Moda0Նկարիչ, դիզայներ ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ դեռ անցյալ տարվա հեկտեմբերին իր կոլաժների հիման վրա ստեղծել ու հայ հասարակության դատին էր ներկայացրել «Հայկական ծաղիկներ» հագուստների հավաքածուն: Մարին այն համոզմունքն ունի, որ հայ երիտասարդ աղջիկները վերջին տարիներին, ի տարբերություն տղաների, համենայն դեպս փորձում են լավ հագնվել: Ըստ նրա` հայ տղաները վախենում են իրենց կարծրատիպը փոխել եւ դառնալ առավել ազատ: Մարին, ով իրեն այդ բնագավառում սկսնակ է համարում, վստահ է, որ որոշ ժամանակ անց կհաստատվի հայկական նորաձեւության շուկայում:

- Ունեմ ոչ դիզայներական կրթություն, բայց նկարչությունն իմ մասնագիտությունն է, քանի որ ավարտել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի գեղանկարչության բաժինը, որտեղ ե՛ւ թատերական նկարիչ, ե՛ւ ներկայացման համար հագուստի ձեւավորողի որակավորում ունեմ: Այսինքն` մասնագիտական կրթությունս այդքան էլ հեռու չէ դիզայներ ասվածից: Որպես մոդելավորող` ինձ մոտ միշտ ցանկություն է եղել աշխատել այդ ոլորտում: Իսկ այն հավաքածուն, որն արդեն ներկայացրել եմ հանրության դատին, հիմնված է «Ծաղիկներ» կոչվող իմ կոլաժային հավաքածուի վրա: Հավաքածուն «Ծաղիկներ» անվանելով` նկատի եմ ունեցել բոլոր կանանց: 2009 թվականից սկած` աշխատել եմ այդ հավաքածուի վրա: 

moda1

moda2 moda

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ 2011-ի հոկտեմբերին Մոսկվայի տանը տեղի ունեցավ ե՛ւ նկարներիս, ե՛ւ հագուտներիս ցուցադրությունը:

- Դրանից հետո արձագանքներն ինչպիսի՞ն էին:

- Իհարկե, ինձ համար հետաքրքիր էր մասնագետների կարծիքը, սակայն այդպես էլ ոչ մի մասնագետի կարծիք չլսեցի: Միայն համացանցում տեղադրված բոլոր նկարների ու նյութերի հիման վրա դրական արձագանքներ եղան:

- Հետադարձ հայացք գցելով այդ ամենին` ինքդ ինչպե՞ս ես գնահատում կատարված աշխատանքը:

- Արվեստի մեջ գտնվող ցանկացած ստեղծագործող մարդ ինքն իրեն չի կարող գնահատել, ուղղակի ունի իր մեջ կուտակվածն արտահայտելու ցանկություն, որն արտացոլվում է ստեղծագործության մեջ: Իսկ թե ի՞նչ արձագանք կգտնի, կամ արդյո՞ք կգտնի, դա արդեն հետագայի հարց է: Իմ դեպքում այն ինձ տվեց բավարարվածություն, ինչ-որ նպատակ դրեցի ու հասա դրան: Իսկ հետագայի համար շարունակություն տեսնում եմ, քանի որ հագուտներս հիմանկանում բեմական էին, ավելի շատ` կերպարային: Օրինակ, հագուստներից մեկը ստեղծելիս հիմնվել եմ նկարներիցս մեկի վրա, նկարը դարձնելով հագուստ: Այդ հագուստն էլ մի ուրույն ներաշխարհով աղջկա կերպար է, որը կարող է հիմանականում բեմում լինել: Անկեղծ ասած հավաքածու ստեղծելու ծախսերը շատ մեծ են եւ ակնկալիքներ էլ չկան, որ հագուտը կվաճառվի կամ ցուցադրությունը եկամտաբեր կլինի: Վերջիվերջո մի բան ակնկալելիս նախեւառաջ ներդրում է պահանջվում: Իսկ մեր օրերում մոդելային շուկան փոքր չէ ու շատերն են լավ բաներ առաջարկում: Կան դիզայներներ, որոնք հայկական նորաձեւության շուկայում հաստատվել են եւ վաճառում են ոչ թե այն, ինչ կարում են, այլ իրենց անունը:  

- Շա՞տ թանկ հաճույք է ստեղծել եւ ներկայացնել հավաքածու:

- Հավաքածուն բաղկացած է տասնչորս զգեստներից: Մոտավորապես երեք հարյուր հազար դրամի չափով գումար է ծախսվել:

moda5- Հաշվի առնելով այսօրվա հայ դիզներների առաջարկած հագուստի գնային քաղաքականությունը, կարելի է ասել, որ դա մեծ ներդրում է:

- Այո, բայց հնարավոր է նաեւ քիչ ներդրում անել եւ արդյունք ստանալ:

- Համագործակցություն եղե՞լ է հայտի մարդկանց հետ:

- Մինչ հավաքածուի ստեղծումը երկար ժամանակ աշխատել եմ «Արմենոիդս» խմբի հետ: Նրանց հագուտների եւ տեսահոլովակների գեղարվեստական ձեւավորողն եմ եղել: Իմ ստեղծած հագուտներից մեկը հայ հանդիսատեսը կարող է տեսնել «Արմենոիդս» խմբի մեներգչուհու` Լենայի հագին: Ի դեպ, ցուցադրությանը նա ե՛ւ երգեց, ե՛ւ հանդես եկավ որպես մոդել` կրելով այդ հագուստը: Բացի «Արմենոիդս» խմբից, առաջարկ եմ ստացել աշխատելու նաեւ Սիլվա Հակոբյանի հետ: Վերջերս երգչուհու թողարկված տեսահոլովակում հագուստի հեղինակը ես եմ:

- Ըստ քեզ, բացի գումարից, ի՞նչ է անհրաժեշտ հայկական նորձեւության ասպարեզում հաջողության հասնելու համար:

- Առաջին հերթին պետք է նպատակ լինի, որ ինքդ էլ իմանաս` ինչի համար ես դա անում: Օրինակ, հագուստների մեջ ես ինչո՞ւ եմ հենվել կոլաժային հավաքածուի վրա, քանի որ այդ հավաքածուի մեջ օգտագործել եմ հայկական հին մանրանկարներից դետալներ, խաչքարերից հանված շատ մանր էլեմենտներ, որոնք մեծացրել ու հագուտի վրա եմ ներկայացրել: Ինձ թվում է, որ մենք մեր արվետով է, որ կարող ենք դրսում ներկայանալ եւ հաստատվել, որովհետեւ դրանով ենք մենք տարբերվում:

- Արդյոք տեսնո՞ւմ ես, որ հայ դիզայներների մոտ կա տարբերվելու, կատարելագործվելու, ձեռագիր թողնելու միտում:

- Տեղաշարժ նկատվում է: Մեր հայ դիզայներները դրսում էլ կարող են իրենց արտադրանքը ներկայացնել: Դիտելով այլ երկրների ցուցադրությունները` այնքան շատ բաներ կան, որ ո՛չ դիտելու է, ո՛չ էլ կրելու են, բայց այնքան լավ են մատուցվում ու գումար ներդնում: Ամեն ինչ ճիշտ կազմակերպելու ու ներկայացնելու արդյունքն է: Ուղղակի մեզ մոտ համակարգված չէ այն աշխատանքը, որը կարի սեղանից մինչ  քայլուղի է պետք հասցնել: Պատշաճ ներկայացնել ապրանքանիշը` ամենակարեւորն է: Իսկ արդյունքում մեզ մոտ դա արվում է հենց դիզայներների անմիջական մասնակացությամբ ու միջամտությամբ:

moda3moda4- Եւ վերջում, որպես նկարիչ-դիզայներ` ի՞նչ խորհուրդ կտաս «ԶԱՐՈՒՀՈՒ» ընթերցողներին: Ի՞նչ գույների մեջ լինեն գարնան այս ջերմ ու տոնական օրերին:

- Կուզենամ հայուհիներին տեսնել սպիտակ գույնի մեջ: Ողղակի սեւ գույնն այնքան շատ էր այս մի քանի ամսվա ընթացքում, որ բաց գույներն ավելի տրամադրող կդիտվի: Եւ վերջիվերջո, խորհուրդ կտայի կրել այն հագուստը, ինչ ձեզ սազում է: Պարտադիր չէ, որ նորաձեւ եւ գեղեցիկ լինելու համար կրեք սնդուսափայլ ամսագրերի շապիկներին կամ ցուցափեխկերում ներկայացվող հագուստները:

Զրուցեց ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆԸ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ