livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

VivԴերասանուհի ՎԻՎՅԵՆ ԲԱՍՏԱՋՅԱՆԸ  ավարտել է Երեւանի Կինոյի եւ Թատրոնի պետական ինստիտուտը (Արմեն Մազմանյանի արվեստանոց): Դեռ ինստիտուտից սկսել է  խաղալ «Փոքր» թատրոնում, որտեղ մարմնավորած բոլոր դերերն էլ հետաքրքիր  են ու ամենակարեւորը` նման չեն մեկը մյուսին: Սա գուցե դերասանուհու խառնվածքից է գալիս` Վիվյենն ինքը բազմաշերտ տեսակ է, ոչ մոնոտոն, նույնիսկ արտաքինն է այդպիսին` բացի գեղեցիկ ու հետաքրքիր լինելուց նաեւ  շարունակ փոփոխվող է: Թերեւս այս բազմաշերտությունն է պատճառը, որ Վիվյենը միշտ էլ ցանկալի ու հաճելի զրուցակից է, հետաքրքիր դերասանուհի: 

   

- Ձեր մարմնավորած կերպարներում կանայք ուժեղ են ու գեղեցիկ: Երբեւէ չե՞ք երազել թույլ, գուցե նաեւ` չխնամված կնոջ կերպար մարմնավորելու մասին:

- Իմ Օդիլ Վերսինին հենց այդպիսինն է: Դա իմ միակ դերերից է, որտեղ ես ընդհանրապես չեմ դիմահարդարվում: Ընդամենը դեմքիս տոն է դրվում եւ վերջ: Դա էլ  հարկավոր է ընդամենը մի քիչ ավելի սփրթնած երեւալու համար: Հերոսուհիս տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ (հիվանդություն, որն ուղեկցվում է հիշողության  եւ մտավոր գործունեության խանգարումներով` հանգեցնելով արտահայտված թուլամտության.-հեղինակ), ներկայացման ընթացքում նրա հետ միասին հանդիսատեսն անցնում է այդ հիվանդության ընթացքը, Օդիլի հետ միասին ապրում է նրա բոլոր վախերը, պայքարում նրա հետ միասին, նաեւ` տառապում:

- Այո, ես նույնիսկ կտորներ եմ հիշում, երբ Օդիլը հուզվում է:

- Բեմում հուզվել չեմ սիրում եւ համարում եմ, որ դերասանի համար արտասվելով հանդիսատեսին հուզելն ամենահեշտ քայլն է: Ինձ համար ավելի նախընտրելի են զուսպ դերերը, նուրբ դետալները: Երբ դու ներքուստ ես հուզվում, իսկ իրականում  արտասվում է հանդիսատեսը: Բայց այս ներկայացման մեջ ռեժիսորական լուծումը այսպիսինն է, եւ ես համաձայն եմ: Այս դեպքում  մի քանի անգամ բեմում արցունքներով արտասվելը բարդ էր միայն այնքանով, որ ես միաժամանակ տեսախցիկի  հետ էի աշխատում: Հանդիսատեսը մեծ էկրանին տեսնում էր Օդիլի դեմքի հետ կատարվող յուրաքանչյուր փոփոխություն` ե՛ւ արցունքը, ե՛ւ հույսի ժպիտը:

-viv2 Ստացվո՞ւմ է:

- Դա դուք պետք է ասեք: Եվ ինձ համար դա շատ կարեւոր է: Հանդիսատեսը երկու ծայրահեղություն ունի: Ոմանք գալիս են ներկայացում դիտելու` արդեն վատ տրամադրված, իսկ մյուս մասը միանշանակ` լավ, երբեմն, նույնիսկ առանց մտածելու: Իսկ ես վճիռը թողնում եմ գրագետ հանդիսատեսի դատին, չնայած որ մեր թատրոնը երբեւէ նման խնդիրներ չի ունեցել:  

- Վիվյեն, մինչեւ երկու տարի առաջ Դուք հեռուստատեսությամբ չէիք երեւում, բացառապես թատրոնի բեմում էիք աշխատում: Ի՞նչն էր պատճառը: 

- Ճիշտ եք… Ես երկար տարիներ հրաժարվում էի բոլոր տեսակի հեռուստանախագծերից: Ինձ միշտ հարցնում էին, թե ինչո՞ւ չեմ նկարահանվում հեռուստասերիալներում: Այս հարցին ունեի կոնկրետ պատասխան. սպասում էի, թե երբ կլավանար հեռուստասերիալների որակը:

- Փաստորեն, լավացավ:

- Այն սերիալը, որտեղ ես համաձայնեցի նկարահանվել ե՛ւ դերասանական կազմն էր շատ լավը, ե՛ւ սցենարիստն էր ինձ շատ դուր գալիս: Ոչ պակաս հետաքրքիր անձնավորություն էր նաեւ սերիալի պրոդյուսերը: Նա այն միակներից էր, ով կարողացավ հետաքրքրել ինձ:

Խոսքը «Եղբայրներ» հեռուստասերիալի մասին է: Չնայած, որ դրանից առաջ ես արդեն նկարահանվել էի «Փեսացուն կրկեսից» կինոկատակերգության մեջ, որտեղ ինձ առաջարկել էին խաղալ դեսպանի կնոջ դերը:

Բայց վերադառնանք հեռուստասերիալին: Արդեն ասեցի` չէի վստահում հեռուստասերիալներին` որակի առումով: Մանավանդ` իմ գործընկերներից այնքան տարբեր բաներ էի լսել հեռուստասերիալի նկարահանման աշխատանքների մասին, որ խուսափում էի ու մի տեսակ երկմտելով գնացի: Նախապես արդեն որոշել էի, թե  ինչ եմ ասելու, բայց ընթացքը բերեց նրան, որ համաձայնեցի ու վստահեցի:

viv1- Առաջնային ի՞նչը Ձեզ դուր եկավ առաջարկի մեջ:

- Ինձ ոգեւորեց կերպարը: Տիկին Նորան  շատ հետաքրքիր էր ու բազմաշերտ: Սկզբում նա  շատ չոր, կոպիտ, դաժան կին էր` իր պատճառներով իհարկե: Բայց հանդիսատեսը սկզբում նրան հենց այդպիսին պիտի ընկալեր: Հեռուստասերիալի ընթացքում հերոսուհիս բացեց իր կերպարի մնացած շերտերը, երեւաց նրա  փխրուն ու նրբազգաց հոգին: Պատկերացրեք, պատահել է երբ  տեքստը կարդալիս հուզվել եմ… Սրանից բացի` ինձ համար նաեւ շատ կարեւոր է «կոլեկտիվ» ասվածը, թիմային աշխատանքը: Լավ «կոլեկտիվի» հետ աշխատելը առաջին ու շատ թանկ  նվերն է, որ կարող է ստանալ դերասանը:

- Գուցե դա է պատճառը, որ այդքան հավատարիմ եք մնացել «Փոքր» թատրոնին:

- Այո, իմ թատրոնը` «Փոքր» թատրոնն է: Ես այնտեղ աշխատում եմ 2-րդ կուրսից: Ընտրություն ունեի ավարտելու ժամանակ, բայց… Ընտրեցի  Վահան Բադալյանին ու իր ղեկավարած «Փոքր» թատրոնը: Վահանի հետ լավ ընկերներ ենք: Նա շատ ազնիվ մարդ է եւ հնարավոր չէ, որ հենց այնպես, միայն այն պատճառով, որ իր ընկերն ես, քեզ  որեւէ դեր վստահի: Այսօր, երբ նա ինձ դեր է առաջարկում ես անգամ չեմ էլ մտածում դրա մասին, միանգամից համաձայնվում եմ, քանի որ վստահում եմ Վահանի պրոֆեսիոնալիզմին: Միակ դեպքը, երբ խնդրեցի մտածել,  այդ թատրոնում ստացածս  առաջին դերն էր: Խոսքը Ա.Կոպիտի «Հայրիկ, հայրիկ, խեղճ հայրիկ…» ներկայացման մասին է, որտեղ Մադամ Ռոզպետլի կերպարն եմ մարմնավորել: Հետագայում Վահան Բադալյանն ինձ շատ տարբեր դերեր առաջարկեց, որոնք միշտ էլ այնքան տարբեր են եղել իրարից, բայց միշտ հետաքրքիր, ինչի համար անչափ գոհ ու շնորհակալ եմ իրենից:

Ու ընդհանրապես, ինձ համար էական չէ, թե ինչ եմ անում թատրոնում. ներկայացում եմ խաղում, տեքստ եմ կարդում կամ հուշարարի դերում եմ լինում… Կարող եմ նույնիսկ բեմի բանվորը լինել, եթե լինի դրա կարիքը: Այն ամենն, ինչ անում եմ «Փոքր» թատրոնում, անում եմ մեծ սիրով ու նվիրումով:  

- Դուք նաեւ Գ.Սունդուկյանի անվան թատրոնում նույն Վահանի Բադալյանի ռեժիսուրայով Լեդի Մակբեթ խաղացիք, սակայն, տարբեր կարծիքներ եղան ձեզ այս դերը վստահելու մասին: Սպասո՞ւմ էիք:

- Անպայման: Երբ նոր էի ստացել Լեդի Մակբեթի դերը, ինձ եկան եւ ասացին, որ թատրոնում դերասանուհիներից մեկն  ասել է. «Վիվյենը Լեդի Մակբեթ կխաղա միայն իմ դիակի վրայով…» ու ես շատ նորմալ ընդունեցի ասվածը: Յուրաքանչյուր դերասանուհի էլ, գուցե, այդպես կասեր… Իմ պարագայում դժվարանում եմ որեւէ բան ասել, քանի որ «Փոքր» թատրոնում դեռ նման դեպք չի պատահել, որ գա որեւէ մեկը եւ խաղա իմ Լեդի Մակբեթը, չնայած, չեմ կարծում, որ այդ փաստն ինձ համար հիվանդագին կլինի: Իսկ վերադառնալով Սունդուկյան թատրոնին, ասեմ, որ կարճ ժամանակահատվածում փորձեցի իմ հանդեպ փոխել վերաբերմունքը:

viv3- Արժե՞ր:

- Արժեր… Ինձ դուր եկավ, որ այն դերասանները, ովքեր դեմ էին իմ այդ դերում հանդես գալուն, հետագայում շատ մեծ հարգանքով ու հոգատարությամբ էին ինձ վերաբերվում: Իհարկե, չգիտեմ,  թե ում մոտ այդ վերաբերմունքն ինչքանով էր անկեղծ, բայց…

Երիտասարդ տարիքում ես շատ էքսցենտրիկ էի, ունակ էի գնալու ամենածայրահեղ քայլերի, բայց հիմա արդեն ինձ հասուն եւ կայացած մարդ եմ համարում  եւ նման չնչին բաների վրա ուշադրություն չեմ դարձնում: Այստեղ ես հասկացա, որ իմ աշխարհայացքը լիովին փոխվել է:

- Վիվյեն, ինձ համար մի հարց էլ մնաց` նույն հեռուստանախագծերի հետ կապված: Ինքներդ ասեցիք, որ «Եղբայրներ»-ում հաճույքով եք աշխատել: Արդեն ամիսներ են անցել, սակայն հեռուստաէկրանին երեւացող եւ ոչ մի սերիալում Վիվյեն Բաստաջյանը չկա:

Հրավերներ չե՞ն եղել, դու՞ք  եք տեւական դադար վերցրել…

- Առաջարկներ եղել են: Նույնիսկ տարբեր հեռուստաընկերություններից: Չեմ ընդունել, ինքս եմ հրաժարվել, քանի որ այն, ինչ առաջարկել են ինձ հետաքրքիր չէր: Գիտեք ինչ, դերասանի համար կարեւոր չէ ինքը որտեղ է խաղում: Եթե թատրոնում այդ օրը տաս հանդիսատես լինի, ես խաղալու եմ այնպես, ինչպես խաղում եմ, երբ նստելու տեղ չի լինում: Հանդիսատեսը գնել է տոմսը եւ եկել ներկայացում նայելու: Ինքը մեղավոր չէ, որ այդ օրը դահլիճը համարյա դատարկ է: Հեռուստադիտողը միացրել է հեռուստացույցն ու ուզում է ինչ-որ լավ բան դիտել: Հետո ինչ, որ այդ պահին եթերում հեռուստասերիալ է: Ես պարտավոր եմ լավ խաղալ, հեռուստադիտողը մեղավոր չէ: Ու հենց այս պատճառով էլ, ինձ համար շատ կարեւոր է,  որ դերը հետաքրքիր լինի, պատճառաբանված եւ որ անպայման` բարոյական ասելիք ունենա… ես չեմ կարող կրկնել այն, ինչ արել եմ մյուս սերիալում, կամ էլ, որ ավելի վատ է` հետ գնամ: Իմ նոր կերպարը պետք է ասելիք ունենա եւ որ ոչ պակաս կարեւոր է` ինձ` որպես դերասանի ու մարդու`  առաջ տանի, նոր բան սովորեցնի… իսկ մնացյալը` գեղեցիկ կին կլինի թե տգեղ, հարուստ թե աղքատ` ընդհանրապես կարեւոր չէ…

viv5- Մի փոքր էլ խոսենք Ձեր անձնականի մասին, եթե դեմ չեք: Թեպետ Ձեր հարցազրույցներում երբեւէ չեք խոսում այդ թեմայի շուրջ: Ի՞նչն է պատճառը:

- Խոսում եմ: Եթե հարցը տալիս են, ապա պատասխանում եմ: Պարզապես զրույցները սովորաբար  այնքան երկար ու հաճելի են ստացվում, որ գործը անձնական հարցերին չի էլ հասնում: Չգիտեմ, ի՞նձ են միշտ լավ լրագրողներ հանդիպում, թե ես եմ լավը, չգիտեմ…

Ունեմ աղջիկ: Հետաքրքիր երեւույթ է, սովորում է Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Ի դեպ, հիմա նա շատ սիրուն շրջան է ապրում, սիրահարվել է… Եվ նույնիսկ արդեն ծանոթացրել է իր ընտրյալի հետ:

- Իսկ ի՞նչն էր Ձեր ամուսնալուծության պատճառը: Ջուրը մի առվով չհոսե՞ց, թե՞…

- Ոչ, բոլորովին այլ խնդիր էր: Պարզապես ես չկարողացա  ապրել Հայաստանից դուրս: Իմ ամուսինն իր ողջ գիտակից կյանքը ապրել է Մոսկվայում եւ ինքն էլ իր կյանքը Հայաստանում չէր պատկերացնում: Այնպես ստացվեց, որ ոչ մեկս «կոպրոմիսի»  չգնացինք:

Մեր բաժանումը, ինչպես ասում են` «կուլտուրական» եղավ` անաղմուկ: Երկուսս էլ այլեւս չէինք կարողանում իրար աչքերի մեջ նայել ու շարունակել այդպես ապրել: Հետեւաբար,  այդ շրջանում իմ կյանքի ամենամեծ նվերը եղավ այն, որ ես վերադարձա Երեւան` իմ հարազատ քաղաք:

Զրույցը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում