՝ զգեստի ձեւվածքից եւ ընդհանրապես մարդուց: Եթե մարդու մեջ կան «վուլգար» հատկանիշներ, ինչ էլ անես, չես կարող թաքցնել»: Դիզայները նշեց, որ փոքրիկ սեւ զգեստ նկատել է երգչուհի Արմինկայի հագին. «Սովորական սեւ զգեստ էր, որքան հիշում եմ, երգչուհին այն հագել էր անցած տարվա մրցանակաբաշխության ժամանակ: Ինձ այն շատ դուր եկավ: Զգեստի հետ աքսեսուարը հիմա չեմ հիշի, բայց կառուցվածքով զգեստը շատ յուրահատուկ էր: Ի դեպ, զգեստի հեղինակը Արեւիկ Սիմոնյանն էր»: Իսկ այս տարվա Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ սեւ փոքրիկ զգեստներից Միկան առանձնացրեց. «Վերջին Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ինձ դուր չեկավ Լուսինայի հագած սեւ զգեստը: Դեմ եմ, որ մրցանակաբաշխությանը նման սեւ զգեստով ներկայանան: Ի վերջո, ամբողջովին սեւ գույնով նա այդ օրը մռայլ էր նայվում: Կարելի էր, օրինակ, այդ սեւ զգեստի հետ ընտրել վառ գույնի պայուսակ, կոշիկներ, աքսեսուար»:

Երգչուհի ԱՆՈՒՇԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ խոստովանեց, որ շատ է սիրում սեւ զգեստներ. «Նախապատվությունը տալիս եմ հիմնականում սեւ զգեստներին: Մի քանիսն ունեմ, որ հատուկ կարվել են տարբեր միջոցառումների եւ մրցանակաբաշխությունների համար: Միանշանակ կարծում եմ, որ կնոջ զգեստապահարանում սեւ փոքրիկ զգեստը անփոխարինելի է: Յուրաքանչյուր կին առնվազն մեկ այդպիսի զգեստ պետք է ունենա»: Անուշիկը սեւ փոքրիկ զգեստի հետ շատ անգամ հենց սեւ կամ արծաթագույն աքսեսուր է համադրում: «Արդյո՞ք սեւ փոքրիկ զգեստը, չնայած իր հասարակ լինելուն, կնոջը սեքսուալ է դարձնում»,- հարցրինք նրան: Երգչուհին անկեղծացավ. «Սեքսուալությունը կապված է զգեստի ձեւից, կարող է այն լինել սեւ, բայց դիտվի շատ «վուլգար»»:

Երգչուհի ԱՆԻ ՔՐԻՍՏԻՆ էլ ասում է, որ սիրում է սեւ փոքրիկ զգեստներ. «Ունեմ շատ սեւ զգեստներ, բայց դրանք առավելապես երեկոյան ոճում են»: Իսկ այն դիտարկմանը՝ դարձնո՞ւմ են դրանք կրողին սեքսուալ, Անին ասաց. «Եթե զգեստը չափի մեջ է եւ համեստ, ապա այն կարող է սեքսուալ տեսք ունենալ: Փոքրիկ սեւ զգեստի ձեւածքից է կախված, թե ինչ աքսեսուարի հետ այն կհամադրես: Զգեստի կարից, կոշիկներից ու պայուսակից է կախված, թե ինչ աքսեսուար կկրես: Կարծում եմ՝ ամեն մարդ ունի իր նախընտրությունը: Ինքս էլ ժամանակ առ ժամանակ դրանք փոփոխում եմ»: Միացյալ Նահանգներում բնակվող երգչուհին համարում է, որ հարկավոր է զգեստապահարանում ունենալ փոքրիկ սեւ զգեստ, բայց. «Բազմագույն զգեստապահարան պետք է ունենալ: Ինքս էլ մի քանիսը ունեմ, եւ ամենքն էլ սիրում եմ յուրովի»:

Հ.Գ. Հաճելի է, երբ կանայք գեղեցիկ են հագնվում եւ հետեւում են նորաձեւությանը: Բայց կարեւորը ոչ թե նորաձեւության տենդեցներին հետեւելն է, այլ ճիշտ ընտրված հագուստն է մարդուն դարձնում գեղեցիկ: Սիրե՛լի կանայք, ճիշտ գնահատեք ձեր մարմնի կառուցվածը եւ ճիշտ հագուստ ընտրեք ձեզ համար: Ու ամենակարեւորը, միշտ եղեք վառ գույների մեջ:


Պատրաստեց
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում