livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

Santosh-Kumari-8Հնդկաստանի սրտում՝ Դելիում բնակվող երկաթգծի դիսպետչերի ընտանիքում, որտեղ ապրում էին նրա հինգ դուստրերն ու երկու որդիները, շրջադարձային եղավ այն, որ աղջիկներից մեկը՝ Սանտոշ Կումարի Արորան, ուսումը շարունակելու նպատակով մեկնեց  Ռուսաստան: Եվ ահա, մի գեղեցիկ օր Սանտոշը հայտնում է ծնողներին, որ որոշել է ամուսնանալ օտարազգի տղամարդու՝ Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ Էդվարդ Ավագյանի հետ: Իհարկե, հայրիկը դեմ է կանգնում, իսկ մայրը, որը Հնդկաստանի կանանց ասոցիացիայում հայտնի հասարակական գործիչ է, սկսում է համոզել նրան…

Այո, սկիզբը նման էր իսկական հնդկական ֆիլմի, բայց այն այլեւս իրակականություն է եւ «Զարուհու» հերթական օտար հարսիկի՝ ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի հնդկերենի դասախոս բ.գ.թ. ՍԱՆՏՈՇ ԿՈՒՄԱՐԻ ԱՐՈՐԱՅԻ պատմության սկիզբը.

-1974 թվականին ուսումնական մրցույթում հաղթելուց հետո մեկնեցի Մոսկվա: Ռուսերեն չգիտեի, եւ այնտեղից ինձ մեկ տարով Վորոնեժ ուղարկեցին դասընթացների: Այնուհետեւ հինգ տարի սովորեցի Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) եւ ստացա մասնագիտական որակավորում: Ուսումն ավարտելուց հետո ընկերուհիներս մեկնեցին Ռուսաստանից, իսկ ինձ առաջարկեցին մնալ եւ շարունակել ուսումս արդեն ասպիրանտուրայում: Հայազգի ընկերուհիներիցս մեկի ասպիրանտական թեզի պաշտպանության օրը ծանոթացա  նրա հայազգի ընկերոջ՝ ապագա ամուսնուս հետ: Հաջորդ օրը վերջինս ինձ զանգահարում եւ ամուսնության առաջարկություն է անում: Դե ես էլ ծիծաղի տվեցի, լուրջ չընդունեցի, բայց ճիշտ խոսք կա՝  եթե կարող ես թախտից փախչել, ապա բախտից չես փախչի:

- Ձեր ընտանիքում  ինչպե՞ս ընդունվեց այս փաստը:

- Իհարկե, հայրիկս համաձայն չէր, բայց մայրիկս համոզեց եւ թույլտվություն վերցրեց: Եթե հայրիկս թույլ չտար, չէինք կարող ամուսնանալ: Նա չէր համաձայնվում, որովհետեւ մենք ընդամենը նրան մի լուսանկար էինք ցույց տվել: Հայրս ասում էր. «Այս լուսանկարի վրա ոչինչ գրված չէ, ի՞նչ իմանամ ինչպիսի մարդ է»:

- Իսկ ե՞րբ տեղափոխվեցիք Հայաստան եւ ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք Ձեզ համար օտար երկրում:

Santosh-Kumari-14- Արդեն երկու դուստրերս՝ Անին եւ Ռաջնին, ծնվել էին, երբ մենք 1987 թվականին եկանք Հայաստան: Սկզբնական շրջանում շատ խնդիրներ ունեցանք: Մեզ չէին ընդունում, ասում էին՝ կամ նորից Լենինգրադ գնացեք, կամ էլ Հնդկաստան, բայց ամուսինս որոշեց մնալ ու բնակվել Հայաստանում: Մենք սկսեցինք մեր ուժերով մեծացնել երեխաներին, հետո Հնդկաստանում ծնվեց որդիս՝ Հայկը, այնուհետեւ արդեն Հայաստանում ծնվեցին Անահիտն ու Դավիթը: Եվ ահա, այսպիսի միջազգային ընտանիք ստացվեց: Այսօր ունեմ հինգ երեխա, որոնք հայ են, հայկական անձնագրեր ունեն: Նույնիսկ Հայկը, թեպետ, Հնդկաստանում էր ծնվել, ստիպեց, որ հայկական անձնագիր ստանա: Իմ երեխաները հայ են մեծացել, հայ են դաստիարակվել եւ իրենք իրենց հայ են համարում: Իսկ այսօր արդեն թոռնիկ ունեմ՝ փոքրիկ Նարես:

- Ձեր ամուսնու ընտանիքը, այն էլ սասունցիների ավանդական ընտանիք լինելով՝ ինչպե՞ս համակերպվեց  հնդկուհի հարս ունենալու մտքի հետ:

- Ցավոք, սկեսուրս եւ սկեսրայրս մահացել են, իրենք ինձ շատ-շատ են սիրել: Սկեսուրս թույլ չէր տալիս, որ ինչ-որ մեկն ինձ ասի՝ «քո աչքի վերեւում ունք կա»: Այսօր էլ բոլոր բարեկամների հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք:

- Դուք կատարյալ տիրապետում եք հայերենին, ինչպե՞ս կարողացաք հաղթահարել լեզվի խնդիրը:

- Երբ ազգին սիրում ես, ուզում ես իրեն հաճույք պատճառել, դրա համար էլ ձգտեցի շուտ լեզուն սովորել: Սկզբում մենք ապրում էինք սկեսուր-սկեսրոջս գյուղում՝ Շղարշիկում: Դե, գյուղացիները ռուսերեն չգիտեին, առավել եւս՝ անգլերեն, իրենց հետ փորձում էի հայերեն խոսել եւ շատ շուտ սովորեցի: Հետո ունեինք հարեւաններ, որոնք ինձ հայերեն էին սովորեցնում: Կարդում էի, փորձում էի գրել, իհարկե, գրելը հիմա էլ է դանդաղ ստացվում, բայց կարդալ լավ կարողանում եմ: Այժմ ուսումնասիրում եմ, թե որքան նույնարմատ բառեր կան հայերենի եւ հնդկերենի մեջ: Ամբողջապես ուսումնասիրել եմ Աճառյանի բառարանը, ղարաբաղյան բարբառները, Սասնո բարբառը, ախալքալաքցիների բարբառը եւ այլն: Շուտով կհրատարակեմ հնդկերեն-հայերեն բառարան, որտեղ մոտավորապես 40 հազար բառ կընդգրկվի:  Նույնիսկ մի քանի թարգմանություններ եմ կատարել Հովհ. Թումանյանից՝  հայերենից հնդկերեն, հնդկերենից հայերեն: Զուտ այն պատճառով, որ ֆիզիկապես չեմ կարողանում ավելի շատ ժամանակ հատկացնել այդ երկու լեզուներին, իմ գիտական աշխատանքներին, շատ աշխատություններ դեռ չեն տպագրվել, այժմ ավելի շատ պարտավորված եմ զգում իմ երեխաների առջեւ:

- Տիկին Կումարի, հայերն ու հնդիկներն ունեն կրոնական տարբերություններ, Դուք այն շրջանցեցի՞ք, թե՞…

Santosh-Kumari-1- Հնդկաստանում բնակվելիս պատկանել եմ հինդու կրոնին, բայց, երբ առաջին աղջիկս կնքվեց, ինձ էլ կնքեցին Սուրբ Սարգիս եկեղեցում: Կնքվեցի, բայց մեծ շոկ ապրեցի այն ժամանակ, որովհետեւ  պատրաստ չէի դրան: Ինձ ոչ ոք կանխավ չէր նախապատրաստել, բայց հետո Աստվածաշունչն ուսումնասիրեցի եւ արդեն ես էի մարդկանց Աստվածաշունչ նվիրում, ասում էի՝ առաջին քրիստոնյա ազգը լինելով հանդերձ՝ պետք է բոլորն իմանան Սուրբ Գիրքը: Ես խաղաղության դեսպանն եմ, կրոն հասկացողություն չկա ինձ համար: Մենք մի ընտանիք ենք, մի Աստծո ներքո: Ավելի շատ հակված եմ գլոբալիզացիային, ոչ թե առանձին կրոնների: Աստված մեզ տվել է տղամարդ, կին եւ հավատք ու ասել. «Գնացեք եւ հավատքով ապրեցեք»: Իսկ ազգեր, կրոններ մարդիկ են ստեղծել եւ հեռացել են միմյանցից: Բոլորս հոգիներ ենք, որ մարմին անունով շոր ենք հագել: Այս կյանքում ամեն մեկս մեր դերերն ենք կատարում ու միշտ պետք է հիշենք, որ Աստված մեզ նայում է, եւ ցանկացած գործ սկսելուց առաջ պետք է խնդրենք Իր օգնությունը:

- Հետաքրքրական է, որ այսքան տարի ապրելով Հայաստանում՝ շարունակում եք պահպանել հնդկուհու կոլորիտը:

- Ուղղակի ուրիշ զգեստ չեմ կարողանում հագնել: Հայաստանում հայկական տարազ չեն հագնում, այլապես ես կհագնեի այն: Հաճախ ինձ ասում են՝ ինչո՞ւ հայկական շորեր չես հագնում: Ես էլ իրենց եմ հարցնում՝ բայց դուք հայկական զգե՞ստ եք հագել:  Այսօր Հայաստանում բոլորը եվրոպական կամ թուրքական հագուստներով են: Իսկ ես հնդկական հագուստների մեջ ինձ հանգիստ եմ զգում: Սրանով միշտ հիշում եմ, թե ում դուստրն եմ, որտեղից եմ դուրս եկել: Ուզում եմ երբեք չմոռանամ իմ երկրի լավ ավանդույթներն ու կարողանամ այն փոխանցել այս երկրի ժողովրդին: Ասում են՝ եթե դու քոնը չես սիրում, ապա դիմացինինը ուղղակի ընդունակ չես ընդունելու, հարգելու եւ սիրելու: Որքան ես հայ ժողովրդին եմ սիրում, նույնքան էլ շատ  իմ ազգն, իմ երկիրն եմ սիրում: Ուզում եմ, որ իմ լեզուն շատերը սովորեն, իմ մշակույթը շատերին հասանելի լինի: Հաճախ հնդկական օրեր եմ անում, հնդկական կերակուրներ եմ պատրաստում, իմ շրջապատի մեջ այս մշակույթն անընդհատ բաժանում եմ: Մինչ այսօր էլ փորձում եմ սովորել ու գիտելիքս փոխանցել մարդկանց, որ ինչ-որ չափով իրենց օրը գեղեցկացնեմ: Եթե կարողանում եմ մեկի երեսին ժպիտ բերել, ուրեմն՝ օրս, համարում եմ, որ լիարժեք ապրեցի:

- Այնուամենայնիվ, այսօր Ձեր ընտանիքում ավելի շատ հայկակա՞ն, թե՞ հնդկական ավանդույթներով եք առաջնորդվում:

Santosh-Kumari-4- Շատ անգամ ինձ եկել-հասել է, թե ասում են՝ ինչպե՞ս կարող է հնդկուհին հայ երեխա դաստիարակել, բայց չէ՞ որ ես էլ հայկական աղուհաց եմ ուտում: Շատ ընտանիքներ գիտեմ, որտեղ հայը ամուսնացել է անգլուհու կամ ռուսի հետ, եւ իրենց երեխաները նույնիսկ հայերեն չեն խոսում: Ես եմ նրանց ամոթանք տալիս, ասում եմ՝ հայ ես, գոնե քո երեխաներին հայերեն սովորեցրու: Իմ երեխաները ե՛ւ հնդկերեն գիտեն, ե՛ւ հայերեն, ե՛ւ ռուսերեն, ե՛ւ անգլերենին շատ լավ տիրապետում են: Ասում են, չէ՞, «քանի լեզու գիտես՝ այնքան մարդ ես»: Հնդկերենին ու հայերենին իմ երեխաները հավասարապես տիրապետում են, որ հանկարծ չասեն՝ երեխաներին հայուհի չի մեծացրել, դրա համար է այդպես, եւ մերոնք էլ չբողոքեն, թե՝ քո ազգի լեզու էլ չգիտեն երեխաներդ: Շատ եմ հպարտանում զավակներովս, երբ լսում եմ, որ նախարարին թարգմանեցին դեսպանի հետ, դեսպանին թարգմանեցին մեկ ուրիշի հետ: Շնորհակալ եմ իմ Աստծուց, որ նրանց այդքան գիտելիքներ, ուժ ու կարողություն տվեց: Օրինակ, Հայկս թեպետ Հնդկաստանում է ծնվել, բայց 9-րդ դասարանից եկավ Հայաստան եւ ցանկացավ ծառայել հայոց բանակում: Նա կարող էր հնդկական անձնագիր ստանալ եւ բանակ չգնալ, բայց եկավ ու ծառայեց:

- Երբեմն թվում է, թե Դուք իսկական ավանդական հայուհի եք, որտեղի՞ց Ձեր մեջ այդքան սեր դեպի Հայաստանը:

- Շատ եմ սիրում Հայաստանը, հայերին, պատմությունն ուսումնասիրելիս եմ սիրահարվել այս ազգին: Գտնում եմ, որ հնդիկներն ու հայերը շատ նման ազգեր են. երկուսն էլ երբեք չեն հարձակվել ուրիշ թույլ ազգերի վրա, նրանք միշտ պաշտպանվողի դերում են եղել: Այս միտքը  ինձ շատ սիրել տվեց այս ազգին: Երբ Սպիտակի երկրաշարժը եղավ, իմ երեխաների բոլոր նոր զգեստները ուղարկեցի տուժած ընտանիքներին: Երեխաներիս կարկատած շորեր եմ հագցրել  ու ասել եմ՝ այն երեխաները, որոնք տուժվել են, ծնողներ չունեն, գոնե իմ երեխաները ծնողներ ունեն ու պարտադիր չի՝ իրենք նոր զգեստներ հագնեն: Նույն կերպ վարվեցի նաեւ Արցախյան պատերազմի ժամանակ:  Բավականին մեծ օգնություն անձամբ տարա Ղարաբաղ: Տունս նույնիսկ վերանորոգված էլ չէր, բայց ես պետք է օգնեի նրանց, որովհետեւ այնտեղ կային ազատամարտիկների ընտանիքներ, կային վիրավորվածներ, որոնք հիվանդանոցում էին: Այդ ժամանակ այսպիսի կոչ կար՝ «մի գրամ ոսկի», ես մի գրամ չէ, այլ ինչքան արծաթ ու ոսկի ունեի՝ տարա ու տվեցի: Երբ տուն եկա, բոլորը ծիծաղում էին ու ասում՝ շորերդ չէի՞ն ուզում, դա էլ թողեիր: Ասացի՝ եթե պետք լինի հայ ազգի համար, իմ կյանքն էլ չեմ խնայի, կտամ: Երբ սիրում ես, փորձում ես հասկանալ, իրենց արած քայլերը արդարացնել, ամեն ինչ անել, որ այդ մարդկանց ինչ-որ բանով պիտանի լինես: Նույնիսկ շատ ելույթներ եմ ունեցել հեռուստատեսությամբ եւ կոչ եմ արել աշխարհասփյուռ հայությանը գալ եւ բնակվել Հայաստանում, բայց մի այսպիսի ռուսական գովազդ կա, ասում է՝ թագավորը հարցնում է իր աշխատողին. «Ի՞նչ անեմ, որ կարապները չթռչեն օտար երկրներ»: Աշխատողը պատասխանում է. «Լավ կերակրի, լավ պահի», ուրեմն, երբ ժողովուրդը լավ կկերակրվի, ոչ մի տեղ այլեւս չի գնա:

Santosh-Kumari-13- Մենք գիտենք, որ շուտով Ձեր որդին կամուսնանա, ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում սկեսուրի դերում:

- Դե արդեն ունեմ փեսա եւ ինչքան գնացել եմ Հնդկաստան, մայրիկիս միշտ ասել եմ. «Մամ, ես փեսայիս իմ երեխայի պես սիրում եմ, դա ինչի՞ց է»: Մայրս ասում է. «Ճիշտ ես անում, որովհետեւ ինքն էլ քո աղջկան է սիրում եւ ամուսնանալով նրա հետ՝  իր կեսն է դարձել»: Նույնն էլ հարսն է, հարսիկիս «իմ աղջիկ» եմ ասում: Չէ՞ որ ոչինչ չունեմ իրենց հետ կիսելու, եթե կարող եմ, ինչ-որ բանով օգտակար կլինեմ, եթե չեմ կարող՝ սուսուփուս մի կողմ կքաշվեմ: Ես այդպիսի բնավորության տեր մարդ եմ, չեմ կարողանում մարդկանց կյանքը թունավորեմ: Մենք մարմնավոր մարդիկ ենք, սխալներ բոլորս էլ թույլ ենք տալիս, բայց պետք է շուտ գլխի ընկնենք, որ սխալվել ենք, եւ այնքան ուժ մեր մեջ գտնենք, որ կարողանանք ներողություն խնդրել: Ներողություն խնդրելը թուլություն չէ, այլ ուժեղ մարդու հատկանիշ: Եթե  մեկին նեղացրել ես ու չես հասկացել, ոչ էլ ներողություն ես խնդրել, նույնիսկ պարտք է դառնում, որը հետագայում վերածվում է ինչ-որ դժվարությունների, հիվանդությունների: Ասում են՝ լավություն արա, գցի ջուրը, եւ երբեւէ քո առջեւ կգա, քո երեխաների առջեւ կգա: Դրա համար էլ, երբ մարդ մի վտանգից փրկվում է, ասում է. «Ո՞ւմ էի մի կտոր հաց տվել, որ այսպես լավ ստացվեց»:

- Ասում են՝ կյանքի դասեր տվող լավագույն ուսուցիչները հնդկուհիներն են, իբրեւ վերջաբան՝ ի՞նչ խորհուրդ կտաք «Զարուհու» ընթերցողներին:

-Santosh-Kumari-12 Ամեն ինչի մեջ կա տառապանք. ե՛ւ անցյալի մեջ սթրես կա, ե՛ւ ապագայի: Դրա համար պետք է մեր միտքը միշտ պահենք ներկայում, պիտի ապրենք այս պահով: Երբ ներկայով ենք ապրում, սթրեսներ չեն լինում, ապագայի մասին պետք չէ մտածել, այն Աստծո ձեռքին է, չգիտենք՝ այս վայրկյանից հետո մեզ ի՞նչ է սպասվում: Իսկ անցյալը եղել ու ավարտվել է, անցյալից ուղղակի պետք է դաս քաղենք, որ այժմ ներկան ավելի գեղեցիկ դարձնենք ու նորից սխալներ չգործենք: Երբեք ճնճղուկները չեն մտածում կուտակելու մասին, եթե մի ուտելիք են գտնում, ապա կանչում են բոլորին: Նրանք շատ խելացի են, եւ իրենց մոտ կա օգնելու, աջակցելու կամեցողություն: Երբ կեր են գտնում, սկսում են ճվճվալ, որ մնացածներին կանչեն, մեկ էլ տեսնում ես՝ մի վայրկյան չանցած, լիքը լցվել են ու հավասար օգտվում են: Մեկը մյուսին չի կտցահարում, չի ասում՝ ինչո՞ւ ես դու ուտում: Մենք կարող ենք մեծ դասեր քաղել բնությունից: Կամ վերցնենք արեւը, այն երբեք խտրականություն չի դնում, թե՝ այս մեկը հանցագործ է, քիչ ջերմացնեմ, այն մեկը բարի մարդ է, շատ ջերմացնեմ, այլ բոլորին հավասար ջերմացնում է: Այդպես էլ մենք պետք է վարվենք, որովհետեւ մեր հոգին, մեր էությունը իր մեջ պարունակում է գիտելիք, լույս, խաղաղություն եւ երջանկություն: Պետք է միշտ հարկ եղած դեպքում միմյանց ժամանակին օգնության հասնենք:

Զրույցը՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում