livemarks sitemap
Երեքշաբթի, Նոյեմբերի 19, 2019

hrsԱյսօր մեզանից քչերը գիտեն, թե նախկինում ինչպես են ամուսնացել մեր հայրենակիցները: Առաջին հայացքից սովորական թվացող հարսանեկան արարողությունն իրականում, հայկական մշակույթի յուրատեսակ արտահայտություն է: Մոտիկից ծանոթանալով հայկական ավանդական հարսանիքի ծիսակարգին, մեզ համար բացահայտվում են ոչ միայն զուտ արարողակարգի հետ կապված գաղտնիքներ, այլ նաեւ կենցաղի, բարքերի ու ապրելակերպի բազմաթիվ փաստեր:

Տարբեր ազգերի հարսանեկան արարողություններին անդրադառնալուց առաջ, նախ տեղեկանանք հայկական սովորույթներին, որովհետեւ մերն էլ պակաս հետաքրքիր չէ:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ ԿԱ` ԽՆԱՄԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԵՎԱՆԳՈՒՄ

Ազգագրագետ ԿԱՐԻՆԵ ԲԱԶԵՅԱՆԻ խոսքերով, հայկական ավանդական հարսանիքը տիպական տարբերակ չունի: Տարբեր ազգագրական շրջաններում այն ունեցել է իր առանձնահատկությունները, սակայն կան շատ ընդհանուր ծեսեր ու արարողություններ, որոնք միասին ներկայացնելու դեպքում կարող ենք ունենալ հայկական ավանդական հարսանիքների ամբողջական պատկերը:

hrs2Ընդհանրապես գոյություն է ունեցել ամուսնության երկու տարբերակ` խնամախոսություն եւ առեւանգում: Երկրորդ դեպքն ավելի քիչ էր պատահում եւ ուներ իր պատճառները. մասնավորապես, երբ ծնողները համաձայնության չէին գալիս: Այնպես որ մեծամասնությունն ամուսնանում էր խնամախոսությամբ կամ միջնորդությամբ: Ավանդական կենցաղում սովորաբար ծնողներն էին որոշում` ե՞րբ եւ ո՞ւմ հետ ամուսնացնել իրենց երեխաներին: Այստեղ նախաձեռնողը տղայի մայրն էր, որն էլ` հարմար հարսնացու էր ընտրում, հարսնախոս ուղարկում աղջկա տուն եւ համաձայնություն ստանալուց հետո միայն գնում խնամախոսության: Ընդունված էր, որ աղջկա ծնողները չպետք է միանգամից համաձայնեին: Իսկ երբ վերջապես համաձայնում էին, տալիս էին որեւէ նշան. կա՛մ նրա ուսերին գցում էին թանկարժեք գլխաշոր, կա՛մ որեւէ զարդ էին նվիրում, կա՛մ էլ` որեւէ այլ նվեր, որի միջոցով նրանք աղջկան «իրենցով էին անում»: Իսկ դրան արդեն հաջորդում է նշանդրեքի արարողությունը, որին իր մասնակցությունն էր ունենում նաեւ տղայի հայրը. նա միս ու խմիչք էր ուղարկում աղջկա տուն:

Նշանդրեք բառն այսօր շատերիս մոտ ասոցացվում է գեղեցիկ ռեստորանի, բազմաթիվ հյուրերի, ճոխ նվերների եւ հյուրասիրության հետ: Սակայն, հնում պարտադիր չի եղել նույնիսկ «նշանի մատանի» հասկացությունը. «Կարող էին գոտի կապել, կամ ուղղակի վզնոց նվիրել` նայած, թե ինչ հնարավորություն ունեին: Կարեւոր էր ոչ թե զարդի կամ նվերի արժեքը, այլ` որ աղջիկն ունենար մի նշան, որը կխոսեր նրա նշանված լինելու մասին»,- ասում է ազգագրագետը:

ՓԵՍԱՑՈՒԻ ՄԱՅՐԸ ԵԶԱՆ ԱՐՅԱՆ ՄԵՋ ԹԱԹԱԽՈՒՄ ԷՐ ԿՈՂՊԵՔՆ ՈՒ ՓԱԿՈՒՄ ԲԱՆԱԼԻՈՎ

Զույգերը նշանված կարող էին մնալ 6 ամսից մինչեւ 2 տարի, որովհետեւ պատահում էր, որ տղան մեկնում էր արտագնա աշխատանքի, կամ էլ` աղջիկը փոքր էր լինում եւ նրանք ստիպված էին սպասել մինչեւ կհասունանար: Գոյություն ուներ կաթնագին կամ գլխագին հասկացությունը: Պայմանավորվում էին, թե որքան գումար պետք է վճարի տղայի հայրը աղջկա համար. «Սա առք ու վաճառք չէ, քանի որ այս գումարն օգտագործվում էր գերազանցապես աղջկա օժիտի համար»,- նշում է Կարինե Բազեյանը: Դրանից հետո միայն նշանակվում էր հարսանիքի օրը: Նախկինում ամուսնանում էին գերազանցապես ուշ աշնանն ու ձմռանը (հատկապես բարեկենդանի օրերին), որովհետեւ պետք է ավարտվեին բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքներն ու մարդիկ ազատ ժամանակ ունենային: Հեքիաթներում շատ ենք կարդացել, որ հարսանիքները տեւում էին յոթ օր, յոթ գիշեր, սակայն այդպիսի երկարատեւ հարսանիքներ լինում են միայն հեքիաթներում: Իսկ հայկական ավանդական հարսանիքները տեւել են ընդամենը 3 օր: Սկսվել է ուրբաթ օրը, ավարտվել` կիրակի երեկոյան: Ուրբաթ օրը մորթում էին եզն ու սկսվում էր ուրախությունը: Փեսացուի մայրը եզան արյան մեջ թաթախում էր կողպեքը, փակում էր այն բանալիով: Կողպեքը պահում էր եւ գաղտնի բացում առագաստի գիշերն ու դնում փեսայի բարձի տակ: Դա հմայական նշանակություն ուներ. այդպիսով սկեսուրը փակում էր չար ուժերի ճանապարհը, որոնք կարող էին վնասել նրան:

ԱՂՎԵՍԸ ԽՆԱՄԻՆԵՐԻՑ ՇՈՒՏ ՊԵՏՔ Է ՏԵՂ ՀԱՍՆԵՐ

Շաբաթ օրն առավոտյան արդեն գնում էին հարսի տուն: Մինչեւ հարսնարի տեղ հասնելը, փեսայի կողմից որեւէ մեկն առաջ ընկնելով խնամիներին հայտնում էր մոտեցող հարսանեկան թափորի մասին: Նրան անվանում էին աղվես եւ դիմավորում թշնամաբար, քանի որ նրա խնդիրներից էր նաեւ հավանոցից հավ գողանալը:

hrs1Հարսի զգեստն այն ժամանակ սպիտակ չի եղել: Հարսը կրել է տվյալ տարածաշրջանի ավանդական հագուստը` տարազը: Նրա երեսը մի քանի տակ փակ է եղել` կարմիր ու անթափանց քողով: Հարսնացուի տանը շատ փոքր արարողություն էր լինում, որից հետո գնում էին եկեղեցի, ուր կատարվում էր պսակը, որով վավերացվում ու օրինականացվում էր նոր ընտանիքի ձեւավորումը: Իսկ եկեղեցական ծեսից հետո ուղեւորվում էին փեսայի տուն: Այնտեղ կատարվում էին մեզ արդեն ծանոթ արարողությունները. հարսի ու փեսայի ուսին գցում էին լավաշ` որպես առատության ու ընտանիքի բարեկեցության խորհրդանիշ, սկեսուրը նրանց տալիս էր մեղր` որպես քաղցրության խորհրդանիշ: Իսկ հետո կոտրում էին ափսեները:

Հայկական հարսանիքում ամեն ինչ ունեցել է իր խորհուրդը: Փեսայի վրա պետք է պարտադիր կապեին կանաչ եւ կարմիր կոզբանդ: Կանաչը` կապում էին տղայի տանը, որը խորհրդանշում էր պտղաբերություն, առատություն, կարմիրը` կյանք:

Հարսանիքն ունեցել է «ազապ բաշի»` չամուսնացած տղաների ղեկավար, ում ձեռքին եղել է պտղաբերության խորհրդանիշ կենաց ծառը` զարդարված տարբեր մրգերով, չրերով եւ քաղցրեղենով:

ԱՌԱՎՈՏՅԱՆ ԿՏՈՒՐԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԱԾ ՆՎԱԳՈՒՄ ԵՆ «ՍԱՀԱՐԻՆ»

Հարսանիքի վերջին` կիրակի օրը, վաղ առավոտյան, տան կտուրի վրա  կանգնած նվագում են «Սահարին», որը ձոն է Արեւին` ընտանիքի բարեկեցության համար: Իսկ հետո կրկին շարունակվում է ուրախությունը մինչեւ օրվա վերջ: Երեկոյան, առագաստից առաջ, քանդում են նարոտը, որը կապել էին զույգերի վզին եկեղեցում` պսակի ժամանակ:

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում