livemarks sitemap
Հինգշաբթի, Հոկտեմբերի 24, 2019

ritaԱվարտին մոտեցավ 2011 թվականը: «Զարուհի» ամսագրի անունից դիմեցինք մոգ եւ պայծառատես տիկին Ռիտային, որպեսզի ամփոփի անցած տարին եւ ներկայացնի, թե ինչ տարի է սպասվում կանանց, հատկապես ամուսնությունների առումով 2012 թվականին, քանի որ տենդենց է նկատվում քիչ ամուսնությունների, եւ, որ ամենացավալին է, բաժանությունների:

- Ամուսնություններ Հայաստանում շատ քիչ են կատարվում եւ բացատրեմ ինչու. ներգաղթի պատճառով երիտասարդությունը ձգտում է մեկնել Հայաստանից եւ ամուսնանալ արտերկրում նույնիսկ մեծահասակների հետ` ապահովելու իրենց կյանքը: Մենք շատ գեղեցիկ եւ հրապուրիչ աղջիկներ ունենք, սակայն տղաները լքում են հայրենիքը եւ բախտ են որոնում արտերկրում եւ ամուսնանում ծեր կանանց հետ շահադիտական նպատակներով: Իսկ մեր գեղեցկատես հայուհիների համար ես կոնկրետ փորձում եմ մագիայով ճանապարհ բացել դեպի ամուսնություն, դրդել ընտանիք կազմելուն եւ այլն:

- Եթե ամփոփելու լինեք  2011 թվականը, արդյոք այն բարենպա՞ստ էր ամուսնությունների համար, եթե մի կողմ դնենք սոցիալապես անապահով վիճակը:

- Կոնկրետ ես աշխատել եմ այդ ուղղությամբ, եւ մի ընտանիքից երեք քույրեր էին դիմել ինձ, եւ նրանցից երկուսն ամուսնացան: Չեմ կարող ասել, որ տարին բարենպաստ չէր ամուսնությունների համար, բայց երբ փակ է լինում աղջկա բախտը, կամ մի ինչ-որ չարագործի ձեռքով այն կապված է լինում, ես դա բացում եմ, իսկ չարը փոխանցվող է:

- Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ հիմա ոչ միայն սոցիալական վատ պայմանների պատճառով չեն ամուսնանում, այլ չար ուժերն են շատացել:

- Ոչ, իհարկե, միայն սոցիալական վիճակը չէ: Հիմա կան բավականին կամակոր աղջիկներ, ինքնահավան, որոնք անընդհատ փնտրում են, փնտրում, եւ այդպես անցնում է ժամանակը, իսկ հետո ափսոսում են, բայց արդեն ուշ է լինում: Բացի այդ, շատ տղաներ վախենում են ամուսնանալուց, չկա այդ համարձակությունը այսօր մեր երեխաների մոտ: Սակայն իսկական սիրո դեպքում ոչ մի բան հաշվի չեն առնում, իսկ եթե չկա դա, ամուսնությունը չի կայանա ամուր հիմքերի վրա: Շատ մարդկանց բախտն այդ առումով փակ է լինում, կամ, ինչպես ասում են, ճակատագրական կարմա կա, որից տառապում են մարդիկ, սակայն` դիմելով որոշ քայլերի, դուրս են գալիս դրա տակից եւ ամուսնանում:

- Իսկ չե՞ք կարծում, որ կենցաղն այսօր այնքան է ճնշում` թե կնոջը եւ թե տղամարդուն, որ իսկական սերը դրա շնորհիվ անցնում է ետին պլան:

- Գիտեք, սկզբից սիրում են, հրապուրվում, խոստանում իրար ոսկե սարեր, սակայն երբ անցնում է որոշ ժամանակ, երիտասարդները ֆինանս չլինելու պատճառով սկսում են վիճել, իրար չհասկանալ, չզիջել, որի արդյունքում քանդվում է ընտանիքը:

- Կարո՞ղ եք նշել, թե Ձեզ հիմնականում որ տարիքի կանայք կամ աղջիկներն են դիմում:

guchak1- Ինձ դիմում են նույնիսկ 50-ն անց կանայք եւ ցանկանում են կրկին ընտանիք կազմել կամ ի վերջո ընտանիք ունենալ: Բայց ընդհանուր առմամբ դիմում են բոլոր տարիքների ու տարբեր խավերի կանայք: Սակայն մեր իրականության մեջ ընդունված է ավելի երիտասարդ տարիքում հարս տանել, որպեսզի խոնարհ լինի: Իսկ մեծ տարիքից խուսափում են այն բանի համար, որ կարող է այդ տարիքի աղջիկը կամ կինը չկատարի հարսի պարտականությունները: Ես խորհուրդ կտայի մեր աղջիկներին ամուսնանալ մինչեւ 30 տարեկանը եւ չհասնել այդ տարիքին չամուսնացած: 25-ից հետո նրանք դառնում են ավելի կամակոր, եսասեր, պահանջկոտ, ձգտում են շահադիտական ամուսնությունների:

- Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ բավականին մեծ տենդենց է նկատվում ամուսնալուծությունների, եւ, ի դեպ, բավականին երիտասարդներն են բաժանվում:

-  Այստեղ եւս այն պատկերացումներն են առաջ գալիս, որ սարեր ու ձորեր են խոստանում, բայց հանկարծ իրականության մեջ դրանք երբ ի կատար չեն ածվում, սկսվում են անհաշտությունները: Նայում են չորս բոլորը, տեսնում են շքեղ մեքենաներ, թանկ հագուստներ եւ հիասթափություն են ապրում, բաժանվում են ու ձգտում ապրել նման ձեւով: Ուրանում են սերը, ընտանիքը եւ ձգտում ազատության: Շատ ժամանակ ինձ դիմում են կանայք` ասելով` այնպես արա, որ իմ ամուսինը ինձանից հիասթափվի ու բաժանվի, կամ հակառակը` այնպես անեմ, որ հաշտ ապրեն ամուսնու հետ: Սակայն ես կարող եմ ասել, որ այսօր մեր երիտասարդությունը ձգտում է ազատ կյանքի, արտերկրի, չեն ուզում ենթարկվել կամ լավագույն դեպքում մեկ երեխա են ունենում եւ հիասթափվում ու բաժանվում:

- Ձեր կարծիքով այսօր հայ կի՞նն է ավելի շատ փոխվել, թե` հայ տղամարդը:

- Ես կասեի` կանայք: Փոխվել է շատ բան, իսկ երբ կինն է ձգտում ազատության, դա շատ վատ բան է: Մոռանում են մեր ավանդույթները, չեն պահպանում եւ այլն: Բայց չենք կարող մեղադրել այդ կանանց, շատ տղամարդիկ չեն կարողանում ընտանիք պահել, կազինոներ են հաճախում, գումարներ են վատնում, որի պատճառով կինն է սկսում ակտիվանալ, ձգտում է ազատության: Օրինակ` ինձ շատ են ասում, որ` եթե իմ ամուսինը չի կարողանում ընտանիքը պահել, ինչու ապրենք միասին, ես առանց իրեն ավելի լավ ու ազատ կապրեմ: Իմ պրակտիկայից ասեմ, որ մի տղամարդ եկավ ինձ մոտ եւ ասաց, որ` եկել եմ կնոջս համար: Իսկ ես հարցրեցի` ինչ է պատահել, չի՞ ենթարկվում ձեզ: Նա էլ թե` ոչ, նա հիմա Թուրքիայի գիշերային ակումբներից մեկում  է աշխատում, պարզապես գործերը լավ չեն ընթանում, այսինքն` հաճախորդ չունի: Ես գիտեմ նմանատիպ շատ դեպքեր, երբ կանայք օտար երկրներում այլ ճանապարհներով գումար են վաստակում, որի մասին գիտեն իրենց ամուսինները: Լինում են դեպքեր, երբ մայրերն են դիմում ինձ իրենց աղջիկների համար, որ ես թալիսման պատրաստեմ, որ իրենց աղջկա գործերը դրսում լավանան: Օրինակ` մի կին էր եկել, որի աղջիկը ամուսնացել էր թուրքի հետ, եւ գժտությունguchak կար նրանց մեջ, ու ցանկանում էր, որ այնպես անեմ, որ նրանք հաշտվեն: Ասեմ ավելին, կան հայ կանայք, որոնք նույնիսկ իրենց հավատն են փոխում շքեղ կյանք ունենալու համար. նմանատիպ մի դեպք եղավ, երբ հայ աղջիկը հավատափոխ էր եղել, որ ամուսնանար արաբի հետ ու լիներ նրա երկրորդ կինը, սակայն այդ մարդը, չգիտես ինչու, հրաժարվել էր: Սարսափելի բաներ են կատարվում մեր իրականության մեջ, որոնց մասին ես շատ եմ տեղեկացված, ցավոք: Ամենասարսափելին այն է, որ ինձ դիմում են տղաներ, որոնք սիրում են իրենց սեռի ներկայացուցչի կամ մոտ ընկերոջը: Ես զարմացած հարցնում եմ, թե ինչո՞ւ եք եկել ինձ մոտ, չէ՞ որ դա Աստծուն հակառակ գործ է: Իրենք ինձ խնդրում են, որ ես իրենց փրկեմ: Եվ մեր իրականության մեջ այդպիսի տղաներն ավելի շատ են, քան աղջիկները, որ սիրեն իրենց սեռին: Նույնիսկ մեկը ինձ դիմեց հարցնելով, թե կարող եմ ես իմանալ մի աղջկա, որը սիրում է աղջկա, իսկ ինքը սիրում է տղայի, նրանք ամուսնանան, բայց ապրեն իրենց կյանքով եւ դրանով շրջապատին ցույց տան, որ իրենք ամուսիններ են: Ես պարզապես ապշած եմ մնում, երբ իմ այս տարիքին նման բաների եմ հանդիպում, եւ դրանք, ի դեպ, ավելի շատ պաշտոնյաներ են լինում կամ մեծահարուստի երեխաներ:

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր կանանց եւ աղջիկներին, ինչ անեն, որ լինեն սիրված ու սիրեն:

- Օրինակ մենք շատ հրապուրիչ աղջիկներ ունենք, բայց ինչ տղա մոտենա նրանց` որոշ ժամանակ անց անիմաստ պատճառներով հեռանում են: Այսինքն այդ աղջիկների մոտ կա չարություն, չար ուժերը ներգործում են նրանց վրա, որի մասին չեն իմանում: Բացի այդ, եթե անգամ մեր աղջիկները հրապուրիչ են կամ գեղեցիկ, դրա հետ մեկտեղ, շատ սառն են, մոտեցման ձեւ կամ խոսելաձեւ չունեն: Իրականում մեր հայ կանայք շատ սառն են եւ անտարբեր, հարկավոր է ջերմ լինել եւ ակտիվ, որպեսզի ընտանիքը կայանա, ամուսինը չհեռանա: Պետք չէ այդքան տեղ տալ տղամարդու արտաքինին կամ ունեցվածքին:

- 2012 թվականը, որքանո՞վ է նպաստավոր ամուսնությունների համար:

- 12 թիվը դա Հիսուսի աշակերտների թվաքանակն է եւ, բնականաբար, բավականին նպաստավոր է ամուսնությունների համար: Ես շատ եմ ցանկանում եւ աշխատելու եմ այդ ուղղությամբ իմ էներգիայով, որ մեր հայ աղջիկները ամուսնանան: Իսկ գալիք նոր տարուն ես «Զարուհու» ընթերցողներին եւ մնացած բոլորին մաղթում եմ երջանկություն, առողջություն, թող մայրանան, լավ ընտանիքներ կազմեն, համբերատար լինեն, սիրեն ու հարգեն մեր հայրենիքը, իրենց կողակիցներին: Կցանկանամ, որ խելոք լինեն, քանի որ միշտ խելոք կինը շահում է:

Զրույցը` ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում