livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

 

Ինչքան հնարավոր է՝ երկար երեխա մնացեք

Չնայած մայիսյան հաղթանակները վերածվեցին սպորտային եւ շոուբիզնեսյան պարտությունների, բայց, այնուամենայնիվ, հաղթական քայլերով առաջ ենք գնում ու դիմավորում հունիս ամիսը: Մինչ մեծահասակներն արդեն սկսում են պլանավորել իրենց հանգիստը, ուսանողներն էլ ակտիվ կերպով պատրաստվում են քննություններին, փոքրիկների համար ամիսը սկսվում է տոնով: Հունիսի 1-ին ինչպես տասնյակ երկրներում, այնպես էլ Հայաստանում նշում են Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Առաջին անգամ այս տոնը նշել են 1925թ. Շվեյցարիայում: Իսկ 1949թ. Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան ընդունել է այն նշելու որոշում, որն արժանացել է ՄԱԿ-ի հավանությանը:

 

Երեւի թե Երեխաների պաշտպանության օրն այն բացառիկ տոներից է, որը ոչ ոք դեմ չէ նշել: Ավելին, յուրաքանչյուրը ձգտում է ինքն էլ մանկանալ եւ իր փոքրիկի համար անել ամեն ինչ, որպեսզի օրը դառնա անմոռանալի: Տոնի մասին մեր հարցումները ցույց տվեցին, որ հանրությանը հայտնի մայրիկներն ու հայրիկները, կարոտով հիշելով իրենց մանկությունը, դժգոհում են այսօրվա նորաթուխ սերնդից:

Երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԻ համար հունիսի 1-ը, կարելի է ասել, եռակի տոն է, քանի որ այդ օրն է ծնվել նրա որդին` Կարենը, ինչպես նաեւ այս տարի կլրանա Երեխաների պաշտպանության օրվան նվիրված նրա տեսահոլովակի մեկամյակը: Երգիչը, ուրախությամբ հիշելով տեսահոլովակի նկարահանումները, ասում է. «Շատ կարեւոր երգ է, որովհետեւ երեխաներին է վերաբերվում ու առաջին հերթին նվիրված է իմ տղային: Ուրախ եմ, որ երգը սիրվեց»: Անդրադառնալով երգչի մանկությանը պարզեցինք, որ վերջինս այսօր էլ է նույնպիսի հետաքրքրությամբ դիտում մուլտֆիլմեր. «Նոր մուլտֆիլմերից կառանձնացնեմ «Թոմը եւ Ջերին»: Մուլտեր շատ եմ սիրել, հիմա էլ որ ցուցադրում են, կլանված նայում եմ, նույնիսկ երեխայիցս ավելի ուշադիր»: Հեքիաթների մասին խոսելիս հիշեց տատիկին. «Տատիկս մի քանի հեքիաթ գիտեր, բայց ամեն օր պատմում էր ինձ, ու, կարելի է ասել, հոգնել էի, նոր հեքիաթ էի ուզում լսել, բայց նա ամեն անգամ այնքան յուրովի էր մատուցում, որ հետաքրքիր էր դառնում: Տատիկս այնքան հետաքրքիր էր պատմում, որ նույնիսկ մեծահասակներն էլ էին սիրով լսում, դա էլ երեւի իր շնորհքն էր: Հիշում եմ, հաճախ էր պատմում «Հենզելն ու Գրետելը»»: Դ. Թուջարյանը ցավում է, որ այսօր բակերում չեն խաղում իր մանկության խաղերը. «Շատ սիրել եմ ֆուտբոլ, գործագործ, չլիկ դաստա, յոթ քար, գետնից բարձր խաղալ: Այսօր միայն ֆուտբոլն է պահպանվել»: Իր սերնդի եւ այժմյան մանուկներին համեմատելով երգիչը նշում է. «Այն ժամանակ, երբ Սովետական Միությունը դեռ չէր փլուզվել, ամեն ինչ ավելի պարզ էր, հզոր ու հաստատուն: Մենք շատ-շատ բաներ չենք իմացել, գոյություն չուներ համացանց, իսկ հեռուստատեսությամբ ցուցադրում էին միայն այն, ինչ հեռուստադիտողի վրա ծանր ազդեցություն չէր թողնում: Իսկ այսօր երեխաները տեսնում են ե՛ւ սպանություն, ե՛ւ գողություն, ինչը վատ է անդրադառնում նրանց հոգեկան աշխարհի վրա: Այսօր երեխաները ավելին են տեսնում ու հասկանում: Օրինակ` այսօրվա 4-5 տարեկան երեխան գիտի բաներ, որոնց մասին տեղեկացել եմ 10-13 տարեկանում: Անկախությունից հետո շատ բան է փոխվել, եւ վստահ եմ, որ ավելի լավ է լինելու, ու մեր երեխաներն ավելի ապահով կլինեն»:

Երգչուհի ԱԻԴԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, համակարծիք լինելով Դավիթ Թուջարյանի հետ հեքիաթի հարցում, իր մանկության հեքիաթներից եւս առանձնացրեց Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը». «Ընդհանրապես մինչեւ օրս, կարելի է ասել, դուրս չեմ եկել այդ տարիքից եւ հաճույքով դիտում եմ մուլտեր ու լսում հեքիաթներ, սիրում եմ նաեւ կարուսել նստել: Հեքիաթներ ընթերցում եմ փոքրիկիս համար, ու ինձ համար ուրախալի է, որ նա իր շուրթերով իր հեքիաթն է ստեղծում»: Երգչուհին, անկեղծանալով, ասաց, որ փոքր տարիքում տղայական խաղեր է սիրել. «Ավելի շատ տղաների հետ էի սիրում շփվել: Հիշում եմ` հալամուլա էինք խաղում, բռնոցի, յոթ քար, գնդակով 21 էինք խաղում: Մի խոսքով, շատ հետաքրքիր էր: Հորինել էինք հանցագործներ եւ ոստիկաններ խաղը, թիմերի էինք բաժանվում, ու հանցագործները փախչում էին, ոստիկանները` բռնում: Հետո ամեն մեկս մեր տանից ուտելիք էինք բերում եւ բակում օրը ամփոփում խնջույքով: Այսօր երեխաները օգտվում են միայն մի քանի կարուսելներից եւ բավարարվում դրանով»: Պարզվում է, որ Ա. Սարգսյանը չարաճճի երեխա է եղել. «Դե, քանի որ տղաների հետ էի խաղում, կռվարար էի: Ասենք` «քիթս կմտցնեի» ոչ ինձ համապատասխան գործերի մեջ: Անգամ երբ եղբայրներս ինչ-որ ակտիվ վեճի մեջ էին լինում, մեկ էլ տեսնում էին, իրենց կողքին կանգնած եմ, ու շատ էին նախատում, թե` աղջիկ ես վերջիվերջո, քեզ պետք է աղջկավայել պահես»: Այսօրվա երեխաների մասին ավելացրեց. «Ինքս անհոգ ու լիարժեք մանկություն եմ տեսել, իսկ այսօրվա երեխաները՝ չգիտեմ: Երբ արտերկրում տեսնում էի, թե նրանց երեխաներն ինչպես են միանգամից հասունանում, ասում էի` ինչ լավ է, որ մեր երեխաները մանկություն ունեն: Իսկ այսօր կարելի է ասել, որ աստիճանաբար զրկվում են այդ մանկությունից: Միգուցե պատճառներից մեկը նաեւ ինտերնետն է: Օրինակ` մեր մանկության տարիներին փոքրիկները երբեք մեծահասակների երգեր չէին երգում, իսկ այսօր երգում են ինչ ասես»:

Ի տարբերություն Աիդա Սարգսյանի, «TV ARM RU»-ի հաղորդավար ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ այդքան էլ գոհ չէ իր մանկությունից. «Այսօր երեխաները լույս ու ջուր ունեն: Երբ փոքր էի, ցուրտ ու մութ տարիներն էին, ու չնայած ծնողներսաշխատում էին ինձ հնարավորինս լավ պահել, միեւնույն է, բարդ ժամանակներ էին: Բացի մոմից, «կերոսինկայից», ամերիկյան կաթի փոշուց, պեչենիներից ու 48 համարի ավտոբուսից, որը երեք ժամը մեկ Հանրային հեռուստատեսություն էր գնում, քիչ բան եմ հիշում: Հիմա երեխաները, փառք Աստծո, այդ ամեն ինչը չեն տեսնում, ու պետք էլ չի, որ տեսնեն»: Համեմատելով հայ եւ ռուս երեխաներին` հաղորդավարը նշեց. «Ռուս երեխաները ավելի կրթված են, ավելի շատ բան գիտեն նույն տարիքում, ինչ հայ երեխաները: Բայց մյուս կողմից, նրանք, ինչպես նաեւ երեւի ողջ ազգը մի տեսակ սառն են: Վերջերս հյուր էի, որտեղ կային երկու ռուս երեխա, ինձ հետ միասին ընկերոջս երեխան էր, որը կիսով չափ հայ է: Ռուս երեխաները հանգիստ, խելոք, տեղից չէին շարժվում, մամային-պապային լսում էին, իսկ մեր հայ երեխան կյանքներս կերավ, մի վայրկյան չթողեց հանգիստ նստենք, բայց դա լավ էր: Երեխան պետք է աշխույժ լինի»: Ըստ Արման Մարգարյանի` այսօր երեխաները պաշտպանված չեն, եւ դա ապացուցեց օրինակով. «Կուզենայի մտածել, որ պաշտպանված են, բայց վերջերս մի քանի օրով Երեւանում էի ու Օպերայի հարեւանությամբ շատ տհաճ տեսարան տեսա: Մոտավորապես գիշերվա 3-ն էր, մինչեւ 10 տարեկան մի խումբ երեխաներ ծխախոտով ու բարձր գոռալով թափառում էին, իսկ մեր «սիրելի» ոստիկանությունը ավտոմեքենայով անհոգ կողքներով անցնում էր: Այսքանը տեսնելով` կարող եմ ասել, որ մեր երեխաները պաշտպանված չեն: Լավ է, որ հիմա երեխաները ավելի շուտ են զարգանում ու մեծանում, չնայած դա էլ հենց վատ կողմն է»: Հաղորդավարը իր մանկական չարաճճիություններից հիշեց երկուսը. «Ինչ ասես չէի անում, շատ աշխույժ երեխա էի: Մի անգամ կողքի շենքի աղբն էի վառել, ու քիչ էր մնում ամբողջ շենքը վառվեր: Սիրում էի դիմացի հարեւանին ջրային «պիստալետով» ջրել: Մեր բակում կար մեծ սպորտհրապարակ: Թենիս էինք պարապում, բասկետբոլ, իսկ բակի խաղերից հալամուլա, բռնոցի, էշ-մլիցա էինք խաղում: Ձմեռն էլ, երբ սառույց կար` հոկեյ: Հիմա երեխաները համակարգիչ են խաղում, բակ ո՞վ է իջնում»: Չնայած ասածին, երիտասարդ հայրիկը ինքն իրեն հակասեց. «Շատ ծիծաղելի է, ասացի` երեխաները բակի փոխարեն համակարգիչ են խաղում, բայց, դե, ես էլ տղայիս համակարգիչ եմ գնել հունիսի 1-ի կապակցությամբ»: Վերջում Ա. Մարգարյանը նշեց այն հատկանիշները, որոնք կարեւորում է իր փոքրիկի դաստիարակության հարցում. «Առաջին հերթին` ճիշտ մարդկային արժեքներ, բարություն (բայց ոչ «հարիֆություն»), պատիվ, հարգանք մեծերի նկատմամբ, տղամարդկություն»:

Իսկ երգչուհի ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆԸ գտնում է, որ երեխաները պաշտպանված են ավելի, քան տարիներ առաջ. «Այսօր երեխաների նկատմամբ ուշադրությունը ավելի մեծ է: Կարծում եմ` այսօր երեխաները շատ ավելի լավ գիտեն իրենց իրավունքները, վստահ են ու պաշտպանված: Այսինքն` գիտեն` ինչ են ուզում այս կյանքից, ինչպես են ուզում ապրել եւ ինչպես են ուզում, որ իրենց վերաբերվեն, շատ ավելի ինքնուրույն են»: Չնայած ժամանակակից երեխաներն այսօր շատ հետաքրքրություններ ունեն, բայց, այնուամենայնիվ, երգչուհու երեխաները սիրով լսում են մայրիկի կարդացած հեքիաթները. «Գրեթե ամեն երեկո պարտադիր կարդում եմ կամ պատմում հեքիաթներ: Գուցե այսօր երեխաները ավելի շուտ են մեծանում ու ինքնուրույն դառնում, բայց, միեւնույն է, երեխա են, եւ հեքիաթը, մամայի գրկում լինելը չեմ կարծում, որ մի օր կվերանա կամ կփոխվի: Յուրաքանչյուր երեխա միշտ էլ սիրո եւ ուշադրության կարիք ունի: Հեքիաթ պատմելը այդ փաստը չէ միայն, որ իրենք նոր հեքիաթ են լսում, այլ այն, որ մաման կամ պապան իրենց հետ նստած խոսում են, ինչ-որ բան են կարդում: Ինչպես աղջիկս է ասում`. «Մամա, սիրում եմ քո հետ բլբլալ»: Դա է կարեւոր»: Հայտնի փոքրիկի հայտնի մայրիկը միշտ զգոն է դստեր նկատմամբ. «Հիմա շատ ավելի ուշադիր պետք է լինեմ իր նկատմամբ, որովհետեւ ճիշտ ճանապարհից շեղվելու շանսերը իր մոտ ավելի շատ են, քան մեկ ուրիշի: Դրա համար ուշադրությունը իր հանդեպ շատ ավելի մեծ է մեր տանը, որպեսզի սովորի ժամանակին, ամեն ինչ հասցնի ու հասկանա, որ դա ժամանակավոր է»:

Մենք էլ մաղթենք մեր բոլոր հայրիկներին ու մայրիկներին երջանկություն, իսկ փոքրիկներին` անհոգ ու պաշտպանված մանկություն: Եվ, ինչպես ասում է հաղորդավար Արման Մարգարյանը, «Ինչքան հնարավոր է` երկար երեխա մնացեք»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


ԵՌԱԳՈՒՅՆՆ ԷԼ ՈՒՆԵՑԱՎ ԻՐ ՏՈՆԸ


Հունիսի 15-ին մեծ շուքով նշվում է ՀՀ պետական դրոշի տոնը: Թե ինչո՞ւ հենց հունիսի 15-ին, շատ պարզ է. 2006թ. այդ օրը ընդունվեց «ՀՀ դրոշի մասին» օրենքը: Այս տոնը նպատակ ունի սեփական երկրի պետական խորհրդանիշների նկատմամբ բարձրացնել հարգանքի ինքնագիտակցությունը մեզանում:

Չնայած մեր հայկական դինաստիաների դրոշները աչքի էին ընկնում արծիվների ու վիշապների պատկերներով, սակայն մեր Առաջին հանրապետությունը ընտրեց եռագույն` կարմիր-կապույտ-ծիրանագույն հավասար հորիզոնական շերտերից բաղկացած պաստառը: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատեւման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության եւ ազատության համար: Կապույտը խորհրդանշում է հայ ժողովրդի` խաղաղ երկնքի տակ ապրելու կամքը: Ծիրանագույնը` հայ ժողովրդի արարչական տաղանդը եւ աշխատասիրությունը: 70 տարի լինելով ռուսական կայսրության դրոշի ներքո, կորցրեցինք Եռագույնը: Իսկ Երրորդ հանրապետության հռչակումով հետ վերադարձրինք: Այսօր Եռագույնը մեր պետական խորհրդանիշների շարքում է եւ հպարտ ծածանվում է ի սեր անկախ Հայաստանի:

Տոնե՞լ, թե՞ ոչ` յուրաքանչյուրի իրավունքն է, բայց մի ողջ օր դրոշները ծածանելուց հետո երեկոյան պետք չէ տրորել դրանք` աղտոտելով մեր ու ձեր քաղաքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

{smooth-scroll-top}

 

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում