livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

zangՀուշերի գրկում թողնելով հաջողված կամ չստացված ամառային արձակուրդները` սեպտեմբերյան ոգեւորությամբ դիմավորում ենք տարվա ամենառոմանտիկ եղանակին՝ աշնանը:

Իհարկե, աշնան առաջին օրվա հանդիսավոր բացումը վերապահված է Գիտելիքի օրվան, որն այն բացառիկ տոներից է, որի ո՛չ էությունն է փոխվում, ո՛չ էլ բովանդակությունը, անկախ ժամանակներից ու մարդկանց աշխարհայացքից: Հետաքրքրական է, որ, որքան էլ ասենք, թե մեծացել ենք, եւ դպրոցական զանգերն այլեւս հուզիչ չեն թվում, բայց միեւնույն է, սեպտեմբերի 1-ն իր կախարդական, լավ ու վատ հուշեր արթնացնող դպրոցական զանգերով յուրաքանչյուրիս մեջ մի ուրույն հոգեվիճակ է ստեղծում:

Այս կամ այն ասպարեզում մի շարք հայտնի հայրիկներ ու մայրիկներ այս տարի եւս սեպտեմբերի 1-ին կփայլեն ոչ թե բեմում, այլ հանրապետության դպրոցներից որեւէ մեկի մուտքի առաջ՝ սրտատրոփ սպասելով իրենց կյանքի լավագույն ստեղծագործությունների՝ փոքրիկների, դպրոցական առաջին քայլերին:

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇՓՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԶՐՈՅԻ Է ՀԱՎԱՍԱՐ»

Երգիչ ԱՐԹՈՒՐ ԻՍՊԻՐՅԱՆԻ համար այս տարի սեպտեմբերի 1-ը դարձավ կրկնակի տոն, քանի որ նրա երկու որդիները՝ Դավիթն ու Շահենը, միաժամանակ հայտնվեցին առաջին դասարանում. «Տղաներս զույգ չեն, պարզապես երկուսն էլ 2006 թվականին են ծնվել, նրանց միջեւ ընդամենը ինն ամսվա տարբերություն կա: Շատ դպրոցներում ենք եղել ու խորապես ուսումնասիրել ենք դպրոցների վիճակը Հայաստանում, ի վերջո, գտանք, որ ամենահարմարն այն դպրոցն է, որն ընտրել ենք: Իսկ տղաներս համակերպվող են, կարծում եմ` դպրոց հաճախելու հետ խնդիրներ չեն լինի»:dproc1 Ավանդական կրթություն ստացած երգիչ հայրիկը կողմ է հին կրթական համակարգին. «Գտնում եմ, որ անընդունելի է, երբ տաղանդավոր երեխաներին, ովքեր աչքի են ընկնում, 12 տարի հետո՝ դպրոցն ավարտելուն պես, միանգամից տանում են բանակ: Իսկ բանակում բոլորս էլ գիտենք` ինչ սովորել են, կմոռանան, որովհետեւ այնտեղ ո՛չ ժամանակ կա կրկնելու, ո՛չ էլ պայմաններ կան դրա համար: Այդ առումով սխալ է նոր կրթական համակարգը, թեպետ, երբ ընդունվում էին համալսարան, եւ համալսարանից էին տանում բանակ, դա էլ մի բան չէր: Բայց, այնուամենայնիվ, մինչ բանակ գնալը երկու տարի համալսարանում սովորելը ինչ-որ մի ամուր հիմք թողում էր երեխաների մեջ: Չգիտեմ` մյուս սերունդն ինչպես պետք է պայքարի դրա դեմ, որովհետեւ այն երեխաները, որոնք բարձր ինտելեկտ ունեն, գնում են բանակ ու լրիվ ուրիշ մարդ են դառնում: Ճիշտ է, բանակն անհրաժեշտ է, բայց պետք է հատուկ ուշադրություն դարձնել բացառիկ տաղանդ ունեցող երեխաների վրա, որոնք պարտադիր պետք է կրթությունը շարունակեն»: Ինչ վերաբերում է դպրոցական շրջապատին, Իսպիրյանների ընտանիքը մտահոգվելու կարիք չունի. «Մենք դա էլ ենք մտածել. ունենալով մեր երեխաների տարիքի երեխաներ ունեցող ընկերներ, լավ բարեկամներ՝ աշխատել ենք այնպես անել, որ այդ երեխաները, շարունակելով իրենց ընկերությունը, չկտրվեն իրարից եւ նույն դպրոցում, նույն դասարանում լինեն ու որեւէ խորթություն չզգան դպրոցում»:]

Ի դեպ, Ա. Իսպիրյանը երբեք տհաճությամբ դպրոց չի գնացել. «Սովորել եմ Հանրապետության հրապարակի մոտ գտնվող Եղիշե Չարենցի անվան դպրոցում: Իմ ամենալավ ընկերները դպրոցական ընկերներն են, որոնց հետ դեռ շարունակում եմ ընկերություն անել: Մինչեւ օրս էլ գնում եմ մեր դպրոց, այնտեղ շատ տաղանդավոր մարդիկ են ավարտել եւ նրանց թվում` իմ ամենասիրելի կոմպոզիտորը՝ Ռոբերտ Ամիրխանյանը, ով եղել է Ե. Չարենցի անվան դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը»: Վերջում երկու որդիներին առաջին դասարանdproc ճանապարհող հայրիկն ավելացրեց. «Ամենակարեւորը նոր սերնդի կրթությունն է, սակայն կարծում եմ, որ այսօր այդ կարեւորությունը այդքան էլ չի գնահատվում, քանի որ ունենք հեռուստաընկերություններ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի երեխաների կրթության մակարդակը շատ ցածր լինի: Հեռուստատեսության պատճառով մեր երեխաների ապագան լրիվ վտանգի տակ է դրված, եւ այդ առումով մեր պետությունը շատ մեծ անելիքներ ունի: Ուղղակի պետք է կանգնել եւ ասել՝ վե՛րջ տվեք այս խուլիգանությանը: Ինչքան էլ երեխաները դպրոցում կրթվեն, ինչքան էլ լավ մանկավարժներ ունենան, միեւնույն է, գալիս են տուն, միացնում հեռուստատեսությունն ու տեսնում այդ աղբը, որը կերակրում է ժողովրդին: Երեխաների շփման մակարդակն այսօր զրոյի է հավասար: Երբ նրանց խոսակցությունները լսում ես, պարզապես սարսափում ես, թե ինչ է լինելու մեր երկրի վիճակը»:

«ԲԱՐԴ Է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՉԳՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

dproc4«TV ARM RU» ռուսալեզու հայական հեռուստաալիքի հաղորդավար, դերասան ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նույնպես իր որդուն՝ Անրիին, առաջին անգամ ճանապարհեց դպրոց. «Սեպտեմբերի մեկից իմ տղան սկսեց հաճախել դպրոց: Իհարկե, յուրաքանչյուր ծնողի համար, դա շատ հուզական եւ կարեւոր պահ է կյանքում: Քանի որ ապրում եմ Մոսկվայում, դպրոցի ընտրության հարցը թողել էի նախկին կնոջս: Նա ընտրեց մի դպրոց, որն իր մոտեցմամբ տարբերվում է մյուս դպրոցներից: Սակայն համացանցում այդ դպրոցի մասին տեղեկություններ կարդալուց հետո հասկացա, որ եթե այն ժամանակ ընտրության հնարավորություն լիներ, ես էլ կցանկանայի այդպիսի դպրոց հաճախել: Այդ դպրոցում ավելի շատ շեշտը դրվում է երեխայի անձի զարգացման եւ ձեւավորման վրա: Հիշելով իմ դպրոցական տարիները` կարծում եմ` ճիշտ կլինի, որ երեխան ինքն ընտրի, թե որ առարկան է նրան ավելի շատ դուր գալիս, եւ որ ուղղությամբ է ուզում խորանալ: Օրինակ, ինձ ինչքան էլ ստիպում էին դպրոցում քիմիա սովորել, միեւնույն է, չսովորեցի, ու միայն քիմիայի դասերի հետ կապված վատ հիշողություններ մնացին: Իսկ այս դպրոցում, որն Անրին սկսել է հաճախել, հնարավորություն կա այդ «նեգատիվը» փոխարինել  օգտակար «պոզիտիվով»: Ինչ վերաբերում է օտար լեզուներին, կարծում եմ` էական չէ, թե դպրոցում ինչ լեզուներ են դասավանդելու, ամեն դեպքում երեխան անպայման պետք է հավելյալ պարապմունքներ ունենա: Ես շատ լավ անգլերեն գիտեմ, եւ այդ գիտելիքներն ինձ դպրոցը չի տվել, չնայած որ այն անգլիական թեքումով էր»: Իսկ, ըստ հաղորդավար, դերասան հայրիկի, Անրին արդեն համակերպվել է դպրոց հաճախելու մտքի հետ. «Ինձ թվում է` համակերպվել է, չնայած ի՞նչ համակերպվի. չեմ կարծում, որ իր համար այս պահին մանկապարտեզի եւ դպրոցի միջեւ ինչ-որ տարբերություն կա: Այ, երբ որ մի քանի շաբաթ կհաճախի դպրոց, այդ ժամանակ պարզ կլինի` դուրը կգա, թե՞ ոչ: Այն երեխաները, ովքեր մանկապարտեզ են հաճախում, հեշտ են ընտելանում նաեւ դպրոցում, բարդ է մանկապարտեզ չգնացող երեխաների համար»: Պարզվում է` Ա. Մարգարյանի համար 12-dproc3 ամյա կրթությունը մի քիչ անհասկանալի է. «Կարծում եմ` այդ ամենն արված է միայն այն պատճառով, որ 90-ականներին ծնելիությունը քիչ էր, եւ եթե հիմա այդ օրենքը չընդունեին, դպրոցները կիսադատարկ կլինեին: Ուրիշ իմաստ չեմ տեսնում»: Ոչ վաղ անցյալում դպրոցական եւ համալսարանական շրջապատից դուրս եկած հայրիկն իր որդու համար հանգիստ է. «Դպրոցական շրջապատը, իհարկե, շատ նուրբ եւ վտանգավոր երեւույթ է, բայց դե, ես էլ եմ անցել այդ երեւույթի միջով, ես էլ եմ կռիվ արել դպրոցում, ծեծել եմ, ծեծվել եմ եւ այլն: Կարծում եմ` տղայի համար նորմալ է, ասեմ ավելին՝ անհրաժեշտ է»: Իսկ անդրադառնալով իր դպրոցական տարիներին` Արման Մարգարյանը հիշեց վատ ուսուցիչներին ու իրեն սիրահարված դասընկերուհիներին. «Իմ դպրոցական տարիներին շատ հիշարժան դեպքեր են եղել, բայց կհիշեմ երկուսը. Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ դպրոցականներով փոխանակվելու ծրագիր կար: Ես հանձնեցի դրա համար պահանջվող բոլոր քննությունները ու արդեն պատրաստվում էի մեկնել Նահանգներ, մնում էր միայն մեր թիվ 122 դպրոցից ընկեր Մ. Մալախյանի ստորագրությունը: Վերջինս էլ «շատ բարի» կին էր ու չդրեց այդ ստորագրությունը... Երբեք չեմ մոռանա նրա

«լավությունը»: Հիշում եմ նաեւ, երբ դպրոցական տարիներին մի աղջկա հետ իջել էինք նկուղ (համբուրվելու տեղ էինք ման գալիս), մեկ էլ մի դուռ տեսանք, կոտրեցի կողպեքն, ու մտանք: Ներսում տեսա, որ այդտեղ հին մատյանների արխիվն է, եւ գտա հորս մատյանը (նա էլ էր ժամանակին նույն դպրոցում սովորել)»: Ամփոփելով սեպտեմբերյան թեման` երիտասարդ հայրիկը դպրոցական տարիքի երեխա ունեցող ծնողներին զգուշացնում է. «Եթե, Աստված չտա, եւ ձեր երեխաները վաղը մեծանան ոչ արժանի զավակներ, մեղքը դպրոցի վրա չգցեք, այլ ձեր ընտանիքներում լավ դպրոց կազմակերպեք»:

 

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ, ՔԱՆ ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Իսկ Հայկ Առուստամյանը՝ հեռուստահաղորդավար, դերասան ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ որդին, այս տարվանից կսովորի Վազգեն Առաջինի անվան թիվ 168 միջնակարգ դպրոցում, այս մասին վերջինս նշեց. «Հետաքրքրվել եմ ուսուցչական կազմի մասին, նաեւ վերջերս է դպրոցի շենքը վերանորոգվել, ու լավ պայմաններ են ստեղծվել երեխաների համար»: Ի տարբերություն շատ փոքրիկների, Ս. Առուստամյանի որդին մեծ ոգեւորությամբ է սկսել հաճախել դպրոց. «Դե, մինչեւ դպրոցը երկու տարի մանկական քոլեջ է գնացել, ու իր մոտ միշտ ուսման հանդեպ սեր եղել է»: «Զարուհու» զրուցակից երրորդ հայրիկը նույնպես բացառություն չէր եւ 12-ամյա կրթության վերաբերյալ համաձայնվեց մյուս ծնողների հետ. «Ես դա մի տեսակ չեմ կարողանում ընդունել ու չեմ ընդունում նաեւ գնահատականների նոր միավորները: Համաձայնեք, որ 5 բալանոցի մեջ մի տեսակ

պարզություն կար»: dproc2Որպես ծնող, հեռուստահաղորդավար` հայրիկը բազմաթիվ մտահոգություններ ունի. «Դրանք շատ են՝ սկսած դպրոցի շեմից մինչեւ ուսուցչական կազմ, աշակերտներ, ուսումնական ծրագիր… Իմ կարծիքով` ներկայիս նոր սերնդի նկատմամբ ծնողական ուշադրությունը ավելի մեծ պիտի լինի, քանի որ շատ են սխալ ճանապարհները՝ հաշվի առնելով նաեւ դարի անհրաժեշտությունն ու, միեւնույն ժամանակ, հիվանդությունը՝ համակարգիչն ու համացանցը: Մեկ-մեկ, երբ լսում եմ, թե դպրոցական երեխաները հավաքված ինչերից են խոսում ու ինչ ձեւով են խոսում, մտահոգվում եմ, որ մեզ համար` որպես ծնող, ավելի դժվար է լինելու, քան մեր ծնողների համար»:

Բնականաբար, ինչպես Արման Մարգարյանը, այնպես էլ Սուրեն Առուստամյանը, լինելով գրեթե նույն ժամանակաշրջանի շրջանավարտներ, դպրոցական հիշողությունների հետ կապված չեն մոռացել անհաջող ուսուցչուհիներին. «Ցավոք սրտի, դպրոցի հետ կապված հիշողություններս այնքան էլ հաճելի չեն: Լավ հիշում եմ ուսուցչիս խոսքերը, թե մոտենում է ուսուցչի տոնն, ու ինչ նվեր է նա ուզում, որ մենք իրեն առնենք: Հիշում եմ նաեւ, որ ամիսը մի քանի անգամ ուսուցչիս «հրամանով» ինչ-որ գումարներ էինք հավաքում, որ անպայման պետք է իր մոտ պարապեինք... Ու նմանատիպ այլ վատ հուշեր ունեմ»: Նա որպես մաղթանք ասաց. «Ցանկանում եմ բոլոր դպրոցականներին ուսման մեջ հաջողություններ, եւ թող դպրոցի զանգն իրենց համար մշտապես հաճելի լինի»:

«Զարուհին» նույնպես շնորհավորում է բոլոր փոքրիկներին, որոնք առաջին անգամ բախեցին դպրոցի դռները, եւ ցանկանում ուսման մեջ հաջողություններ` հատկապես մաղթելով, որ իրենց դպրոցական հիշողություններում մնան միայն լավ ու բարի ուսուցիչները:

Նյութը պատրաստեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում