livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

harsՕտար հարսները միշտ էլ սկեսուրների ականջին խորթ են հնչել, իսկ տղամարդիկ երբեւէ չեն դադարել տենչալ նրանց մասին: Սրանում ոչ սովետական բանակից ռուս կանայք բերած մեր հայրերն են մեղավոր, ոչ էլ խոպանում իրենց «պահուստային» ընտանիքը ստեղծած մեր հորեղբայրները: Դեռեւս շատ հին ժամանակներից օտար հարսները մտել են մեր կենցաղ, դրանում նույնիսկ իր ներդրումն ունի Տիգրան Մեծը:

Վերջինս  Ք.ա. 94-91թթ.-ին ռազմաքաղաքական դաշինք է կնքում Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդի հետ՝  ամուսնանալով Պոնտոսի արքայադստեր  Կլեոպատրայի հետ: Այո, Կլեոպատրան այսօր փոխարինվեց Կատյաներով, Մաշաներով ու Նաստյաներով, բայց էությունը չփոխվեց.  օտար լինի, թե հարազատ, միեւնույնն է, սկեսուրների համար հարսը օտար է, հարսների համար էլ՝ նոր ընտանիքը մեկ  այլ մոլորակ:  Ինչեւէ, մեղավորներ պետք չէ փնտրել, հատկապես հիմա, երբ ձեր որդիները  ոչ թե հանուն ռազմաքաղաքական դաշինքի են ամուսնանում , այլ հանուն երկու այլազգի սրտերի սիրո դաշինքի: Սակայն, միայն երկու սիրող սրտերը բավական չեն ամուր ընտանիք ստեղծելու համար եւ օտար հարս բերելու դրական ու բացասական կողմերի մասին «Զարուհին» զրուցեց մասնագետների հետ:

«ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ»

Hayr-Eghia-1«Հայ Եկեղեցին չի խրախուսում խառն ամուսնությունները», -  նշում է Սուրբ Էջմիածնի միաբան ՀԱՅՐ ԵՂԻԱ աբեղա ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆՆ ու հավելում. «Սակայն, խիստ անհրաժեշտության դեպքում օրհնում է այդ պսակը` պայմանով, որ զույգը լինի Հայ Եկեղեցու զավակ»:

 - Հայր Եղիա, Հայ Առաքելական եկեղեցին չի խրախուսում, որովհետեւ Աստվածաշնչում այդպե՞ս է ասված, թե՞ զուտ ազգային շահը նկատի ունի:

- Երկու դեպքում էլ չի խրախուսում:

- Օտար հարս ունենալը արդյո՞ք  ազգապահպանման խնդիր է առաջ քաշում:

- Այո:

- Ընդհանրապես, Աստվածաշնչում կամ մեր Սուրբ հայրերի թողած գրական ժառանգության մեջ կա՞ անդրադարձ խառն ամուսնություններին:

- Սուրբ Գրքում հստակորեն կա անդրադարձ, սակայն հայրախոսական գրականության մեջ ակնհայտ չէ:

 

«ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴԸ ՕՏԱՐ ԿՆՈՋ ՄՈՏ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԿՈՊԻՏ ԱՍԻԱՑԻ ԵՐԵՎԱԼ»

Իսկ օտար հարս գաղափարի հոգեբանական խնդիրների շուրջ զրուցեցինք հենց խառն ամուսնության զավակ, հոգեբան ԻՐԻՆԱ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ հետ.

- Ինքս խառն ամուսնության պտուղ եմ՝ տատս լեհ էր, պապս՝ հայ, դե հայրս արդեն համարվում էր հայ, իսկ մայրս ռուսի եւ ուկրաինացու խառնուրդ է: Օտար ազգերի հետ ամուսնությունը շատ տարածված բան է՝ սկսած ցարական ընտանիքներից, երբ հարսին բերում էին շատ հեռու տեղերից, էլ չասենք, որ հայ տղաները գնալով բանակ՝ ռուս կին էին բերում: Եթե այր ու կին  նույն մշակույթի տեր են լինում, ապա այդ խառն ամուսնությունները ոչ մի բացասական բան չեն բերում: Չէ՞ որ նույնիսկ զտարյուն ամուսնությունների մեջ շատ բաժանություններ են լինում: Իսկ եթե ամուսինների մեջ կրոնական տարբերություն կա, դա մի քիչ ուրիշ է: Թեպետ  սովետի աթեիստական շրջանում ադրբեջանցիներն ամուսնանում էին ռուսների հետ եւ նորմալ ընտանիք էին դառնում: Բայց, այսօր հավատացյալ մարդը չի ամուսնանա այլ կրոն ունեցող աղջկա հետ: Օրինակ, ռուսը հայի հետ կամուսնանա, հայը՝ վրացու կամ հույնի, բայց հայը մուսուլմանի հետ, իհարկե, չի ամուսնանա:

Irina-Tsaturyan- Իսկ խառն ամուսնությունից ծնված երեխան, ի՞նչ հոգեբանական խոչընդոտներ կարող է ունենալ:

 - Երեխաների մոտ խնդիր կարող է առաջանալ սոցիումի պատճառով: Ի վերջո, առաջանում է  ընտրության խնդիր, թե ո՞ւմ մշակույթը երեխան վերցնի՝ հո՞ր, թե՞ մոր: Սա շատ հետաքրքիր խնդիր է: Եթե երեխան խելացի է, գիտակցում է, որ ցանկացած մշակույթի մեջ էլ շատ դրական բաներ կան, եւ նա առավել հարուստ կլինի այդ երկու մշակույթների համադրումով: Սրա կողքին կան նաեւ բացասական դեպքեր, երբ, օրինակ, ծնողները բաժանվում են ու երեխան կանգնում է երկընտրանքի առաջ: Նայած թե երեխան ում հետ է մնում, դիմացի ազգին սկսում է ատել: Ասենք, եթե երեխան մնում է հայազգի հոր հետ, սկսում է, ի դեմս ռուս մոր, ատել ռուսներին: Իսկ եթե երեխան մնում է ռուս մոր հետ, հային է սկսում ատել: Բայց նման դեպքերը շատ անհատական են, եւ չենք կարող ընդհանրացված դրա մասին խոսել:

- Հայազգի հայր ունենալու դեպքում, հնարավո՞ր է ազգի դոմինանտության շնորհիվ խառն ամուսնությունից  ծնված զավակը առավել հայեցի դաստիարակվի:

-  Հայրն, իհարկե, կասի, որ, օրինակ. «Իմ տղեն պիտի հայավարի մեծանա»: Բայց, միեւնույնն է, երեխան կգնա մոր հետեւից: Այստեղ պետք է յուրաքանչյուրս մեզ հիշենք, չէ որ բոլորս էլ մորական բարեկամներին առավել շատ ենք սիրում, քան հորական: Ուրիշ հարց է, երբ այլազգի կինն ընդունում է հայ լինելը, բնականաբար, այդ դեպքում երեխան կվերցնի հայկական գծերը:

- Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, որ հայ տղամարդիկ հաճախ օտար կանանց են նախընտրում:

- Հայ տղամարդը որպես «արտադրող», այսինքն՝ որպես սերունդ շարունակող, երեւի զգում է, որ օտար արյունը կմտցնի նոր որակ իր սերնդի մեջ: Եվ բացի այդ պատճառներից մեկն էլ այն է, որ մեր հայ կանայք իրենց մի քիչ սխալ են պահում: Տեսեք, ռուս կինն իր ամուսնուն ասում է. «Տի մոյ զայչիկ, տի մոյ պուպսիկ», իսկ հայ կինը բողոքում է ամուսնուն. «Ոնց թե, պիտի պահես, պարտավոր ես»: Այո, պետք է պահի, բայց միայն «պիտիով» չէ ու չի նշանակում, թե ամուսնուդ «ջան» չպետք է ասես: Ու սրանով սկսվում է շատ մեծ բանավեճ: Ինչեւէ, պահանջատիրական բաներ եմ նկատում մեր աղջիկների մեջ, բայց մեր տղաներն էլ շատ ավելի են սկսել արգելքներ դնել. «Կարճ չհագնե՛ս, կողքդ չնայե՛ս»:

- Հետաքրքիր է, հայ տղաներն ամուսնանալով հայուհիների հետ՝ նմանատիպ արգելքներ են դնում, մինչդեռ օտար հարսի առկայության դեպքում փորձում են միայն սիրաշահել ու արտոնություններ են տալիս:

 - Ճիշտ է, որովհետեւ հայ տղամարդը օտար կնոջ մոտ չի ուզում կոպիտ ասիացի երեւալ: Այդ որակներից խուսափելն է, որ ստիպում է տղամարդուն ընկրկել կնոջ առաջ:

«ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԳԵՆՈՖՈՆԴԻ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ  ՆՈՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ»

Ըստ Կովկասի աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ, քաղաքագետ ԱՆԺԵԼԱ ԷԼԻԲԵԳՈՎԱՅԻ, նույնիսկ  թագավորների օրինակով այսօր երկու նախագահների խնամիանալը միջպետական հարցեր չի կարող լուծել.

Anjela-Elibegov-1- Խառն ամուսնությունները տարբեր տարածաշրջաններում հաճախ ինքնաբերաբար կարգավորել են կամ առնվազն մեղմացրել են ինչ-որ տարաձայնություններ, այդ թվում՝ նաեւ էթնիկ: Սակայն 21-րդ դարում այս տարբերակը արդյունավետ չէ եւ նաեւ անհնար է, քանի որ այսօր աշխարհաքաղաքական իրավիճակն  ավելի բարդ է եւ բազմաշերտ, քան դա կարող էր լինել հարյուրից երկու հարյուր տարի առաջ:

- Ըստ Ձեզ, թշնամի Թուրքիան Հայոց ցեղասպանության տարիներին մեծ թվով հայ կանանց ու աղջիկների գերեվարելով, կարողացա՞վ իր ազգը գեղեցկացնել:

- Ինձ թվում է, Հայոց ցեղասպանության ժամանակ հայուհիների մասսայաբար գերեվարումից թուրքական գենոֆոնդի համար օգուտ լինելը որոշ չափով չափազանցված է, քանի որ հարյուր տարի անց էլ մենք պարզ տեսնում ենք, որ թրքուհիները ավելի գեղեցիկ չեն դարձել, ինչպես  նաեւ հայուհիները պակաս գեղեցիկ չեն մնացել:

- Խառն ամուսնություններն այսօր Հայաստանի համար ազգապահպանման խնդիր կարո՞ղ են առաջացնել:

-  Առաջին հերթին տարբերություն կա՝ աղջի՞կն է ամուսնանում օտարազգի տղամարդու հետ, թե՞ տղան է ամուսնանում օտարազգի աղջկա հետ: Ամեն դեպքում, մեզ մոտ գենի շարունակողը համարվում է տղամարդը, այդ պատճառով աղջիկը, որը որպես կյանքի ընկեր ընտրում է օտարազգի տղամարդու, գենոֆոնդի համար կորած է համարվում: Եվ երկրորդ՝ պետք է հաշվի առնել, գենոֆոնդի պարբերաբար նորացման անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի խուսափել այնպիսի ժառանգական հիվանդություններից, ինչպիսիք են «երեւանյան» հիվանդությունը եւ այլն: Դրանք լուրջ խնդիրներ են «հին» գենոֆոնդ եւ հազարամյակներով պահպանված փակ սոցիում ունեցող ազգերի համար՝ ելնելով առաջին հերթին  ինքնապահպանման  անհրաժեշտությունից: Մյուս կողմից, այստեղ բավական դժվար պահ կա, քանի որ ավելի կարեւոր է ինքնաճանաչումը, այսինքն՝ հայուհին կարող է մեծացնել իր երեխային օտար շրջապատում ավելի հայեցի եւ իր ազգի համար ավելի օգտակար, քան հարյուրավոր մայրեր ավանդական հայկական ընտանիքում:

«ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ԽԻՍՏ ՏԱՐԲԵՐ ԱՆՁԱՆՑ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՋՈՂ Է»

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե խառն ամուսնության արդյունքում ծնված երեխաները ի՞նչ հնարավոր առողջական խնդիրներ կարող են ունենալ.

Vrej-Sharamanyan- Ընդունված կարծիք է, թե խառն ամուսնություններում ծնվում են ավելի առողջ, ամրակազմ, ընդունակ եւ տաղանդավոր երեխաներ: Եթե խոսքը ծագումով իրարից շատ տարբեր ամուսինների մասին է, ապա, իսկապես, նրանց երեխաները կարող են լինել ավելի ամրակազմ եւ կենսունակ, սակայն այդ երեւույթը չի ժառանգվում: Այն արտահայտվում է միայն առաջին սերնդում եւ հետագայում մարում է: Ինչպես նաեւ այդպիսի ամուսնություններից բեղմնավորված  պտղում  կարող է առաջանալ ներարգանդային կոնֆլիկտ երեխայի եւ մոր միջեւ՝ երեխայի գենոտիպում հայրական գենի ներկայության պատճառով: Այս դեպքում ոչ միայն երեխաներն ավելի ամրակազմ ու կենսունակ չեն լինում, այլ նաեւ հնարավոր է պտղի զարգացման ընթացքում բազմաթիվ խնդիրներ ծագեն, ընդհուպ մինչեւ նյարդային համակարգի հիվանդություններ եւ մտավոր հետամնացություն: Ինչ վերաբերում է ավելի բարձր մտավոր կարողություններին կամ երեխաների տաղանդավորությանը խառն ամուսնությունների պարագայում` դա լեգենդ է:

- Գենետիկայի տեսանկյունից ո՞ր ազգի կանանց հետ ամուսնություններն ավելի նախընտրելի են կամ համատեղելի:

- Ինչպես ազգականների միջեւ, այնպես էլ գենետիկորեն, խիստ տարբեր անձանց ամուսնությունն անհաջող է: Երեխաներն այդպիսի ընտանիքներում ունենում են շատ ավելի ժառանգական հիվանդություններ՝ մոտավորապես մեկուկես անգամ ավելի հաճախ հետ են մնում ընդհանուր զարգացումից, քան իրենց տարեկիցները: Այդ ֆենոմենը բացատրվում է նրանով, որ խառն ամուսնություններում կայացած գենետիկ խումբը քայքայվում է, իսկ նոր խումբը պարզվում է ավելի կենսաբանորեն թույլ է, քանի որ հազարամյակների հղկման միջով չի անցել: Դրա հետեւանքով աճում են հիվանդությունները, երեխաների մահացությունն առավել շատանում է, իսկ կյանքի տեւողությունը՝ կրճատվում:  Սեւամորթի ու սպիտակամորթի խառնուրդները ամենապայթունավտանգն են տարբեր հիվանդությունների համար: Այդ պատճառով առավել հաջողված են այն ամուսնությունները, որոնցում ամուսինն ու կինը պատկանում են հարեւան բարեկամական ազգերի:

- Հաճախ ասում են, թե խառն ամուսնություններն  օգնում են, որպեսզի գեները թարմանան եւ խառնածիններն առավել գեղեցիկ են լինում:

- Բնությունը հմտորեն խառնում է ծնողների գենետիկ նյութը նոր ծնվող սերնդում: Սովորաբար, ամեն ինչ կատարվում է այնքան պատահական, որ խոսել գենի ինչ-որ լավացման մասին ուղակի չի կարելի: Բայց բնական է, որ երբեմն խառն ամուսնությունների սերունդները ժառանգում են երկու ծնողների առավելությունները: Այդպիսի երեխան լինում է ե՛ւ ավելի առողջ, ե՛ւ խելացի, բայց հաճախ նաեւ ճիշտ հակառակը: Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնք հաստատել են, որ որքան հեռու են գտնվում իրարից ռասայական գենետիկ ուղիները, այնքան ավելի մեծ է երեխայի առողջական բարդությունների հավանականությունը:

- Ի վերջո, ի՞նչ ազգի է պատկանում խառն ամուսնության ծնունդը:

- Շատ հաճախ այդպիսի ծնողները չեն մտածում իրենց ժառանգների ճակատագրի մասին, ովքեր ստիպված են ապրել միասեռ միջավայրում` առանց սեփական էթնիկական ինքնակողմնորոշման: Հենց այդպիսի սերունդներն էլ, թեպետ  ֆիզիկական առողջության խնդիրներ չունեն, բայց ունեն բազում հոգեբանական խնդիրներ: Սեփական տեղը էթնիկ խմբում չկողմնորոշելու պատճառով  առաջանում են սթրեսներ, ինչի  արդյունքում այդ մարդիկ դառնում են նյարդային, հատկապես երբ հարցը վերաբերում է ազգությանը:

Պատրաստեց՝

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում