livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

trnezՄեր երկիրը, գտնվելով Արեւմուտքի եւ Արեւելքի քաղաքակրթությունների խաչմերուկում, ուրույն եւ զարգացած հոգեւոր մշակույթ է ունեցել վաղնջական ժամանակներից ի վեր: Ի փառս մեր նախնիների` հայ ժողովուրդը հազարամյակների ընթացքում պահպանել է իր ազգային դեմքը: Հնամենի ավանդույթները դարձել են ապրելակերպ, դրանցից յուրաքանչյուրն արդարացված է իր գոյությամբ, բնույթով եւ բարոյախրատական խորը իմաստով: Ժողովրդական ավանդույթների արմատները հասնում են մինչեւ հեթանոս անցյալ. դրանք սրբագրվել են քրիստոնեությամբ, բայց չեն աղավաղվել եւ սերնդեսերունդ հասել են մեզ: Այս անգամ անդրադառնալով փետրվարյան ամենամեծ տոնին՝ Տրնդեզին կամ Տեառնընդառաջին, զրուցեցինք ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ-դիցաբան ԳՈՀԱՐ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ հետ.

-Փետրվարը հայկական օրացույցում կոչվում է Մեհեկան: Մեհեկան անունը կապվում է արեւի եւ լույսի աստված Միհրի հետ, եւ փետրվարի 14-ը՝ Տրնդեզի տոնը, եղել է հենց Միհր աստծո օրը: Փաստորեն, հնուց ի վեր Տրնդեզն արեւի, լույսի, կրակի, օջախի տոնն է եղել: Այն ծագել է դեռեւս նախաքրիստոնեական՝  հեթանոսական ժամանակներում եւ կապված է եղել լույս երկնայինի՝ Արևի, եւ լույս երկրայինի՝ կրակի պաշտամունքի հետ: Տոնը շարժական չէ եւ միշտ նշվում է փետրվարի 14-ին: Տրնդեզի գրավոր նկարագրության ամենահին օրինակ է պահպանվել հունական պատմիչ Քսենոփոնի «Նահանջ բյուրոց» («Անաբասիս») երկում: Հեղինակը զարմանքով եւ զմայլանքով գրում է, որ ձմեռվա օրով հայկական մի գյուղում ժողովուրդը խարույկ էր վառել ու դրա շուրջ պտտվում, երգում, պարում էր: Տոնահանդեսի այդ կրակի մեջ չոր մրգեր էին գցում, որպեսզի անուշ բույր գար, իսկ վերջում էլ սկսեցին կրակի վրայով ցատկել: Տրնդեզի մասին բանավոր հաղորդումներ նույնպես պահպանվել են: Տարբեր գավառներում տոնն ունեցել է համանման, բայց փոքր-ինչ տարբեր անուններ: Օրինակ՝ Լոռվա գավառում կոչվում է Դռընդոջի, Դոռոնջ, որոշ բարբառներում` Դռնդեզ (դռան դեզ), որովհետեւ ամեն մի գյուղացու դռան առջեւ՝ բակում, դեզ էր լինում, եւ անպայման այդ դեզից չոր խոտ էին գցում տոնական կրակի մեջ ու դրա շուրջը երգել-պարելով՝ ուրախ մթնոլորտ ստեղծում: Հետագայում՝ արդեն քրիստոնեության ժամանակ, տոնը ստացավ քրիստոնեական երանգավորում եւ կոչվեց Տեառնընդառաջ, որը կապվում է մանուկ Հիսուսի տաճար ընծայման հետ: Եթե հունվարի 6-ից՝ Սուրբ Ծննդյան օրից, հաշվենք քառասուն օր, ապա գալիս է ուղիղ փետրվարի 14-ը: Սա այն տոնն է, երբ քառասնօրյա Հիսուսին բերում են տաճար, եւ ժողովուրդը ջահերով դիմավորում է նրան: Հովսեփը եւ Մարիամը մանուկ Հիսուսին բերում են Սիմոն ծերունու մոտ, որը մի շատ զառամյալ մարդ էր եւ պետք է Օծյալ Փրկչին տեսներ ու նոր այս աշխարհից հեռանար: Սիմոն ծերունին գրկում է մանուկին՝ ասելով, որ ինքն արդեն կարող է հանգիստ աչքերը փակել, քանզի արդեն ծնվել է Օծյալ Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը: Սա քրիստոնեական կողմն է տոնի, որի մասին մեր Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին համապատասխան շարականներ է երգում ու ժամերգություն անում: Քրիստոնեական Տեառնընդառաջի անվան տարբերակներից են Տերնտես («Տիրոջը տեսության»), Տերն ընդ ձեզ («Տերը ձեզ հետ») եւ այլն: Հետաքրքիրն այն է, որ այս տոնի պարագայում, բացի ծիսակարգի համահունչ լինելուց, նաեւ տոնը հեթանոսական եւ քրիստոնեական անուններով է համահունչ: Եվ Տրնդեզը՝ Տեառնընդառաջ դառնալով, գրեթե չի փոխվել, մանավանդ ժողավրդական տոնակատարության առումով:

- Ի՞նչն է պատճառը, որ շատ հաճախ Տրնդեզը տոնում են ոչ թե փետրվարի 14-ին, այլ` 13-ին:

- Քանի որ Տեառնընդառաջը եկեղեցու մեծ տոներից է, հանդիսությունն սկսվում է նախօրյակից, դրա համար շատերին թվում է, թե Տրնդեզը 13-ին է: Նախօրեին` արդեն երեկոյան ժամերգության ժամանակ, ժողովուրդը կարող է գնալ եկեղեցի, որպեսզի օրհնված մոմեր բերի, եւ ամեն մեկն իր բակում խարույկ վառի:

- Ո՞րն է Տրնդեզը նշելու խորհուրդը:

trndez1- Տոնի ծիսական իմաստն այն է, որ մարդիկ, գետինը տաքացնելով, կարծես ճանապարհ էին բացում գարնան գալստյան համար: Նախ՝ բնական է, որ ցուրտ ժամանակ կրակ են վառում: Տրնդեզը, ինչպես բոլոր հին տոները, գալիս է բնապաշտական ժամանակներից, կրակի տոն է ձմռանը, Վարդավառը՝ ջրի տոն ամռանը: Սրանք, փաստորեն, բնության եւ մարդու կապն են խորհրդանշում: Մարդիկ գետինը տաքացնում են, որ գարունը շուտ գա, եւ մինչ օրս ժողովրդական ծիսակարգում պահպանվել է այս խորհուրդը: Քրիստոնյա միջնադարում, իհարկե, տոնահանդեսն սկսվել է եկեղեցու բակում, եւ համայնքի ժողովուրդն այդ խարույկի շուրջը պտտվում էր ու վերջում էլ ցատկում դրա վրայով:

- Հատկապես ի՞նչ խորհուրդ ունի նորահարսի ու նորափեսայի՝ կրակի վրայով ցատկելը:

- Բոլոր ժողովուրդների մեջ, այդ թվում եւ հայերիս, եղել է պատկերացում, որ բնության տարրերը՝ կրակը, օդը, հողը, ջուրը մաքրագործող, սրբագործող զորություն ունեն: Կրակի վրայով նորահարսին եւ նորափեսային թռցնելով՝ ժողովուրդը հավատում է, որ չար ուժերը վանում է նրանցից: Նույնիսկ սովորույթ է եղել, որ նորահարսի փեշից, ինչպես նաեւ նորափեսայի հագուստից, մի փոքրիկ թել կտրեն ու գցեն այդ կրակի մեջ, որպեսզի նորաստեղծ զույգը պտղաբեր լինի: Տրնդեզը՝ որպես նորապսակների տոն, արգասավորության եւ պտղաբերության խորհուրդն ունի: Անշուշտ, բացի նորապսակներից, կրակի վրայից կարող են ցատկել ծերերը, երիտասարդները, երեխաները, բոլորը:

- Կրակի վրայով ցատկելուց զատ, ինչպիսի՞ ժողովրդական արարողակարգ է եղել Տրնդեզին:

- Հաճախ քրիստոնյա միջնադարում եւ հիմա էլ գյուղերում նորապսակ կամ նոր նշանված զույգին կրակի շուրջը պտտեցնում է կամ քավորը քավորկնոջ հետ, կամ ապագա սկեսուրը, կամ մամիկներից մեկը, որը նորապսակ զույգի հետ անմիջական ազգակցական կամ բարեկամական կապ ունի: Տոնը ունի շատ հարուստ արարողակարգ՝ սկսած ուտեստներից, վերջացրած հագուստներով: Տրնդեզին, ինչպես եւ Ամանորին, անպայման նոր զգեստ են հագնում: Ծաղկազարդի, Սուրբ Զատիկի նման այս տոնին էլ նորահարսին նորափեսայի եւ նրա ծնողների կողմից ոսկեղեն, արծաթեղեն, կամ էլ որեւէ թանկագին նվեր է մատուցվում: Աղջկա կողմն էլ իր հերթին է նվերներ տալիս փեսայի հարազատներին: Օրինակ՝ աղջիկը կարող է իր գործած գուլպան նվիրել ապագա սկեսուրին եւ սկեսրայրին: Նահապետական ժամանակներում աղջիկներն իրենց օժիտը պատրաստելիս նաեւ իրենց ձեռքի գործերն էին դնում, որպեսզի երեւա հարսնացուի շնորհքը: Շատ հարգի էր համարվում տղայի ծնողներին, նաեւ նորափեսայի մոտ ազգականներին հարսի գործած գուլպա նվիրելը: Տրնդեզի ծիսական ուտեստը փոխինձը կամ փոխինդն է՝ թե՛ անուշեղենով կամ մեղրով պատրաստած գնդիկների, եւ թե՛ խաշիլի տեսքով, որովհետեւ փոխինձը, եւ հացահատիկեղենն առհասարակ խորհրդանշում է պտղաբերությունը, արգասավորությունը, առատությունը: Թե՛ հեթանոսության շրջանում, թե՛ քրիստոնյա միջնադարում մեհյանն էլ, եկեղեցին էլ ունեցել են իրենց ծիսակարգը: Դրան զուգահեռ, հեթանոս կամ քրիստոնյա ժողովուրդը, մասնակցելով տոնին, ունեցել է իր արարողակարգը: Այսօր էլ հասարակ մարդը շատ տեղյակ չէ, թե Տեառնընդառաջի տոնին եկեղեցում հատկապես ինչ շարական է երգվում, դա հոգեւորականը գիտի, բայց բոլորս էլ գիտենք, որ Տրնդեզը նորապսակների տոնն է եւ նշում ենք դարավոր սովորութակարգի համաձայն:

- Ո՞րն է ճիշտ՝ նշանված, թե՞ ամուսնացած ժամանակ նշել Տրնդեզը:

- Երկուսն էլ ճիշտ են, ընդհանրապես՝ տոնը պետք է նշեն բոլորը: Յուրաքանչյուր տոն պետք է լինի ժողովրդական միջոցառում, անկախ նրանից, տանը կան նորապսակներ, թե՝ ոչ: Ուղղակի, ամեն տոնի ժամանակ անպայման նորապսակին, նոր նշանվածին, երիտասարդին, նոր երեխա ունեցածին է նվեր տրվում, եւ այս ավանդույթները մեր ժողովրդի մեջ շատ լավ պահպանվել են:

trndez3- Տրնդեզի արարողությունը հաճախ բոլորովին չի զիջում հարսանեկան արարողությանը. նման ճոխությունից ծեսը տուժո՞ւմ է:

- Այդտեղ վատ բան չեմ տեսնում. եթե ի վիճակի են, թող անեն: Ուղղակի տոնին պարտադիր է եկեղեցի գնալը, եկեղեցուց օրհնված կրակ բերելը եւ խարույկի շուրջ ուրախ ու հանդիսավոր մթնոլորտ ստեղծելը:

- Իսկ արարողության վերջում խարույկից մնացած մոխիրն ի՞նչ է պետք անել:

- Հնում Տրնդեզի կրակի մոխիրը երբեք չէին թափում, պահում էին մինչև մյուս տարի: Այդ մոխրից, մի քիչ ուտելիքին խառնելով, տալիս էին ծննդկանին (բոլորս գիտենք, որ մոխիրը հակաբորբոքային հատկություն ունի), ճաշի կամ թեյի մեջ լցնելով՝ տալիս էին հիվանդին, որովհետեւ դրան բուժիչ հատկություններ էին վերագրում: Եթե կովը ծնել էր, հորթին կերակրելիս նույնպես կաթի հետ այդ մոխիրն էին խառնում, հավերին էին ուտելիքի հետ տալիս, որպեսզի շատ ձու ածեն: Նաեւ Տրնդեզի մոխիրով ու կրակի ծխով գուշակություններ էին անում. մոխիրը ցանում էին օդի մեջ, որ տեսնեն, թե ինչ ուղղությամբ է գնալու. դրանով որոշում էին, թե որ կողմից լավ կամ վատ լուր կառնեն: Եթե աղջիկ ունեն պսակելու, կրակի ծուխը որ կողմը գնար, ուրեմն այդ կողմի տուն պիտի հարս գնար: Եվ վերջապես, դաշտերի մեջ էին շաղ տալիս մոխիրը, որպեսզի բերքն առատ լինի, այսինքն՝ մի ամբողջ ծիսակարգ եւ պատկերացումների համակարգ է կապված եղել Տրնդեզի մոխիրի եւ կրակի ծխի հետ:

- Կարելի՞ է Ծաղկազարդից մնացած օրհնված չոր ճյուղերն այրել Տրնդեզի խարույկում, ինչպես շատերն անում են:

- Նաեւ Ծաղկազարդի պսակներն են վառում, որովհետեւ Ծաղկազարդն էլ երիտասարդների տոն է: Եթե ժողովուրդն ունի մի սովորույթ, երբեք սխալ չէ, քանի որ հազարամյակների, դարերի ընթացքում է ձեւավորվել՝ որոշակի պատկերացումների եւ տվյալ ժողովրդի մտածելակերպի շրջանակներում:

- Ի՞նչ կասեք մեր ժողովրդի օտարամոլության մասին, որ, մեր գեղեցիկ տոները թողած, նշում են օտարներինը:

- Ինչպես, օրինակ, Սուրբ Վալենտինի տոնը: Կասեմ, որ շատ լավ տոն է, բայց Վալենտինը կաթոլիկ սուրբ է, որը մեզ հետ ոչ մի կապ չունի այն պարզ պատճառով, որ հայերս կաթոլիկ չենք: Անիմաստ է նշել Սուրբ Վալենտինի տոնը փետրվարի 14-ին, երբ մենք այդ նույն օրը շատ ավելի մեծ ու շքեղ տոն ունենք՝ Տրնդեզը, որը երիտասարդների, նորապսակների եւ սիրո տոնն է: Չէ՞ որ Տրնդեզը նախ սիրո տոն է: Շատերին թվում է, թե միայն Սուրբ Սարգիսն է սիրո տոն, բայց ոչ՝ Տրնդեզը ամենահիմնական սիրո տոնն է: Սուրբ Սարգիսը զուտ քրիստոնեական տոն է, իսկ Տրնդեզը գալիս է վաղնջական ժամանակներից:

- Աշխարհում կա՞ն ժողովուրդներ, որոնք Տրնդեզ կամ համանման տոն ունեն:

- Օրինակ՝ շոտլանդացիներն իրենց Նոր տարուն ջահեր են վառում, դրանք ձեռքներին բռնած, երգելով շրջում են բնակավայրով մեկ, վերջում էլ դրանցով մի մեծ խարույկ վառում, որի շուրջ պարում եւ ուրախանում են: Էլ չեմ ասում, որ Արեւելքի երկրներում էլ համանման սովորույթներ կան:

- Ինչո՞վ է պայմանավորված, որ հեթանոսական տաճարները, գիրն ու գրականությունը վերացվեցին, բայց հեթանոսական տոները փոխանցվեցին քրիստոնեությանը:

trndez2- Որպեսզի նոր ուսմունքը տարածվի, այն պետք է անցյալի ժառանգության վրա հենված լինի: Գրիգոր Լուսավորիչը բոլոր հեթանոսական տոները հարմարեցրեց քրիստոնեական տոնակարգին: Առաջին շարականներն էլ հեթանոս ժամանակների «Արեւագալի» երգերից են ձեւավորվել: Տաճարներն ավերվեցին, բայց նույն տեղում, նույն քարերով կառուցվեցին քրիստոնեական եկեղեցիները, եւ նախկին քրմերն էլ դարձան հոգեւորականներ: Կարծիք կա նաեւ, որ ամենեւին էլ Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ն չեն ավերել հեթանոսական տաճարները, այլ քսանամյա անիշխանություն է եղել, ինչը Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ից է հայտնի, եւ հենց այդ անիշխանության ժամանակ զրադաշտական մոգերն են մեր հեթանոսական տաճարներն ավերել:

- Տիկին Վարդումյան, ամփոփելով տոնը` ի՞նչ կմաղթեք նորապսակներին ու նորանշանվածներին:

- Կմաղթեմ, որ բոլորը երջանիկ լինեն: Գիտակցեն, որ նոր ընտանիք կազմելը շատ լուրջ քայլ է կյանքում: Այդ հարցին պետք է մոտենալ մեծ սիրով: Ցանկանում եմ, որ մեր հայ երիտասարդները ոչ թե հաշվարկով, այլ սիրելով ամուսնանան, որովհետեւ ինչպիսի նյութական հարստություն էլ լինի, ամենամեծ հարստությունը սերն է, հոգու հարստությունը, հենց այդ հիմքի վրա ընտանիքը պետք է ձեւավորվի: Երեխան, որը ծնվում է սիրուց, երջանիկ է ի սկզբանե եւ լիարժեք: Թող հայ ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն` ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ: Եվ թող ձմեռային այս գեղեցիկ, սիրառատ, ջերմ տոնը գարուններ վառի բոլորիս սրտերում:

Զրուցեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում