livemarks sitemap
Ուրբաթ, Դեկտեմբերի 06, 2019

hars2«Ամուսնուս հետ ապրել եմ 60 տարի... 60 երկար երջանիկ ու տարիներ: Ես ամբողջ կյանքում ստեղծագործելուս հետ համատեղ միշտ աշխատել եմ դեղատանը: Շատ ուշադիր էի, հետեւում էի նրա առողջությանը: Մենք մեկնել էինք հանգստի, աշխատանքիս վայրից էին ուղեգրեր տվել: Հենց այնտեղ էլ ճաշի ժամանակ, սեղանի մոտ նա մահացավ... հանկարծակի: Արդեն 5 տարի է, ինչ ամուսինս հեռացել է կյանքից, իսկ ես դեռ չեմ հավատում... Գիտե՞ք, նա իսկապես հրաշք էր, ոչ, ես դա չեմ ասում` որովհետեւ նա իմ ամուսինն է: Մեր բոլոր ծանոթները նրան այնքան էին սիրում, նա հրաշալի անձնավորություն էր: Այնպես է ստացվել, ամուսնուս շնորհիվ կարծում եմ, որ հայ ամուսիններն աշխարհում ամենալավն են»:

ԳԱԼԻՆԱ ՆԻԿՈԼԱԵՎՆԱ ԱՅՎԱԶՅԱՆ. սեր փնտրող, մեծագույն սեր գտած ու սերն ամեն ինչում ճանաչած այս բանաստեղծուհուն կարելի է կոչել մեր օրերի հերոսուհի:

11 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, 60 տարեկանում սկսել է գրել նաեւ երգեր: Թողարկել է 15 երաժշտական ալբոմ, նրա երգերը կատարել են ռուսական էստրադայի ամենահայտնի ներկայացուցիչները: Ստեղծագործական կյանքում լինելով կայացած եւ բացառիկ հաջողակ` համարում է, որ իր իսկական երջանկությունը բացառիկ սեր ապրելն էր:

Թե ինչպես Զավեն Այվազյանը գրավեց ռուս գեղեցկուհու սիրտը, «Զարուհու» «Օտար հարս» խորագրում պատմում է Գալինա Նիկոլաեւնա Այվազյանը:

- Տիկին Այվազյան, սկսենք նախ Ձեր սիրո պատմությունից, ինչպե՞ս հանդիպեցիք Ձեր ամուսնուն:

- Գիտե՞ք, դա իսկապես պատահակնություն էր, Զավենը ծառայում էր Գերմանիայում` օդաչու էր, նա իմ եղբոր (զարմիկի) հետ էր այնտեղ ծառայում: Նրանք միասին Մոսկվա եկան ծառայության շարունակության հարցերը լուծելու համար: Մոտ մեկ շաբաթ մեր տանը մնացին...  (ծիծաղում է,- Ք. Պ.) Գիտե՞ք, զարմիկս ուզում էր, որ Զավենը ամուսնանա իր հարազատ քրոջ հետ, պատրաստվում էր նրանց ծանոթացնել: Բայց, Զավենը նրան ասաց «Գիտես ի՞նչ, ես կբարեկամանամ քեզ հետ, բայց մի փոքր հեռու կողմից, չեմ գնա Իվանովո` քույրիկիդ տեսնելու»: Այդպես... Զարմիկս իր հարցերը լուծեց ու գնաց ծնողների մոտ, իսկ Զավենը մնաց մեր տանը: Նա ինձնից մեծ էր 6 տարով, շատ հասուն ու մեծ էր ինձ թվում, ու ես փորձում էի նրան մի աղջկա հետ ծանոթացնել, ում ի դեպ Զավենը շատ էր դուր եկել: Գնում էինք կինո ես Նինային էլ էի կանչում մեզ հետ, միշտ երեքով էինք, մինչեւ մի օր Զավենն ինձ չասաց` Գալյա ինչո՞ւ ենք միշտ երեքով տեղ գնում, այդ աղջիկը ինչո՞ւ է միշտ մեզ հետ... Ես ոչ մեկի հետ նախկինում չէի հանդիպել, դա ինձ համար նորություն էր, ես դեռ չհամբուրված մի աղջնակ էի... Դե, հետո արդեն հասկացա, որ Զավենը անտարբեր չէ, սկսեցինք հանդիպել: Տատիկս մեզ մի անգամ համբուրվելիս տեսավ, դա նրա համար մեծ հարված էր (ծիծաղում է,- Ք. Պ.): Զավենը նրան ասաց, որ ինձ սիրում է ու մենք ամուսնանալու ենք: Տատիկիս դա չհանգստացրեց, հիշում եմ` նա ասաց` այ երբ որ կամուսնանաք, այդ ժամանակ էլ կհամբուրվեք...

hars3- Ամուսնության առաջարկությունը չուշացավ...

- Երբ Զավենը մայրիկիս ասաց, որ ուզում է ինձ հետ ամուսնանալ, մայրս իհարկե դրան կողմ չէր: Նա ասաց որ ես դեռ նոր եմ տեխնիկում ընդունվել եւ պետք է սովորեմ,18-ս նոր էր լրացել: Բայց, Զավենը իրեն չկորցրեց եւ առաջարկեց որպեսզի մայրս թույլ տա մենք ուղղակի գնանք զագս, օրինականացնենք մեր հարաբերությունները, որից հետո նա կմեկնի ծառայությունը շարունակելու, իսկ ես կշարունակեմ ուսումս եւ, որ մեր մեջ ոչ մի մոտ հարաբերություն չի լինի, դեռ միասին չենք ապրի: Մայրս իհարկե զարմացած էր, բայց համաձայնեց այդ տարբերակին:

- Հարսանեկան արարողությունից ի՞նչ կպատմեք:

- Շատ նեղ շրջանակներում եղավ, ռեստորան չենք գնացել, շատ մոտ մարդիկ էին միայն ներկա, մոտ 10-ը հոգի: Ամուսնացանք եւ Զավենը մեկնեց Հեռավոր արեւելք` ծառայելու: Նա ինձ զանգում էր ամեն օր, թեեւ դա շատ թանկ էր: Հեռախոսն ընդհանուր էր մի քանի բնակարանի համար, հարեւանները միշտ զարմանում էին, թե ինչի մասին կարելի է այդքան երկար խոսել:

- «Փորձաշրջանը» հաջող անցնելուց հետո` համատեղ կյանք, ընտանիք: Եվ հերթը ամենակարեւոր իրադարձությանն է` ծնվեց Ձեր տղան...

- Երբ տղաս ծնվեց, մենք Չինաստանում էինք: Մի ծիծաղելի պատմություն պատմեմ: Երբ երեխան արդեն 3 ամսական էր, մենք նրան պետք է գրանցեինք, դա պետք էր անել Դայրեն քաղաքում, Զավենը չէր կարող գալ, նա գործուղման էր, մեքենա էր ուղարկել, որ մեզ տաներ: Այսպես` մենք որոշեցինք երեխային Տիգրան անունը տալ: Դե Զավենը ինձ պատմեց ձեր Տիգրան Մեծ արքայի մասին եւ այլն... Անունն էլ գեղեցիկ էր, ես համաձայնեցի: Հասանք արդեն, որ պետք է երեխայի անունը գրանցենք, հիմա կանգնել եմ ու չեմ կարողանում հիշել անունը: Աշխատակցուհին ասում է` դե, տիկին, ի՞նչ անուն ենք գրում, իսկ ես ասում եմ, չեմ հիշում, շատ նման էր Տարզանին, բայց Տարզան չէր հաստատ, դրա նման մի անուն էր: Հիմա այս աշխատակցուհին նայում է վրաս, կարծես թե աննորմալի տպավորություն չեմ թողնում, բայց թե ինչ եմ խոսում, անհասկանալի է: Մի խոսքով ես այդպես էլ չհիշեցի ու երեխային գրանցեցինք Սերգեյ անունով: Բայց, մենք նրան երբեք Սերգեյ չենք անվանել: Անգամ երբ տղաս արդեն ուսանող էր, համալսարանից զանգահարել եւ Սերգեյին էին ուզում, ես երեք անգամ նրանց պատասխանելով ասացի, որ սխալ են զանգել, հետո միայն հիշեցի, շատ ծիծաղելի էր, երբ լսափողից ինձ ասում են կանչեք Սերգեյ Այվազյանին ու ես ձայն եմ տալիս` Տիգրան, արի հեռախոսի մոտ:

hars1- Իսկ ինչպիսի տպավորություններ ունեցաք հայկական ավանդույթներին ծանոթանալուց հետո:

- Գիտե՞ք, երեւի թե հենց այն փաստը, որ ես ոսկի ամուսին եմ ունեցել, իսկական ոսկի... Ինձ այնքան լավ են ընդունել նրա ընտանիքում, հիմա անգամ իմ ծանոթները Մոսկվայում ինձ անվանում են ռուս-հայուհի: Ինձ համար Հայաստանն ու Ռուսաստանը մի ամբողջություն են: Միշտ եմ հայերին շատ լավ վերաբերվել: Մայրս բարեկամներ չուներ շատ, եւ ամուսնուս հարազատները միանգամից դարձան իմ հարազատները եւս: Ես այդ բարքերի տարբերությունը  չզգացի այդպես էլ:

- Հայերեն հասկանո՞ւմ եք, ինչ-որ բառեր կա՞ն առավել տպավորված:

- Հասկանում եմ հայերեն, երբ խոսում են, ասվածի իմաստը հասկանալի է ինձ, բայց ցավոք ես խոսել չեմ կարողանում: Եթե ինձ հարցնեին` ինչ կփոխեի իմ կյանքում, եթե հնարավորություն լիներ, ամեն բան նույնը կթողնեի, անգամ այն բոլոր դժվարությունները, որ ամուսնուս հետ հաղթահարել ենք: Մենք հեշտ կյանք չենք ունեցել, բայց ես վստահ կարող եմ ասել` շատ բարդ, բայց շատ երջանիկ կյանք ենք ապրել: Ես ամենաերջանիկ կինն եմ եղել: Միայն կուղղեի այդ սխալը ու կսովորեի անթերի հայերեն, ե՛ւ ես, ե՛ւ տղաս պետք է փայլուն տիրապետեինք լեզվին: Վերջերս որդուս առաջարկում էին Հայաստանում որպես դեսպան աշխատել, եւ լեզուն չիմանալու պատճառով, ինչն իհարկե ամոթ է, տղաս այդ աշխատանքն ընդունել չկարողացավ:

- Ամուսնու հանդեպ Ձեր սերը ցույց եք տվել նաեւ հայ ազգին դժվարին պահին ձեռք մեկնելով: Գիտենք, որ Սպիտակի երկրաշարժից հետո շատ եք օգնել տուժածներին: Անգամ Մայր Թերեզայից շքանշան եք ստացել:

- Այո, երբ այդ աղետալի լուրն իմացանք, ամուսնուս զանգահարեցին ռայկոմից, ու հարցրին գիտի՞ նա հայերեն, ամուսինս ասաց, որ իհարկե գիտի: Եվ, մեզ ասացին, որ շուտ գնանք 19-րդ հիվանդանոց: Մոտ 10-ը կին եւ 10-ը տղամարդ էին բերել տարբեր վնասվածքներով, սարսափելի էր: Մենք շատ հաճախ էինք այնտեղ գնում, հետո արդեն ամեն օր: Մոտ 7 ամիս գնացել ու օգնել ենք, կերակրել, հավաքել... Մի անգամ էլ գնացինք` մուտքի մոտ մեքենա էր, ամուսնուս ասացի` տես կառավարությունից է մարդ եկել, ներս մտանք, իսկ այնտեղ Մայր Թերեզան էր: Նա իր հետ մի քանի աղջիկ էր բերել, որ մնային օգնելու, սկզբում մտածում էր, թե մենք տուժածների բարեկամներից ենք: Հետո, նա մեզ հետ սկսեց խոսել թարգմանչի օգնությամբ, պատմեցինք ովքեր ենք, ինչ ենք անում... Եվ նա մեզ արծաթե կրծքանշաններ նվիրեց իր պատկերով: Հետո արդեն վերջին 7-րդ ամիսն էր, մենք եկանք հիվանդանոց, բոլորն արդեն գիտեին` որ օրերին ենք գալիս: Մեր հարսանիքի տարեդարձն էր այդ ընթացքում, հիվանդանոցից նրանք մեզ համար ռադիոյով երգեր էին պատվիրել, շատ հաճելի էր իհարկե: Մի խոսքով եկանք, կանգնած էր նույն մեքենան, իսկ ներսում` Մայր Թերեզան: Երեք ամիս էր անցել, բայց նա մեզ հիշում էր, այս անգամ նա ինձ ու Զավենին նվիրեց ոսկե կրծքանշաններ: Մենք էլի շարունակեցինք այցելել հիվանդանոց, նրանք բոլորը հարազատ էին դարձել մեզ: Ինձ մի անգամ խնդրեցին սպաս եփել: Զանգեցինք մեր բոլոր ծանոթներին, ամեն մեկը մի բան ասաց, զանգահարեցի Երեւան ու էլի տարբեր բաղադրատոմսեր... Մենք էլ ընտրեցինք լավագույն բաղադրատոմսն ու եփեցինք սպաս, բոլորը շատ հավանեցին: Հիշում եմ` ասում էին` Գալինա Նիկոլաեւնա, ինչ համեղ է ստացվել: Մեզ համար կառավարությունից սպաս էին բերել, բայց ուտել չէր լինում: Գիտե՞ք, ընտանիք կա, որ այն ժամանակվանից մինչ հիմա շատ մոտ ենք, նրանք Երեւանում են ապրում, կապը միշտ պահում ենք:

- Ի դեպ հայկական խոհանոցից ի՞նչ կասեք: Ո՞ր հայկական ճաշատեսակներն եք հաճախ պատրաստում:hars

- Հայերեն լեզուն չգիտեմ, բայց հայկական խոհանոցին տիրապետում եմ հրաշալի: Ամուսինս հրաշք էր իսկական, ամեն ինչ կարողանում էր, ամեն ինչ... Բայց ինչ նա ցանկանար` պատրաստում էի` դոլմա, սպաս, բոզբաշ, հարիսա, «ակռոշկա» եմ շատ պատրաստել ու պատրաստում:

Գալինա եւ Զավեն Այվազյաններն ամբողջ կյանքում բարեգործություն են կատարել` իրենց համատեղ վաստակած գումարները տրամադրելով բարեգործական տարբեր կազմակերպությունների. «Ինձ մի անգամ հարցրին` դուք այդքան հարո՞ւստ եք, որ գումարներ եք տրամադրում բարեգործությանը, եւ ես ասացի. ոչ, մենք հարուստ չենք, կուտակած գումար անգամ չունենք, բայց վաստակում ենք լավ: Երբ մի անգամ մենք հոսպիտալ գնացինք մեր բարեկամին տեսության, այնտեղ տեսա երեխաների, երիտասարդների, ովքեր չունեին ձեռքեր, ոտքեր դա ուղղակի ահավոր տեսարան էր: Դա տեսնելուց հետո ես միայն մտածեցի` ինչիս են պետք այդ փողերը ու բոլոր հոնորարներս, որոնք ստանում էի երգերիս կատարումների համար, սկսեցի փոխանցել այդ երեխաների համար նախատեսված ֆոնդին... Ես եկեղեցի չեմ գնում, մոմ չեմ վառում, բայց ապրում եմ Աստծուն իմ մեջ պահելով»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում