livemarks sitemap
Շաբաթ, Սեպտեմբերի 21, 2019

depresiaԱշնանը եւ ձմռան նախաշեմին սովորաբար մարդկանց մոտ տրամադրության անկում է նկատվում, վատանում է ինքնազգացողությունը, իջնում է աշխատունակությունը:

Շատ մարդիկ բողոքում են, որ ֆիզիկապես թույլ են զգում, դժվարությամբ են արթնանում առավոտյան, իսկ գիշերը տառապում են անքնությունից, բողոքում են ախորժակի կորուստից կամ շատակերությունից, ասում են, թե կյանքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է:

Եղանակի փոփոխությունը, արեւային էներգիայի, վիտամինների պակասը, ժամերի փոփոխությունը, ձմռան գալուստը վատ են անդրադառնում մարդկանց հոգեվիճակի եւ ֆիզիկական վիճակի վրա:  Հատկապես նրանք են ավելի զգայուն եղանակի փոփոխությունների նկատմամբ, որոնք վերջին շրջանում սթրեսների են ենթարկվել:

Որոշ գիտնականներ գտնում են, որ խոնավության մեծ տոկոսը եւ բորբոսը դեպրեսիվ վիճակի համար նպաստավոր պայմաններ են ստեղծում:

Դեպրեսիվ վիճակում գտնվող մարդուն սկզբնական շրջանում թվում է, թե իր կյանքում ինչ-որ բան այնպես չէ` բավարարվածություն չի զգում իր ապրելակերպից, ունենում է չարդարացված մեղավորության զգացողություն, մտքեր սեփական անօգտակարության մասին: Նման հոգեվիճակում թուլանում է կենտրոնանալու կարողությունը, դժվարանում է որոշումներ կայացնելու գործընթացը, կարող է ավելանալ կամ պակասել քաշը, անկախ սննդակարգի քանակից:

Երբ անտարբերության եւ անգործության վիճակը երկարաձգվում է 2 շաբաթից ավելի, ապա հարկավոր է դիմել մասնագետի` հոգեբանի, հոգեթերապեւտի, քանի որ դա կարող է վերածվել դեպրեսիա հիվանդության եւ ունենալ անուղղելի հետեւանքներ:

Դեպրեսիան հուզական, մտավոր պրոցեսների եւ շարժողական ակտիվության դանդաղումն է:

Աշնանային եւ ձմեռային դեպրեսիան կարող է առաջանալ ուղեղում լավ տրամադրություն պայմանավորող հորմոնի` էնդորֆինի պակասից:

Դեպրեսիվ վիճակ կարող է նկատվել ցանկացած տարիքում: Հատկապես ռիսկային է դեռահասության տարիքը:

Կա կարծիք, որ կանայք ավելի են հակված դեպրեսիայի, դա պայմանավորված է նրանով, որ  կանայք ավելի շատ են արտահայտվում, նրանց թույլատրելի է թույլ լինել, իսկ մեր հասարակությունում ընդունված է, որ տղամարդը չպետք է բողոքի իր վիճակից, լինի ուժեղ:

Դեպրեսիայի են ենթարկվում ինչպես աղքատ ազգաբնակչությունը, այնպես էլ հարուստ, քանի որ փողի քանակով չի պայմանավորված ներքին բավարարվածությունը եւ լիարժեքության զգացողությունը: Այնպիսի երկրներում, ինչպիսին ԱՄՆ-ն է, որտեղ մարդկանց կենսամակարդակը մեր երկրի կենսամակարդակից բարձր է, դեպրեսիան մեծ տոկոս է կազմում, Ամերիկյան հոգեբույժների ասոցիացիայի տվյալներով` ԱՄՆ-ում  15 մլն մարդ տառապում է դեպրեսիայից. ազգաբնակչության կանանց 26%-ը, տղամարդկանց` 12%-ը:

Շատ գիտնականների կարծիքով միայնակ մարդիկ ավելի են ենթակա հայտնվելու նման վիճակում:

Շատ անգամ դեպրեսիվ վիճակը դա տագնապի ազդանշան է, որ մարդը բավական ժամանակ չի տրամադրում սեփական կարիքների բավարարմանը, սեփական անձին, քանի որ ամբողջովին իր նպատակների իրագործմանն է ուղղում ուժերը:

Դեպրեսիան դա ոչ միայն էմոցիոնալ վիճակ է, այլեւ` մտածելակերպ եւ ապրելաձեւ:

Փոխելով ապրելաձեւը` կարելի է ազատվել դեպրեսիվ վիճակից եւ խուսափել դեպրեսիայից:

Երբ զգում եք, որ դարձել եք  նյարդային, բռնկվող կամ` հակառակը, հաճախակի եք ընկնում տխուր մտորումների մեջ, թույլ եք զգում, ապա կարող եք ինքնուրույն շտկել հոգեվիճակը.

•Ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելի մարդկանց միջավայրում: depresia1

•Փորձել այցելել ուրախ միջոցառումների, որտեղ, իրոք, հնարավոր է զգալ անհոգ եւ ուրախ:

•Հետեւել արտաքին տեսքին` այցելելով գեղեցկության, մերսման սրահներ:

•Քանի որ բնությունը գնալով անգույն է դառնում, օգտակար կլինի միջավայրը լցնել վառ գույներով. վառ գույնի հագուստներով, կահավորանքով:

•Կատարել այնպիսի աշխատանք, որը առավել հաճելի է:

•Մասնակցել ինչ-որ խմբակների, օրինակ` լեզվի ուսուցման:

•Զբաղվել սպորտով: Պարզվել է, որ մարզասրահ եւ լողավազան  ակտիվ հաճախողների 85%-ը մարզումներից հետո մոռանում են վատ տրամադրության ու դեպրեսիայի մասին:

•Փոխել սննդակարգը` ավելացնելով ավելի շատ մրգեր ու բանջարեղեն, քանի որ օրգանիզմը աշնանը եւ ձմռանը շատ վիտամինների կարիք է զգում:

•Օգտակար է օգտագործել շոկոլադ, որն իր մեջ ունի «երջանկության հորմոն»` սերոտոնին, որը բարձրացնում է մարդու տրամադրությունը, ուստի անգամ ավելորդ քաշից վախեցողները, չուտելով շոկոլադ, զրկում են իրենց այդքան կարեւոր հորմոնից:  

•Օգտակար է կանաչ թեյը` հատկապես դաղձը եւ անանուխը:

•Ավելի ճիշտ է առավոտյան շուտ արթնանալը եւ երեկոյան վաղ (21:00-23:00-ը) քնելը:

•Օգտակար է երկար ժամանակ մաքուր օդում անցկացնելը` հատկապես առավոտյան ժամերին, որպեսզի օրգանիզմը ստանա D վիտամին:

Երբ օրը հագեցած լինի օգտակար շատ անելիքներով, ակամա կզգաք, որ ժամանակ էլ չունեք ծանր մտորումների:

Իսկ երբ զգում եք, որ, այնուամենայնիվ, վիճակը չի փոխվում, ավելի խելամիտ է դիմել հոգեբանի օգնությանը կամ հաճախել հոգեբանական թրեյնինգների, որը առավել մատչելի է:

Ամեն դեպքում ընտրությունը Ձերն է` լինել տխուր թե ուրախ, երջանիկ թե դժբախտ, քանի որ նույն իրավիճակում, միեւնույն դժվարությունների մեջ գտնվող տարբեր մարդիկ տարբեր կերպ են իրենց դրսեւորում. ոմանք հուսալքվում են, իսկ մյուսները օգուտ են քաղում իրավիճակից եւ անգամ դեպրեսիան դարձնում նոր` ավելի լավ կյանքի սկիզբ:

Շատ ականավոր մարդիկ ծանր դեպրեսիայից հետո դարձել են  հաջողակ բիզնեսմեններ, գիտնականներ, արվեստագետներ:

Մոտ է Ամանորը` բոլորի ամենասպասված տոնը: Ամեն նոր տարի իր հետ բերում է կյանքի նոր փոփոխություններ: Ժամանակն է պլանավորել նոր կյանք եւ արդեն հին տարում քայլեր ձեռնարկել իրագործելու: Անգամ եթե Ձեր ցանկությունները դժվար իրագործվող կամ անհնարին են թվում, դրանցից հրաժարվել միշտ կարող եք: Ցանկացած գործունեություն նոր գիտելիքներ եւ փորձառություն է բերում, այսինքն` նոր, ավելի մեծ հնարավորություններ կյանքը բարեփոխելու:

Փոխանակ ամեն տարվա նման պատրաստությունների եւ հոգսաշատ գործերի մասին մտորումների` մտածեք ինչպես դիմավորել «Նոր տարին», որ այն դառնա Ձեզ համար անմոռանալի ուրախ տոն եւ նոր կյանքի սկիզբ:

Հոգեբան` ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում