livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

artԱյն ամենը, ինչ սկսվում է հանկարծակի ու անսպասելի, բերում է իր հետ առանձնահատուկ երջանկության: Նա չկար, բայց հիմա կա: Դու չէիր սիրում, բայց հիմա սիրում ես եւ ավելին` դու նաեւ սիրված ես: Հաղորդավար ԱՐՏԱՎԱԶԴ ԱՄԻՐՅԱՆԻ եւ ՄԱՐԻԱՄԻ սերն էլ ծնվեց հանկարծակի եւ նրանց կյանքում ավելացրեց նոր ու վառ գույներ: ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. կանխորոշված պատահականությամբ նրանք հանդիպեցին ու սիրեցին այնպես, որ այսօր արդեն մեկ մարմին ու մեկ սիրտ են: Նրանց հարսանեկան արարողությունը կայացավ 2014թ. ապրիլի 25-ին` հենց այդ օրն էլ նրանց երիտասարդական ու խենթ սերը հիմք դարձավ ավելի հասուն ու կայուն հարաբերությունների ստեղծմանը:

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մեր ծանոթությունը եղել է մանկավարժական համալսարանում: Ես վաղուց եմ ավարտել, բայց Մարիամը սովորում էր 4-րդ կուրսում: Ես 1-ին կուրսից մինչեւ հիմա մասնակցում եմ համալսարանի բոլոր միջոցառումներին, աջակցում եմ եւ նրանց կողքին եմ: Հենց այդ միջոցառումներից մեկի ժամանակ էլ հանդիպեցի Մարիամին: Առաջին հայացքից շատ-շատ էի տպավորվել: Առհասարակ մտածում եմ, որ երբ ինչ-որ մեկին հանդիպում ես, հետո հնարավոր է չկարողանաս նրան գտնել կամ հանդիպել: Երբ մենք  հանդիպեցինք, ինձ մոտ նույն զգացումն էր, եւ ես մտածում էի, որ էլ չենք հանդիպելու. Չէ՞ որ սովորաբար հենց այդպես էլ լինում է: Բայց երկրորդ միջոցառման ժամանակ նորից հանդիպեցինք, եւ սկսվեց մեր շփումը: Այն շարունակվեց էլեկտրոնային տարբերակով: Հետո կամաց-կամաց հանդիպումներ եւ ավելի կենդանի շփումներ: Կարծում եմ տարիքային տարբերության հետ մեկտեղ փոխվում են նաեւ արտահայտչամիջոցները, եւ մի քանի հանդիպումներից հետո արդեն սկսվեց ավելի բուռն սեր: Մարիամը հետո զարմացել էր, թե ես որքան ազատ էի ինձ պահում: Ես չունեմ բարդույթներ կամ չեմ փորձում ինչ-որ բան ցույց տալ: Ամեն տեղ ինձ պահում եմ այնպես, ինչպես կամ: Մեկ տարի հետո տեղի ունեցավ մեր հարսանեկան արարողությունը: Թե մեզանից ո՞ւմ մոտ է առաջինն արթնացել սիրո զգացումը, ասել չեմ կարող, քանի որ այդ մասին առիթ չի եղել խոսելու: Բայց Մարիամը երեւի թե կարծում է, որ իր մոտ է եղել, իսկ ես համոզված եմ, որ ինձ մոտ է առաջին զգացմունքն առաջացել:

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

art1Ինչ-որ յուրահատուկ սիրո խոստովանություն չի եղել, բայց եղել է հետաքրքիր, կազմակերպված ամուսնության առաջարկ: Ամանոր էր, երբ ես եւ Մարիամը Հանրապետության հրապարակում զբոսնում էինք կառքով: Նա ասաց, որ շատ է սիրում կառքով շրջել քաղաքում, եւ ես դա անմիջապես ֆիքսեցի: Ամեն ամսվա 3-ը մենք նշում ենք, որովհետեւ հենց այդ օրն ենք առաջին անգամ հանդիպել: Եվ այդպես ամսի 3-ն էր (չեմ հիշում որ ամսի)` պայմանավորվեցինք հանդիպել Իսահակյանի արձանի դիմաց: Բնականաբար Մարիամը սպասում էր, որ ես սովորականի նման պետք է մեքենայով մոտենամ, բայց եղավ այն, ինչ եղավ: Ես նրան մոտեցա ձիով. կառքը` ձիերով, մեջը` շամպայն, մոմեր, շոկոլադներ: Նրա համար դա շատ անսպասելի էր, քանի որ մինչ այդ ամուսնության մասին խոսք չէր գնացել, եւ ես ծաղիկներով ու մատանիով նրան ամուսնության առաջարկություն արեցի:

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Նշանադրություն չի եղել: Ես միանգամից հարսանիք էի ուզում, եւ այդպես էլ եղավ: Ամուսնության առաջարկից հետո որոշեցինք հարսանիքի օրը: Ուզում էինք ապրիլի 3-ին` մեր ծանոթության օրը լիներ, բայց քանի որ այն համընկնում էր պահքի շրջանի հետ, եւ եկեղեցու խորանը փակ էր, տեղափոխեցինք ապրիլի 25-ին: Հարսանեկան արարողության կազմակերպչական հարցերով ես եւ ընկերներս ենք զբաղվել: Քանի որ մենք ունենք հարսանեկան միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերություն, հենց մեր թիմով էլ կազմակերպեցինք: Աշխատել ենք դիզայներ Արամ Նիկոլյանի հետ:

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

art2Քանի որ աշխատում եմ Երեւանի քաղաքապետարանում, ես եւ կինս ծնվել եւ մեծացել ենք Երեւանում, որոշեցինք այն դարձնել հարսանեկան արարողության թեման: Հիմնական գույնը վարդագույնն էր: Ընտրվել էր հին երեւանյան ոճը` ես ֆրակով էի, ծաղիկներն ու հարսի զգեստն էլ համեմատաբար հին երեւանյան ոճի մեջ էին: Սեղանները ոչ թե սովորական համարակալված էին, այլ անվանական: Յուրաքանչյուր սեղանը Երեւանի որեւէ խորհրդանիշ էր ներկայացնում` Կասկադը, կինո «Մոսկվան», Հանրապետության հրապարակը, Օպերան եւ այլ հայտնի վայրերը: Յուրաքանչյուր հրավիրատոմսի վրա գրված էր, որ իրենք հրավիրված են  Արտավազի եւ Մարիամի հարսանեկան արարողությանը եւ որ իրենց սեղանն է, ենթադրենք, Կասկադը: Հյուրերին ուղեկցողները հետաքրքիր ձեւով էին ուղղորդում նրանց, ասելով` ուղիղ գնացեք Պրոսպեկտով, թեքվեք ձախ եւ այնտեղ Հրապարակն է` Ձեր սեղանը: Սա եւս  հարսանեկան արարողությանը հետաքրքիր տրամադրություն էր հաղորդում, որն էլ ամենակարեւորն էր թե՛ իմ, թե՛ Մարիամի համար: Մենք ունեցանք ավանդական հայկական հարսանիք` զուռնա-դհոլով, ափսե կոտրելով, հարսի տուն գնալով եւ այլ հայկական սովորույթների պահպանմամբ: Պսակադրությունը կատարվել է Սբ Սարգիս եկեղեցում, եւ շատ ուրախ ու հպարտ եմ, որ այն անցկացրել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ

Ինձ համար անակնկալ էր, որ Մարիամը պարեց հարսի պարը: Իհարկե, ես գիտեի, որ Մարիամը պարի է գնացել երկար ժամանակ, բայց չէի սպասում այդպիսի գեղեցիկ եւ այդ օրն ինձ համար շատ ավելի գեղեցիկ պար. Տեղյակ չէի, որ նա այդ օրը անհատական պար է պարելու: Իսկ իմ կողմից ամբողջ միջոցառումն էր անակնկալ, որովհետեւ նա շատ քիչ բանից էր տեղյակ: Ինձ համար մեծ անակնկալ էր նաեւ հորեղբորս աղջկա` Արինայի եւ քրոջս ամուսնու` Ստեփանի (դերասան Ստեփան Ղամբարյան) հետաքրքիր բեմադրված պարերը:

ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

art3Մատանիների վրա փորագրված է նույն սրտի աշխատանքը, որը խորհրդանշում է, որ մեր սիրտն արդեն նույն ձեւ է զարկում: Հարսանեկան արարողությունից մենք ոչինչ չենք հիշում. շատ ակնթարթորեն անցավ: Հետո աստիճանաբար վերհիշում ենք եւ գնալով եռապատկվում ու քառապատկվում են հիշողությունները: Հենց այդպես էլ կյանքի մեկ օրը ամբողջ կյանքում դառնում է ուղեկից: Մեր քավորը հորեղբայրս էր` Արմեն Ամիրյանը: Նա մեզ հարսանեկան ճանապարհորդություն նվիրեց: Ես եւ կինս շրջագայեցինք Եվրոպայում. եղանք Ամստերդամում, Փարիզում, Մոնակոյում, Միլանում եւ հետո վերադարձանք Հայաստան:

Յուրաքանչյուր ընտանիք կայանում ու իր երջանկության բանաձեւն է գտնում փոքրիկ հրաշքի ծննդով: Մաղթում ենք, որպեսզի ինչպես Արտավազդի եւ Մարիամի, այնպես էլ բոլոր նորաստեղծ ընտանիքները զգան այդ երջանկությունն ու հպարտանան իրենց սիրո պտուղներով:

ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում