livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

dpr3Գիտելիքի օրվա կապակցությամբ կինոռեժիսորներ Հարութ Շատյանն ու Արշակ Զաքարյանը սեպտեմբերի 1-ին կգնան դպրոց, բայց ոչ թե ֆիլմ նկարահանելու, այլ ընտանեկան իրական սցենարի ամենափոքրիկ հերոսներին` իրենց զավակներին դպրոց ուղեկցելու համար: Ճանաչված հայրիկների մտահոգությունների, դպրոցական հուշերի ու սեպտեմբերյան նախապատրաստական աշխատանքների մասին «Զարուհին» հետաքրքրվեց այս դեպքում ոչ թե Հ. Շատյանից ու Ա. Զաքարյանից, այլ Ալեքսանդր Զաքարյանի ու Դավիթ Շատյանի հայրիկներից:

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ, ԻՍԿ ՀԻՄԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՅԵԼՈՒՄ Google-Ը ԿԱՄ Wikipedia-Ն»

Ռեժիսոր ՀԱՐՈՒԹ ՇԱՏՅԱՆԻ որդին կհաճախի առանց օտարալեզու ուղղվածության հայկական դպրոց. «Կարծում եմ` հիմա օտար լեզուներ սովորելը ավելի մատչելի է եւ սովորելուdpr տարբերակներն առավել շատ են, քան երբ ես էի դպրոցական: Այնպես որ, թող մայրենի լեզվի լավ տիրապետի, մնացածը` «ՊպսՏ ՑպւվՌՍՌ»: Իսկ դպրոցի ընտրության հարցը ռեժիսոր հայրիկը հետեւյալ սկզբունքով է կայացրել. «Կհաճախի այն դպրոցը, որը գտնվում է մեր թաղամասին ավելի մոտ: Չեմ կարծում, որ արժե ուղղակի հեղինակավոր անունի համար երեխային առավոտ շուտ տանել քաղաքի կենտրոն, հետո արդեն հոգնած հետ բերել ու ասել` դասե՛րդ արա: Կարեւորը` երեխաներին լավ վերաբերվեն դպրոցում, ես միշտ եղել եմ այն կարծիքին, որ սովորողը կսովորի ու կապ չունի` ինչ դպրոց է հաճախում: Միեւնույն է, շատ լավ դպրոցում, որը արժանանում է գովասանքների, մի երեխա սովորում է եւ դառնում նախագահ, իսկ մեկ ուրիշը նույն դպրոցից` ավարտում է ու մեկնում արտասահման` օրվա հացի փող աշխատելու…»:

Ի դեպ, Դավիթ Շատյանին սեպտեմբերի 1-ին դպրոց կուղեկցեն հայրիկը, մայրիկը եւ միգուցե պապիկը: «Պապիկը սիրում է լուսանկարել ու, ինձ թվում է, այդ օրը նա ավելի մեծ եռանդով լեցուն լինի»,- ժպիտով ասում է Հ. Շատյանը: Անդրադառնալով հարցին, թե Դավիթը համակերպվե՞լ է դպրոց հաճախելու մտքի հետ, ռեժիսորը նշեց. «Տղայիս արդեն մի քանի ամիս է քիչ չափաբաժիններով ասում ենք, թե ինչ է դպրոցը ու ինչ է սպասում իրեն` որ դպրոցը մանկապարտեզի նման չէ, այնտեղ խաղալիքներ չկան, այնտեղ չեն քնում, ապուր կամ փլավ չեն տալիս, լուռ անում են դասերը եւ գալիս տուն… Նա կարծես թե հասկանում է ամեն ինչ, բայց, մեկ է, մինչեւ անձամբ չտեսնի այդ աշխարհը, ինչ էլ ասենք` անհամեմատելի կլինի»:


Ստանալով ավանդական կրթություն` շրջանավարտ` Հ. Շատյանը 12-ամյա կրթությունը չի կարողանում ընդունել.
«Դա ես ընկալում եմ որպես արհեստական երկարացված երեւույթ: Միգուցե սխալ եմ ու շատ բան չգիտեմ այդ մասին, բայց 12-ամյա կրթությունը նշանակում է երկու տարի կորուստ ունենալ եւ նման է երկու տարի նույն դասարանում մնալուն, որը մեր ժամանակ շատ ակտուալ էր, հիմա չգիտեմ` կա՞ նման բան, թե` ոչ: Շատ կցանկանամ սխալ լինել եւ 12-ամյա կրթությունը, իրոք, արդարացված լինի»:

Սեպտեմբերի 1-ի շեմին կանգնած հայրիկի համար ամենաբարդ հարցը երեխայի դպրոցական շրջապատի ու, ընդհանրապես, որդու մասին մտահոգություններն են. «Երբ ես էի դպրոցական եւ բարձր դասարանում էի, գիտակցում էի, որ ծնողներիս չպետք է նեղություն տամ, իսկ հիմա արդեն մտածում եմ, որ երեխաս հանկարծ չնեղվի… Չեմ ասում, թե մենք լավ երեխաներ ենք եղել` լսող, խելացի, բանիմաց, եղել ենք այն, ինչ եղել ենք, բայց հիմա մի քիչ ուրիշ է: Դժվարանում եմ ասել, թե ինչ է հիմա դպրոցը եւ դպրոցական շրջապատը: Միգուցե երեխաները հիմա ավելի 

dpr1

արագ են կողմնորոշվում ամեն հարցում, բայց ես ունեմ մի համոզմունք` ներկայիս երեխաները կոփված չեն: Նրանք չեն տեսել այն, ինչ տեսել ենք մենք (որը շատ լավ է), բայց այսօր երեխաների մեջ կա իրական ու անիրական սահմանների միաձուլում, ինչը համակարգչային խաղերի ու հետագայում համացանցի ունեցած ազդեցությունն է: Այն ժամանակ մեզ համար հեղինակություններ էին ուսուցիչները կամ բարձր դասարանի տղաները, իսկ հիմա հեղինակություն է վայելում Google-ը կամ Wikipedia-ն: Բայց վերջիններս չեն գա ականջիցդ քաշեն ու ասեն` մի՛ արա սա, որ ոտքդ քարին չդիպչի: 

Դրա համար մի քիչ մտավախություն կա, որ երեխան չանի դպրոցում մի բան, որի պատճառով ծնողը գլուխը կկախի»:

Խոսելով իր դպրոցական տարիների մասին` ռեժիսորը հիշեց. «Վերջին զանգի օրը դպրոցիս տնօրեն տիկին Տոնոյանը (Զեյթունի թիվ 44 միջնակարգ դպրոց) մեր ելույթից հետո, որտեղ բավականին ծավալուն դերեր ունեի, ինձ ասաց. «Շատյան, դու պետք է թատերական ընդունվես»: Այդ ժամանակ քմծիծաղով արձագանքեցի: Դրա մասին նույնիսկ մտածելն ինձ համար ծիծաղելի էր, քանի որ բակին նվիրված, ֆուտբոլ խաղացող, աղջիկ խոսացնող տղան չէր կարող գնալ ու «դերասանություն» անել: Բայց, տնօրենը երեւի հենց դրա համար էր դարձել տնօրեն, որ այդ ժամանակ արդեն իսկ իմ ապագան գիտեր: Ճիշտ է, դերասանություն այդպես էլ չարեցի, բայց թատերական ընդունվեցի: Հուսով եմ` նա գիտի դրա մասին, ցավոք, ավարտելուց հետո այլեւս չեմ մտել իմ դպրոց»: Եվ վերջում որպես մաղթանք հավելեց. «Բոլոր երեխաներին եւ նրանց ծնողներին առաջին հերթին ցանկանում եմ առողջություն եւ առողջ մթնոլորտ դասարանում, դպրոցում, մնացածն ինքն իրեն կլինի: Ծնողներն էլ թող չզլանան եւ իրենց բալիկներին մեկ-մեկ խոսեցնեն ու տեղեկանան, թե ինչի՞ց է նեղվում ու ինչի՞ կարիք, իրոք, ունի: Սովորել, սովորել ու եւս մեկ անգամ սովորել, սա ժամանակին շատ ճիշտ խոսք է եղել, բայց հիմա մի քիչ կարելի է փոփոխել ու ասել` սովորել, սովորել եւ միշտ սովորել անկախ տարիքից ու զբաղեցրած դիրքից»:

«ԵԹԵ ԻՄ 4 ՏԱՐՎԱ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 4 ՕՐՈՒՄ ՋՈՒՐՆ ԷԻՆ ԳՑԵԼ, ԱՊԱ Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ 12 ՏԱՐՈՒՄ»

dpro5Իսկ կինոռեժիսոր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ որդին կհաճախի նախկինում Կամոյի դպրոց կոչվող կրթահամալիր. «Այստեղ խորացված անցնում են նաեւ երեք օտար լեզուներ` ռուսերեն, անգլերեն ու իսպաներեն: Կարծում եմ` հիմա այդ դպրոցը կոչվում է Արգենտինական: Դպրոցն ընտրեցինք նախեւառաջ իր տեղանքի համար, որպեսզի տանել-բերելը հարմար լինի, եւ հետո էլ տարբեր լեզուների խորացված դասավանդման համար»: Սեպտեմբերի մեկին Զաքարյանները ամբողջ ընտանիքով դպրոց կուղեկցեն Զաքարյան կրտսերին. «Ալեքսանդրի քույրիկները երկուսն էլ ավարտել են դպրոցը, նրանք կգան եւ իմ հորեղբոր կինը` Էմման, ով իմ մոր մահից հետո նրա համար հարազատ տատիկ է դարձել: Որդուս հարազատ տատիկն էլ կգա` զոքանչս»: Ի տարբերություն շատ երեխաների, Ալեքսանդրը դպրոց հաճախելու սպասումով շատ ոգեւորված է. «Նա մեզ խնդրեց, որ իրեն նաեւ երաժշտական դպրոց տանենք: Ուզում էինք ընդունվեր Սպենդիարյանի անվան Երաժշտական դպրոցի նախապատրաստական բաժինը, սակայն նրան լսելուց հետո ընդունեցին ջութակի առաջին դասարան: Շատ է սիրում երաժշտություն»: Իսկ 12-ամյա կրթության եւ գնահատման նոր միավորների մասին Ա. Զաքարյանը պատասխանեց կարճ ու բարկացած. «Այժմյան կրթական համակարգը համարում եմ ազգակործան եւ համատարած անգրագիտության ուղիղ պատճառ»: Անդրադառնալով դպրոցի եւ դպրոցական շրջապատի հետ կապված մտահոգություններին` կինոռեժիսոր հայրիկը հետեւյալ օրինակը բերեց. «Ալեքսանդրը մինչ մանկապարտեզ հաճախելը հայտարարում էր, որ ինքը զինվոր է դառնալու, որպեսզի պաշտպանի իր հայրենիքը ու դրա համար պիտի լավ սովորի, հետո գնա ինստիտուտ, այնուհետեւ բանակ եւ այլն: 

dopr4

4 օր մանկապարտեզ հաճախելուց հետո եկավ տուն ու հայտարարեց, որ ո՛չ մանկապարտեզ է հաճախելու, ո՛չ դպրոց, ո՛չ ինստիտուտ եւ ո՛չ էլ առավել եւս բանակ, ու որ ամենալավ մեքենան էլ սեւ «շուշեքով» սպիտակ Նիվան է: Այ, դրանից եմ վախենում, եթե իմ 4 տարվա դաստիարակությունը 4 օրում ջուրն էին գցել, ապա ի՞նչ կարող են անել 12 տարում, եթե սխալ ձեռքերում հայտնվի»: 

Մշտապես անարդարությունների դեմ պայքարող Ա. Զաքարյանը նաեւ իր դպրոցական տարիներին է բոյկոտող եղել եւ դրանցից ամենահիշարժանի մասին նշեց. «Ես 8-րդ դասարանում իմ հանդեպ ուսուցչուհու գործած անարդարության դեմ բողոքելու համար այրեցի դասամատյանը: Ինձ դպրոցից փորձեցին հեռացնել, բայց ողորմած մայրս խոսեց տնօրենի հետ ու բացատրեց, որ դպրոցից հեռացնել ու մեկ ուրիշ դպրոց ուղարկելը պատիժ չէ, այլ պատասխանատվությունից խուսափելու միջոց: Էլ ինչի՞ համար է դպրոցը, որ հրաժարվում է աշխատել թեկուզ վատ վարք ունեցող երեխայի հետ: Ինձ պատժեցին` մեկ ամսով զրկելով դասերից: Թվում էր, թե պետք է ուրախ լինեի, բայց ամեն օր փորձում էի գնալ դպրոց, վիրավորվում էի, որ ինձ պատահած ուսուցչից սկսած մինչեւ դռան պահակը տեսնելուն պես վռնդում էին: Այդ պատժից հետո փոխվեցի 180 աստիճան, սկսեցի լավ սովորել ու հաճախել բոլոր դասերին»: Ամփոփելով Գիտելիքի օրվա սպասված տոնը` կինոռեժիսոր հայրիկը հավելեց. «Մեր բալիկներին ու նրանց ծնողներին մաղթում եմ արժանի, արժեքավոր ու հայեցի կրթահամակարգ ու, ընդհանրապես, արժեքների շուտափույթ վերականգնում: Թող մեր երեխաները սովորելով մեր դպրոցներում` դառնան իրենց պատմությանը արժանի զավակներ ու հաճույքով շարունակեն իրենց ուսումը մեր հայրենիքում` մեր հայրենիքին ծառայելու ու երջանիկ ապրելու հնարավորությամբ»:

Պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում