livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

Մայիս ամիսը սնահավատների համար «վայիս» է, իսկ իսկական հայի համար հաղթանակների ամիս: Հենց ամսվա սկզբից էլ սկսվում են տոները: Մայիսի 1-ը բավական տարեց, 121 տարվա պատմություն ունեցող տոն է՝ Աշխատավորների համերաշխության օրը, որը ի տարբերություն մեզ՝ հայերիս, աշխարհում մեծ հեղինակություն ունի: Շատերիս կողմից անտեսվող ու արհամարվող այս տոնին հաջորդում է հայկական տոնացույցի փառավոր էջը՝ մայիսի 9-ը: Մեր պապերը 66 տարի առաջ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարան ֆաշիստների դեմ: 47 տարի անց նույն օրը մեր հայրերն ու եղբայրները, նաեւ քույրերը, ազատագրեցին Շուշին՝ մայիսի 9-ը դարձնելով կրկնակի տոն: Ինչպես ասում են. «Քեֆ անողին քեֆ չի հասնի»: Մայիսի 27-ին կրկին կհնչեն Սարդարապատի հաղթական զանգերը ու մայիսի 28-ին կտոնենք Առաջին հանրապետության անկախության օրը: Եւ չմոռանանք, որ 451թ. մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում տարանք բարոյական հաղթանակ, որի օրինակը սերունդներ դաստիարակեց եւ բերեց բազում հաղթանակներ: Իսկ թե այսօր ի՞նչ նշանակություն ունեն վերը նշված տոները երեք սերունդների աչքերով, եւ ո՞րն է ավելի կարեւոր, փորձեցինք պարզել հենց իրենցից:

 

«ՀԱՂԹԱՆԱԿԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ»

 

Արցախյան շարժման ակտիվ մասնակից, բանաստեղծուհի ՄԵՏԱՔՍԵՆ միանշանակ մայիսի 9-ն է կարեւորում. «Շուշիի տոնն ինձ ավելի հոգեհարազատ է, որովհետեւ այնտեղ մնացին շատ լավ տղաներ: Չվերադարձան, որովհետեւ հաղթանակը զոհեր է պահանջում: Շատ տղաներ գնացին «մեծ աշխարհ», որպեսզի փրկվի Շուշին: Կռվի ժամանակ մի քանի գյումրեցի տղաների հարցրեցի՝ բա որ հանկարծ զոհվե՞ք, ասացին այդ կլինի մատաղ մեր կողմից: Իմ Շուշիս... ես որբ եմ մեծացել, Ղարաբաղն էլ որբ էր, այդ թվում նաեւ Շուշին: Շատ եմ վառվել Շուշիիս համար, տանջված քաղաք է, հայոց ցավեր տեսած հողատարածք: Անչափ ուրախ եմ, որ անցավ մեզ, որովհետեւ առաջ տղամարդիկ իմ աչքից ընկած էին ու տղամարդկանց դեմ էի: Իմ բանաստեղծությունները, որ գրում էի ոչ սիրային էին, որովհետեւ ասում էի էս ինչ տղամարդիկ են, շաքարը թողել են շան բերանը: Երբ ինձ 1980 թվականին հրավիրեցին Արցախ, տեսա այդ բիբլիական երկիրը շատ հուզվեցի, կանգնել արտասվում էի: Ասում էի, ինչպե՞ս կարելի է այս երկիրը տալ թշնամուն ու հանգիստ քնել: Մեր տղամարդիկ աչքիս բարձրացան, երբ Շուշին ազատագրեցին: Այդ տարիներին գուլպաների հավաքագրման կոչ էի արել, հիշում եմ արտասահմանյան սիրուն զգեստներ, տաք կոշիկներ էի դրել առանձին, ուզողներ եղան, մերժեցի, ասացի, չէ տղաներ ջան, ոչ մեկի չեմ տալու, ով լուրը բերի, որ Շուշին ազատագրվել է, նա է հագնելու: Եւ մի տղա բերեց այդ լուրը, ես համբուրեցի նրա ճակատը ու դրանք ուրախությամբ տվեցի նրան: Շուշին մեր ամենամեծ նվաճումն էր, որովհետեւ մեր ամենահարուստ ու քաղաքակիրթ տարածքն է եղել, մեր շատ մտավորականներ այնտեղից են դուրս եկել: Ախր, մեր տղաները շատ խիզախ են, խորամանկ, խելոք, խելացի, ծուռ ու ծռտիկ ճանապարհով գնացին, զոհեր տալով պաշտպանեցին, ու հաղթանակը բերեցին թուրքի քթի տակ դրեցին: Գնահատելով այդ հաղթանակը սկսեցի լավ վերաբերվել տղամարդկանց»: Իսկ Շուշիի ազատագրումը տոնելու մասին տիկին Մետաքսեն կարծում է. «Շատ «լոպազանալն» էլ մի բան չէ: Կկատաղացնես թշնամուն, ինչո՞ւ իզուր տեղը շան վրա քար գցենք: Կարծում եք աշխարհում մեզ բոլորը սիրո՞ւմ են: Թուրքերից բացի ուրիշներն էլ կան, որ չեն սիրում: Աշխարհի ամենահամով կերակուրը հայերն են, դրա համար էլ մեզ անընդհատ փորձում են յուրացնել: Բայց չեն կարող, որովհետեւ աստված մեզ հետ է, Հիսուսը միշտ գնահատում է, որ մենք առաջինն ենք իր ետեւից գնացել: Թվում է, թե մենք միասնական չենք, բայց հոգեւոր միասնություն ունենք»: Եւ վերջում ավելացնում. «Սիրում եմ մայիսյան տոները, որովհետեւ գարուն կա մեջը»:

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ, որը առ այսօր աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, երբ իր վերաբերմունքը հարցրեցինք մայիսի 1-ի մասին երկրից դժգոհ ու նեղացած ասաց. «Ի՞նչ անենք, որ աշխատավորության տոնն է, հիմա ոչ մեկն էլ չի աշխատում: Ինձ չի հետաքրքրում»: Մինչ կուղղեինք մեր հարցերը մայիսյան մյուս տոների մասին, մայիսի 1-ը տոնելու գաղափարից բորբոքված տիկին Վարդերեսյանը կախեց լսափողը:

 

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ԱՍՎԱԾԸ ԴԵՌ ՊԵՏՔ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ»

 

ՀՀ վաստակավոր դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ աշխատավորության օրը տոնելու մեջ վատ բան չի տեսնում. «Մայիսի 1-ը այնքան լավ տոն է, դրա մեջ հաստատ քաղաքական որեւէ բան չկա կամ ասենք կոմունիստներից մնացած չէ, ողջ աշխարհն է տոնում: Կարծում եմ ինչքան շատ տոն լինի, այնքան լավ: Ամերիկացիները ստից տոներ են հնարում՝ դդումի, բադրիջանի տոն, որ հանգստանան ու ուրախանան: Մենք հակառակը, եղածն էլ կրճատում ենք: Դեռ լավ է, որ գոնե մարտի 8-ը վերականգնեցին: Վա՞տ էր, որ երկու ծաղիկ առնում գնում ես կնոջդ կամ ընկերուհուդ ուրախացնում: Ճիշտ է մայիսի 1-ը հնուց եկած համաշխարհային օր է, բայց մեր համար ամենակարեւորը մեր անկախության օրն է: Այնքան պակաս-պռատ գործեր կան այս երկրում, հիմա բոլորը թողեն, ըստ պատշաճի անկախություն տոնե՞ն: Ինչքան հասցնում են այնքան էլ տոնում են: Սա փշոտ, քարքարոտ ճանապարհ է, որի միջով գնում, հասնում են ու դառնում նորմալ երկիր: Բոլոր երկրներն էլ այս ճանապարհն անցել են»:

Իսկ թե ունե՞նք այսօր այդ անկախությունը դերասանը գտնում է, որ շուտ է այդ մասին խոսելը. «Այդ անկախություն ասվածը դեռ պետք է ձեռք բերել, դրա համար շատ ժամանակ ու շատ բան է պետք: Դեռ մեր առաջին քայլերն ենք արել՝ հռչակել ենք մեր պետությունը, բայց այս երկիրը պետք է դեռ պետություն դարձնել: Դուք պիտի դարձնեք, մենք մերն արել ենք, հիմա ջահելների հերթն է: Դուք մի՛ փնովեք, այլ հավատացե՛ք, գնացե՛ք դրա հետեւից, որ պետություն դառնա, որովհետեւ ձեր երեխաները, թոռները ու իմ ծոռները պետք է այս երկրում ապրեն ու աշխատեն: Լավ երկիր սարքենք լավում կապրենք, վատ երկիր սարքենք ոչ մեկ չի ապրի, կփախնեն այս երկրից: Օրինակ՝ ինձ, որ տասը փայտով ծեծեն մեր երկրից գնացողը չեմ, որովհետեւ ինչքան կարող եմ պիտի իմն անեմ: Իմ գործը դերեր խաղալն է, պիտի խաղամ ինչքան կարող եմ: Գոնե երեք ծառ ավել տնկեմ, երկրի համար որդիներ դաստիարակեմ, իմ կողմից հնարավորինս անեմ ու թողնեմ գնամ` այս երկիրը հանձնելով նոր սերնդին»:

Ա. Մարությանը տոներին մասնակցում է թոռների հետ. «Մայիսյան գրեթե բոլոր միջոցառումներին մասնակցում ենք: Սիրում եմ թոռներիս կենդանաբանական այգի տանել: Հիշում եմ, ըստ հին սովորության, մայիսի 2-ին՝ դրան մայովկա էին ասում, ողջ ժողովուրդը գնում էր հանգստանալու: Միեւնույն է հիմա էլ իմ մայովկան անելու եմ, գնալու եմ կենդանաբանական այգի: Միայն այն, որ երեխաները կենդանիների հետ շփվում են ինձ համար միլիոն արժե»:

Իսկ դերասանուհի ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ մայիսյան տոներից կարեւորում է եղբոր, զարմիկների եւ հանգուցյալ հոր ծնունդը: Մնացած տոների մասին ավելացնում. «Մի քիչ իմ սերնդի մարդկանց հետ է կապված, մի քիչ էլ այս օրվա երիտասարդների»:

 

«ԱՇԽԱՏՈՂ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ԳՆԱՀԱՏՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՓԱՍՏՆ Է»

 

Երգչուհի ԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մի քիչ զարմացավ՝ լսելով, որ մայիսի 1-ը դեռ տոնում են. «Տարիներ առաջ մայիսի 1-ին համերգ էր լինում ու մեծ շուքով տոնվում էր: Ես էլ մի քանի անգամ հասցրել եմ մասնակցել համերգներին ու ներկա եմ եղել այդ տոնին: Դրական լիցքերով մարդիկ հեռանում էին այդ տեղից: Իրենց արած աշխատանքի դիմաց գնահատված լինելու զգացումը իրենց սրտերում տոնում էին այդ օրը: Կարծում եմ ամեն մարդ, որ ասպարեզում էլ աշխատող լինի ամենակարեւոր բանն իր համար գնահատված լինելու փաստն է: Ինձ թվում է լավ տոն էր, ափսոս, մեծ շուքով չի նշվում»:

Մայիսի 28-ը երգչուհու համար առանձնահատուկ տեղ ունի. «Մեր առաջին հանրապետության անկախության օրն է: Ամեն ինչ այդտեղից է սկսվել, եթե չլիներ այդ անկախությունը, դժվար թե լիներ այն ամենը, ինչ ունենք այսօր: Այդ օրը մի քիչ այլ կերպ եմ ընկալում, քան ուղղակի ազատության օրը: Ինձ համար դա սկիզբն է ամեն բանի»: Իսկ տոներին Ա. Խաչատրյանն աշխատում է. «Աշխատանքի բերումով մայիսյան երեք տոներն էլ նշում եմ կոլեգաների, աշխատանքային ընկերներիս հետ: Չի ստացվում ընտանիքի հետ տոնելը, բայց կարեւորն այն է, որ իմ ընտանիքում այդ երեք տոներն էլ ընդունվում եւ ընկալվում է»:

Երգիչ ՄԱՐԱՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ էլ տոների մասին առանց երկմտելու պատասխանեց. «Անշուշտ կարեւորում եմ մայիսի 9-ը, ինչպես բոլորը: Ռազմահայրենասիրական բովանդակությամբ բազմաթիվ երգեր ունեմ, որոնք առնչվում են այդ տոնին: Մասնակցում եմ հանրապետության տարածքում, մասնավորապես Երեւանում կատարվող միջոցառումներին»:

Մայիսի 1-ը երգիչը նույնպես չի անտեսում. «Շատ կարեւորում եմ գոնե այնքանով, որքանով, որ ես աշխատանքի մարդուն գովերգող միակ երգի հեղինակն եմ: Խոսքը «Հայոց երկրի հայ շինարար» երգի մասին է, որը անմիջականորեն վերաբերում է աշխատանքի մարդուն եւ նրա գովերգմանը: Եթե լինում եմ քաղաքում եւ ժամանակ եմ ունենումանպայման մասնակցում եմ այդ օրվա տոնակատարություններին»:

Հ.Գ. Իսկ թե դուք, որ տոնն եք սիրում եւ ցանկանում մասնակիցը լինել, որոշեք ինքներդ: Միայն հիշեք, որ ամեն օրը պետք է տոն դարձնել, չէ՞ որ մի անգամ ենք աշխարհ գալիս:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում