livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Ապրիլի 1-ը տոն դարձնելը անգլիացիների «ձեռքի գործն է»: Նրանք են այս տոնի սկիզբը դրել եւ տոնում են դարեր շարունակ՝ կոչելով ապրիլյան հիմարների օր: Մենք էլ անմասն չենք մնում այդ տոնից եւ մի փոքր հայկականացնելով՝ ապրիլի 1-ը համարում ենք սուտ ասելու օր: Չնայած եթե հաշվի առնենք, թե որքան ենք խաբվում ամեն օր՝ լսելով բազմաթիվ չիրականացող խոստումներ, կարելի է համարել, որ ոչ թե օր, այլ սուտ ասելու դար է: Վերջին մի քանի տարիներին էլ Արամայիս Սահակյանի եւ Սամվել Բաղդասարյանի ջանքերի շնորհիվ օրը սկսել են կոչել հումորի օր: Իսկ թե ինչպիսի տոն է հայտնի մարդկանց համար եւ ինչքանով են նրանք մասնակից դառնում այդ տոնին՝ փորձեցինք պարզել հենց իրենցից:

 

ՆԱԻՐԱ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԸ միշտ մոռանում է այդ օրվա մասին. «Ընդհանրապես շատ միամիտ մարդ եմ, միշտ մոռանում եմ, որ դա կատակի օր է, եւ ամեն անգամ ապրիլի 1-ին ընկնում եմ աշակերտներիս թակարդը: Օրվա մեջ մի քանի անգամ կարող եմ խաբվել ու ամեն անգամ շարունակել հավատալ, որովհետեւ ամեն ինչի հավատում եմ: Ինձ ինչ ասեն, նույնիսկ ամենաանհնարին բանը, աչքերս լայն բացած ասում եմ՝ իրո՞ք, ու սկսում են ծիծաղել եւ ասում՝ էլի հավատացիք: Իմ աշակերտները հատկապես սիրում են ասել, որ իմ զուգագուլպան պատռվել է, իսկ ես միշտ մի զույգ պայուսակումս պահում եմ: Չեմ կարող շփվել այն մարդկանց հետ, ովքեր խաբում են, դա ինձ համար ամենավատ բանն է, ինչ ուզում են անեն, միայն չխաբեն»: Էմ-Փի-Ռեյ խմբի մենակատար ՍԱՐԳԻՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ համար այդ օրը ոչ թե խաբելու, այլ ծիծաղի ու հումորի օր է. «Մի քիչ դժվար է ինձ խաբելը, ինձ հետ սեւ կատակներ իմ շրջապատը չի անում, ոչ էլ ես եմ սիրում նման բաներ: Չափի մեջ կարելի է, բայց տափակ հումորներ՝ չէ: Մեր օրվա ընթացքում հումորը մենք կարողանում ենք այնքան «դոզայով» պահել, որ չենք սպասում ապրիլի 1-ին»:

Իսկ նույն խմբի անդամ ԳԻՍԱՆԵ ՊԱԼՅԱՆՆ էլ, լինելով ոչ այնքան հումորով մարդ, լավ է վերաբերում ապրիլմեկյան հումորներին. «Ցանկացած առողջ եւ լավ հումոր ցենզուրայի մեջ ինձ դուր է գալիս: Մի երկու անգամ եղել է, որ այդ օրը ստել եմ, բայց դա ստել չէ, ես փոքր տարիքից չեմ սիրել այդ խոսքը: Օրինակ՝ երեխաներին ասելուց առաջ, թե ստում է, պետք է տարբերակել ստելը հորինելուց, որովհետեւ շատ երեխաներ հակում ունեն հորինելու, քանի որ կյանքի փորձի պակաս ունեն: Նրանք սիրում են իրենց աշխարհը հորինել եւ այդ շատ հաճախ շփոթում են ստելու հետ: Մի քանի անգամ եղել է, երբ կատակի ձեւով ինչ-որ բան եմ ասել: Երբ մի բան հորինում եմ, դժվար է ստացվում ինձ մոտ այդ ժամանակ լուրջ լինել: Հիշում եմ՝ մի անգամ ինչ-որ բան ասացի մեկի մասին, բայց լուրը այնպես տարածվեց, որ երկու ժամից ինձ շատ մտերիմ մարդ զանգահարեց ու իմ ասածը ինձ պատմեց, թե այսպիսի բան է եղել: Ու ես հասկացա, որ մեր քաղաքում այդպես են տարածվում լուրերը: Ընդհանրապես աշխատում եմ զգոն լինել, չնայած չեմ սիրում մարդկանց մեջ վատը տեսնել, ընդհակառակը՝ աշխատում եմ տեսնել լավն ու գնահատել: Երբ նկատում եմ՝ մի բան այն չէ, փորձում եմ հասկանալ՝ խաբո՞ւմ են ինձ, կամ ես խաբվո՞ւմ եմ, թե՞ ոչ: Ճիշտն ասած, ինձ կարող եմ երջանիկ մարդ համարել, որովհետեւ ընդհանրապես կյանքի ընթացքում խաբողներ շատ չեն հանդիպել: Չգիտեմ, գուցե իմ զգոն լինելուց է, կամ իմ բախտը ուղղակի բերել է»:

Դերասանուհի ԱՆԻ ԲԱՅԱԹՅԱՆԻ մոտ փոքր ժամանակվանից ապրիլի 1-ը տպավորվել է որպես ստելու օր. «Ինչպես ասում է ռուսը՝ հիմարի օր, այսինքն՝ կոպիտ ասած՝ ինչքան կարող ենք հիմարացնել դիմացինին ու ինչքան կարողանանք ծիծաղ առաջացնել, այնքան հետաքրքիր է օրը դառնում: Բայց չեմ սիրում հիմար կատակներ կամ կատակներ, որոնք կարող են տխրեցնել մարդուն: Հիմնականում այդ օրը չեմ խաբում, որովհետեւ բոլորը հիշում են այդ օրը եւ չեն հավատում, բայց երբ պահը բռնացնում եմ, միանշանակ ստում եմ: Ես ունեմ այսպիսի մի կարգախոս՝ մի՛ ստիր, որ քեզ չստեն: Լինում են դեպքեր, որ շատ արագ խաբվում եմ: Քանի որ աշխատում եմ «Արձագանք» ռադիոկայանում՝ որպես լրագրող-հաղորդավարուհի, այնտեղ երբեմն համընկել է, որ այդ օրը լինեմ եթերում: Այդ օրը հետաքրքիր կատակներ ենք անում: Իսկ ընդհանրապես չեմ սիրում, ատում եմ, երբ խաբում են: Կարող է այդ պահին ներեմ, բայց երկար ժամանակ չեմ մոռանա»:

Իսկ թե ինչպես են տոնում Ռուսաստանում ապրիլի 1-ը՝ պարզելու համար կապ հաստատեցինք արդեն TV ARM RU-ի հաղորդավար ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ. «Ռուսաստանում մոտեցումը մի քիչ ուրիշ է. եթե Հայաստանում ապրիլի 1-ը խաբելու կամ հումորի օր է, ապա այստեղ ասում են Հիմարների օր: Բայց չնայած դրան՝ միեւնույն է, բոլորը հումորներ են անում ու փորձում խաբել միմյանց: Նույն տափակ հումորներն են անում, ասենք՝ աղջիկների զուգագուլպան պատռվել է, մի խոսքով՝ գրեթե նույն բանն է: Ինձ համար հասարակ օր է, ոչ մի կարեւոր նշանակություն չունի: Այդ օրը չեմ խաբում, ժամանակ չունեմ խաբելու, աշխատում եմ, չնայած եթերում հաստատ ապրիլմեկյան կատակ պետք է անեմ: Այդ օրը, բացի հումորի օր լինելուց, մեր հեռուստատեսության մեկամյակն է. ուղիղ մեկ տարի առաջ առաջին անգամ ապրիլի 1-ին եթեր դուրս եկավ TV ARM RU ալիքը, եւ այդ օրը ամբողջ եթերը տոնական է լինելու: Կյանքում շատ դժվար է ինձ խաբելը, որովհետեւ շատ եմ խաբվել ժամանակին, հիմա իմունիտետ եմ ձեռք բերել: Վերջին անգամ որ խաբվել եմ, երեկ էր, ասացին, որ այս քանի օրը աշխարհի վերջն է լինելու, հետո ճշտեցի, որ դա այդպես չէ»:

Երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԸ խոստովանում է, որ կյանքում ե՛ւ խաբել է, ե՛ւ խաբվել: Չնայած. «Միշտ ուշադիր եմ նման հարցերում: Խաբել եմ ավելի վաղ տարիքում, բայց հիմա հակված չեմ խաբելուն: Եթե ինձ պետք է ինչ-որ մեկին խաբել, ես ապրիլի 1-ին չեմ սպասում, որովհետեւ այդ օրը բոլորը գիտեն, որ ստի օրն է: Ինձ համար այն սովորական օր է: Կարծում եմ՝ սուտն ինքնին բացասական բան է, բայց կարելի է հումորով վերաբերվել այդ ամենին, քանի որ հումորը փոխում է բոլորիս կյանքը»:

Թիվ 78 դպրոցի տնօրեն ԱԶՆԻՎ ՄԻՐԶՈՅԱՆԸ ապրիլի 1-ը ընդունում է որպես հումորի օր եւ կարծում է, որ առանց հումորի մեր կյանքը պարզապես անգույն կլիներ. «Հումորը լավ բան է, ընդունում եմ այն, քանի որ առանց հումորի մեր կյանքն անգույն կդառնա»:

Դերասան, դրամատուրգ ԳԱՐՍՈՒԻ համար ապրիլի 1-ը սովորական օր է. «Կարծեմ, վերջերս ապրիլի մեկը պետականորեն համարվեց կատակի օր: Իրականում գրեթե բան չգիտեմ օրվա մասին, թե որտեղից է ծագել ու որն է հիմնական իմաստը: Երեւի Սովետական ծագում ու նպատակներ է ունեցել»: Այդ օրը ստելու ու կատակելու մասին հազիվ գտնվեց մեկը, որը անկեղծ պատասխանեց. «Ամեն օր եմ սուտ խոսում, դրա համար չեմ հիշում այդ օրը ստում եմ, թե ոչ: Մեկ-մեկ փորձում եմ կատակել, այն էլ, որպես կանոն չի ստացվում: Իմ կատակները գրելով են ստացվում… էն էլ մեկ-մեկ»: Դերասանը՝ հիշելով հեքիաթի հետեւյալ հայտնի խոսքերը «Ով Էնպես սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան», ասում է. «Եթե հեքիաթը դառնար իրականություն, ճիշտը կասեի ու թագավորության կեսը կտրվեր ինձ»: Իսկ վերջում պարզվեց, որ ԳարՍուին հեշտ է խաբելը, այսինքն՝ ինչպես ինքն է նշում հավատացնելը. «Շուտ հավատում եմ, խաբվելն ուրիշ բան է: Հավատում եմ, հետո չեմ հիշում, մոռանում եմ, որ կարողանամ շարունակել սիրել մարդկանց»:

Պատրաստեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում