araԵթե դարեր առաջ հարեւան երկրների թագավորներն իրենց զավակներին ամուսնացնում էին միմյանց հետ, որպեսզի դրանով ինչ-որ դաշինք կամ համերաշխության պայմանագիր հաստատուն մնա, ապա այսօր մեր թագավոր հայրերը եւ թագուհի մայրերն ընդամենը ուզում են իրենց զավակները հաստատուն ու համերաշխ ընտանիք ունենան: Շատերը նույնիսկ համակերպվում են օտար հարսիկ ունենալու գաղափարի հետ, բայց ոչ երբեք օտարազգի փեսայի: Այնպես որ, սիրելի՛ աղջիկներ, բրեդփիթներ, էնրիկոիգլեսիասներ ու ջասթինթիմբրլեյքներ փնտրելու փոխարեն, բավարարվեք Վարդանանց քաջերի ու Սասնա ծռերի հերոսներին նմանվող հայ տղամարդկանց հետ ամուսնանալու գաղափարով:

Իսկ մինչ դուք կգտնեք ձեր կողակցին, մենք ներկայացնենք եւս մեկ օտար հարսիկի, ով պատվով ստանձնել է հայ մեծանուն կոմպոզիտոր եւ դաշնակահար Առնո Բաբաջանյանի հարսի պաշտոնը:  

«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում Արտակի կերպարը մարմնավորած Արա Բաբաջանյանը իրական կյանքում վարվեց ճիշտ հակառակը եւ իր համար հարսնացու ընտրեց հարավից` հարեւան Վրաստանից: Իսկ թե ինչպե՞ս եւ որտե՞ղ Արա Բաբաջանյանը ծանոթացավ վրաց գեղեցկուհու հետ, պատմում է հենց հարսիկը` ՄԱՅԱ ԿԻՊԻԱՆԻՆ.

-Թիֆլիսում ավելի քան 27 տարի աշխատել եմ հեռուստատեսությունում: Սկսեցի 18 տարեկանից ռեժիսորի ասիստենտի եւ վերջացրեցի հեռուստաընկերության երաժշտական պրոդյուսերի աշխատանքով: Գուցե շատերը կհիշեն, որ «Դուետ Ջորջիա»-յի պրոդյուսերը ես էի, ովքեր մի քանի տարի առաջ հաղթեցին Յուրմալայում: Այնտեղ մենք ներկայացրեցինք Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն» ստեղծագործությունը: Իսկ 2008 թվականի նոյեմբերին Երեւանում եղան օրեր նվիրված Առնո Բաբաջանյանին: Այդ ժամանակ մեզ զանգահարեցին եւ ասացին, որ Արայիկ Բաբաջանյանը խնդրում է գալ Հայաստան, ներկա լինել Առնո Բաբաջանյանին նվիրված համերգին եւ երգել: Մենք խմբով եկանք Երեւան եւ Արայիկ Բաբաջանյանը մեզ դիմավորեց: Այդպես ծանոթացանք եւ այդտեղից սկիզբ դրվեց մեծ սիրո...

- Ի՞նչ հետաքրքիր հուշեր ունեք կապված Ձեր աշխարհահռչակ սկեսրայրի` Առնո Բաբաջանյանի հետ:

ara5- Ցավոք, նա 1983 թվականին է մահացել, իսկ ես Արայիկի հետ ծանոթացել եմ շատ ավելի ուշ: Երբ մենք հանդիպեցինք եւ որոշեցինք ամուսնանալ, Արայի մտերիմներն ու բարեկամներն ասում էին, որ մենք ծանոթացել ենք Առնո Բաբաջանյանի եւ նրա երգի շնորհիվ: Իրոք, ինձ ու Արայիկին ծանոթացրեց «Նոկտյուրն»-ը, եւ ես շնորհիվ այդ երգի գտա իմ ողջ կյանքի սիրուն: Արայիկն էլ է այդպես կարծում, ասում է Առնոն օգնեց ինձ մի անգամ էլ գտնել իմ երկրորդ կեսին: Դե գիտեք, որ Արայիկը ամուսնացած է եղել, իսկ երբ մենք հանդիպեցինք, ես տարիքով արդեն փոքր չէի, իսկ Արայիկը 57 տարեկան էր (Ի դեպ, Արա Բաբաջանյանը եղել է «Փարիզյան սուրճ» ընկերության հիմնադիր Վալերի Գործունյանի երեք ամուսիններից առաջինը- Հ. Ս.): Իհարկե, շատ-շատ եմ սիրում Առնո Բաբաջանյանի բոլոր երգերը, բայց ոչ մի երգ չի կարող մրցել «Նոկտյուրն»-ի հետ:

 - Կպատմե՞ք մի փոքր Ձեր յուրօրինակ հարսանիքի մասին:

ara1- Չգիտեմ թե որքանով է մեր հարսանիքը յուրօրինակ եղել, երեւի նրանով էր առանձնանում, որ այդ տարիքում մեծ հարսանիքներ չեն անում: Մեր հարսանիքն արեցինք Թիֆլիսում, ավելի ճիշտ Վրաստանի հին, փոքրիկ քաղաքներից մեկում, որն առաջ եղել է Վրաստանի հինավուրց մայրաքաղաքը՝ Ցխեթան: Մենք ընտրեցինք շատ լավ վայր, հոյակապ ռեստորան եւ մեր հարսանիքին ներկա էին միայն շատ մտերիմ ընկերներ. եկել էին Ռուսաստանից, Լոնդոնից եւ, իհարկե, Երեւանից: Մի խոսքով հարսանիքն անցկացրեցինք մտերմիկ փոքր շրջանակում: Ներկա էին նաեւ երգիչ-երգչուհիներ, պարային խմբեր. շատ լավ ժամանակ անցկացրեցինք:

- Ինչպիսի՞ն է այսօր Բաբաջանյանների հայտնի ընտանիքը:

- Բաբաջանյանների ընտանիքն այսօր համեստ ու հասարակ կովկասյան ընտանիք է, որտեղ ամուսինն աշխատում է, իսկ կինը հոգ է տանում ամուսնու մասին: Մեր ընտանիքում Արայիկի եւ նաեւ իմ կյանքի կարեւորագույն նպատակն է պահել Առնո Բաբաջանյանի վառ հիշատակը: Եվ, իհարկե, տարածել նրա երաժշտությունը երիտասարդության մեջ ու ոչ միայն հայ, այլ նաեւ ռուս եւ վրաց: Հիմա՝ ամուսնությունից հետո, օգնում եմ Արայիկին կազմակերպել մրցույթներ  կամ համերգներ, հոբելյանական միջոցառումներ` նվիրված Առնո Բաբաջանյանին:

- Արդյոք Հայաստանում եղած ժամանակ Ձեզ օտա՞ր եք զգում:

- Երբեք, հենց Երեւանում իջնում եմ ինքնաթիռից, կարծես իմ հայրենիքում լինեմ: Այնպես չէ, որ իմ հայրենիքն ավելի մոտ է Երեւանին դրա համար եմ ինձ լավ զգում, բացարձակ դրա հետ չէ կապված: Ուղղակի Երեւանում առանձնահատուկ ջերմություն եմ զգում: Այդտեղ ունեմ շատ լավ ընկերուհիներ: Իհարկե, բոլորի հետ Արայիկն է ինձ ծանոթացրել, հատկապես ուզում եմ նշել հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի դուստր Նարինե Հարությունյանին, բարի եւ անկրկնելի երգչուհի Գայանե Հովհաննիսյանին, Արմինե Դարբինյանին, որոնց հետ մեծ սիրով ընկերություն եմ անում: Հայաստանում երբեք չեմ զգացել, որ իմ տանը չեմ: Երբ «10+10» երաժշտական նախագիծն ավարտվեց, որտեղ ես ժյուրիի անդամ էի, եւ ես եկա Երեւան, նույնիսկ փողոցում ինչ-որ կանայք ինձ կանգնեցնում էին ու ասում. «Մեր սիրելի հարսիկն է եւ շատ լավ է, որ ոչ թե հարսնացուն հյուսիսից է, այլ հարավից»:

ara2- Երբեւէ Ձեր ընտանիքին խանգարե՞լ է հայ եւ վրաց սովորույթների տարբերությունները:

- Հակառակը, այդ ավանդույթներն այնքան նման են իրար: Կյանքում չէի մտածում, որ կունենամ օտարազգի ամուսին: Ես երբեք չեմ զգացել, որ նա օտարազգի է՝ օտար ավանդույթներով ու սովորույթներով: Ընդհանրապես մեր երկու ժողովուրդների ամեն ինչը նույնն է թե՛ մտածելակերպը, թե՛ սովորույթները: Մեր ընտանիքում նման խնդիրներ չեն ծագում:

- Իսկ ամեն դեպքում հայկական ավանդույթների մեջ ի՞նչը կփոխեիք:

- Ընդհանրապես կողմնակից չեմ ավանդույթներ փոխելուն`  ավանդույթը մնում է ավանդույթ: Նույնիսկ ինձ շատ է դուր գալիս, որ հայերը ավելի ամուր են կառչած իրենց ավանդույթներից, քան վրացիները: Ես մեծացել եմ հենց այդպիսի ավանդույթներով:

- Ըստ Ձեզ, ինչո՞վ են տարբերվում վրացուհիները հայուհիներից:

- Վերջին շրջանում ես նկատում եմ, որ նրանք տարբերվում են: Նրանց համար կարեւորն ընտանիքն է:

- Հայուհինե՞րը:

- Վրացուհիները նույնպես, ընդհանրապես կովկասուհիները: Նրանց համար առաջնայինը երեխաներն են, հետո ամուսինը: Վերջերս ինձ թվում է, որ վրացուհիները դարձել են ֆեմինիստուհիներ: Դա կարող է ոմանց դուր գալ, որոշներին էլ՝ ոչ:

- Հայ տղամարդկանց հաստատ դուր չէր գա:

- Գիտեմ ու զգում եմ, որ հայուհիները դեռ հեռու են դրանից, իսկ Վրաստանում շատ տարածված է եւ երիտասարդությունը առաջնորդվում են ֆեմինիստական գաղափարներով: Այդ գաղափարն ինձ նույնպես դուր չի գալիս:

ara3- Ի՞նչն եք ամենից շատ գնահատում տղամարդկանց մեջ:

- Առաջին հերթին տղամարդկանց մեջ գնահատում եմ խելքը, բարությունը: Սիրում եմ, որ տղամարդը հումորով է լինում: Եթե նա չունենա հումոր, իմ կարծիքով ուրեմն տղամարդ չէ: Շատ եմ սիրում նաեւ, երբ տղամարդը երգում է:

- Վերջում մեր սիրելի հարսիկն ի՞նչ կմաղթի հայուհիներին եւ ի՞նչ խորհուրդ կտա հայ տղամարդկանց:

- Հայուհիներին մաղթում եմ, որ միշտ սիրեն եւ սիրված լինեն: Թող, որ լինեն գեղեցիկ եւ երջանիկ: Իսկ տղամարդիկ թող սիրեն իրենց կանանց: Ամենակարեւորը, ինձ դուր է գալիս հայ տղամարդու մեջ այն, որ նրանք սիրում են իրենց ընտանիքներին: Նրանք անում են ամեն ինչ, որ ընտանիքը լինի ապահովված:

Զրուցեց՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ