livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

rus1Զարմանալիորեն պարզվում է, որ հայ սկեսուրները սկսել են «դժբախտություն» չսարքել այն փաստից, որ իրենց որդին օտարազգի կին ունի: Չէ՞ որ որդու նորաստեղծ ընտանիքում սիրո, երջանկության եւ խաղաղության գրավականը ոչ թե հարսի ազգությունն է, այլ որդու ճիշտ ընտանեկան դերն ու կեցվածքը:

Թեպետ, իհարկե, գաղտնիք չէ, որ վատ հարսին հաջողվում է այնպես անել, որ սկեսուրը իր հարազատ զավակին սկսի օտարազգի համարել: Նույնն էլ անհաջող սկեսուրը կարող է հասնել նրան, որ, օրինակ, իր հայուհի հարսը որդու աչքերում դառնա ազերի: Դե ինչ, սկեսուր ու հարս «սառը պատերազմը» թողնենք մի կողմ եւ հայ տղամարդկանց առաջարկենք ապագա կնոջն ընտրելու հետեւյալ բանաձեւը. «Իդեալական կանայք շախմատիստուհիներն են՝ նրանք կարող են ժամերով լռել, ուշադիր հետեւել ֆիգուրներին եւ գիտեն ինչպես հետաքրքիր դիրքեր զբաղեցնել»: Գրոսմայստեր ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ արդեն մեկ տարի է, ինչ գտել է իր իդեալական կնոջը՝ Ռուսաստանի նախկին չեմպիոն, Հայաստանի կանանց հավաքականի շախմատիստուհի, գրոսմայստեր ՄԱՐԻԱ ԿՈՒՐՍՈՎԱՅԻՆ, որը դարձավ «Օտար հարսներ» խորագրի հերթական հերոսուհին.

-Արմանի հետ ծանոթացել եմ 2006 թվականին Թուրքիայում կայացած Եվրոպայի շախմատի առաջնության ժամանակ: Մեր ծանոթությունից հետո, երբ վերադարձա տուն, մենք սկսեցինք նամակագրական կապ պահել եւ հաղորդակցվել հեռախոսի միջոցով: Որոշ ժամանակ անց, կրկին հեռախոսակապի միջոցով, ապագա ամուսինս իր առաջին սիրո խոստովանությունն արեց… 2011 թվականի մայիսին տեղափոխվեցի Հայաստան, իսկ հունիսին Երեւանում օրինականացրեցինք մեր ամուսնությունը, բայց, ելնելով անձնական իրավիճակից՝ հարսանեկան արարողություն չունեցանք: Մայրս մեկ տարի առաջ մահացել էր…

- Երբեւէ  Ձեր մտքով անցե՞լ է, որ մի օր օտարազգի տղամարդու հետ եք ամուսնանալու:

- Ես չէի ծրագրել ամուսնանալ օտարազգի տղամարդու հետ, չնայած հայ տղամարդն այդքան էլ օտարազգի չէ:

- Իսկ  Ձեր ընտանիքի անդամներն ինչպե՞ս  ընդունեցին հայ ամուսին ունենալու համարձակ որոշումը:

rus- Երբ որոշեցինք ամուսնանալ, իմ հարզատներն արդեն համակերպվել էին  այն մտքի հետ, որ իմ ընտրյալը հայ է: Բացի այդ, նրանք մեկ անգամ չէ, որ տեսել էին Արմանին, նույնիսկ անձնապես ծանոթ էին նրա հետ: Արմանը հաճախ է մեզ հյուր եկել, դրա համար էլ հանգիստ էին վերաբերվում եւ ուրախ էին մեզ համար:

- Մարիա, ինչպիսի՞  հարաբերություններ են ձեւավորվել Արման Փաշիկյանի ընտանիքի անդամների հետ, արդյո՞ք հեշտ էր մերվել հայկական ընտանեկան բարքերին:

- Արմանի ընտանիքի հետ շատ լավ հարաբերություններ են ձեւավորվել: Ինձ հրաշալի ընդունեցին, ոչ մի խնդիր չեմ ունեցել նրանց հետ: Բացի այդ, Արմանի ընտանիքը երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում եւ բոլորն էլ շատ լավ տիրապետում են ռուսերենին, ծանոթ են ռուսական խոհանոցին ու մշակույթին:

- Չեմպիոն-հարսիկը տիրապետո՞ւմ է հայկական խոհանոցին:

- Կարողանում եմ պատրաստել տոլմա, քյուֆթա եւ թաբուլե, հայկական խոհանոցից հենց այս ուտեստներն են ինձ դուր գալիս:

- Բացի շախմատից, էլ ի՞նչ ընդհանրություններ ունեն Մարիա Կուրսովան եւ Արման Փաշիկյանը:    

- Մենք սիրում ենք խաղալ ֆուտբոլ եւ սեղանի թենիս:

- Ամուսիններով միմյանց քննադատո՞ւմ եք տարբեր մրցապայքարներից հետո կամ մասնագիտական խորհուրդներ տալի՞ս եք միմյանց:

- Մենք աշխատում ենք միմյանց չքննադատել, որովհետեւ եթե մրցապայքարը դասավորվում է անհաջող, տրամադրություններս ամենալավը չի լինում եւ չենք ուզում այն ավելի վատացնել: Բայց, մասնագիտական խորհուրդներ, իհարկե, տալիս ենք միմյանց, չնայած դա մեծամասամբ վերաբերվում է Արմանին, մրցապայքարից առաջ նա ինձ շատ է օգնում:

- Ընդհանրապես ո՞ւմ խոսքն է հաղթող Ձեր ընտանիքում:

- Արմանը միշտ հաշվի է առնում իմ կարծիքը:

- Երբեւէ Մարիա Կուրսովա - Արման Փաշիկյան շախմատային հանդիպում եղե՞լ է: Եվ եթե գաղտնիք չէ, ո՞վ է հաղթել:

- Բնականաբար, մրցաշարերում իրար հետ չենք խաղացել, իսկ կայծակնային ուսուցողական խաղերը մեզ մոտ ավարտվում են ոչ-ոքի, որովհետեւ թույլ չեմ տալիս Արմանին հաղթել ինձ:

- Որպես շախմատիստուհի, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ հաղթանակը:

- Շախմատն օգնեց ինձ սեր գտնել: Երիտասարդական մրցույթների ժամանակ  իմ տարիքայինների մեջ բազմիցս եղել եմ Ռուսաստանի, ինչպես նաեւ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն: Համալսարանն ավարտելուց հետո ես որոշ ժամանակ շախմատ չխաղացի, աշխատում էի որպես տնտեսագետ, դրա համար վերջին եւ այս պահին ամենանշանակալից հաղթանակս Հայաստանի կանանց շախմատի չեմպիոն դառնալն է:

- Ինչպե՞ս են Ձեր հայրենակիցները վերաբերում այն փաստին, որ Դուք հայկական դրոշի ներքո տարբեր մրցաշարերում Հայաստանի կանանց շախմատի հավաքականից եք ներկայանում:

- Դա սովորական իրավիճակ է, շատ շախմատիստներ փոխում են իրենց ֆեդերացիաները եւ հանդես գալիս ուրիշ երկրի դրոշի ներքո:  

- Ի դեպ, այս տարի Ստամբուլում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ինչպե՞ս ընդունեցին Հայաստանի կանանց հավաքականին, որեւէ արտառոց դեպք եղա՞վ այնտեղ:

- Մեզ նորմալ ընդունեցին, այնպես, ինչպես մյուս հավաքականներին: Ոչ մի տարբերություն մյուս խմբերից  չեմ նկատել: Իսկ հետաքրքիր կամ զվարճալի դեպք չեմ հիշում, ամեն ինչ հանգիստ էր, աշխատանքային ռիթմի մեջ:

- Դուք արդեն մեկ տարի է բնակվում եք Հայաստանում, ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպում հայ հասարակության մեջ:

- Միակ դժվարությունը հայերենն է, որը դժվար է ստացվում սովորել: Բայց հաղորդակցման մեջ դժվարություններ չեմ զգում, որովհետեւ այստեղ իմ բոլոր ծանոթներն ու Արմանի ընկերները լավ տիրապետում են ռուսերենին: Իսկ այլ մարդիկ, որոնց հետ պետք է շփվեմ առօրյա հարցեր լուծելու համար, քիչ թե շատ տիրապետում են ռուսաց լեզվին եւ միմյանց հասկանալ միշտ հաջողվում է:

rus2- Համակերպվե՞լ եք այն մտքի հետ, որ այսուհետ Հայաստանն է Ձեր տունը:

- Այո, իրոք, կարծում եմ, որ այժմ իմ տունը Հայաստանն է, բայց միեւնույնն է Ռուսաստանը հարազատ է մնում:

- Հայաստանի եւ հայերիս  ի՞նչն եք հավանում ու ինչի՞ց եք դժգոհում:

- Հայաստանը գեղեցիկ բնություն ու տեսարժան վայրեր ունի, բայց ինձ դուր չի գալիս ամառվա շոգը: Հայերը հյուրընկալ են, հումորի զգացումով, բայց չեմ սիրում, երբ ոչ միշտ են իմ ներկայությամբ ռուսերեն խոսում, չէ՞ որ ես գրեթե ոչինչ չեմ հասկանում: Ինչպես նաեւ վատ է, որ տնային գործերում հայ տղամարդիկ քիչ են օգնում կանանց:

- Եվ վերջում, գրոսմայստերների նորաստեղծ ընտանիքը նոր ծրագրեր ո՞ւնի:

- Հունվարին Արմանը կմասնակցի Հայաստանի շախմատի առաջնությանը, իսկ ես այս տարի չեմ կարող մասնակցել, որովհետեւ փետրվարին մեր ընտանիքը կհամալրվի եւս մեկ անձով: Բայց, աշնանը կայանալիք Եվրոպայի շախմատի առաջնությանն արդեն կմասնակցեմ:

- «Զարուհին» Ձեզ մաղթում է նորանոր հաղթանակներ եւ, ամենակարեւորը, բարի ազատում: Թող լույս աշխարհ եկող փոքրիկ չեմպիոնը գերազանցի իր գրոսմայստեր ծնողներին:

- Իսկ ես ամսագրի ընթերցողներին մաղթում եմ սեր, ընտանեկան երջանկություն եւ հաջողություններ:

Զրուցեց՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում