livemarks sitemap
Ուրբաթ, Սեպտեմբերի 20, 2019

zangakՍեպտեմբերյան տոնացույցը սկսվում է դպրոցական զանգի բարձր ու զիլ, սպասված ու չսպասված, հաճելի ու զզվելի ղողանջներով: Ծնողները, դպրոցականներն ու ուսանողները այն հարցում, թե որքանով է սիրված տոնը, հաստատ կվիճեն, բայց որ սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է եւ ոչ միայն մեր երկրում, դա անվիճելի փաստ է: Յուրաքանչյուր ծնող, որը դպրոցական տարիքի երեխա ունի, արդեն օգոստոսի սկզբից սկսում է հոգեբանորեն եւ հատկապես` ֆինանսապես պատրաստվել սեպտեմբերի 1-ին: Իհարկե, բոլորն էլ ձգտում են, որ այդ օրը իրենց փոքրիկը ներկայանալի տեսք ունենա: Եվ ի տարբերություն այլ երկրների` նույնիսկ` եվրոպական, մեզ մոտ շատ կարեւոր պայման է, որպեսզի երեխան առանձնանա իր դասընկերներից շլացուցիչ հագուստով ու դասղեկի համար նախատեսված մեծ ծաղկեփնջով: Իսկ երբ փոքրիկը պետք է գնա առաջին դասարան, ապա այս գործին խառնվում են բոլորը՝ տատիկները, պապիկները, քեռիներն  ու հորեղբայրները, ծանոթ ուսուցչուհին ու պաշտոնավոր հեռավոր բարեկամը… Էլ չենք ասում մայրիկների եւ հայրիկների մասին, որոնք ծանր ապրումների մեջ են լինում, թե ինչպես պիտի իրենց փոքրիկը հրաժարվի խաղալիքներից ու ձեռքը գրիչ վերցնի, ինչպիսի ուսուցիչների ձեռքը կընկնի ու ինչպիսի ընտանիքի երեխաների հետ ընկերություն կանի: Այս մտահոգություններից զերծ չեն նույնիսկ վերլուծաբան Գեւորգ Ալթունյանը, «Ռադիո Վան»-ի հաղորդավար Հակոբ Պապիկյանը (Ժակը) եւ մեր ամսագրի ու «Իրավունք» թերթի լրագրող Գայանե Զարգարյանը, որոնք նույնպես պատրաստվում են սեպտեմբերի 1-ին դպրոց ճանապարհել իրենց բալիկներին:

ԳԵՎՈՐԳ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ որդին, ամենայնton.Gevorg-Altunyan հավանականությամբ,      կգնա տանը մոտ որեւէ դպրոց: Այս մասին հայրիկը նշեց. «Որդուս դպրոց կուղեկցեն հայրիկն ու մայրիկը, միգուցե նաեւ` տատիկը: Արդեն պարզորոշ երեւում է, որ տղաս համակերպվել է դպրոց հաճախելու մտքի հետ, չնայած մանկապարտեզը շատ է սիրում եւ դժվարությամբ կկտրվի այնտեղից: Ինչ վերաբերում է դպրոցին եւ դպրոցական շրջապատին, մտահոգություններս նախեւառաջ կապված են համընդհանուր արժեհամակարգի հետ, որը այս պահին անդունդում է գտնվում: Դրանից էլ բոլոր բացասական երեւույթները ինչպես հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում, այնպես էլ դպրոցում: Այնպես չէ, որ դպրոցն առանձին օրգանիզմ է՝ կտրված ամեն ինչից. դպրոցում այն արժեհամակարգն է, ինչը միջինացված տեսքով առկա է մեր հանրային կյանքում: 12-ամյա կրթության եւ գնահատման նոր համակարգի մասին այս պահին դժվար է որեւէ բան ասել, քանի որ ժամանակ է անհրաժեշտ նոր մոդելի արդյունավետությունը, առավելություններն ու թերությունները հասկանալու համար»:

Իր դպրոցական տարիները հիշելով` Ալթունյանը պատմեց մեկ հիշարժան դեպք. «Դպրոցական տարիներին նաեւ երաժշտական դպրոց էի հաճախում: Դասերից մեկի ժամանակ, բավական բարդ գործ նվագելիս, դաշնամուրի ուսուցչուհիս` Լյուդմիլա Սարգիսովնան, այնքան էր հուզվել, որ երբ ավարտեցի նվագելը, տեսա, որ արցունքներ կան աչքերին: Շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ երբեւէ իր սաներից ոչ ոք չէր ստիպել, որ այդպես հուզվի: Երբեք չեմ մոռանա այդ պահը»:

Վերջում հեռուստամեկնաբանը իր բախտակից ծնողներին ու իրենց երեխաներին մաղթեց. «Ավելի շուտ ծնողներին կարելի է մաղթել, քանի որ երեխաներն ընդամենը երեխաներ են՝ անհոգ, լուսավոր, կյանքով լեցուն, աշխարհը նոր-նոր միայն բացահայտող: Ծնողներին, այդ թվում նաեւ` ինձ, մաղթում եմ, որ կարողանանք գիտակցել կրթության իրական արժեքը: Կրթությունը սոսկ կյանքի պարտադիր մի փուլ չէ եւ այն ուղղակի պետք չէ անցնել: Դա պատմական հնարավորություն է՝ ապագայի համար պաշար, այս դեպքում՝ գիտելիք կուտակելու համար: Վաղը, մյուս օրը իրողությունները փոխվելու են, եւ գիտելիք ունեցող մասնագետը միշտ էլ պահանջված է լինելու, մարդկանց մեջ գնահատվելու է ինտելեկտը, մարդու բարեկեցությունը որոշելու է ոչ թե նրա կապեր ունենալ-չունենալը, այլ, նախեւառաջ, բանիմաց, մրցունակ մասնագետ լինելը: Թող մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն հաշիվ տա. արդյոք կցանկանա՞ր, որ Աստված մի արասցե, եթե անհրաժեշտությունը լիներ, իրեն վիրահատեր կիսագրագետ որեւէ վիրաբույժ, իր շահերը դատարանում պաշտպաներ թերուս իրավաբան, իր տան հիմքը փորեր տգետ շինարար եւ այլն»:

ton.-gayaneԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ որդին` Աշոտիկը, ի տարբերություն շատ փոքրիկների, համակերպվել է դպրոց հաճախելու մտքին եւ նույնիսկ անհամբեր սպասում է սեպտեմբերի 1-ին. «Անկեղծ ասած` դպրոցի ընտրության հարցում շատ մտածեցինք, բայց վերջում ընտրեցինք մեր բնակավայրին մոտ գտնվող Վազգեն Ա-ի անվան թիվ 168 դպրոցը, քանի որ այդտեղ եւ շենքային պայմաններն են համապատասխանում միջազգային չափորոշիչներին, եւ կրթական մակարդակն է դրված ամուր հիմքերի վրա»: Ինչ վերաբերում է կրթական նոր համակարգին, քաղաքական լրագրող անվախ մայրիկը բավական տեղեկացված է. «Պարզ է, որ կրթական բարեփոխումները երկարատեւ, շարունակական գործընթաց են եւ անընդհատ պահանջում են մի կողմից արագացված ընթացքով փոփոխություններ` նոր եւ զարգացում բերող մոտեցումներով, մյուս կողմից էլ անընդհատ հետ նայելու հնարավորություն` բացթողումներն ու թերությունները նկատելով ու նվազագույնի հասցնելով: Այդ իսկ պատճառով` հնարավոր չէ միանգամից ունենալ կրթության ասպարեզում կատարած բարեփոխումների արդյունքը: Դրա համար ժամանակ է պետք: Իսկ կոնկրետ 12-ամյա կրթության վերաբերյալ կարող եմ ասել, որ դրա հետ կապված դեռ բազում հարցեր կան: Հասկանալի է, որ անցումը 12-ամյա կրթական համակարգին, պայմանավորված էր մի շարք գործոններով, որոնցից թերեւս գլխավորը ՀՀ կրթական համակարգը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու ձգտումն էր, պարզապես մնում է հետագայում այն ճշգրտորեն իրագործել»: Իսկ` որպես լրագրող մայրիկ, Զարգարյանը կարեւորում է. «Դպրոցում տիրող առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, որի առկայության պայմաններում շահում է ե՛ւ դպրոցը, ե՛ւ աշակերտը, ե՛ւ ծնողը»: Հիշելով իր դպրոցական տարիները` Գ. Զարգարյանը պատմեց ամենատպավորիչ դեպքը. «Այդպիսիք շատ են եղել, բայց իմ մեջ տպավորվել է, երբ ինքս առաջին անգամ դասերից փախուստ կազմակերպեցի: Ուզում էինք Խ. Աբովյանի տուն-թանգարան գնալ, բայց փոխարենը հայտնվեցինք հիվանդանոցում: Երբ հերթը ինձ էր հասել պատուհանից ներքեւ ցատկելու, ընկա ու ձեռքս վնասեցի»: Արկածախնդիր մայրիկը վերջում նշեց նաեւ սեպտեմբերի 1-ին Աշոտիկին դպրոց ճանապարհողների թիվը. «Բնականաբար, ընտանիքի բոլոր անդամները, ինչպես նաեւ` հորաքրոջ տղան` Գոռը, ում տղաս շատ է սիրում եւ ասել է, որ առանց նրա սեպտեմբերի 1-ին դպրոց չի գնալու»:

«Ռադիո Վան»-ի հաղորդավար ԺԱԿԸ, զբաղվածության          պատճառով, իր դստեր՝ փոքրիկ Սիլվիայի դպրոցի ընտրության հարցում վստահել է կնոջը. «Դպրոցի բոլոր ուսումնասիրությունները կատարել է կինս, ու փորձել ենք ընտրել այն կրթական հաստատությունը, որի մասին դրական կարծիքներ, կան եւ որտեղ հիմնավոր կրթություն են տալիս: Մենք ընտրեցինք մասնավոր «Երեւակ» դպրոցը, որը, բացի հիմնական դպրոցական ծրագիրը, իր մեջ ներառում է տարբեր խմբակներ՝ երաժշտական, պարի, նկարչության եւ այլ ուղղություններով: Այնտեղ երեխան, որ խմբակը ցանկանա, կարող է ընտրել: Ուսուցչական կազմի հետ ծանոթանալուց եւ մարդկանց կարծիքը այդ հաստատության վերաբերյալ լսելուց հետո համեմատականներ անցկացրինք ու ընտրեցինք այս տարբերակը նաեւ նրա համար, որովհետեւ աշխատող երիտասարդ զույգի համար կարեւոր է, որպեսզի ինչքան հնարավոր է, մեր երեխայի նկատմամբ համարժեք լավ խնամք տարվի»: Իսկ սեպտեմբերի 1-ին փոքրիկ Սիլվիային դպրոց ուղեկցողների թիվը կսահմանափակվի միայն ծնողներով. «Իհարկե, պարտադիր սեպտեմբերի 1-ին ուղեկցելու է մայրիկը: Շատ հնարավոր է` նաեւ ես, այսինքն՝ ամեն ինչ կանեմ, որ այդ հիշարժան օրը լինեմ երեխայիս հետ: Եթե չսահմանափակվենք միայն ծնողներով, ապա երես տվող հարազատների քանակությունը այնքան մեծ է, որ շատերը կցանկանան այդ օրը լինել, բայց, կարծում եմ, գեղեցիկ չի լինի, որ մեր ողջ բարեկամությունը սեպտեմբերի 1-ին լինի դպրոցում»: Ըստ  հայրիկի` Սիլվիան մոտTon-Jakավոր պատկերացում ունի դպրոցի մասին. «Դեռ աղջիկս հրաժեշտ է տալիս մանկապարտեզին, որովհետեւ շատ ջերմ էր վերջին մեկ տարում վերաբերվում իր ընկերներին, դաստիարակին: Այնպես չէ, որ շատ ցանկանում է դպրոց գնալ, բայց այնպես էլ չէ, որ շատ վախենում է: Դեռ լավ չի պատկերացնում` ինչ է դպրոցը, բայց մի տարօրինակ բան ունի: Վերջին երեք ամսում մանկական ինչ խաղ, որ լինում է, որտեղ պետք է երազանք պահի, պարտադիր պահում է, որ շատ լավ սովորի, դա իր մեջ արմատացել է: Մեկ-մեկ էլ շատ անհանգստանում է, թե ինչպես է բոլոր տառերը սովորելու»: Նոր կրթական համակարգի դրական ու բացասական կողմերի հետ Ժակը նոր պետք է ծանոթանա, ինչի մասին նշեց. «Մինչ այժմ նոր կրթական համակարգի հետ չեմ առնչվել, քանի որ մեր շատ մոտ հարազատների շրջանում դպրոցական երեխաներ չկային, իսկ ովքեր եղել են, սովորել են նախկին համակարգում: Հիմա կառնչվեմ նոր կրթական համակարգի խնդիրներին եւ կփորձեմ ինքս հասկանալ: Փառք Աստծո, արդեն մի քանի տարի է` գործում է այդ համակարգը, այսինքն՝ փորձարկման շրջանը անցել է: Կարծում եմ, եթե վատը լիներ, մինչ այժմ կընդհատվեր այդ ծրագիրը: Համենայնդեպս` ցանկալի կլիներ չփոփոխվեր, ինչպես սկսվում է ուսումնական պրոցեսը, այդպես էլ մնա մինչեւ վերջ: Ինձ համար շատ ավելի լավ կլիներ, որ մնար հին համակարգը, որովհետեւ Խորհրդային տարիներին տված կրթությունը միանշանակ բոլորս համարում ենք շատ որակյալ ու ամբողջ աշխարհում առանձնանում է Սովետական դպրոցների որակը»: Ի տարբերություն Գեւորգ Ալթունյանի` Ժակը այդքան էլ օրինակելի աշակերտ չի եղել. «Շատ եմ նեղվում, երբ հիշում եմ, թե ինչպես էի մի քանի դասատուների բարկացնում ու սարսափելի վատ վիճակի մեջ էի դնում: Շատ չարաճճիություններ եմ արել, հատկապես` երրորդ դասարանից սկսած, հիմա դժվարանում եմ հիշել կոնկրետ որեւէ մեկը»: Ռադիոհաղորդավարը միանալով սեպտեմբերյան մաղթանքներին` ավելացրեց. «Ծնողներին մաղթում եմ համբերություն, որովհետեւ նրանց մոտ հոգեկան ներաշխարհում հուզական, ինչ-որ խառնված վիճակ է: Չէ՞ որ երեխան դեռ երեկ է ծնվել, իսկ այսօր դպրոց է հաճախում եւ պատկերացնում են, թե որքան արագ է անցնում ժամանակը: Իսկ երեխաներին կմաղթեմ, որ չվախենան, անպայման հաղթահարեն ու շատ սիրեն դպրոցը, դառնան տառաճանաչ եւ իմաստասեր մարդիկ»:

Հ.Գ.- Նախապես զգուշացնենք բոլոր ուսումնական հաստատություններին, որ նոր ուսումնական տարում առավել անաչառ, ուշադիր եւ անձնվիրաբար մոտեցում ցուցաբերեն իրենց նոր աշակերտներին: Միգուցե հենց ձեր դպրոցում է սովորում Գ. Զարգարյանի, Հ. Պապիկյանի կամ Գ. Ալթունյանի բալիկը, իսկ նրանց խոսքը հասանելի է հանրությանը եւ կունենա իր ուժը:



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում