livemarks sitemap
Երեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2019

IMG10Դեկտեմբեր ամսվա գրեթե ավարտին` դեկտեմբերի 29-ին, սկսվում է Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանը: Տոնն ամեն տարի նշվում է Սուրբ Ծնունդից 7 օր առաջ: Իսկ տարին եւ ամիսը ամփոփվում են դեկտեմբերի 31-ին՝ ամանորյա սեղանների շուրջ` իրենց տեղը զիջելով հաջորդ տարվա եւ առաջին ամսվա տոնացույցին: Մի քիչ ամանորյա` արդեն անհետաքրքիր դարձած ճոխություններից հոգնած եւ հայկական ավանդական Նոր տարի տոնելու մեծ ցանկությամբ վարակված, զրուցեցինք ազգային տոների պահապան եւ ջատագով, ազգագրագետ, նկարչուհի ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑՈՒ հետ.


-Յուրաքանչյուր տոն պետք է նշել խիստ ազգային, որովհետեւ մեր թե՛ հեթանոսական, թե՛ քրիստոնեական ծիսական բոլոր տոները շատ գեղեցիկ են: Պետք չէ առանձնացնել հեթանոսական եւ քրիստոնեական տոները, քանի որ մենք ասում ենք ոչ թե Ամանոր, այլ Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, չենք ասում Տրնդեզ, այլ ասում ենք Տեառնընդառաջ, Հարության փոխարեն էլ ասում ենք Սուրբ Հարություն եւ Զատիկ: Ամանորը, ինչպես նշեցի, նախաքրիստոնեական եւ քրիստոնեական տոն է` իրար հետ կապված: Մենք ունեցել ենք երեք Նոր տարի. մեկը նշվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, մյուսը եղել է Նավասարդը, որը տոնվում էր օգոստոսի 11-ին, իսկ 18-րդ դարում` Սիմեոն Երեւանցի կաթողիկոսի օրոք, որպես նոր տարվա սկիզբ ընդունվեց հունվարի 1-ը: Արդեն 20-ական թվականներից հունվարի մեկը որպես տարվա սկիզբ տոնելը դարձավ համընդհանուր: Ամանորն ամենագեղեցիկ տոնն է եղել բոլոր տոների մեջ, որը ժողովուրդը շատ մեծ սիրով նշել է: Այն մինչեւ 20-ական թվականները եղել է խիստ ժողովրդական, ծիսական տոն: Նախկինում պաս են պահել մինչեւ հունվարի 6-ը, եւ ավելի շատ այդ օրն է համարվել Ամանորը: Հունվարի 1-ին գյուղերում կրակի տակ գերան են դրել, եւ վեց օր գերանը վառվել է: Ամանորի ծեսը կատարվել է տարվա ամբողջ ընթացքում: Կանայք ողջ տարին հավաքել են բերքն ու բարիքը, ինչ այգիներում ունեցել են, ու պատրաստվել Ամանորին: Տոնական օրերի ընթացքում փոխադարձ կապ է ստեղծվել ընտանիքների, բարեկամների եւ գերդաստանների միջեւ: Հնում նույնպես եղել է նվերների փոխանցման արարողություն: Ավելի շուտ Ամանորը երեխաների տոնն է, նրանց ուրախության օրը  եւ տարվա սկիզբը:

- Ինչպիսի՞ն պետք է լինի Ամանորի ամենակարեւոր բաղկացուցիչ մասը կազմող ծիսական ծառը, որն այսօր դարձել է բազմաբովանդակ տոնածառ:

- Ողջ Ամանորի ծեսը կապված է ընտանիքի հետ: Ծիսական ծառը հավաքական կերպար է, որի IMG7գաղափարը ընտանիքի եւ Աստծո միջեւ սերն է: Այսինքն՝ Ամանորի տիեզերական ծառի խորհուրդն այսպիսին է. «Մարդն Աստծո մեջ եւ Աստված մարդու մեջ»: Ծիսապաշտամունքային պատկերացումներում տոնական ծառի վերեւ ձգված եռանկյունին երկնայինի խորհրդանշանն է, ներքեւ բեկվածը՝ երկրայինի: Գագաթը վերեւ եռանկյունին մարդն է, որն ի բնե ձգտում ունի բարձրանալու, երկնայինին հասնելու, իսկ գագաթը ներքեւ եռանկյունին Աստված է, որ ձգտում է իջնել եւ նեցուկ դառնալ իր նմանին: Ծառը հիմնականում զարդարվում էր արական եւ իգական տիկնիկներով, գործած ձվերով, ձեւավոր դդումներով, սերմերով ու փշերով: Ծիսական ծառի գաղափարը  հատկապես տարածված է եղել Արեւմտյան Հայաստանում: Այն եղել է ճյուղ, որը խրել են գաթայի մեջ եւ զարդարել են չրերով, պոպոքով, պնդուկով եւ դա գցել են թոնրի մեջ: Այսօր կարելի է մեր հայկական բարիքներով ծիսական ծառի շատ շքեղ ձեւավորում անել:

- Շատերն այսօր չեն պատկերացնում Ամանորն առանց խոզի բդի եւ առանց այլ տարատեսակ «չալաղաջների», նախկինում է՞լ կար «մսի պաշտամունքը»:

- Նախկինում տոնական սեղաններին ընդհանրապես միս չի եղել: Այս վերջին տարիներին է, որ մսեղեն են օգտագործում: Կարեւոր ծիսական ճաշերից մեկը լոբին է եղել: Լոբին ընտանեկան հավաքական կերպար է, որովհետեւ այն փակ է, եւ հատիկներ կան մեջը: Այդ սերմնահատիկները մարդն է, իսկ փակ կեղեւը ընտանիքն է խորհրդանշում: Ընդեղենը նույնպես կարեւոր էր, որ լինի սեղանին: Բոլոր կերակուրները խորհրդանշական են եղել, որովհետեւ Պասի շրջան էր համարվում: Հիմնականում պատրաստել են այնպիսի կերակուրներ, որոնք  ներկայացրել են Քրիստոսի ծնունդը: Օրինակ՝ բոլորս գիտենք, որ հունվարի 6-ին սեղանին պետք է լինեն ձուկ եւ չամիչով փլավ: Իսկ հիմա ամեն ինչ դնում են սեղանին: Դուք էլ արդեն գիտեք, թե ինչպիսին են լինում այսօրվա տոնական սեղանները: Մինչդեռ հնում ամանորյա սեղաններին դրվել է այն, ինչ որ այգին ու բնությունն այդ տարի տվել են:

- Այսինքն` Դուք զե՞րծ կմնաք ամանորյա խոզի բդից:

- Կարծում եմ, հնարավոր էլ չէ այդքան միս օգտագործել, ավելի լավ կլինի բուսական ճաշատեսակներ պատրաստել: Իհարկե, եթե տանը տղամարդիկ շատ են, որոնք ուտում են այդքանը, կարող են օգտագործել: Կերակուրների տեսականին ընտրելը ընտանիքների տեսակից է կախված, եւ մի քիչ ազատ պետք է մոտենալ ծեսին:

- Տոնական սեղանները պատրաստելու համար այսօրվա առեւտրային եռուզեռն ու կանանց քրտնատանջ աշխատանքը հնում ինչպե՞ս է դրսեւորվել:

- Նախ` Ամանորին ոչ թե վերջին օրն են առեւտուր անում, այլ արդեն թութը հասնելուց սկսված` պատրաստվում են, քանի որ թութն ամենաշուտ հասնող միրգն է: Հնում թութը հասնելուն պես հայ կինը սկսել է ամբարել տարբեր մրգեր: Կարեւորն այն է, որ կինը կարողանա այդ ամբարված պաշարը ճիշտ ներկայացնել սեղանին եւ ճիշտ բաժանել շրջապատին, որովհետեւ այդ օրը նաեւ բարության խորհրդանիշն ունի: Դու քո եղածից պետք է տաս Աստծուն եւ մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն:

- Ծիսական ծառից եւ ավանդական սեղաններից զատ էլ ինչերո՞վ կարելի է զարդարել ու տոնական դարձնել բնակարանները:

- Հնում Ամանորին օգտագործել են արական եւ իգական տիկնիկների գաղափարը, որոնք համարվում էին կենցաղային տիկնիկներ: Ունեցել ենք Ամանորի տիկնիկ, որին անվանում էին Ակլամարե: Այն պատրաստված էր գունավոր լաթերից, ավելից, լոբուց, սիսեռից, ցորենի հասկից: Ակլամարեն պտղաբերության, բերք ու բարիքի խորհրդանիշն է, երգի ժամանակ տիկնիկն օգտագործել են եւ երեխաներն ու մեծերը պարեցրել: Հայ կինը պատրաստել է նաեւ Ամանորի մոմածառեր, որը կոչվում էր չաթալ ծառ: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունենում էր իր` գեղեցիկ ձեւավորված մոմը: Տղամարդկանց մոմերը պետք է զարդարված լինեին կանաչ գույնով, իսկ կարմիր գույնը կանանց խորհրդանիշն էր: Այդ չաթալ մոմածառը վառվում էր Ամանորին՝ գիշերվա ժամը 12-ին, որովհետեւ 12-ից հետո երկինքը բաց է, այսինքն՝ Աստծո ճանապարհն է բաց, ու դու կարողանում ես դիմել Աստծուն, որպեսզի տարվա մեջ քո օրերը ուրախ ու բարեբեր լինեն, հարաբերությունները լավ լինեն ընտանիքում: Եվ այդ խորհուրդին հետեւելով՝  յուրաքանչյուրը վառում էր իր մոմը:

IMG8- Հնում ունենալով բազմաթիվ ծիսական խորհրդանշաններ` հավատացե՞լ են կենդանակերպի նշաններին, որին այսօր մեծ տեղ են տալիս:

- Կենդանակերպի նշանների մասին չեմ կարող ասել, որովհետեւ այդպիսի գուշակություններից շատ հեռու եմ: Բայց ժողովրդական ծեսը միշտ էլ տոնվել է:

- Իսկ Ձմեռ պապն ու Ձյունանուշն այսօր ո՞ւմ են փոխարինում:

- Ունեցել ենք Կաղանդ պապիկի խորհրդանիշը, որը շատ գեղեցիկ խորհուրդ ունի: Կաղանդ պապիկն ավելի ճիշտ է, քան Ձմեռ պապ ունենալը: Դրանք բոլորն էլ սիմվոլիկ կերպարներ են ու ունեն նույն գաղափարը: Կաղանդ պապիկի գաղափարը բարեբեր, բարի կամեցող, բարին սիրող եւ բարիք բաժանող մարդու կերպարն է: Ձմեռ պապիկի, Կաղանդ պապիկի եւ մնացյալ բոլոր պապիկների ստեղծման գաղափարն այն է, որ լինում է տարիքով մարդ, որն իր կյանքի փորձը, բարությունն ու կամեցողությունը փոխանցում է երեխաներին:

Վերջում շնորհավորելով բոլորիս Ամանորը, տիկին Ագուլեցին նշեց եւ իր խոսքով մխիթարեց ժամանակակից Ամանորի տարբերակը նախընտրող հանրությանը.

- Երբեք չես կարող թելադրել ու ասել` թե այսպես կամ այնպես պետք է տոնել: Ծեսը ազատ մտածողություն է, նայած` դու ինչպես ես Աստծուն մոտենում ու ինչպես ես կարողանում դա անել: Եթե ինչ-որ մեկը որոշել է խոզի բուդ դնել սեղանին, ոչ ոք չի կարող արգելել: Ժամանակի ընթացքում ամեն ինչ փոփոխվում է, կարող է մի տասը տարի հետո բոլորովին այլ կերպ ընկալվի եւ տոնվի Ամանորը: Եթե այսօր ցանկանում են, թող նորովի տոնեն, բայց ոչ շատ ճոխ: Իսկ ամենակարեւորը, Ամանորին իրարից խռոված չպետք է մնա, որովհետեւ Նոր տարին եղել է նաեւ հաշտվելու օր:

Զրուցեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հ.Գ.- «Զարուհի» ամսագիրն էլ իր ընթերցողներին մաղթում է բարեբեր տարի: Թող մեր դռները թակեն Կաղանդ պապիկները եւ ոչ թե «աղանդ» տատիկները: Թող ամանորյա սեղանների ճոխության փոխարեն հոգեկան ճոխություն լինի, ու մի քիչ մեծահոգի լինենք: Եվ ամենակարեւորը, Ամանորին չմոռանանք` ինչի համար ենք հավաքվել եւ անցած տարվա «դարդերը» հիշելու փոխարեն կտրվենք առօրյայից ու գոնե մեկ օր անկեղծ ուրախանանք: Չէ՞ որ ամանորյա արձակուրդները սովորաբար կարճ են տեւում, ու վաղը զանգահարելու են ցուցակում ընդգրկված, բայց այդպես էլ հյուր չեկած կամ չգնացած նեղացած բարեկամները:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում