livemarks sitemap
Շաբաթ, Օգոստոսի 24, 2019

Դիզայներ ԼԻԼԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, երկար տարիներ լինելով ասպարեզում, վերջին տարիներին առանձնահատուկ զբաղվում է հարսանեկան զգեստներ մոդելավորելով: Զրուցակցիս խոսքերով` հարսանեկան զգեստների բազմաթիվ պատվերներ է ունեցել, ինչից ծագել է հարսանեկան զգեստների սրահ ունենալու գաղափարը: Արդյունքում` այսօր սրահում ցուցադրված են բազմաթիվ հագուստներ, որտեղից կարող են ընտրություն կատարել եւ մեկ օրով զգեստ վերցնել ապագա հարսիկները:

- Իսկ նրանք, ովքեր ունեն ցանկություն, երազանքներ, մենք դրանք իրականացնում ենք պատվեր ընդունելով: Եթե հաճախորդը փոքր-ինչ մտահղացումներ է ունենում, որը հարազատ չէ իմ ոճին, փորձում եմ  համբերտար ու համառորեն պնդել, հասնել իմ ցանկացած արդյունքին, որովհետեւ այդ զգեստը նաեւ կրում է իմ անունը: Այնպես որ` այստեղից դուրս են գալիս իրոք գեղեցիկ հագուստներով: Նույնիսկ պահեր են լինում, որ հիշելիս մի պահ սիրտս կարծես թուլանում է, որովհետեւ իրոք հոգի ու սիրտ ենք դրել, որն արդեն էլ իմը չէ, տարել են: Բայց երբեք, այլեւս չեմ կրկնի նույնը, ֆիզիկապես չեմ կարող դա կրկնել: Կերազեի, որ այն ցուցադրված լիներ իմ սրահում:

- Երեւի թե հագուստների վրա ներդնում եք այն ամենը, ինչը չի եղել հենց Ձեր հարսանեկան զգեստի վրա:

- Ոչ, իմ հարսանեկան հագուստից, ինչպես հարսանիքիս օրը, այսօր էլ շատ գոհ եմ: Հաշվի առնելով, որ դա եղել է մոտ տասը տարի առաջ, կարծում եմ, որ կրել եմ այնպիսի զգեստ, որը նորաձեւ էր համարվում այդ ժամանակ: Երկար թեւերով զգեստ էր, քանի որ արդեն աշուն էր: Չգիտես ինչու այսօր այդ միտումը Հայաստանում վերացավ. բոլորը  մերկ ուսերով զգեստներ են նախընտրում: Չէ՞ որ նաեւ թեւերով զգեստը կարող է շատ գեղեցիկ լինել: Վերջին շրջանում ձեւավորվել է մի երիտասարդություն, որը շատ է փորփրում ինտերնետային կայքերը: Իրենց համարում են խիստ ինֆորմացված: Ամեն մեկն ինչ-որ թղթի վրա տպած կամ կրիչներով գալիս են, թե այս տիպի հարսանեկան զգեստ եմ ուզում: Ուղղակի խորհուրդ եմ տալիս, թե իրեն ինչ է հարկավոր: Անցյալ տարիներին հայ կանայք ու աղջիկները վարաքվել էին ինտերնետային կայքերի պատվերներով: Շատ մատչելի գներով`100-150 դոլարով, հարսանյաց զգեստներ էին առաջարկում: Երբ նայում ես, հասկանում ես, որ նույնիսկ ամենամատչելի կտորը միայն կգերազանցի 150 դոլարը: Իսկ այդ ֆիրմաները առաջարկում են զգեստը այդ գնով անգամ երկու շաբաթվա ընթացքում առաքել Հայաստան: Արդյունքում` արցունքներն աչքերին զգեստներն առած գալիս էին սրահ: Իմ խորհուրդն է` չխաբվել, քանի որ լուսանկարներում այլ կերպ է մատուցվում զգեստը: Կարծում եմ` շատերի համար դա դաս եղավ:

- Բայց մեզ մոտ արտադրություն չկա, իսկ կտորներն էլ թանկ են:

- Բացի դա, եթե առաջ էինք բողոքում կտորներից, ապա այսօր կարող ենք ավելի շատ բողոքել: Այն ժամանակ գոնե կտորներ էին գալիս, այսօր ամենապարզունակ կտորներն էլ սկսեցին թանկանալ եւ ընդանրապես վերանալ խանութներից: Տարրական սպիտակ տաֆտա կտորը արդեն մեկ տարի է` Հայաստան չի մտնում, որը հարսանյաց զգեստների կարեւորագույն կտորներից մեկն է: Իսկ լավ կտորի արժեքն էլ լինելու դեպքում` 35 հազար դրամից բարձր պետք է լինի: Այդ դեպքում հագուստներ կան, որ այնքան շատ կտոր է օգտագործվում: Դրա համար, պետք է այդ օրը հարսի համար ամենակարեւոր հանգամանքը լինի այն, որ հագուստն իրեն սազի:

- Վերջին տարիներին ինչո՞ւ չեք մասնակցում ցուցադրություններին:

- Եկավ մի պահ, որ ինձ համար այդ ամենը անհետաքրքիր դարձավ: Եթե արտասահմանում դիզայները ցուցադրություն է ունենում, վաճառում իր հավաքածուն կամ տարբեր կազմակերպություններից պատվերներ է ունենում, ապա մեզ մոտ չկա այդ պահանջարկը: Կա ձեւավորված մի մասսա, որ գալիս է ցուցադրությունների, որ ասի` եղել եմ, ու ցուցադրի իրեն: Ստացվում է, որ դա արվում է իմ հաճույքի համար ու ծախսում հսկա գումարներ: Այդ տարիքից դուրս ենք եկել, որ հովանավորներ ենք երազում: Այդպես էլ ուղղակի ոչ ոքի չի հետաքրքրում նորաձեւությունը զարգացնել Հայաստանում: Մենակ քննադատել են սիրում: Հայաստանում ձեւավորված չէ այն կուլտուրան, որ գան ու գնեն հագուստ: Գալիս են, նայում, ասում` լավ է, ծափահարում են ու վերջ: Դա չի նշանակում, որ վատ հագուստ ես արել, ուղղակի իրենց պետք չէ: Բայց, վերջին հաշվով, պատահական դուռդ թակում է մի արտասահմանցի եւ այդ հագուստներից ագահաբար գնում: Այսօր, ճիշտ է, հայ կնոջ զգեստապահարան մտավ սեւ փոքր զգեստ ասվածը, եւ տաբատից ինչ-որ չափով հրաժարվեցին շատ աղջիկներ, բայց երեկոները վերածվել են ուղղակի միատիպ հագուստների: Բոլորը հագնում են փոքրիկ սեւ զգեստը, որը կարծես դարձել է համազգեստ: Նույն սանրվածքը, նույն խոպոպը, նույն մազերի երանգը, նույն օղերը, որոնք արդեն գիտես, թե որ խանութից են գնել:

- Արդեն գարուն է, կարծես փողոցում էլ այդքան չենք տեսնում երեկոյան հագուստներով, դիմահարդարմամբ ու ճոխ մատնահարդարմամբ աղջիկների:

- Փոփոխություն նկատվում է: Վերացան այդ երկար նկարված ու քարապատ եղունգները: Հիմա նորաձեւ են դրված թարթիչները: Սանրվածքներն էլ գուցե կրկնվում են, բայց գոնե շատ գեղեցիկ սանրվածքների շրջան է` դասական ոճով հավաքված մազերը, մեծ կոսերը: Էլի միատիպ է, շատերը կրկնում են, բայց մի քիչ թող կանացիություն լինի: Սերիալները, հաղորդավարներն ու երգչուհիներն են առաջարկում ճաշակ, բայց միեւնույն է`աչքդ արդեն շոյում է խնամվածությունը, կանացիությունը: Այս տարի պարզ սանրվածքների տարի է, կարեւորը, որ խնամված են: Ծայրահեղ երբեք չեմ մոտեցել հանրությանը, քննադատաբար կարող եմ խոսել այն մարդու մասին, ով չունի ճաշակ ու անընդհատ բացականչում է էկրանից, որ ինքն ամենաճաշակովն է, կամ էլ իր պատվերով հայտարարություններ են անում, որ նա ամենա է:

- Իսկ չե՞ք ցանկանում Ձեր նորաձեւության դպրոցն ունենալ:

- Գրեթե չկա շաբաթ, որ ինչ-որ մեկը չգա իր բալիկի հետ, չխնդրի, որ սովորեցնեմ: Բայց, քանի որ շատ ծանրաբեռնված եմ եւ մեկ-երկու աշակերտ պահելը նպատակահարմար չեմ կարծում, անընդհատ մերժում եմ: Եթե ստեղծեմ, այն պետք է ունենա բարձր մակարդակ:

- Տանն ինչպիսի՞ն է Լիլիթ Մարգարյանը:

- Տանը հարյուր տոկոսանոց մայր եմ ու կին: Չեմ ասում, որ ես այսինչ բանը չեմ ուզում կամ չեմ կարող անել: Եթե ընտանիք ունես, ուրեմն պարտավոր ես անել դա. այն քո կյանքի կարեւորագույն իմաստն է: Ինչպե՞ս կարող ես ասել, որ չեմ կարող տունը մաքուր պահել, որովհետեւ ժամանակ չկա: Ինքդ էլ քեզ չհարգես ու չսիրես, պիտի գոնե քո երեխաներին ու ամուսնուն հարգես: Կամ ինչպե՞ս կարող ես սոված թողնել ընտանիքդ եւ անհամ ճաշ եփել: Ամեն ինչի մեջ էլ պիտի հոգի դնես:

- Հաճա՞խ եք փոփոխություններ անում տանը:

- Ոչ, եթե մի բան մտածում եմ տան համար, այնպես եմ անում, որ այն  երկար ծառայի ինձ: Հակված եմ դասական սկզբունքներին եւ ավելի հարմարավետությանը: Եթե վարագույր եմ ընտրում, 4-5 տարի անց նայում եմ ու ասում` ինչքան գեղեցիկ են իմ վարագույրները: Բայց իմ մտքով չի անցնում, որ իրենց փոխեմ: Ավելի հաճախ կուզենայի պատերը ներկել, թարմացնել, բայց դա էլ արդեն միշտ չէ, որ հեշտ է: Կամ մեկ-մեկ ուզում եմ ջահը փոխել, բայց դա էլ սպասում եմ գլոբալ փոփոխությունների ժամանակ անել: Կամ էլ պիտի պարապ լինես, որ տան կահույքը մի պատի տակից մյուսը տեղափոխես, առավել եւս, երբ տանը փոքրիկներ կան: Կնոջ համար կարեւորը խոհանոցը հարմար լինի, որովհետեւ ինչպես ուզում ես արա, օրվա մեծ մասն անցնում է խոհանոցում:

- Մի փոքր էլ խոսենք երեխաներից:

- Տղաս ութ տարեկան է, աղջիկս` մեկուկես: Ամբողջ աշխատանքային ժամերը տանը չեմ լինում, բայց երեկոյան, երբ հասնում եմ տուն, արդեն` վերջ, այդ վայրկյանից արդեն իրենք են իմ ուշադրության կենտրոնում մինչեւ ուշ գիշեր: Չեմ հասկանում եւ չեմ ընդունում այն կանանց, ովքեր չեն կարողանում եւ չեն հասցնում: Կին ես, պիտի անես, դա արդեն ինձ համար քննարկման թեմա չէ: Երիտասարդ աղջիկներին ծնողներն էնպես են մեծացնում` թե թող չանի, չսովորեցնի, թող չտեսնեն, որ անել գիտի: Իհարկե, որ մայրերի երազանքով լինի, դժբախտ կին չի լինի: Բոլորի աղջիկներն էլ աշխարհի ամենաերջանիկը կլինեն: Միեւնույն է` պիտի պատրաստ լինես ամեն տեսակի դժվարության: Իսկ մեզ մոտ գիտեն`ամուսնությունը հարսանիքն է, կարեւորը տունն ու տեղը դրած լինի, աղջիկ ջան, մալականները կգան, կմաքրեն ու վերջ: Այդպես են ամուսնանում, իսկ մյուս օրը ձայները դուրս են գալիս:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում