livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է, որը գալիս է դեռեւս նախաքրիստոնեական ժամանակներից: Այսօր այն պահպանելով իր էությունը, սրբագրվել է քրիստոնեությամբ եւ եկեղեցին տոնում է Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը: Վարդավառի համն ու հոտը կազմում է համատարած ջրցանությունը՝ հաշվի չառնելով ո՛չ տարիք, ո՛չ սեռ, ո՛չ էլ հասարակական դիրք: Այս տարի վարդավառը տոնվում է հուլիսի 31-ին: «Զարուհի» հանդեսը եւս անտարբեր չգտնվեց եւ «Ջրաշխարհում» բացառիկ ֆոտոշարքով նշեց Վարդավառը:

 

Մինչ ֆոտոշարքն սկսելը, երգիչ ԴԱՎԻԹ ԹՈՒՋԱՐՅԱՆԸ խոստանալով, որ մեծ հաճույքով կջրի Նարեկ Բավեյանին, տոնի մասին ասաց. «Մանկուց էլ սիրել եմ Վարդավառը, շատ հետաքրքիր ու առանձնահատուկ տոն է, որը դարեր շարունակ նշվում է: Ինձ հենց ջրելու պահն է շատ դուր գալիս: Միայն չեմ սիրում, որ այդ օրը հագնված պատրաստ տեղ ես գնում, մեկ էլ ճանապարհին ջրում են ու ստիպված հետ ես վերադառնում տուն: Հիշում եմ՝ մի անգամ մոռացել էի, որ պետք է ավտոմեքենայի ապակին փակ պահեմ ու արդյունքում ամբողջ ավտոմեքենայի մեջ ջուր էր, ես ու մեքենայի ժողովուրդն էլ լավ թրջվեցինք: Միշտ այն բակում, որտեղ ծնվել, մեծացել եմ, մասնակցել եմ տոնին: Այդ հիշողություններն ինձ ստիպում են, որ հետ վերադառնամ բակ ու Վարդավառին մասնակցեմ իմ բակի ժողովրդի հետ: Երեւի վերջին անգամ մի քանի տարի առաջ եմ մասնակցել ջրոցուն: Ինձ թվում է, որ Վարդավառը, անկախ տարիքից, միշտ էլ սիրված է ու չի կորցնում իր հետաքրքրությունը: Ես ցանկացած տարիքում էլ մեծ սիրով Վարդավառին ջրոցի կխաղամ»: Իսկ ջուրը երգչի համար կյանք է. «Կարող եմ ասել, որ ջուրն առաջին տեղն է գրավում անհրաժեշտությունների կողքին, որովհետեւ մարդուն կյանք է պարգեւում. առանց ջրի մարդը չի կարող ապրել: Առանց լողալու, առանց ծովի, առանց լողավազանի` իմ կյանքը չեմ պատկերացնում: Եթե մեկ կամ երկու ամիս ծովի երես չեմ տեսնում, ինձ մոտ ինչ-որ հոգեկան ապրումներ են սկսվում ու պարտադիր գնում, լիցքաթափվում եմ»:

 

 

 

Երգչուհի ՍՅՈՒԶԻՆ դեմ չէր լինի ջրել համաշխարհային աստղերին, հատկապես` Բիոնսեին եւ Նատալյա Վադյանովային, իսկ Վարդավառին պարտադիր ջրվում է. «Մի շատ լավ ժողովրդական խոսք կա. «Եթե այս տոնին չես ջրվում, չես օրհնվում»: Համամիտ եմ դրա հետ, գոնե մեկ անձի կողմից պետք է ջրվես: Գնալով` ինչքան մեծանում եմ, բնականաբար ավելի քիչ եմ ջրոցի խաղում, բայց երբեւէ այդ առումով որեւէ բարդույթ չեմ ունեցել: Կարող եմ մայրիկիս ու քույրիկներիս հետ վազել ամբողջ փողոցով եւ պարտադիր ջրել ու ջրվել: Ամեն անգամ հիշում եմ, թե ինչպես է եղբայրս Վարդավառին դույլով ջրում ու վերջում դույլը որպես գլխարկ գլխիս օգտագործում: Վերջին անգամ նույնիսկ վիճեցինք, ասացի` դե բավական է, որքա՞ն կարելի է: Վարդավառը ամենագեղեցիկ ու հիշարժան տոներից մեկն է: Եթե գեղեցիկ չլիներ, տոնին այդքան ձոներ չէին նվիրվի, Գրիգոր Նարեկացին «Տաղ Վարդավառի»-ն չէր գրի»:

Վերջում նշեց. «Ջուրը Աստծո հրաշքներից մեկն է, եթե ոչ լավագույնը: Գիտականորեն ապացուցվել է, որ ջուրն իր մեջ ունի սուրբ ու կախարդական հատկանիշ»: Նշենք, որ ֆոտոշարքի ժամանակ երգչուհին չխնայեց հարդարված մազերն ու զգեստը եւ բաց չթողեց երգիչ-երգչուհիների հետ մի լավ ջրոցի խաղալու հնարավորությունը:

 

Ի տարբերություն Սյուզիի` երգչուհի ՄԱՐԻԱՆՆԱՆ բավարարվեց միայն Դավիթ Թուջարյանին ջրելով: Իսկ Վարդավառը նրա համար շատ սպասված տոն է. «Վերջին անգամ մի երկու տարի առաջ եմ ջրոցի խաղացել, որովհետեւ վերջերս միշտ այդ տոնին քաղաքում չեմ լինում: Հաճելի է ընկերներով նշել այս տոնը: Մեկ-երկու անգամ եղել է, որ պատահական փողոցում ինձ ջրեն, ու ես ահավոր զայրացել եմ, որ ինչ-որ տեղ ունեի գնալու, բայց պետք է նորից գնամ տուն»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

{ignitegallery 4}

 

Քանի որ, մինչ ֆոտոշարքն սկսելը, Դավիթ Թուջարյանը խոստովանել էր, որ պետք է ջրի երգիչ ՆԱՐԵԿ ԲԱՎԵՅԱՆԻՆ, վերջինս էլ որոշեց, որ պետք է «մուռ հանի»՝ ջրելով Դավիթին: Ն. Բավեյանն ամեն տարի խաղում է ջրոցի եւ հույս ունի, որ այս տարին նույնպես բացառություն չի լինի. «Վարդավառը հնուց եկած եկեղեցական տոն է: Շատ հետաքրքիր եւ ուրախ ավանդույթ է այդ տոնին՝ շոգ ամռանը, ջրելով միմյանց, հովանալ եւ ուրախանալ. այն նաեւ ժողովրդի համար խաղ է: Ասում են` պետք է Վարդավառի օրը գոնե մի թեթեւ ջրվես: Շատ լավ եմ ընդունում, երբ որոշում են ընկերներով կամ ինչ-որ շրջապատով խաղալ, գեղեցիկ չէ, երբ մարդիկ իրենց իրավունք են վերապահում ամեն անցորդի ջրել կամ ջուր շփել ավտոմեքենաների վրա, այդ երեւույթները լավը չեն: Անձամբ ինձ համար այս տոնը միշտ ասոցացվում է գյուղի հետ: Ամեն տարի ընտանիքով, բարեկամներով, ընկերներով գնում ենք գյուղ, որտեղ ապրում է մորաքույրս եւ այնտեղ՝ Սեւանի կողմում, հենց շատ հետաքրքիր ձեւով անցկացնում ենք այս խաղն ու տոնը: Մի անգամ Վարդավառին, երբ ընկերներիցս մեկն ինձ ուզում էր ջրել երկաթե դույլով, դույլը ձեռքից սայթաքեց եւ, փաստորեն, ոչ միայն ջրի շիթի հարվածն ստացա, այլեւ երկաթե դույլին, որը բավականին ցավոտ էր: Բայց ամեն դեպքում լավ է, որ լուրջ բան չեղավ ու ամեն ինչ վերջացավ ծիծաղով ու ուրախությամբ»:

Ջուրը երգչի համար սպորտային ապրելակերպի եւ մարզումների մի մասն է. «Ընդհանրապես շատ եմ սիրում լողալ ու պարբերաբար հաճախում եմ լողավազան: Գլուխ չգովեմ, բայց արդեն լավ լողորդ եմ: Նաեւ բավականին շատ ջուր եմ խմում: Օրինակ՝ եթե սուրճի հետ ջուր չխմեմ, ուրեմն այդ սուրճի համը լիարժեք չեմ կարող զգալ»:

«Հայ Սուպերսթար-2» նախագծի հաղթող ԼՈՒՍԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ ներկաներից որոշեց ջրել Ն. Բավեյանին, իսկ ոչ ներկաներից, եթե հանդիպի, մեծ հաճույքով կջրի Էմմիին, որովհետեւ շատ է սիրում ու կցանկանար իր հետ անցկացնել Վարդավառը: Տոնին երգչուհին մեծ նշանակություն է տալիս. «Շատ եմ սիրում ու սպասում այս տոնին, որովհետեւ մանկուց միշտ տոնել եմ ու ջրոցի եմ խաղացել բակի ընկերներիս հետ: Ներկա պահին հեռու եմ ընկերներիցս, բայց էլի մեծ հաճույքով նշելու եմ: Եղել է, որ Վարդավառին ցանկացել եմ ջրել ընկերոջս, բայց պատահաբար բոլորովին ուրիշ տղայի եմ ջրել: Հիմա այդ անծանոթ տղայի հետ, ում ջրել էի, ընկերներ ենք: Բայց հետաքրքիր է ջրել անծանոթ մարդու ու տեսնել նրա հայացքն ու միմիկաները»: Երգելուն հավասար երգչուհին սիրում է ջուրը. «Եթե ջուր չլինի, չի լինի բնությունը եւ ընդհանրապես` ոչ մի գեղեցիկ բան»:

Մենք էլ մեր երգիչ-երգչուհիներին կմաղթենք ջրի նման երկար ստեղծագործական կյանք եւ որքան հնարավոր է` ջրի պես պարզ ու մաքուր մնացեք:

Նյութը պատրաստեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ջրառատ ֆոտոշարքն իրականացրեց
լուսանկարիչ ՄԱՐԻԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ


Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում