may«Ես պատրաստվում եմ ամուսնանալ մայիսին...», կամ «ես ամուսնացել եմ մայիսին...»... հետաքրքիր է` երբեք չեմ հանդիպել նման արտահայտությունների: Ասես մի աննկուն նետ է խրվել հայեցի մտածելակերպի մեջ` ՉԱՄՈՒՍՆԱՆԱԼ ՄԱՅԻՍԻՆ, քանի որ ընտանիքը դժբախտ կլինի, բայց ինչո՞ւ…

Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հարցման միջոցով, որին մասնակցեցին բացառապես հենց 100 հայ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ: Բայց նախքան հարցումը, ցանկացանք պարզել` արդյո՞ք այս կանոնը կրոնական կամ բժշկական բացատրություն ունի: Գինեկոլոգ Արմեն Դավթյանն այս մասին տվեց հետեւյալ բացատրությունը.«Մայիսին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ նկատվում է հորմոնալ ակտիվություն, որը խթանում է ամուսնությանը, բայց որոշումը կլինի պահի ազդեցության տակ եւ շուտափույթ կայացված: Մայիսին ամուսնանալը չի արգելվում, բայց ցանկալի չէ»:

Սակայն Քահանա Տեր Գրիգորը հակառակ կարծիքին է. «Իհարկե պետք է ամուսնանալ. մարդիկ նախընտրում են ամուսնանալ Մեծ Պահքի շրջանում, երբ խորանը փակ է: Բայց մայիսին, երբ արդեն Քրիստոսը հարություն է առել, եւ աշխարհը ցնծում է, չգիտես ինչու չեն ամուսնանում: Սա սնահավատություն է»:

Փաստորեն գիտության համար մայիսյան ամունությունը ցանկալի չէ, իսկ եկեղեցին չամուսնանալը համարում է սնահավատություն: Լավ, անդրադառնանք հարցմանը, որի ընթացքում հնչեցին տարբեր հետաքրքիր եւ միևնույն ժամանակ զարմացնող պատասխաններ:

100 հոգուց 56-ը կարծում է, որ պետք է ամուսնանալ մայիսին. մի կին, իր մասնագիտական պատմաբանական վերլուծությունն անելով, հավելեց. «եթե միշտ հաղթել ենք մայիսին, ինչո՞ւ չամուսնանալ հենց մայիսին»: Այս ամենին հակառակ, հարցվածներից 36-ը դեմ է մայիսին ամուսնանալուն: Մի  տարեց կին էլ խորիմաստ ասաց. «Վարդն ասում է` մայիսին ես եմ բացվում, թող ոչ ոք չամուսնանա: Մենք պետք է լսենք նրան»: Մեկ այլ կին էլ իր ճիշտ հակառակ կարծիքն այսպես բացատրեց. «Հաստատ կարող եմ ասել, ՄԻ ԱՄՈՒՍՆԱՑԵՔ մայիսին, իմ փորձից եմ ասում»: Հարցմանը մասնակցած 100-ից 2-ը չգիտեին մայիս-վայիս արտահայտության մասին: Չի կարելի արագացնել կամ հետաձգել հարսանիքը, չէ՞ որ այն քո եւ քո սիրելիի միության խորհուրդն է, եւ դրա համար հարմար եւ բախտավոր են բոլոր ամիսները: Իսկ մայիսին ամուսնացող զույգերին մաղթում ենք հաջողություն, սեր եւ անսահման երջանկություն:

ՄԱՐԻԱՄ ՔԱՐԱՄՅԱՆ