Այն կհաջորդի Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնին

tonԱպրիլի 8—ին Հայ առաքելական եկեղեցին եւ հայ ժողովուրդը կնշեն Ս. Հարության տոնը։ Տոնը շարժական է, նշվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման մոտակա կիրակի օրը՝ մարտի 22—ից ապրիլի 25—ն ընկած ժամանակահատվածում։

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նա եւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Զատիկը թե Հին եւ թե Նոր կտակարաններում 5 տաղավար տոներից մեկն է։

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում։ Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար։

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի ս. պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները։ Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում ս. պատարագ։

Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

Նշենք նաեւ, որ ամեն տարի ապրիլի 7—ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։  

Այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Այս տարի Ավետման տոնի հուսառատ օրը մեր հոգիներին հնչում է նաեւ ավետիսը մեր Տիրոջ հարության, որով մարդկությունը ժառանգեց երկնապարգեւ շնորհները հավիտենական կյանքի։

Այս նվիրական օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն, որպեսզի մայրերը եւ իրենց զավակները միշտ լինեն Աստծո շնորհի ներքո, որպեսզի աշխարհ եկող մանուկները մեծանան խնամքի ու հոգածության մեջ, սնուցվեն ու կրթվեն հավատքով եւ բարի զավակներ դառնան իրենց ծնողների, մեր երկրի ու ազգի համար»,–մասնավորապես ասված է Վեհափառ հայրապետի ուղերձում։