livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

VardanԵրբ օրերս Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանին հարցրել էինք, թե ինչպես է վերաբերվում իր սաներ Անդրեի, Վարդան Բադալյանի անունների` աղանդավորների խմբերում շրջանառվելուն, նա պատասխանել էր. «Չեմ պատկերացնում, թե դա ինչպես կարող է լինել, այն էլ` իմ դաստիարակությամբ, որ ես ամիսը մեկ իրենց Նորավանք էի տանում գիշերները...»: Մեր հարցադրումից վրդովված` խմբագրություն էր զանգահարել երգիչ ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Նա  նշեց, որ կապ չունի որեւէ աղանդավորական շարժման հետ, իսկ արդեն հարցազրույցի ժամանակ ասաց.

- Առաջին անգամ Ձեզանից եմ լսում, որ իմ անունն էլ են  շոշափում այդ շարժման հետ: Հնարավոր է, որ իմ գործընկերների հետ են ինձ տեսել, ովքեր իրենց շարքերում են: Ես չեմ սահմանափակվում, թե ում հետ շփվեմ, ում հետ` ոչ: Բայց վատ եմ վերաբերվում նման շարժումներին` աղանդավոր երեւույթին: Օրինակ` երեկ գիշեր մարդիկ ուրիշ երկրի խորհրդարանում մեր համար օրինագիծ էին ընդունում, իսկ մենք, պարզվում է, կարող ենք աղանդավորությամբ զբաղվել, ինչը վատ բան է:

- Հեռախոսազրույցի ժամանակ ասում էիք` եկե՛ք միասին պայքարենք «Եհովայի վկաներ» եւ «Կյանքի խոսք» աղանդների դեմ: Ինչպե՞ս պայքարենք:

- Որքան գիտեմ, պետականորեն չեն արգելում նրանց գործունեությունը: Այդքան չեմ հասկանում օրենքներից, բայց օրենքի սահմաններում պետք է պայքարենք, պիտի քարոզչություն անենք հատկապես երեխաների շրջանում, որ մեր հավատքը մեկն է, մեր պետությունն ունի մեկ կրոն, մերը Հայ առաքելական սուրբ եկեղեցին է: Կարծում եմ` աղանդավորական շարժումներին այն զանգվածն է կուլ գնում, որը անտեղյակ է, անգրագետ, չգիտի սեփական պատմությունը: Նրանց կուլ է գնում  նաեւ կարիքավոր խավը, որը խնդիրներ ունի, երեւի այդ մարդկանց ինչ-որ բանով օգնում են, խաբում:

- Ձեր գործընկերնե՞րն էլ կարիքից դրդված են դառնում աղանդավոր:

- Ես չգիտեմ հաստատ` իմ գործընկերներն այդ շարժումների մեջ կա՞ն, թե՞ ոչ, պարզապես խոսակցություններ եմ լսել:

- Ձեր անունը կապվում է ոչ թե «Եհովայի վկա» աղանդի, այլ «Կյանքի խոսքի» հետ...

- Դրանք տարբե՞ր են:

- Այո՛, պարզապես վերջինս հանդես է գալիս Հայ առաքելական եկեղեցու անվան տակ:

- «Կյանքի խոսք» անունը լսել եմ, բայց, թե իրենք ինչ ուղղվածության են գնում,  չեմ հետաքրքրվել, քանի որ ինձ դա չի հետաքրքրում. քրիստոնյա եմ, կնքվել եմ Գանձասար եկեղեցում, ամուսնացել Սուրբ Զորավոր եկեղեցում: Ի դեպ, Սուրբ Զորավոր եկեղեցին շատ եմ սիրում, գրեթե ամեն կիրակի գնում եմ, եթե կարողանում եմ շուտ արթնանալ, մասնակցում եմ պատարագներին: Վերջին անգամ այս կիրակի գնացել էի Էջմիածին` Մայր աթոռ, ապա Հռիփսիմե եկեղեցի: Ցանկացած բամբասանք ու խոսակցություն իմ մասին հնարավոր է` հանդուրժեմ, բայց ոչ այն, որ աղանդավոր եմ:

- «Կյանքի խոսք»-ում եղած հայտնի մարդիկ բարեգործություններ են անում դպրոցներում ու մանկատներում...

- Հաճախ է պատահում, որ զանգահարում ու մեզ բարեգործական համերգների են կանչում: Վերջին շրջանում արդեն իմ մեջ կասկած է առաջանում, եւ մինչեւ չեմ ճշտում, թե ինչի համար է, չեմ գնում:

- Արթուր Գրիգորյանն ասաց, որ չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարող եք աղանդավորների շարքերում լինել, երբ ամեն ամիս Ձեզ Նորավանք է տարել...

- Նորավանքն իր սիրած վայրն էր, եւ միշտ փորձերից հետո   (պատահում էր` գիշերվա 1-ին էինք վերջացնում փորձը) մեքենան քշում էր, գնում էինք Ղարաբաղ, լուսաբացը դիմավորում էինք ու հետ գալիս: Դա իր մեջ դաստիարակչական բան էլ ուներ: Եղել է, որ նույնիսկ Շուշի ենք գնացել գիշերով:

- Հիմա ինչպե՞ս պայքարել աղանդավորների դեմ:

- Մի քանի օր առաջ մեկն ինձ փողոցում մոտեցավ ու ասաց. «Ինչ լավ ես երգում, ես քեզ պիտի նվիրեմ Աստվածաշունչ»: Ես էլ շտապում էի, կարծեցի` մեր Աստվածաշունչն է, վերցրեցի ու գցեցի ավտոմեքենայիս մեջ: Մի քանի օր անց բացեցի ու տեսա, որ Եհովայի մասին է. դե, արդեն պարզ է, թե ինչ արեցի այդ գրքի հետ. պատռեցի ու դեն նետեցի: Իսկ ինչ վերաբերում է պայքարելուն, պիտի ամեն մեկս մեր կողքինին, ընկերոջը, բարեկամին հետ պահենք այդ ճանապարհից, կարողանանք ազդել, ինչպես իրենք են կարողանում սովորական մարդկանց վրա ազդել, նրանց ասենք, որ դարձի գան, դրանից լավ պայքար չի կարող լինել: Օրինակ, եթե հաստատ իմանամ, որ իմ ընկերը այդ շարժման մեջ է, պիտի բացատրելով հասկացնեմ ու այդ վատ ճանապարհից ետ բերեմ: Պարզապես նրանք գնում են անգրագիտությունից, դպրոցում չի՞ անցել, որ, ասենք, 1500 տարի առաջ Ավարայրի ճակատամարտն ինչի համար է եղել, այդ ժամանակ էլ հո «Եհովայի վկաները» կամ «Կյանքի խոսք»-երը չե՞ն եղել: Կարծում եմ` դա գալիս է նաեւ ընտանիքից:

- Իսկ Ձեր ընտանիքում ինչպե՞ս էր:

- Ելնելով իմ ընտանիքից, իմ հորից ու մորից, մեր ազգի պատմությունից` գիտեմ, որ մենք մի հավատք ունենք` քրիստոնեությունը, որը մեր պետական կրոնն է: Եթե դա էլ չլինի, կկորչենք, մեզ կուտեն: Հազարամյակներ առաջ ո՛չ պետություն ենք ունեցել, ո՛չ էլ լեզու, եւ եկեղեցին է մեզ պահել: Ամեն մարդ իր իրավունքներն ունի, մենք ոչ թե պետք է բռնանալով հետ պահենք, այլ բացատրելով, եթե պետք է, մի քիչ էլ նեղենք, որ հասկանան, թե ինչ սխալ ուղու վրա են:

- Ի՞նչ կոչով կդիմեք Ձեր այն գործընկերներին, ովքեր, ասենք,  «Կյանքի խոսք»-ի շարքում են:

- Ինքս էլ լսել եմ իմ գործընկերներից շատերի անունները, բայց քանի որ հաստատ չգիտեմ, չեմ կարող ոչինչ ասել: Նրանք, ում անունները շրջանառվում է, բայց այդ շարքերից չեն, թող իրենց այնպես դրսեւորեն, որ մարդիկ հասկանան դա: Իսկ նրանք, ովքեր արդեն այդ շարքերում են, ետ կանգնեն, հայոց պատմություն ուսումնասիրեն: Մարդն ամեն մի քայլից առաջ պիտի մի քիչ մտածի, եւ եթե հայ ես, պիտի առաջին հերթին մտածես քո ազգի մասին եւ Առաքելական եկեղեցու հետեւորդ լինես: Մեր եկեղեցին էլ պիտի պասսիվ դերում չլինի, որ մարդիկ չշեղվեն իրենց ճանապարհից:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում