livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Hars2Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր սերը գտավ օտար ափերում եւ այսօր արդեն նրա կինը` Կատերինա Չերկաշինան, համալրեց «Զարուհու» սիրված խորագրի` «Օտար հարսների» շարքը: Ի դեպ, Կատերինան արդեն հասցրել է սովորել հայկական «Ուզունդարա» պարը, ինչով զարմացրեց հենց իրենց հարսանիքի օրը: Եվս մեկ անգամ ամուսնության կապակցությամբ շնորհավորելով երջանիկ զույգին` նորահարսի հետ զրուցեցինք իր հայ ամուսնու, հայկական ավանդույթների եւ այսուհետ իր հայկական միջավայրում կովկասյան տղամարդու կողքին համատեղ կյանքը շարունակելու մասին:

- Կարծում ենք «Զարուհու» ընթերցողներին կհետաքրքրի, թե որտե՞ղ եւ ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր ճակատագրական հանդիպումը, ե՞րբ էր այն:

- Ճակատագրական հանդիպումը, հենց ճակատագրական, տեղի ունեցավ մի շատ յուրահատուկ ու ռոմանտիկ իրավիճակում եւ միջավայրում: Սուրբ Ծննդյան տոներն էին, 2013թ. հունվարի 6-ը, Կիեւի  «Ուկրաինա»  առեւտրի կենտրոնի նախասրահում  շատրվանների ու տոնածառի կողքին տեղադրված էր մի մեծ սեւ ռոյալ, որի առջեւ, սմոքինգը հագին, նստած էր դարչնագույն արջ (խրտվիլակ): Դե պատկերացրե՛ք, ռոյալ, երաժիշտարջ, լույսեր, անիմացիա, շատրվան, տոնածառ, Սուրբ Ծնունդ, ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու ռոմանտիկ:

- Ինչպե՞ս ընդունվեց այն փաստը Ձեր ընտանիքում, որ Դուք արդեն հանդիպում եք հայ երիտասարդի հետ, իսկ հետագայում պետք է լուրջ հարաբերություններ ձեւավորեք նրա հետ:

- Նախ դաստիարակությունիցս բխում է այն, որ երբեք ընտանիքիս փաստի առաջ չեմ կանգ նեցնում, այլ ամեն բան նախ եւ առաջ քննարկվում ու խորհրդակցվում է: Երկրորդ` ընտանիքիս համար կարեւոր էր ոչ թե երիտասարդի ազգությունը, այլ նրա մարդկային որակները, մակարդակը, արժեահամակարգը եւ այլն:

- Երբեւէ Ձեր մտքով անցե՞լ է, որ մի օր օտարազգի տղամարդու հետ եք ամուսնանալու:Hars3

- Իմ մտքով միշտ անցել է, որ երբեւէ ամուսնանալու եմ մարդկությանը պատկանող միակ երկրագնդի բնակիչներից որեւէ մեկի հետ, կարծում եմ պատասխանս պարզ է եւ բացարձակ կարեւոր չէ  որեւէ  բան,  եթե սիրում ես մարդուն:

- Ձեզ համար սկզբում խորթ չէի՞ն այլազգի տղամարդու հետ շփումները, մտքերի փոխանակումը կամ սովորույթների ընկալումը:

- Անկեղծ ասած` ինձ զարմացնում է ձեր հարցերի ազգային շեշտադրումը, բնականաբար տարբեր ընտանիքներում մեծացած եւ դաստիարակված մարդիկ չեն կարող ամեն ինչին նայել նույն կերպ, բայց ընդամենը մանրուքներում եւ, իհարկե, մենք չէինք միանա, եթե չունենայինք համադրելի մտածելակերպ, աշխարհընկալում ու արժեհամակարգ:

- Երբ Դուք հասկացաք, որ արդեն պատրաստ եք այլ ընտանիքում որպես հարս ու կին լինելուն, Ձեզ չվախեցրե՞ց այն, որ կապում եք Ձեր կյանքը քաղաքական գործչի հետ:

- Ինձ համար բացարձակ միեւնույն էր, միեւնույն է եւ միեւնույն է լինելու, թե որտեղ է աշխատում կամ ինչով է զբաղվում իմ ամուսինը, կարեւոր է, որ իր զբաղմունքը հաճելի լինի իրեն, ինքն իրեն զգա պիտանի, գնահատված եւ աշխատի իր ունակություններին եւ հնարավորություններին համարժեք: Ցանկացած պարագայում ես կանգնած եմ նրա թիկունքին, պատրաստ եմ օժանդակել ու աջակցել:

- Համակերպվե՞լ եք այն մտքի հետ, որ այսուհետ Հայաստանն է Ձեր տունը:

- Իմ տունը եւ՛ իմ հայրենիքում է` Ռուսաստանում, եւ՛ Հայաստանում, որովհետեւ եւ՛ այնտեղ, եւ՛ այստեղ կան  հարազատներ, ովքեր սիրում են ինձ, եւ ում սիրում եմ ես: Տունն այնտեղ է, որտեղ ընտանիքդ է, որտեղ քո կյանքի իմաստն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, առհասարակ, ապա այս երկիրը արդեն 2-րդ տարին է` ինձ համար դարձել է շատ սիրելի եւ հարազատ:

- Հայաստանի եւ հայերիս ի՞նչն եք հավանում եւ ինչը` ոչ:

- Այն ամենը, ինչ առհասարակ հավանում եմ մարդկանց մեջ,  կապ չունի ազգային պատկանելության հետ: Նորմալ ու պարկեշտ, բարի ու դրական մարդիկ միշտ էլ  դուրեկան են, իսկ հակառակը `ոչ:

Hars1- Մեր ունեցած տեղեկություններով զգալի տարիքային տարբերություն կա Ձեր եւ Տիգրան Ուրիխանյանի միջեւ: Դրա հետ կապված դժվարություններ չե՞ն եղել, թե այնուամենայնիվ կինն ունի իր գաղտնիքները:

- Կարեւորը այն է, որ մեր հոգիներում չկա տարբերություն, իսկ մնացածի մասով մի հայացք նետեք մեր լուսանկարներից մեկի վրա:

- Տիրապետո՞ւմ եք արդեն հայկական խոհանոցին, ո՞րն է պարոն Ուրիխանյանի ամենասիրելի ուտեստը:

- Օ՛, դրանք բազմաթիվ են ու բազմապիսի, աստիճանաբար փորձում եմ: Նա չափազանց ըմբռնումով  է մոտենում իմ հմտությունների աստիճանական զարգացմանը:

- Ինչո՞վ եք զբաղվում կամ զբաղվելու ապագայում Հայաստանում` բացի ընտանիքի հարցերից:

- Նախ եւ առաջ հայոց լեզվի ուսումնասիրությամբ, երկրորդ` ես արդեն իսկ ծավալում եմ որոշակի գործունեություն, որի մասին կխոսենք հետագայում: Նշեմ` որ անպայման զբաղվելու եմ նաեւ հասարակական գործունեությամբ, բայց, դե իհարկե, ճիշտ այնքանով, որքանով ընտանեկան հարցերը թույլ կտան:

Hars- Ո՞րն է ըստ Ձեզ` երջանիկ լինելու պատկերացումը եւ գաղտնիքը:

- Շրջապատված լինել թանկ ու սիրելի մարդկանցով, իհարկե կան նաեւ այլ հանգամանքներ, բայց` եկրորդական:

- Կրկին անգամ շնորհավորում ենք Ձեզ...

- Շնորհակալություն, չէի մտածում, որ մեր այս համեստ իրադարձությունը կդառնա ամբողջ երկրի եւ դեռ երկրից էլ դուրս ուշադրության առարկան:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում