livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

Vano Թվում է, թե գրադարավարների աշխատանքից էլ ավելի հեշտ աշխատանք չկա. ամբողջ օրը գրքերի մեջ նստած կարդում են ու գիրքը հրամցնում հասարակությանը: Բայց, արի ու տես, որ դա ամենեւին էլ այդպես չէ: Նախկին քաղաքապետ, ՆԳ նախարար ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ կինը՝ Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն, գրադարանների ասոցիացիայի նախագահ ՌՈՒԶԱՆ ՏՈՆՈՅԱՆԸ «Զարուհու» հետ զրույցում խոսելով գրադարանների ու գրքերի մասին, նաեւ ներկայացրեց, թե որքան անուշադրության են մատնված այսօր գրադարանավարները:

-Հոկտեմբերի 7-ին նշվեց գրադարանավարի օրը: Տիկին Տոնոյան, այսօրվա գրադարանավարն ի՞նչ խնդիր ունի:

- Միայն ու միայն աշխատավարձի: Այսօր հանրապետությունում ամենացածր աշխատավարձն են նրանք ստանում:

- Թվում է, թե նրանք աշխատանք չեն կատարում, ամբողջ օրը գրքերի մեջ են:

- Այո, բայց գրքերի մեջ թվում է, թե ամենահեշտն է: Բայց ամենաբարդ եւ դժվար աշխատանքն է գրքերի հետ, գրքի փոշին արդեն բավական է: Եվ հետո, ի վերջո օրինակ, մանկավարժը մինչեւ 2-ն է դպրոցում մնում, բայց նրա միջին աշխատավարձը գիտեք որքան բարձր է: Գրադարանավարն ութ ժամ աշխատում է եւ նույն մանկավարժի գործառույթներն է իրականացնում: Բայց, միջին աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ: Այսօրվա գրադարանավարը ուշադրության կարիք ունի, պետության եւ բոլորի կողմից: Որովհետեւ հարգանքի արժանի մասնագիտություն է եւ բարձր աշխատավարձի կարիք ունի:

- Նաեւ ուշադրության կարիք՝ ոչ միայն տոնի օրը:

- Այո, բայց տոնի օրն էլ այդքան ուշադրության չենք արժանանում: Օրինակ, նույն ուսուցիչների տոնը բավականին շուքով նշվում է հանրապետության բարձրաստիճան այրերի մասնակցությամբ, նշվում է դրամական եւ նյութական պարգեւներով ու ամեն տեսակի կոչումներով: Բայց, գրադարանավարը շատ ավելի փոքրիկ  ուշադրության է արժանանում, ոչ ոք չի հիշում: Միայն Մշակույթի նախարարությունն է հիշում եւ վերջ: Գրադարանավարն ամբողջ օրը գրքերի մեջ կորչում է եւ մոռանում է իր մասին:

- Իսկ այսօր գրադարանում մեր ժամանակակից գրողների հետ կապ կա՞, քանի որ նրանցից շատ քչերն են հայտնի:

vano1- Շատերը չեն ճանաչում ժամանակակից գրողներին, չեն կարդում նրանց ստեղծագործությունները: Մեր ամենօրյա աշխատանքի հիմքում ընկած է նոր գրքերի շնորհանդեսները, ժամանակակից եւ արդեն բավականին տարիքն առած գրողների հետ հանդիպումները: Կարող եմ ասել, որ գրեթե ամեն օր իրենք այստեղ են եւ երեխաներին բախտ է վիճակվում իրենց հետ շփվել, ծանոթանալ, նրանց ստեղծագործությունների հիման վրա տարբեր միջոցառումներ, թատերականացված ներկայացումներ բեմադրել գրադարանում, ինչը հրաշալի առիթ է ժամանակակից գրողին ճանաչելու: Մեր գրադարանը հաջորդ տարի կդառնա 80 տարեկան եւ բավականին լավ ավանդույթներ ունեցող գրադարան է եղել դեռեւս խորհրդային ժամանակաշրջանից: Այդ ավանդույթները պահպանվել եւ այսօր բազմապատկվել են: Որպեսզի ավելի հեշտ եւ ակտիվ լինի ընթերցողի հետ շփումը տարբեր տարիքային խմբերի համար գործում են առանձին սրահներ: Ի լրումն դրա, գործում է ազատ զբաղմունքների սրահ, որտեղ երեխան կարող է պարզապես խաղալ եւ հանգստանալ: Նաեւ ունենք խմբակներ, որտեղ արդեն դասերից կամ ընթերցանությունից հետո երեխան իր ազատ ժամանակն է անցկացնում, պայմանական խաղի միջոցով ձեռք է բերում գիտելիք: Ունենք մեծերի եւ փոքրերի համար նախատեսված թատերական երկու խմբակ, տիկնիկային, ձեռքի աշխատանքների, նկարչական խմբակներ: Թատերական խմբերը մասնակցում են տարբեր քաղաքային մանկապատանեկան փառատոներին: Ամեն ինչ փորձում ենք անել երեխաների առօրյան հետաքրքիր դարձնելու նաեւ երեխաներին փողոցից կտրելու ու այդ մեթոդով գիտելիք փոխանցելու համար:

- Շատ է խոսվում, որ երիտասարդությունը գիրք չի կարդում եւ գրադարան են գնում այն ժամանակ, երբ հանձնարարվում է որեւէ բան կարդալ:

- Դե հանձնարարվում է, որ կարդան: Մարդը ուտում է այն ժամանակ, երբ սոված է: Հիմա կարդում է այն ժամանակ, երբ հանձնարարել են, ուրեմն պիտի գա պարտադիր կարդա: Գրադարան ոչ ոք ստիպողաբար չի գալիս: Մի օր գնացեք ազգային գրադարան, տեսեք այնտեղ ընթերցասրահներում տեղ չկա նստելու: Իսկապես փաստ է, իհարկե կան նաեւ չընթերցող երիտասարդներ, նաեւ շատ լավ երիտասարդություն, որոնք որ ընթերցանության սիրահար են: Ուղղակի այդ ամբողջը համակարգված չէ, եւ այսօր դա պետության կամ Կրթության նախարարության խնդիրն է: Ամեն ինչ պետք է համակարգվի, կամաց-կամաց են սկսել դա անել: Մենք՝ հայերս, շատ լավ սովորույթ ունենք, սիրում ենք ջնջել մի բանը եւ նորից հեծանիվ ստեղծել: Այն ամեն ինչ համակարգված ունեինք 70 տարիների ընթացքում միանգամից ջնջեցինք, այնինչ կարող էինք ինչ-որ բաներ պահպանել: Խոսքս կրթական ծրագրերի մասին է: Միանգամից գլխիվայր ամեն ինչ փոխվեց, այն կառույցները, որոնք կարողացան դա պահպանել, այսօր զարգացրեցին եւ արդեն կամաց-կամաց վերադառնում է: Մի ժամանակ ընդհանրապես կապը կտրվեց գրքի հետ, արտադասարանային ընթերցանության ծրագրերը, որոնք ամբողջը Կրթության նախարարաությունն էր համակարգում, չկար, հիմա նորից վերականգնվում է:

- Տիկին Տոնոյան, այսօրվա հայուհու կերպարը կարո՞ղ եք բնորոշել:

- Այսօր ամբողջ բեռը իրենց ուսերին է: Ընդհանրապես, ես կնոջն ուրիշ տեսակ եմ պատկերացնում, կուզենամ, որ միշտ ուշադրության կենտրոնում լինի, միշտ սիրված լինի, ինչն այսօր, ցավոք, այդքան էլ չկա: Այսօր շատ են խոսում գենդերային հավասարության մասին, ինչն ինձ համար անհասկանալի է: Այնքան խոսեցին գենդերային հավասարության մասին, որ այսօր տղամարդիկ չեն զգում կնոջ եւ տղամարդու տարբերությունը: Իմ ժամանակներում այլ էր, իսկ այսօրվա այդ հավասարությունն ինձ համար շատ տհաճ է: Շատ են հավասարվել դրա համար հարգանքը կնոջ հանդեպ բավականին ցածր է: Ես շատ դեպքերում չեմ ընդունում, երբ կանայք շատ բարձր պաշտոններ են զբաղեցնում՝ նախագահ, վարչապետ կամ ԱԺ պատգամավոր: Հայ կնոջ մասին է խոսքը, իհարկե, բացառություններ լինում են:

vano2- Դուք էլ մի ամբողջ գրադարան ենք ղեկավարում: Դժվար չէ՞:

- Ընդհանրապես կանանց հետ շատ դժվար է, ես դա չեմ թաքցնում: Դրա համար ինքդ այլ բաներ զոհաբերում ես, ցավոք: Ընտանեկան խնդիրներ, հարցեր կան, երեխաների հանդեպ ուշադրությունը, հետո բնավորության գծեր ես ձեռք բերում: Օրինակ, ինքս զգում եմ իմ մեջ այդ փոփոխությունները: Ընտանիքում էլ ես արդեն ղեկավար դիրքերից լինում: Ինձ անընդհատ ասում են այդ մասին: Խեղճ տղաս էլ է ասում դա, եւ ես շատ վախենում եմ, որ ինքն արդեն կսովորի դրան եւ մի գեղեցիկ օր այդպիսի ղեկավար կնոջ հետ էլ կամուսնանա: Այսինքն մեր հասարակության մեջ է դժվար, որովհետեւ հայերը այդ սահմանները չեն տարբերում: Հայերի հետ շատ դժվար է աշխատելը: Ընդհանրապես մենք ծույլ ժողովուրդ ենք, անհատների ժողովուրդ ենք, ավելի շուտ մենք ծայրահեղությունների ազգ ենք, դրա համար շատ դրական եւ բացասական կողմեր ունենք:

- Իսկ խի՞ստ տնօրեն եք:

- Դե փաստորեն՝ այո, ձայնս հազվադեպ է բարձրանում, բայց խիստ եմ, այսինքն՝ պահանջկոտ: Ուզում եմ, որ ամեն մեկն իր գործն անի, բայց, երբ որ պիտի կանգնես ինչ-որ մեկի գլխին, որ այդ աշխատանքն անի... Ես փոքր բանից կարող եմ պայթել: Ինչքան ուզում է փորձ ունենա, իր գործառույթներն անգիր իմանա, ուղղակի մարդու տեսակ է, որը ունենում է  աշխատելու այդ ջիղը կամ էլ՝ ոչ:

- Մոտավորապես քանի՞ կին աշխատող ունեք գրադարանում, նրանց հետ հե՞շտ է աշխատելը:

- Դուք ինձ հարցրեք, թե քանի տղամարդ աշխատող ունեմ, ավելի հեշտ կլինի: Աշխատակազմը 130  է, որից 10-ը տղամարդ, իսկ 110-ը կին: Բայց փորձում ենք լեզու գտնել:

Զրույցը՝

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում