livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019
tanya2Վերջերս Երեւանում էր գտնվում դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի ՏԱՏՅԱՆԱ ՎԵԴԵՆԵԵՎԱՆ` հայտնի Տանյա մորաքույրը` «Բարի գիշեր երեխաներ» հեռուստահաղորդումից:

Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում նա հանդես եկավ Եվգենի Գրիշկովեցի «Ծածուկ լսած, ծածուկ տեսած, չգրված» ներկայացում-իմպրովիզացիայում`«Ժամանակակից պիեսի դպրոց» մոսկովյան թատրոնի կազմում:

Պարզվում է, որ սա նրա առաջին այցելությունը չէ Երեւան: Տատյանա Վեդենեեւայի նախկին ամուսինն ազգությամբ հայ է:

 

«ԾԱԾՈՒԿ ԼՍԱԾ, ԾԱԾՈՒԿ ՏԵՍԱԾ, ՉԳՐՎԱԾ»

- «Ծածուկ լսած, ծածուկ տեսած, չգրված» ներկայացման մեջ ես խաղում եմ մի տիկնոջ դեր, ով սիրահարված է երիտասարդ տղայի: Բայց պետք է ասեմ, որ այս պատմությունն ինձ հետ բացարձակապես կապ չունի: Երբեւէ սիրահարված չեմ եղել 19 տարեկան երիտասարդ տղայի: Հենց այդ պատճառով էլ ներկայացման մեջ հանդես եմ գալիս ուրիշի անունով: Դժվար բան է իմպրովիզ անել մի բան, ինչը քոնը չէ: Ի դեպ, ներկայացման ողջ ընթացքում ստիպված էինք խոսել բարձր տոնայնությամբ, քանի որ այս ներկայացումը, սովորաբար, խաղացվում է կամերային միջավայրում, իսկ ռուսական թատրոնի բեմը շատ մեծ էր: Բարձր խոսքի հետեւանքով, մի տեսակ, կորում է հանդիսատես-դերասան կապը, շփման եզրերը: Պետք է ասեմ, որ այս ներկայացումը Մոսկվայում մեծ պահանջարկ ունի: Արագ են սպառվում տոմսերը: Ներկայացում-իմպրովիզը շարունակ փոփոխվում է: Ներկայացման մեջ հաճախ տեղ են գտնում այն իրադարձությունները, որոնք կատարվում են Մոսկվայում:

ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆՍ ՀԱՅ ԷՐ

- Սա իմ առաջին այցելությունը չէ Երեւան: Իմ նախկին ամուսինը ազգությամբ հայ է: Վերջին անգամ շատ վաղուց եմ եղել ձեզ մոտ` մտերիմ ընկերներիցս մեկի կնունքին: Այնքան ուրախ եմ, որ այս այցելության ժամանակ հասցրեցինք շրջել քաղաքով: Այցելեցինք Էջմիածին, Գառնի, Գեղարդ: Ի դեպ, երեկոյան տարբեր սրճարաններում եւ ռեստորաններում եղանք: Այստեղ շատ համեղ խինկալի են պատրաստում եւ, ոչ միայն: Առհասարակ սիրում եմ համեղ խորտիկներ համտեսել, թեպետ ինքս պատրաստելու ժամանակ չունեմ: Բոլորն էլ գիտեն, թե ինչպես են սնվում մոսկվաբնակները, եւ ես էլ բացառություն չեմ:

ԻՆՁ ԴՈՒՐ ԵՆ ԳԱԼԻՍ ԿՈՎԿԱՍՑԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ

tanya1- Պետք է խոստովանեմ, որ հայ ամուսին ունենալն այդքան էլ հեշտ չէր: Սակայն ինձ դուր են գալիս կովկասցի տղամարդիկ: Նրանք ճիշտ դաստիարակված են, գիտեն, թե ինչպես խոսեն կանանց հետ: Իհարկե, աչքերով «ուտում» են քեզ ոտից գլուխ, բայց դա էլ կանանց համար հաճելի է: Հայ տղամարդիկ միշտ պատրաստ են օգնել կնոջը: Օրինակ, երբ Գառնի էինք գնացել, մի երիտասարդ տղամարդ մոտ վազեց մեզ եւ օգնեց աստիճաններից իջնել: Դա եւս հաճելի էր:

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆՋՈՒՅՔԻՑ ՀԵՌԱՑԱ ԶԱՐՄԱՑԱԾ

- Ժամանակները փոխվել են: Անշուշտ` դեպի լավը: Հաճելի էր, երբ երեւանյան փողոցներով քայլում էի ու նկատում, որ կողքս շատ սիրահար, անկաշկանդ զույգեր կան. նրանք ողջագուրվում, համբուրվում էին... Տարիներ առաջ ինձ մի խնջույքի էին հրավիրել Երեւանում, որին ես եւ ռուս ընկերուհիս գնացինք: Անկեղծ ասած, ինձ շատ զարմացրեց այն փաստը, երբ տեսա, որ տղամարդիկ եւ կանայք առանձին սեղանների շուրջ են նստած: Ինձ համար դա շատ խորթ էր ու տարօրինակ…

ՏԱՆՅԱ ՄՈՐԱՔՈՒՅՐԸ` ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ

- Ամեն անգամ, երբ կյանքում ես որեւէ բան եմ նախաձեռնում, դա կյանքիս մեկ փուլ եմ անվանում: Սկզբում հեռուստատեսությունն էր, թատրոնը, ապա բիզնեսը...

Ես եւ ամուսինս ունենք ընկերություն, որն արտադրում է էկոլոգիապես մաքուր սոուսներ: Մեր ընկերությունն այս տարի կտոնի իր 14 ամյակը: Առաջին երկու տարին մենք օրը 16 ժամ աշխատում էինք: Ինքներս էինք մտածում, թե ինչ տեսք պետք է ունենան շշերը, պիտակները... Պատահում էր, անձամբ էի հանդիպում խանութների մենեջերների հետ: Հիմա արդեն կարելի է, ինչպես ասում են, շունչ քաշել` քաղել պտուղները:

ԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՇԱՏ ԷԻ ԿԱՊՎԱԾ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԵՏ

tanya- Կար ժամանակ, երբ շատ էի կապված հեռուստատեսության հետ: Այսօր` ոչ: Եթե ինչ-որ արժեքավոր բան առաջարկեն, գուցեեւ համաձայնեմ: Բայց պետք է ինչ-որ իրական հետաքրքիր բան լինի, ոչ թե հաղորդում երեւալու համար: Երեւալու կարիք չունեմ: Ինձ ամեն օր զանգահարում են ու խնդրում, որ լինեմ այս կամ այն հաղորդման հյուրը, սակայն ես մերժում եմ, քանի որ ժամանակի անիմաստ կորուստ է դա:

Չգիտեմ` ձեզ մոտ ինչպես, բայց մեզ մոտ հաստատ մանկական հաղորդումների կարիք չկա: Մենք անգամ առանձին հեռուստաալիք ունենք երեխաների համար: Մեկի փոխարեն երկու-երեք… Էլ չեմ ասում, կաբելային հեռուստաընկերությունների մասին: Մի քանի տարի առաջ ինձ առաջարկեցին վարել մանկական հաղորդում, բայց ես հրաժարվեցի: Այն ժամանակ ապրում էի Ֆրանսիայում: Մի քիչ զղջացի հետո: Մանկական հեռուստածրագրերը շատ «պոպուլյար» են: Երեխաները մեծանում են, դառնում ձեզ պես երիտասարդ, մոտենում են ու ասում. «Գիտեք` փոքրուց սիրել եմ Ձեզ»: Հաճելի է շատ:

Գրի առավ ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում