livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

exern2Այս անգամ «Տոնացույց» խորագիրը աչքի չի ընկնի իր գույներով ու տոնական ուրախ ելեւէջներով, այլ կանդրադառնանք մեր պատմության տխուր ու անդառնալի էջին, որը յուրաքանչյուր անգամ թերթելիս կրկին ու կրկին բորբոքվում են վերքերը ու ցավը նույնքան թարմ է դառնում, որքան 97 տարի առաջ էր: Գուցե մեր վերքերը կսպիանան միայն այն ժամանակ, երբ քաղաքակիրթ աշխարհը միաբերան կընդունի ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու կդատապարտի Թուրքիայի այժմյան ուրացող կեցվածքը, չնայած ինչպես Շիրազը կասեր` «Ով լիրբ լռություն ու լռում են տե՛ս»:

Միլիոնուկես զոհ, միլիոնուկես խեղված ճակատագրեր, կորսված հարազատներ եւ վերջում միայն ոսկորների կույտ` մնացած Անթիլյասում, ոտատակ եղած գանգեր` Դեր-Զորի անապատում: Այստեղից էլ սկսվում է ցեղասպանություն վերապրած երկու քույրերի իրական պատմությունը, որը մեզ հաջողվեց սերունդներին փոխանցած հուշերից պեղել 97 տարի անց եւ ներկայացնել «Զարուհի» հանդեսի ընթերցասերներին:

Սարաֆյանների գերդաստանը մեծ էր, բոլորն էլ աշխատավոր ու խաղաղ մարդիկ էին` հայր, մայր եւ յոթ զավակ: 1915թ. ցեղասպանությունը չշրջանցեց նաեւ այս խաղաղ ընտանիքին: 18 տարեկան էր Արեգնազը, իսկ մեծ քույրը` Արշակուհին, արդեն ուներ չորս զավակ: Արեգնազը ծնողների ու ընտանիքի մյուս անդամների հետ բռնեց աքսորի ճանապարհը: Օրեր շարունակ սոված, կիսամերկ ու հոգնած ընտանիքը մյուս աքսորյալների հետ ենթարկվեց բազմաթիվ խոշտանգումների, որի արդյունքում սպանվեցին հայրը, մայրը, եղբայրներն ու հարսները, իսկ եղբոր երկուամյա աղջնակին խլեցին կիսակենդան հարազատների ձեռքից: Տեսնելով ամենուր խեղված դիակներն ու զոհված հարազատներին` Արեգնազը ուշաթափ ընկնում է գետնին` խառնվելով բազում դիակներին. նրան էլ են մեռած համարում: Երբ աղջիկն ուշքի է գալիս, արդեն մայրամուտ է լինում, իսկ շուրջը` միայն անշնչացած դիեր: Գիտակցելով անդառնալին` Արեգնազը խելակորույս քայլում է վտանգներով լի անորոշ ուղղությամբ, իսկ ճանապարհին նրան ուղեկցում է ականջներում անընդհատ հնչող հարազատների վերջին ճիչերն ու մարդասպան գազանի արնախում կրքերին հագուրդ տվող քրքիջը…

exern1Իսկ Արշակուհին, ով մնացել էր քաղաքում ամուսնու եւ չորս զավակների հետ` չնայած շրջանցեց աքսորը, բայց անմասն չմնաց թուրքերի ոտնձգություններից ու յաթաղանից: Թուրք բարբարոսները խմբերով հարձակվում էին հայկական բնակավայրերի վրա: Արշակուհին գտնում է լուռ կոտորվելու փոխարեն պայքարի ուղին բռնելու միջոցը, իհարկե, դա ոչ թե փրկության, այլ` գոյության կռիվ էր: Իրեն չկորցրած փոքրամարմին այդ կինը երեխաներին շտապեցնում է, որպեսզի կանչեն տղամարդկանց, իսկ հարեւան կանանց պատվիրում գոգնոցներով լի քարեր հավաքել: Երբ տղամարդիկ հավաքվում են` կնոջ բացառիկ երեւակայության շնորհիվ, արդեն պատրաստ էր պայքարի միջոցը` ռեզինե պարսատիկները, որոնց մի ծայրը կապում էին ձեռքին, մյուսը` պահում ափի մեջ, իսկ արանքում քար դնում ու գլխավերեւում պտտեցնելով բաց էին թողնում ափի միջի պարսատիկի ծայրը եւ քարը` զորավոր ատելություն ու զենք դարձած, թռնում էր ուղիղ թուրքի ճակատին: Եթե քարը ուղիղ աչքին էր կպնում, Արշակուհու եւ մյուս կանանց մեծագույն հաղթանակն էր. յուրաքանչյուր հայ անմեղ զոհի դիմաց թշնամու մեկական դուրս թռած աչք: Անհավասար պայքարի արդյունքում, զոհված թուրք զինվորի պատճառով Արշակուհու ամուսնուն` Ղազարոսին մարդասպանության մեղադրանքով բանտ են տանում:

Արշակուհին իր չորս երեխաների հետ մնում է մենակ եւ իր առջեւ հարց է ծառանում. ինչպե՞ս փրկել երեխաներին: Միակ ելքը փախչելն էր, բայց ինչպե՞ս եւ ո՞ւր: Առաջինը նրա մտքով անցնում է հարեւանությամբ բնակվող մորաքույր Մարին, ում գեղեցկուհի Արփենիկ դստերը կնության էր առել թուրք պաշտոնյան, ինչի շնորհիվ մորաքույր Մարին «ապահովագրված էր» թուրքերի հարձակումներից: Վայրկյաններ անց Արշակուհին` չմոռանալով տնից վերցնել միայն Աստվածաշունչը, իր չորս զավակների հետ բախում է Մարի մորաքրոջ դուռը եւ ժամանակավոր ապաստան գտնում: Օրեր անց եկեղեցու միջոցով Արշակուհին կարողանում է Կեսարիայից տեղափոխվել Բեյրութ ու... սպասել ամուսնուն:

exernԱրեգնազին նույնպես ճակատագիրը Բեյրութ է բերում, բայց ի տարբերություն Արշակուհու, նրա համար փրկությունը անհույս, աննպատակ ու անիմաստ էր, որովհետեւ  կարծում էր, թե միակ ողջ մնացած հարազատը թուրքերի կողմից գողացված եղբոր դուստրն էր, ում, բնականաբար, երբեւէ չէր գտնի եւ Կեսարիայում թողած քրոջ ընտանիքը, որի փրկվելու հավանականությունը գրեթե անհնարին էր: Բայց, անքննելի են Աստծո ճանապարհները. Արեգնազը երկար ժամանակ աչքերին չէր հավատում՝ Բեյրութում փրկվածներին դիմավորող խմբի մեջ էր քեռայր Ղազարոսը:

Այո՛, Արշակուհու ամուսին Ղազարոսը, ում հաջողվել էր փախչել կալանքից ու եկեղեցու միջոցով տեղեկանալով ընտանիքի մասին՝ վերագտնել նրանց Բեյրութում: Եվ այսպես, մի մեծ գերդաստանից մնացած երկու քույրերի ոդիսականը խաչվեց Բեյրութում` հեռու հայրական օջախից, հարազատ շեմից: Դեմ դիմաց կանգնած քույրերը չէին հավատում իրենց տեսածին, նրանց ցամաքած աչքերից արտասուք էլ չէր հոսում, նրանց միջեւ եղած մի քանի քայլերն ավելի անանցանելի էին, քան Սիրիայի անապատները: Այդ մի քանի քայլերի արանքում կարծես գտնվում էին խոշտանգված գերդաստանի անմեղ զոհերի ուրվականները:

Արեգնազը Բեյրութում ամուսնանում է իր բախտակից մեկի` Պետրոսի հետ, ունենում չորս որդի եւ մեկ դուստր, որոնք կրում են զոհված նախնիների անուններն ու մեծ գերդաստանի շարունակողները դառնում: 1946թ.-ին՝ ներգաղթի տարիներին, հայրենիքի կանչը քույրերին բերում է Հայաստան եւ այսօր նրանք թաղված են Երեւանում, իսկ սերունդները՝ սփռված օտար ափերում:

Մենք դեռ շատ երկար` նայելով Մասիսի ալեհեր ճակատին, կլսենք մեր տատերի ու մայրերի կանչող օրորոցայինը, խոնարհված եկեղեցիների խաչերի աղոթքը, դատարկ տների հոգեցունց արձագանքն ու մեր ավերակ շեների եւ արտերի տրորված ու կեղեքված լուռ կանչը:

Ներկայացրեց

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում