livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

moda1Վերջին տարիներին ի հայտ է եկել պիտակամոլ, ավելի ճիշտ` «բրենդամոլ» հասկացությունը, ինչից հետո սկսել ենք ավելի շատ կարեւորություն տալ բրենդային հագուստին եւ բրենդային աքսեսուարներին: Իսկ բրենդային մարդկանց՝ «գլամուրային» որակավորումը տալ: Այս նոր հիվանդությունը մեր հասարակության համար դարձել է շատ կարեւոր՝ հաստատվելու, ընդգծվելու ու իր «տեղը գտնելու» համար:

Բրենդային հագուստ հասկացությունը առավել շատ շրջանառվող դարձավ սնդուսափայլ միջոցառումների ժամանակ: Ի դեպ, հենց «գլամուրային» համարվող մարդկանց շնորհիվ այդ բառը գրական հայերենով միայն վերջերս առավել գործածական դարձավ: Ու, չգիտես ինչու, հայ դիզայներներն էլ սկսեցին ուշադրություն դարձնել պիտակներին: Նրանց առավել շատ հետաքրքրում է, թե ո՞վ, որտե՞ղ եւ ի՞նչ բրենդային հագուստով է ներկայացել, քան, ասենք, որեւէ հայտնի անձնավորություն ինչո՞ւ չի համագործակցում հայ դիզայներների հետ, ի՞նչն է պատճառը, որ չեն վստահում իրենց: Ինչեւէ, շատ դեպքերում, առանց այդ էլ, երբ քիչ թե շատ հայտնի մեր դիզայներները սկսում են միմյանց մեղադրել համաշխարհային հայտնի դիզայներների աշխատանքների կրկնօրինակման մեջ, մնում է հուսալ, որ օրերից մի օր մենք էլ մեծ հպարտությամբ կասենք, որ կրում ենք հայ դիզայների հագուստ, ով աշխատում է Հայաստանի Հանրապետությունում: Դրանից հետո արդեն նրան էլ կճանաչեն ու կընդունեն նորաձեւության աշխարհում: Իհարկե, անհնարին է չգնահատել եւ չհետեւել համաշխարհային նորաձեւության տենդենցներին: Որքան փորձում ենք խուսափել պիտակներից ու նրանց կարեւորությունից, այնքան շատանում են «բրենդային» խանութները, եւ ակամայից ինքդ էլ փորձում ես կախում չունենալով` գնել հագուստ կամ որեւէ իր` առանց արժեքավորելու պիտակը: Բնականաբար, այս դեպքում դժվար է դառնում ընտրություն կատարել հայ դիզայների ու արդեն հայտնի, կայացած դիզայների հագուստի միջեւ: Այդուհանդերձ, ինչպես արդեն պարզել ենք, հասարկությունում հայտնի կանայք սիրում են գեղեցիկ ու թանկ հագնվել: Օրինակ` գործարար ՍԻԼՎԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ նախընտրում է հագնել այն, ինչ իրեն սազում է: Նա նշում է հավելում. «Ինձ համար գերադասելի է կլասիկ ոճը, բայց դե միշտ չէ եւ ամեն տեղ չէ, որ կարող ես այդ ոճի մեջ լինել»:

- Իսկ բրենդը Ձեզ համար շա՞տ կարեւոր նշանակություն ունի, թե՞ դա միշտ չէ, որ իրեն արդարացնում է:

- Անշուշտ, բրենդային հագուստներ կան, որոնք միշտ իրենց տեղն ունեն, բայց ես այդ բրենդերից կառչած չեմ, քանի որ դրա խնդիրն ուղղակի չկա: Պարզապես պետք է միշտ համադրված, կոկիկ եւ գեղեցիկ հագնվես, եւ ամենակարեւորը` տիրապետես ճիշտ հագնվելու կուլտուրային»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ համար «թանկն այն է, որը գեղեցիկ է, հարմարավետ: Ես գերադասում եմ իտալական կոշիկներ, քանի որ դրանք շատ հանգիստ են ու որակյալ: Պայուսակների առումով նույնպես բծախնդիր եմ եւ շատ հաճախ նախապատվությունը տալիս եմ կոշիկներն ու պայուսակը միասին գնելուն: Ունեմ այդպիսի մի քանի տարբեր տեսակի կոշիկներ, որոնք իրենց պայուսակների հետ են, սակայն ամռանը նախապատվությունը տալիս եմ խայտաբղետ պայուսակներին ու ամառային շունչ ունեցող աքսեսուարներին»:

Երբ հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻ զգեստապահարանը, եւ արդյո՞ք նա բրենդին լուրջ կարեւորություն է տալիս, պարզվեց, որ. «համեստ աշխատավարձով բրենդային թանկարժեք զգեստներ ունենալ չես կարող, սակայն, իհարկե, չափազանց կարեւորում եմ նաեւ պետական պաշտոնյայի հագուկապը, տեսքը: Նա միշտ պետք է ներկայանալի լինի բոլոր առումներով: Կարծում եմ` բոլոր պարագաներում հնարավոր է ճաշակով հագնվել: Բրենդին կարեւորություն չեմ տալիս, զգեստապահարանումս էլ այն զգեստներն են, ինչ որ կրում եմ: Ձգտում եմ լինել դասական, սակայն նորաձեւ»:

Իսկ ահա ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ համար հագուստի արժեքը կարեւոր չէ, իսկ որակը եւ տեսակը` անպայման. «Ցավոք, որակյալ եւ պատշաճ տեսք սովորաբար թանկ հագուստն է ունենում»:

Հայ-ամերիկյան կենտրոնի գործադիր տնօրեն ԽԱՉԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ է անկեղծանում. «Ես չեմ ընդունում այն կանանց, ովքեր համարում են, որ պետք է բրենդային հագուստ գնեն, եւ վերջ: Ես կարող եմ գնալ, մի սովորական սատինե կտորից ինձ համար զգեստ պատվիրել ու հաճույքով այն կրել: Ես սիրում եմ, որ ամեն ինչ ճաշակով, համեստ ու գեղեցիկ լինի: Ճչացող զգեստներ չեմ սիրում կրել, որովհետեւ նախ` աշխատանքի մեջ այն չի ընկալվի, եւ երկրորդ` դրա կարիքը չկա»:

modadԴերասանուհի ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆՆ էլ իրեն պիտակամոլ չի համարում. «Ես պիտակավորված մարդ չեմ, որ պիտակամոլ լինեմ: Կապ չունի ինձ համար պիտակը: Չտես մարդիկ են, որ պիտակամոլ են: Մարդ պետք է ինքն իրենով այնքան լինի, որ հագուստի վրա ուշադրություն չդարձնեն: «Մեշոկ» էլ հագնի` չերեւա, որ ինքը «մեշոկ» է հագել: Մարդիկ, որ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, փորձում են գոնե «բրենդերով» երեւալ: Ինձ համար «բրենդը» երբեք նշանակություն չի ունեցել: Կարող է` ես շատ էժանագին բլուզ հագնեմ, «բրենդ» չլինի, հավանեն: Բայց պատահում է, որ հավանում եմ ինչ-որ բան, ու հետո պարզվում է, որ իմ նախընտրած պիտակի հագուստներից է»:

Իսկ բոլորովին վերջերս ` Ֆեյսբուքի երգչուհի ԱՆԻ ՔՐԻՍՏԻԻ  անձնական էջում կարդացի հետեւյալ տողերը. «ԱՄՆ առաջին տիկին Մ. ՕԲԱՄԱՆ նույնիսկ իրեն կարող է թույլ տալ կրել 40 ԱՄՆ դոլար արժողությամբ զգեստ: Մեր շարքերում դեռ մարդիկ կան, որոնք խոսում են միայն թանկարժեք հագուստից ու իրերից, մոռանալով կյանքում մյուս արժեքների մասին: Փայլուն կրկնօրինակում ենք այն ամենը, ինչ թելադրում են Միացյալ Նահանգներում: Դե սիրելիներս, ձեզ տեսնեմ»:

Գաղտնիք չէ, որ հայուհիները սիրում են լավ հագնվել, ասել է թե` նորաձեւության վերջին «ճիչով», սակայն շատ դեպքերում այդ «ճիչն» անցնելով սահմանները, շրջապատում այլ կերպ է դիտվում: Սակայն, նաեւ հիշում ենք, որ ընդամենը մեկ տասնամյակ առաջ, բոլորը, չգիտես ինչու, սիրում էին սեւ գույնի հագուստ կրել: Իսկ այսօր կարծես թե մի քիչ «գունավորվել» ենք: Վստահ ենք, որ ո՛չ պիտակներին, ո՛չ դիզայներներին, ո՛չ ընկերուհիների հագուստներին շատ ուշադրություն չենք դարձնի: Կհագնենք այն, ինչ մեզ սազում է, գեղեցիկ է, որակյալ ու ինքնատիպ:

Պատրաստեց

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում